Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխայի հետ երկխոսության զարգացումը. հուզական կապի աստիճանները
Հոդվածներ

Երեխայի հետ երկխոսության զարգացումը. հուզական կապի աստիճանները

Երեխաների հետ աշխատանքի ընթացքում երբեմն տեսնում ենք, որ կապը, փոխըմբռնումը և երկխոսությունը չեն ձևավորվում ինքնաբերաբար կամ արագ։ Սա հատկապես նկատելի է այն երեխաների դեպքում, ովքեր ունեն հաղորդակցության, վարքի, հուզական կարգավորման կամ զարգացման առանձնահատկություններ։ Այդպիսի իրավիճակներում մեծի հիմնական խնդիրը ոչ թե երեխայից անմիջապես «ճիշտ» վարք ստանալն է, այլ նախևառաջ նրա հետ անվտանգ, վստահելի և հուզականորեն կայուն հարաբերություն կառուցելը։ Ստորև ներկայացված են այն աստիճանները, որոնց միջոցով կարող է աստիճանաբար զարգանալ մեծի և երեխայի միջև հուզական կապը, փոխազդեցությունը և հետագա երկխոսությունը։ 

 

Մեր կարծիքով, առանձնահատուկ ուշադրություն արժե դարձնել երեխայի հետ վստահելի հարաբերությունների կառուցման, նրա հետ հուզական կապի հաստատման և երկխոսության զարգացման գործընթացին։

 

Մենք առանձնացնում ենք մեծի ու երեխայի միջև հուզական կապի հաստատման և երկխոսության զարգացման մի քանի աստիճաններ։ Երեխայի՝ կապ հաստատելու և պահպանելու կարողությունը գնահատելիս արժե հաշվի առնել, որ նույն երեխան տարբեր մեծերի հետ կարող է գտնվել փոխազդեցության զարգացման տարբեր փուլերում։ Օրինակ՝ երեխան արդեն կարողանում է մտերիմ մեծի (մոր) հետ պահպանել համատեղ ուշադրություն, բայց դեռ չի անում դա մանկավարժի հետ։

 

Անկախ նրանից՝ ինչ բնույթի է երեխայի խաղը (հնարավոր է, նա ամբողջական սյուժեներ է խաղում, կամ շատ է երևակայում, կամ ամբողջ օրերով փայտով խփում է մարտկոցին՝ ուզելով լսել բարձր, դղրդյուն ձայն), առաջին բանը, որ մենք անում ենք, երեխային մեր ներկայությամբ հանգիստ ու անվտանգ զգալու հնարավորություն տալն է։ Հնարավոր է, անվտանգության զգացողության համար նրան անհրաժեշտ է սենյակում իր ամենամտերիմ մարդու (մոր, հոր, տատիկի, դայակի և այլն) ներկայությունը։ Կարևոր է մտերիմների հետ քննարկել նրանց ներկայության մանրամասները՝ խնդրել նրանց չտալ ցուցումներ, չանել դիտողություններ, չտալ հարցեր, չվերահսկել երեխային, այլ պարզապես դիտել, լինել հուզականորեն ու ֆիզիկապես մատչելի նրա համար։ Սա հուզական կապի հաստատման առաջին և անհրաժեշտ աստիճանն է։ Պարտադիր պայման է, որ մեծն էլ իրեն հարմարավետ ու անվտանգ զգա, և առաջանա «մեզ լավ է իրար հետ լինել» զգացողությունը։

 

Էմմի Պիկլերը ձևակերպել է մեծերի հետ հարաբերություններում երեխաների անվտանգության և վստահության զգացողության ձևավորման չորս պայման։ Մենք դրանք վերցրել ենք որպես հիմք.

 

  1. Կայուն անհատական հաղորդակցում. հուզական կապը սկզբում հաստատվում է միայն մեկ մեծի հետ։

  2. Մեծը կողմնորոշվում է երեխայից եկող նշաններով ու ազդանշաններով՝ որպես փոխազդեցության մեջ երեխայի սեփական ակտիվության ու մասնակցության ցուցանիշների։

  3. Երեխային սկզբում պետք է հնարավորություն տալ կողմնորոշվել տարածության ու իրադարձությունների մեջ, և միայն դրանից հետո նա սկսում է գործել։ Հնարավորության դեպքում մեծը երեխային տեղեկացնում է իր գործողությունների և երեխայի հետ կատարվողի մասին։

  4. Մեծը երեխային ընտրության այլընտրանք և իր համար նշանակալի գործողությունն ավարտին հասցնելու հնարավորություն է տալիս։

 

Անվտանգ զգալով՝ երեխան սկսում է խաղալ, դրսևորել հետազոտական ակտիվություն (այլ ոչ թե պարզապես արձագանքել իրավիճակին)։ Մեծը դիտում է, թե ինչն է դուր գալիս երեխային, նրա համար կարևոր է հասկանալ երեխային իր զգացմունքներում, որոշել նրա հետաքրքրությունների ու խաղային իմաստների ոլորտը։ Նա սկսում է հարգանքով աջակցել երեխայի խաղին ու ակտիվությանը, առաջարկել (կամ մատչելի դարձնել) նյութեր ու խաղալիքներ, որոնք կարող են հետաքրքրել երեխային (այսինքն՝ կիսել ու աջակցել նրա արժեքները)։

 

Մեծը երեխայի հետ հաստատում է հարգալից, հարմարավետ հեռավորություն, որն անհրաժեշտ է կապը պահպանելու համար, ուշադիր հետևում է երեխայի վիճակին՝ նկատելով նրա մարմնում կամ շարժումներում առաջացող լարվածությունը։ Աստիճանաբար հայտնվում է «ընդհանուր» տարածք, որում տեղ կա նաև մեծի համար, և նրա օգնությունն ու աջակցությունը մերժում չեն ստանում։ Պայմանականորեն սա մենք նշանակել ենք որպես հուզական կապի հաստատման երկրորդ աստիճան։

 

Երրորդ աստիճանում հայտնվում են ընդհանուր խաղեր, որոնք հաճույք են պատճառում ինչպես երեխային, այնպես էլ մեծին։ Սկզբում սա կարող է լինել մեկ կամ երկու խաղ։ Սովորաբար դրանք հաճելի գրգռիչներով զգայական խաղեր են, կրկնվող շարժողական ռիթմիկ խաղեր՝ պղպջակներ, ջուր, լոբի, մոմ, փուչիկներ, պտուտակ, երկաթուղի, ճոճանակ, օրորոց, գնդակներ, թուղթ, պարաններ, ձեռքերով խաղեր (եթե երեխան չի խուսափում շոշափման կապից)։ Այս աստիճանում մենք դեռ հետևում ենք երեխային՝ աջակցելով նրա ակտիվությանը և պահպանելով նրա հետ հարմարավետ ու անվտանգ հեռավորությունը, չափավորում ենք տպավորություններն ու սեփական ակտիվությունը։

 

Եթե այս խաղերը հաճույք են պատճառում երեխային, նա ուրախությամբ սկսում է իր ձևով «խնդրել» դրանց կրկնությունը՝ քաշում է ձեռքից, արձակում է տարբեր հնչյուններ (երբեմն, բայց ոչ միշտ, սկսում է նայել մեծի աչքերի մեջ), «խնդրում» է մեծի օգնությունը։ Մենք ասում ենք. սկսում է դրսևորել նախաձեռնողականություն փոխազդեցության վրա հիմնված խաղերում, ինչը մեր պայմանական դասակարգման մեջ նշանակվում է որպես չորրորդ աստիճան։

 

Հինգերորդ աստիճանում առաջանում է համատեղ «ստեղծագործական» խաղ. մեծը զգուշորեն սկսում է առաջարկել սիրելի խաղի տարբեր տարբերակներ, օրինակ՝ մի փոքր փոխելով սիրելի կրկներգի կատարման ռիթմը/տեմպը, դանդաղեցնելով կամ արագացնելով այն, մեծացնելով դադարը սպասման ու գագաթնակետի միջև, այլ կերպ ճոճելով ճոճանակը կամ ջուրը լցնելով այլ տարաների մեջ։

 

Այլ կերպ ասած՝ մենք խաղային փոխազդեցության մեջ մի փոքր լարվածություն ենք ներմուծում։ Եթե երեխան հետևում է մեծի գործողություններին և երբեմն փորձում է վերարտադրել նրա խաղային տարբերակները, կրկնել նրա գործողությունը, նշանակում է՝ նա գլուխ է հանում իրավիճակից, պատրաստ է հանդուրժել ու տանել այս նորամուծությունները և պահպանվել փոխազդեցության դաշտում։ Երեխան աստիճանաբար սկսում է «հարմարվել» իրադարձություններին, որոնք չեն բխում իրենից։ Սա համատեղ երկխոսության կառուցման հիմքն է։ Եվ այդ ժամանակ մենք անցնում ենք հաջորդ աստիճանին։ Եթե սա ոչ մի խաղում տեղի չի ունենում, անհրաժեշտ է վերադառնալ նախորդ աստիճանին։

 

Նշանակում է՝ դեռ բավարար ժամանակ չի անցել, որպեսզի երեխան իրեն անվտանգ զգա. մենք չափազանց շուտ ենք սկսել մեր խաղի մեջ լարվածություն ներմուծել (իրավիճակի կամ մեր ակտիվության անկանխատեսելիությունը կամ անսպասելիությունը չափազանց շատ է եղել փոքրիկի համար), չենք հետևել փոխազդեցության հարմարավետ հեռավորությանը, երեխայի համար «վախեցնող» ենք վարվել։

 

Այսպիսով, վեցերորդ աստիճան. առաջանում է հերթականություն, երկխոսություն։ Մեծն ու երեխան դառնում են գործընկերներ։ Նրանք հետաքրքիր են միմյանց համար, ընդունակ են «հարմարվել» միմյանց, այսինքն՝ կառուցել համատեղ, համաձայնեցված երկխոսություն։ Մի խաղն արդեն կարող է սահուն փոխարինվել մյուսով։ Հուզական-կամային ոլորտում խնդիրներ չունեցող երեխան շատ արագ, երբեմն մեկ պարապմունքի ընթացքում, դուրս կգա փոխազդեցության այս աստիճանին։ Բայց նա անպայման պետք է անցնի բոլորով. որոշ դեպքերում մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես ենք բաց թողնում առաջին հինգը, այնքան արագ ու բնական է կատարվում սա։

 

Այս աստիճանների իմացությունը հատուկ կարևորություն է ստանում հաղորդակցության ու վարքի դժվարություններ ունեցող, այդ թվում՝ ԱՍԽ ունեցող երեխաների հետ խաղի ու փոխազդեցության դեպքում։ Վստահելի հարաբերությունների հաստատման առաջին հինգ աստիճաններով անցնելու շրջանը կարող է ձգվել մեկ ամսից մինչև կես տարի։ Գլխավորը՝ ոչ մի տեղ չշտապել և չփորձել արագացնել իրադարձությունների ընթացքը՝ դնելով երեխայի հնարավորություններից վեր խնդիրներ։ Իհարկե, մենք կարող ենք «առաջ վազել» և փոքր երեխային սերմանել/պարտադրել որոշակի հմտություններ, բայց դա համաձայնեցված երկխոսություն չի լինի։ Իսկ գործընկերային խաղը, առաջին հերթին, հուզական աջակցություն է և համաձայնեցված երկխոսություն։

 

Հակիրճ բացատրենք, թե ինչ ենք հասկանում համաձայնեցված երկխոսության տակ։ Ինչպես արդեն ասվեց վերևում, սա միմյանց հարմարվելու հնարավորությունն է. զգալ գործընկերոջ պահանջները, հետաքրքրություններն ու ապրումները, գտնել փոխազդեցության ընդհանուր հարմարավետ տեմպն ու ռիթմը, սպասել ներկայացված գործողության կամ խոսքի պատասխանին։ Այսինքն՝ տալ միմյանց տարածք՝ հաշվի առնելով մյուսի արժեքներն ու առանձնահատկությունները։ Եվ համաձայնեցված երկխոսությունը գործարկում է միայն մեծը՝ կողմնորոշվելով երեխայի արժեքներով, դրանով իսկ երեխային տալով ընդհանուր երկխոսական տարածքում հանդիպման դրական ու ուրախ փորձ։

 

Նախորդ բոլոր հինգ փուլերը հող են նախապատրաստում այն բանի համար, որ երեխան կարողանա մտնել նման երկխոսության մեջ, լինել դրա ակտիվ մասնակիցը և միևնույն ժամանակ մեծին ընդունել որպես գործընկեր։ Այս գագաթնակետային պահից առաջ մեծն աջակցում է երեխային նրա ակտիվության ու խաղի մեջ, հարմարվում է նրան՝ երբեմն սխալվելով, բայց ուղղելով իր սխալները։ Եվ սա շատ կարևոր է. մեծի կողմից որոշակի թյուրիմացությունն օգնում է երեխային ապրել մի փոքր լարվածություն և միևնույն ժամանակ պահպանվել փոխազդեցության մեջ։ Հենց սա է զարգացնող պահը. միմյանց հարմարվելը փորձի ու սխալի միջոցով։

 

Յոթերորդ աստիճանում երեխան սկսում է հետաքրքրություն դրսևորել մեծի հույզերի հանդեպ՝ նայելով նրան, ինչպես «հայելու» մեջ։ Երեխային անհրաժեշտ է, որ մեծը կիսի իր հետ ապրումներն ու զգացմունքները, որպեսզի ինքը (երեխան) կարողանա ավելի լավ հասկանալ իրեն, իր զգացմունքները։ Դրա համար նա սկսում է «կիսվել» դրանցով մեծի հետ. բերում է իրեն դուր եկած խաղալիքը, ուզում է կիսվել իր գտածներով, իր ուրախությամբ կամ տխրությամբ, իր ցավով։ Փոքրիկն ուզում է կիսվել իր զգացմունքներով ու արժեքներով։ Այս գործընթացի միջոցով նա սկսում է դիմել իրեն, իր զգացմունքներին։

 

Հետագայում երեխայի մոտ հայտնվում է սեփական և ուրիշների գործողությունները, ապրումները, զգացմունքները, ցանկությունները համեմատելու հնարավորություն։ Նա փորձում է հասկանալ ուրիշների ապրումները և տարանջատել դրանք սեփականից։ Սկսում է հասկանալ այլ մարդկանց ցանկություններն ու սեփական ցանկությունները։ Աստիճանաբար հեռանում է մանկական «էգոցենտրիզմի» աշխարհից։ Նա ստեղծում է իր աշխարհը («սեփականը»), տեսնում է մյուսի «սեփականը» և սեփականի հանդեպ որոշակի դիրք է գրավում։ Սա մենք կնշանակենք որպես մեծի հետ հուզական հարաբերությունների զարգացման ութերորդ աստիճան։

 

Եվ, վերջապես, իններորդ աստիճան. երեխան սկսում է աստիճանաբար հաշվի առնել այլ երեխաների կամ մեծերի հետաքրքրությունները (առանց մոռանալու իր մասին), սեփական վարքը փոխկապակցել երեխաների խմբում գործող սոցիալական կանոնների հետ։ Սա պայմանավորվածությունների, կանոնների, արդարության համար կռիվների, վեճերի ու հաշտության ժամանակահատվածն է։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ