Հազվադեպ կարելի է հանդիպել երեխայի, ով մեծ ոգևորությամբ գրքեր է կարդում։ Ավելի հաճախ երեխաները չեն ուզում կարդալ ո՛չ դպրոցական գրականություն, ո՛չ էլ իրենց տարիքին հետաքրքիր գրքեր։ Եթե հիշեք ձեր մանկությունը, հիշողության մեջ վեր կհառնեն տասնյակ հետաքրքիր պատմություններ, որոնք դուք ոչ միայն կարդացել եք, այլև հետագայում քննարկել եք հասակակիցների հետ։ Ժամանակակից աճող սերնդի հետ ամեն ինչ այլ է։ Եվ դրա պատճառը մասշտաբային տեխնիկական առաջընթացն է և հսկայական թվով գաջեթների հայտնվելը։
Այժմ գրքի փոխարեն երեխան մեծ հաճույքով կնայի հեռուստացույց, կխաղա գաջեթներով, կնստի սոցիալական ցանցերում։ Գրքերի համար գրեթե անհնար է մրցակցել մեդիառեսուրսների հետ երեխայի ուշադրության համար։ Առաջընթացը առաջընթաց, բայց, ցավոք, նման ժամանցը հանգեցնում է դպրոցական առաջադիմության անկման, աղքատիկ բառապաշարի, մտքերը հստակ ու գրագետ շարադրելու անկարողության։ Անհետանում է բարոյական և հոգևոր դաստիարակության կողմը, քանի որ երեխան բան չունի մտածելու, դատողություններ անելու և վիճելու համար։ Գլխում մնում են միայն թոք-շոուներ, ագրեսիվ ֆիլմեր և խաղեր։
Հավանաբար դուք բազմիցս փորձել եք համոզել կամ նույնիսկ ստիպել ձեր երեխային կարդալ։ Սակայն այս համոզումները քիչ արդյունավետ են եղել և գործել են միայն որոշ ժամանակ։ Շատ ծնողներ հարցնում են՝ «Ինչու՞ ժամանակակից սերնդին չեն հետաքրքրում գրքերը», «Ինչպե՞ս ստիպել երեխային կարդալ»։
Խնդրի պատճառները
Ինչու՞ է այդպես կատարվում։ Ինչու՞ երեխան չի ուզում կարդալ և, հետևաբար, զարգանալ։ Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնցից շատերն արդեն մանրամասն նկարագրված են Շամիլ Ախմադուլլինի «Արագ ընթերցանություն երեխաների համար. ինչպես սովորեցնել երեխային ճիշտ կարդալ և հասկանալ կարդացածը» գրքում։ Եկեք կրկին դիտարկենք հիմնականները։
1. Ինտերնետը և հեռուստացույցը
Ինչո՞վ են վտանգավոր ժամանակի այս երկու «կլանողները»։
Նախ՝ երեխան ցանկանում է մնալ վիրտուալ աշխարհում, քանի որ այնտեղ իրեն հետաքրքիր և շատ հարմարավետ է, չկա անհրաժեշտություն լարվելու և ինչ-որ բանի մասին մտածելու։ Ինտերնետում և հեռուստացույցում ամեն ինչ արվում է քո փոխարեն՝ մտածում են, խոսում են, զվարճացնում են։ Երեխայի մոտ անջատվում է երևակայությունը, տրամաբանական մտածողությունը, քանի որ հետաքրքիր պատմությունն արդեն նկարահանված է կամ ցուցադրված նկարներով։
Երկրորդ՝ երեխային անհրաժեշտություն չկա իր ուշադրությունը կենտրոնացնել մեկ թեմայի վրա, քանի որ, երբ ինչ-որ բան ձանձրացնում է, կարելի է պարզապես սեղմել մկնիկը կամ փոխել ալիքը։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ ընթերցանությունը երեխային թվում է բարդ ճանաչողական գործընթաց, որի վրա պետք է շատ ժամանակ ծախսել։
2. Տեղեկատվության գերառատություն
Այս պատճառը վերը նկարագրված կետի հետևանքն է։ Մեր ուղեղը ծանրաբեռնված է անհարկի տեղեկատվությամբ։ Հեռուստացույցի գովազդը, ինտերնետում թռուցիկ գովազդային բաններները դառնում են սնունդ մեր ուղեղի համար։ Կարելի է պատկերացնել, թե որքան անհարկի բան է կուտակվում մեր գիտակցության և ենթագիտակցության մեջ, էլ չասած մանկական, դեռևս ձևավորվող հոգեկանի մասին։
3. Դասերը, որոնք սպանում են ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը
Այո, հենց գրականության դասերն են երբեմն դառնում ընթերցանության հանդեպ ոչ սիրո, իսկ երբեմն էլ ատելության զարգացման պատճառ։ Դիտեք դպրոցական ծրագիրը և գտեք դրանում պատմություններ, որոնք հետաքրքիր են և օբյեկտիվորեն համապատասխանում են երեխաների տարիքին։ Որտե՞ղ են այնտեղ Թոմ Սոյերը կամ Մայն Ռիդի պատմությունները։ Եվ թող քար նետի իմ վրա նա, ով հրճվանք և հաճույք է զգացել՝ դպրոցում կարդալով և վերլուծելով «Վարդանանքը»։
4. Ծնողների օրինակը
Եթե ծնողները ստիպում են երեխային կարդալ և ասում են՝ «Ընթերցանությունը հետաքրքիր է», «Գրքերն անհրաժեշտ են զարգացման համար», «Ընթերցասեր մարդն ավելիին կհասնի, քան ոչ ընթերցասերը», բայց իրենք արդեն երկու տարի է՝ ձեռքները գիրք չեն վերցրել, նման արտահայտություններն, իհարկե, ազդեցություն չեն ունենա։ Երեխան միշտ նախապատվությունը տալիս է ծնողի վարքագծի մոդելների կրկնօրինակմանը, քան նրանցից լսված խորհուրդներին ու խոսքերին։ Նույնքան հիմարություն և ապարդյուն է ձեր երեխայի մոտ ծխելու վնասների մասին խոսելը, եթե դուք ինքներդ ծխում եք։
5. Ընթերցանության հեղինակություն
Այստեղ ամեն ինչ կախված է այն միջավայրից, որտեղ մեծանում է երեխան: Եթե նրա ընկերները և հասակակիցները քննարկում են միայն նոր համակարգչային խաղեր, ապա երեխան ձգտելու է խաղալ նոր խաղը և հետո տպավորություններով կիսվել հասակակիցների հետ։ Իսկ եթե այն հասարակության մեջ, որտեղ մեծանում է երեխան, քննարկվում են գրքեր, հերոսներ, հետաքրքիր սյուժեներ, ապա, տուն գալով, աճող մտավորականը հրճվանքով կկարդա գիրք գրքի հետևից։
Խնդրի լուծման գործողությունների ալգորիթմը
1. Դասերը, որոնք սպանում են ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը
Անհրաժեշտ է երեխային բացատրել, որ դասը գրականության հսկայական աշխարհի միայն մի փոքրիկ մասն է։ Եվ եթե դասի ձևաչափը դուր չի գալիս, դա դեռ պատճառ չէ գրականությունը ձանձրալի համարելու։ Ձեր խնդիրն է բացատրել երեխային, որ, չնայած ուսուցչի ոչ հետաքրքիր մոտեցմանը առարկային, կարդալը միևնույն է հրաշալի է։
Կարող եք երեխային նաև գրանցել արագ ընթերցանության դասընթացների, որտեղ նա կսովորի կարդալ շատ ավելի արագ, և ուսուցման գործընթացը հաճույք կպատճառի։
2. Ծնողների օրինակը
Ձեզ անհրաժեշտ է տանը ստեղծել «կարդացող միջավայր»։ Սկզբում ձեզ պետք է ունենալ տնային գրադարան, որին հաճախ մոտենում եք և որտեղից վերցնում եք ձեզ հետաքրքրող գիրքը։ Մի քանի գլուխ կարդալուց հետո անհրաժեշտ է կիսվել ձեր տպավորություններով և հարցեր տալ ընտանիքի անդամներին՝ ասես ներգրավելով նրանց ձեր գրքի պատմության մեջ։
Անհրաժեշտ է ստեղծել «գրքային» ավանդույթներ.
քննարկեք կարդացած գրքերը, պատմությունները, բանաստեղծությունները,
կազմակերպեք այցելություններ գրախանութներ։ Եթե երեխային հնարավորություն տաք ինքնուրույն ընտրել իրեն դուր եկած ցանկացած գիրքը գրախանութում, նա անպայման դա կանի և տանը կսկսի կարդալ այն։
Կարող եք կիրառել նաև փոքրիկ հնարքներ։ Օրինակ՝ գրքի հերոսին համեմատեք իրական ծանոթի հետ. «Լսի՛ր, տղաս, պատմության գլխավոր հերոսը այնքան նման է քո ընկեր Արամին»։ Դուք ինքնուրույն կարող եք հորինել բազմաթիվ հնարքներ, գլխավորն այն է, որ նախաձեռնությունը գա ձեզանից, և դուք նույնպես կարդաք։
3. Ընթերցանության հեղինակություն
Այստեղ նույնպես անհրաժեշտ է ստեղծել միջավայր, բայց արդեն տնից դուրս։ Դա կարող է լինել գրական կամ բանաստեղծական խմբակ, որտեղ երեխաները կկարողանան կիսվել կարդացածի մասին մտքերով։ Առնվազն շաբաթը մեկ անգամ երեխան պետք է հաճախի այնպիսի վայր, որտեղ խոսում են գրականության մասին։ Կարող եք նաև ծնողական ժողովում նախաձեռնություն ցուցաբերել և դասղեկին առաջարկել երեխաների համար կազմակերպել «ընթերցող» դասարանական ժամեր կամ երեկոներ։
Շատ երեխաների համար ընթերցանությունը կարող է դառնալ սիրելի և հետաքրքրաշարժ զբաղմունք, պարզապես պետք է փոխել վերաբերմունքը ընթերցանության հանդեպ և սովորեցնել երեխային բարեկամանալ գրքերի հետ։