Մարդկանց մոտ հաճախ է հանդիպում կարծիք, որը իհարկե չի համապատասխանում իրականությանն ու փորձին, որ ապատիան, չշտապողականությունը խոսում են հիմարության, անխելամտության մասին, մինչդեռ արագաշարժությունը, ճարպկությունը, ֆիզիկական ակտիվությունը մտավոր զարգացածության բարձր մակարդակի ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, պասիվ երեխաները, ովքեր շրջապատի աչքին թվում են անտարբեր, իներտ, բավականաչափ խելացի են ու օժտված են տաղանդներով։
Անշտապողականությունը, դանդաղկոտությունը չեն վկայում խելքի պակասի մասին, ավելի շուտ այստեղ պետք է լինեն այլ պատճառներ, որոնք էլ ծնողները պետք է առաջին հերթին ուսումնասիրեն, նախքան կփորձեն փոխել իրենց երեխայի պահվածքը։
Հնարավոր է՝ ընթերցողներն առօրյա կյանքում առիթ են ունեցել տեսնելու երեխաների, ովքեր դարձել են անտարբեր և ալարկոտ, երբ ստիպված են եղել կատարել որևէ ֆիզիկական աշխատանք, քանի որ նրանք չեն ցանկացել «կեղտոտել ձեռքերը»։
Բոլորս էլ անձամբ հանդիպած կլինենք խելացի ու տաղանդավոր երեխաների, ովքեր դպրոցում ակտիվ են եղել, իսկ տանը ծուլությամբ մի անկյունից մյուսը գնացել։ Եթե նման երեխան ցանկանա քնել՝ ինչ-որ մեկը կպատրաստի անկողինը, եթե նա ցանկանա խմել՝ ինչ-որ մեկը նրա համար ջուր կբերի։ Նրանք խուսափում են ցանկացած տնային գործից և արտաքինից հիվանդ մարդկանց տպավորություն են թողնում, ասես ամբողջապես զրկված լինեն ներքին էներգիայից։
Ներկայացնում ենք երեք տիպի պասիվ երեխաների կարճ բնութագրերը և նրանց իներտ լինելու պատճառները․
1․ Ֆիզիկապես թույլ երեխաներ․ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի զգայունակությունը, ֆիզիկական անկայունությունը բացասաբար են ազդում ուսման արդյունքների վրա և սահմանափակում են երեխայի ազատ ակտիվությունը։
2․ Երեխաները, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, ունեն լուրջ հոգեկան շեղումներ, և որպես հետևանք՝ ի վիճակի չեն մտավոր գործունեության։
3․ Ֆիզիկապես առողջ, բայց իներտ մարդիկ, ում մոտ բացակայում է կոնկրետ տեսակի աշխատանքներ կատարելու ցանկությունը։
Ինչ վերաբերվում է առաջին երկու խմբերին, մենք թեմայի բարդությունից և հարցի նրբանկատությունից ելնելով, ինչպես նաև այն բարդությունների պատճառով, որոնք առաջանում են հստակ ախտորոշումը տալու փորձերի ժամանակ, մենք նրանց վրա կանգ չենք առնի։ Քրոնիկ հիվանդ երեխաների զարգացումն ու դաստիարակությունը համարվում է առանձին, սպեցիֆիկ ոլորտ, որը պահանջում է հատուկ լուսավորում։ Նման դեպքերում հարկավոր է դիմել պրոֆեսիոնալ օգնության համար մասնագետին, բժշկին կամ հոգեբանին, նրա կարծիքն իմանալու և նրա աջակցությունը ստանալու համար։ Կարևոր է, որ ծնողները, նկատելով ապատիայի, դանդաղկոտության, կամ այն բանի, ինչ մարդիկ հաճախ ալարկոտություն են համարում, առաջին նշանները, սկսեն անմիջապես ճանապարհներ, բուժման միջոցներ փնտրել, ոչ թե երեխային թողնեն ինքն իր հետ։
Երրորդ խմբի երեխաների մասին կարելի է ասել հետևյալը․
1․ Երեխաների մոտ ապատիայի պատճառը հաճախ նրանց առջև դրված առաջադրանքների և նրանց բնածին հակումների կոնֆլիկտն է։ Օրինակ, երեխան, ով հաջողություններ է գրանցում սպորտի մեջ, հետաքրքրվում է արվեստով, հավաքածուներով, որևէ արհեստով, կարող է դպրոցում ձանձրանալ մաթեմատիկայի կամ լատիներենի ժամին։ Նա այդ առարկաներն ուսումնասիրում է անհրաժեշտությունից դրդված, առանց հետաքրքրության, ինչը, միանշանակ, ազդում է նրա գնահատականների վրա։ Երեխայի ձանձրույթը հաղթահարելու համար հարկավոր է հետաքրքրել նրան, նրա կատարած աշխատանքը դարձնել հետաքրքիր։ Դրան հնարավոր չի լինում հասնել միայն այն դեպքում, երբ խնդիրը տրամագծորեն հակառակ է նրա մտածողության ձևին, մտավոր ունակություններին և երեխայի մոտ միայն զզվանք ու ձանձրույթ է առաջացնում։
2․ Մտավոր զարգացման բարձր մակարդակ ունեցող երեխաները ամենասկզբից հետաքրքրված են ինտելեկտուալ աշխատանքների կատարմամբ, որոնք համապատասխանում են իրենց մտավոր ունակություններին և խուսափում են զբաղվել որևէ այլ բանով, որը ֆիզիկական ուժ է պահանջում։ Նրանք, օրինակ, կարող են երկար ժամանակ տրամադրել մաթեմատիկական խնդիրների լուծմանը, ժամերով գիրք կարդալ, մինչդեռ տան աշխատանքների հետ կապված ծնողների ցանկացած խնդրանք այդ երեխաների մոտ հոգնածություն, ապատիա, ձանձրույթ է առաջացնում։
Անկասկած, երեխաների ֆիզիկական և հոգևոր ունակությունները հարկավոր է զարգացնել ու մարզել։ Ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին պետք է ընտելացնել սպորտով զբաղվելուն, ֆիզիկական ակտիվությանը։ Նրանք պետք է մարզեն իրենց միտքն ու մարմինը, պահպանեն ֆիզիկական և հոգեկան հավասարակշռությունը, այդ ժամանակ թուլությունն ու ապատիան կանհետանան և ծնողները չեն բարկանա իրենց երեխաների վրա նրանց ծուլության ու պասիվության համար։