Ծնողները հաճախ վստահ են, որ երեխան գիտի՝ որքան շատ են իրեն սիրում։ Բայց կա մի կարևոր տարբերություն․ այն, ինչ մեծահասակն իր վարքով ցանկանում է արտահայտել, միշտ չէ, որ երեխան հենց այդպես է ընկալում։
Երբ մենք անհանգստանում ենք երեխայի վարքի համար, մեր խոսքերի հետևում հաճախ սերն է։ Մենք բարկանում ենք, որովհետև վախենում ենք, որ նա սխալ որոշում կկայացնի։ Քննադատում ենք, որովհետև ցանկանում ենք պաշտպանել։ Խստացնում ենք վերահսկողությունը, որովհետև չենք ուզում, որ նա տուժի։
Բայց երեխան կարող է այդ ամենի մեջ սեր ընդհանրապես չտեսնել։
Երբ սիրո փոխարեն երեխան լսում է մեղադրանք
Տիկին Սմիթը միայնակ էր մեծացնում իր դստերը՝ Մարիային։ Մի օր նա դստեր պահարանում գարեջրի տուփերով փաթեթ գտավ։ Նա բռնեց Մարիայի ձեռքը, մոտեցրեց գտածին և հարցրեց․
— Սա ի՞նչ է։
Ձայնի տոնից արդեն պարզ էր, որ հարցը իրականում հարց չէր։ Այն ավելի շատ մեղադրանք էր։ Մարիան հեգնանքով պատասխանեց․
— Կարծես թե գարեջրի փաթեթ է, մա՛մ։
Լարվածությունն ավելի մեծացավ։
— Մի՛ փորձիր խելոք ձևանալ։ Ասա՛ ամեն ինչ այնպես, ինչպես կա։
Մարիան պատասխանեց, որ չգիտի՝ ինչի մասին է մայրը խոսում։ Այդ ժամանակ մայրը ցույց տվեց գարեջուրը։ Մարիան ասաց, որ այն պահել է ընկերոջ համար։
— Իհա՛րկե։ Եվ կարծում ես՝ ես դրան կհավատա՞մ,— հեգնեց մայրը։
Մարիան բղավեց․
— Ինձ համար միևնույն է՝ կհավատաս, թե ոչ։
Եվ դուրս եկավ սենյակից՝ դուռը շրխկացնելով։
Ի՞նչ էր իրականում ցանկանում մայրը։ Երբ նրան հարցրին, թե ինչու էր այդքան անհանգստացել, սկզբում պատասխանեց․
— Որովհետև չեմ ուզում, որ Մարիան խնդիրներ ունենա։
— Իսկ ինչո՞ւ չեք ուզում, որ նա խնդիրներ ունենա։
— Որովհետև չեմ ուզում, որ նա կործանի իր կյանքը։
— Իսկ ինչո՞ւ չեք ուզում, որ նա կործանի իր կյանքը։
Եվ միայն այդ ժամանակ մայրը հասավ իր իրական զգացմունքին․
— Որովհետև ես սիրում եմ նրան։
Բայց այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն էր: Իսկ Մարիան մոր խոսքերից հասկացա՞վ, որ մայրը սիրում է իրեն։ Պատասխանը ակնհայտ էր։ Մոր ներսում սեր կար։ Բայց երեխային հասել էին զայրույթը, անվստահությունն ու մեղադրանքը։
Երբ երեխան սկսում է տեսնել սիրո իրական պատճառը
Հաջորդ օրը, երբ Մարիան տուն վերադարձավ, մայրը նրան դիմավորեց և հանգիստ հարցրեց․
— Մարիա՛, կարո՞ղ ենք խոսել։
Դուստրը դեռ թշնամաբար արձագանքեց։ Երեխան միշտ չէ, որ անմիջապես հավատում է մեծահասակի վերաբերմունքի փոփոխությանը։ Բայց այս անգամ մայրը չպատասխանեց թշնամանքով։ Փոխարենը փորձեց հասկանալ դստեր աշխարհը։
— Գրազ կգամ՝ երեկ, երբ պահարանում եղած գարեջրի պատճառով բղավեցի քեզ վրա, դու մտածեցիր, որ ինձ համար ընդհանրապես կարևոր չես։
Մարիան արտասվեց։
— Այո՛, հենց այդպես։ Ես մտածում էի, որ քեզ համար միայն գլխացավանք եմ, և որ իրականում միայն ընկերներիս եմ պետք։
Մայրը պատասխանեց․
— Ես հասկանում եմ, թե ինչու էիր այդպես մտածում։ Եթե սիրո փոխարեն քեզ վրա եմ թափում իմ վախն ու զայրույթը, ինչպե՞ս կարող էիր այլ կերպ մտածել։
Այնուհետև նա ներողություն խնդրեց։ Եվ միայն դրանից հետո ասաց այն, ինչ իրականում թաքնված էր իր ամբողջ զայրույթի հետևում․
— Մարիա՛, ես իսկապես շատ եմ սիրում քեզ։ Երբեմն ես այնքան եմ վախենում, որ կարող ես անել մի բան, որի պատճառով հետո կտառապես, որ ամբողջությամբ կենտրոնանում եմ իմ վախերի վրա և մոռանում եմ քեզ ասել՝ այդ վախերը հենց այն պատճառով են առաջանում, որ սիրում եմ քեզ։
Մայրը գրկեց դստերը և առաջարկեց այսուհետ բարդ իրավիճակները քննարկել ու դրանցից ելքը միասին փնտրել՝ միմյանց նկատմամբ սեր և հոգատարություն ցուցաբերելով։ Այդ օրվանից նրանց հարաբերությունները սկսեցին փոխվել։
Բարի մտադրությունը դեռ բավարար չէ
Երբեմն ծնողները մտածում են․ «Ես այս ամենը նրա համար եմ անում։ Մի՞թե նա չի հասկանում»։ Բայց երեխան պարտավոր չէ կռահել մեր մտադրությունները։ Եթե մեր սերը արտահայտվում է հիմնականում քննադատությամբ, մեղադրանքով, սպառնալիքով կամ վերահսկողությամբ, երեխան կարող է լսել բոլորովին այլ ուղերձ․
«Ես քեզ չեմ վստահում»։
«Դու ինձ հիասթափեցնում ես»։
«Դու բավականաչափ լավը չես»։
Մինչդեռ ծնողն իրականում ցանկանում է ասել․
«Դու այնքան կարևոր ես ինձ համար, որ ես վախենում եմ քեզ համար»։
Սա չի նշանակում, որ պետք է անտեսել երեխայի վտանգավոր կամ անընդունելի վարքը։ Խնդիրը սահմանների բացակայությունը չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք այդ սահմանները դնում։ Երեխայի հետ կարելի է չհամաձայնել, սահմաններ դնել, պահանջել պատասխանատվություն և միաժամանակ այնպես խոսել ու գործել, որ նա չկասկածի իր կարևորության և ձեր սիրո մեջ։
Երբ մեծահասակը փոխում է իր վարքի ձևը, հաճախ փոխվում է նաև երեխայի արձագանքը։ Ուստի կոնֆլիկտի պահին երբեմն արժե ինքներս մեզ մի պարզ հարց տալ․ «Այն ամենի մեջ, ինչ հիմա ասում և անում եմ, իմ երեխան կարո՞ղ է տեսնել ու զգալ, որ ես սիրում եմ իրեն»։