Շատ ծնողներ փորձում են հրաժարվել պատժից և դրա փոխարեն կիրառել ավելի հարգալից դաստիարակչական մեթոդներ։ Այդպիսի մեթոդներից մեկը տրամաբանական հետևանքներն են։ Գաղափարը պարզ է թվում․ երեխան ինչ-որ բան է անում, և նրա ընտրությանը հետևում է դրա հետ կապված որոշակի հետևանք։
Սակայն այստեղ կա մի կարևոր վտանգ։ Երբեմն մեծահասակը շարունակում է սովորական պատիժ կիրառել՝ պարզապես այն անվանելով «տրամաբանական հետևանք»։
Օրինակ՝ երեխան չի հավաքել իր խաղալիքները, և ծնողն ասում է. «Քանի որ խաղալիքներդ չես հավաքել, մեկ շաբաթ դրանցով չես խաղա։ Թող սա քեզ դաս լինի»։ Կամ երեխան ինչ-որ բան է փչացրել, և մեծահասակը որոշում է նրան զրկել սիրելի զբաղմունքից՝ բացատրելով, որ դա իր արարքի «տրամաբանական հետևանքն» է։
Անունը փոխվել է, բայց երեխայի ստացած ուղերձը՝ ոչ։
Դրական կարգապահության հիմնադիրներից Ռուդոլֆ Դրեյկուրսը դեռ տարիներ առաջ զգուշացնում էր, որ ծնողները կարող են «տրամաբանական հետևանքներ» հասկացությունն ընկալել որպես իրենց պահանջները երեխային պարտադրելու նոր միջոց։ Իսկ երեխան նման մոտեցումը շատ արագ ճանաչում է այնպիսին, ինչպիսին իրականում կա՝ որպես քողարկված պատիժ։
Պատժի ամենամեծ «առավելությունն» այն է, որ այն հաճախ իսկապես աշխատում է։ Երեխան աղմկում է՝ մենք պատժում ենք՝ նա լռում է։ Չի կատարում պահանջը՝ սպառնում ենք որևէ բանից զրկել՝ կատարում է։ Կրկնում է անցանկալի վարքը՝ ավելի խիստ հետևանք ենք սահմանում՝ որոշ ժամանակ դադարում է։ Եվ մեծահասակի մոտ բնականաբար առաջանում է զգացողություն․ «Մեթոդն աշխատեց»։ Բայց այստեղ կարևոր է տարբերել երկու հարց` արդյո՞ք երեխայի վարքը տվյալ պահին դադարեց և ի՞նչ սովորեց երեխան այս իրավիճակից։
Դրանք նույն հարցը չեն։
Պատժից հետո երեխան կարող է որոշել այլևս չկրկնել տվյալ արարքը ոչ թե այն պատճառով, որ հասկացել է դրա հետևանքները կամ սովորել է այլ կերպ վարվել, այլ պարզապես որովհետև վախենում է նոր պատժից։
Մեկ այլ երեխա կարող է մտածել ոչ թե իր վարքի, այլ այն մասին, թե հաջորդ անգամ ինչպես անել, որ իրեն չբռնեն։ Երրորդը կարող է վիրավորվել և ցանկանալ վրեժ լուծել։ Չորրորդը կարող է եզրակացնել. «Ես վատն եմ»։
Այս բոլոր դեպքերում մեծահասակը կարող է տեսնել արտաքին փոփոխություն, բայց երեխայի ներսում ձևավորվող համոզմունքները բոլորովին այլ են, քան նա ցանկանում էր սովորեցնել։
Պատկերացնենք՝ երեխան ինչ-որ սխալ է արել։ Եթե մենք նրան հնարավորություն տանք հանգիստ հասկանալու կատարվածը, նա կարող է մտածել. «Ի՞նչ տեղի ունեցավ»։ «Ինչո՞ւ դա ստացվեց այսպես»։ «Ի՞նչ կարող եմ անել հիմա»։ «Ի՞նչ կարող եմ հաջորդ անգամ այլ կերպ անել»։
Սակայն երբ սխալին հաջորդում են նվաստացումը, սպառնալիքը կամ պատիժը, երեխայի ուշադրությունը հաճախ ամբողջությամբ տեղափոխվում է մեծահասակի վրա։ Նա այլևս չի մտածում իր ընտրության մասին։ Նա մտածում է. «Սա անարդար է»։ «Ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին»։ «Ես էլ նրանց ցույց կտամ»։ «Հաջորդ անգամ այնպես կանեմ, որ չիմանան», կամ՝ «Ես ոչ մի բան ճիշտ անել չեմ կարող»։
Այս դեպքում մենք կորցնում ենք հենց այն հնարավորությունը, որի համար իբր պատժում էինք երեխային՝ հնարավորություն տալ նրան ինչ-որ բան սովորել իր սխալից։
Առավել վտանգավոր իրավիճակ է առաջանում, երբ առաջին պատիժը ցանկալի արդյունք չի տալիս։
Մեծահասակը հաճախ մտածում է. «Երևի պատիժը բավականաչափ խիստ չէր։ Եթե իսկապես զգա իր արարքի հետևանքը, կհասկանա»։ Եվ պատիժն ավելի է խստացնում։ Բայց երեխան կարող է դրանից ոչ թե ավելի պատասխանատու, այլ ավելի վիրավորված դառնալ։ Նրա դիմադրությունն ուժեղանում է։
Մեծահասակը դա ընկալում է որպես նոր անհնազանդություն և կրկին խստացնում իր արձագանքը։ Երեխան իր հերթին մտածում է վրեժի կամ դիմադրության նոր ձևերի մասին։ Այսպես աստիճանաբար առաջանում է փոխադարձ պայքար. երեխան վիրավորում է մեծահասակին → մեծահասակը պատժում է երեխային → երեխան իրեն ավելի վիրավորված է զգում → ավելի ուժեղ է դիմադրում կամ վրեժ լուծում → մեծահասակն ավելի խիստ է դառնում։
Յուրաքանչյուր կողմ փորձում է «հաղթել»։ Բայց ծնող-երեխա հարաբերություններում մեծահասակի հաղթանակը շատ հաճախ նշանակում է երեխայի պարտություն։ Իսկ եթե երեխան տարիներ շարունակ իրեն պարտվող կողմ է զգում, դժվար է ակնկալել, որ այդ հարաբերություններից կձևավորվեն վստահություն և համագործակցություն։
Հենց այստեղ է անհրաժեշտ մտածել ոչ միայն այսօրվա վարքի, այլև երկարաժամկետ նպատակի մասին։ Ի՞նչ ենք իրականում ցանկանում մեր երեխայի համար։
Հավանաբար ցանկանում ենք, որ նա մեծանա պատասխանատու, ինքնուրույն, վստահ իր կարողությունների նկատմամբ, կարողանա ընդունել իր սխալները, լուծել խնդիրները, համագործակցել մարդկանց հետ և որոշումներ կայացնել։
Այդ դեպքում դաստիարակության յուրաքանչյուր մեթոդ արժե գնահատել ոչ միայն նրանով, թե որքան արագ է այն կանգնեցնում անցանկալի վարքը, այլև նրանով, թե ինչպիսի հմտություններ և համոզմունքներ է ձևավորում երեխայի մեջ։
Երեխան, որը լավ է վարվում միայն այն պատճառով, որ վախենում է պատժից, դեռ չի սովորել պատասխանատվություն։ Երեխան, որը կատարում է պահանջները միայն մեծահասակի հավանությունը չկորցնելու համար, դեռ չի սովորել ինքնուրույն գնահատել իր վարքը։ Երեխան, որը սովորել է թաքցնել սխալները, իրականում ոչ թե ավելի պատասխանատու, այլ պարզապես ավելի զգուշավոր է դարձել։ Ակնթարթային արդյունքը կարող է շատ համոզիչ լինել, բայց այն դեռ ոչինչ չի ասում երկարաժամկետ արդյունքի մասին։
Ամենապարզ տարբերակիչներից մեկը մեծահասակի նպատակը հասկանալն է։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ես հիմա ուզում եմ օգնել երեխային հասկանալ և ուղղել իրավիճա՞կը, թե՞ ուզում եմ, որ նա իր արածի համար վատ զգա»։ Եթե մեր ներսում կա. «Թող հիմա հասկանա», «Թող զգա, թե ինչ արեց», «Պետք է դաս տալ», «Այլապես գլխիս կնստի», արժե մի պահ կանգ առնել։
Հնարավոր է՝ մենք արդեն ոչ թե լուծում ենք խնդիրը, այլ փորձում ենք երեխային ստիպել «վճարել» իր սխալի համար։ Տրամաբանական հետևանքի նպատակը տառապանքը չէ։ Եթե երեխան կաթ է թափել, խնդիրը թափված կաթն է։ Լուծումը կարող է լինել այն մաքրելը։ Եթե երեխան ինչ-որ բան վնասել է, կարելի է մտածել՝ հնարավո՞ր է այն վերանորոգել կամ այլ կերպ ուղղել իրավիճակը։ Եթե իր վարքով խանգարել է մեկ ուրիշին, կարելի է օգնել հասկանալ՝ ինչպես վերականգնել հարաբերությունը կամ շտկել պատճառած անհարմարությունը։
Այս ամենի համար պարտադիր չէ երեխային նվաստացնել, վախեցնել կամ ստիպել վատ զգալ։
Մեծահասակների մոտ երբեմն կա շատ խոր համոզմունք՝ եթե երեխան իր սխալի համար բավականաչափ վատ չզգա, նա ոչինչ չի սովորի։ Բայց սխալից սովորելու համար անհրաժեշտ են բոլորովին այլ բաներ՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, տեսնել սեփական գործողության ազդեցությունը, հնարավորություն ունենալ ուղղել կատարվածը և հաջորդ անգամ փորձել այլ կերպ։
Եթե երեխան այդ ամենը կարողանում է անել առանց լաց լինելու, ամաչելու կամ վախենալու, դա չի նշանակում, որ հետևանքը «չաշխատեց»։ Ընդհակառակը՝ դա կարող է նշանակել, որ նա կարողացավ պատասխանատվություն ստանձնել՝ առանց սեփական արժանապատվությունը կորցնելու։
Երբ երեխան սխալ է թույլ տալիս, մեր հիմնական հարցը կարող է լինել ոչ թե. «Ինչպե՞ս անեմ, որ նա այլևս երբեք այսպես չանի», այլ. «Ի՞նչ կարող է նա սովորել այս իրավիճակից, և ինչպե՞ս կարող եմ օգնել նրան դա սովորել՝ առանց նվաստացնելու կամ վախեցնելու»։
Այս տարբերությունը փոքր է թվում, բայց ամբողջությամբ փոխում է դաստիարակության տրամաբանությունը։ Մենք այլևս չենք փորձում հաղթել երեխային։ Մենք օգնում ենք նրան աստիճանաբար սովորել կառավարել սեփական վարքը։