Ճշմարտախոսությունը երեխայի համար պարզապես բարոյական կանոն չէ, այլ ներքին անվտանգության ու վստահության հիմք։ Երբ ծնողը համարձակվում է լինել անկեղծ՝ բարդ, անհարմար կամ սահմանափակող իրավիճակներում, երեխան սովորում է, որ աշխարհը կանխատեսելի է, հարաբերությունները՝ վստահելի, իսկ ճշմարտությունը՝ պաշտպանող, ոչ թե վտանգավոր։ Այդ միջավայրում երեխան զարգացնում է ոչ միայն ազնվություն, այլև ներքին կայունություն, ինքնավստահություն և պատասխանատվություն սեփական խոսքի ու ընտրությունների հանդեպ։ Ճշմարտությունը դառնում է ոչ թե պահանջ, այլ բնական արժեք, որը փոխանցվում է սիրով, օրինակով և փոխադարձ հարգանքով։
Ճշմարտախոսությունը բոլոր առաքինությունների հիմքն է։ Առանց ճշմարտախոսությաբ հոգևոր զարգացումն ու հաջողությունն անհնար է Աստծո բոլոր աշխարհներում։ Մարդկային հոգու բոլոր աստվածային հատկանիշները կարող են իրացվել, եթե մարդը կարողանա տիրապետել այդ միակ հատկանիշին։
<<Ես այնքան եմ հոգնել>>, <<Երեխաները կործանել են իմ կյանքի լավագույն տարիները>>, <<Նրանք թույլ չեն տալիս ինձ անգամ հանգստանալ>>,- հաճախ բողոքում են մայրերը՝ իրենց չարաճճի, քմահաճ երեխաներից։
Որպեսզի ազատվեն նրանց <<կամակորություններից>> և ստանան ժամանակավոր հանգիստ, ծնողները դիմում են տարատեսակ խորամանկությունների, հնարքների, որոնք հակասում են աստվածային կամքին և մանկավարժական տեսություններին։ Նրանք <<կառչում են>> այդ հնարքներից այլընտրանքի բացակայության և ճիշտ մեթոդների չիմացության պատճառով։ Ծնողներին հարկավոր է գիտակցել վտանգը, որն իր մեջ պարունակում է սուտը և ուշադրությամբ վերաբերվել իրենց երեխայի մեջ ճշմարտացիություն, անկեղծություն, ազնվություն դաստիարակելու հնարավորություններին։
Մայրն ուզում է գնալ կինո, սակայն երեխային ասում է, որ պատրաստվում է գնալ բժշկի, քանի որ իրեն վատ է զգում։ Երեխան տեսնելով մոր փայլուն, առույգ ժեստերը, սկսում է կասկածել նրա ասածների ճշմարիտության վրա։
Նա անհամբերությամբ սպասում է նրա վերադարձին, ու նկատում, որ նա վերադարձել է բավական ուշ, ձեռքին դեղեր չկան։ Այս ամենը հաստատում են նրա խոսքերը, սակայն նա հոգատարությամբ, չարտահայտելով իր կասկածները, հարցնում է․ <<մամ, դու գնացի՞ր բժշկի>>։
Նախկին սուտը ծածկելու համար մայրը հաջորդ սուտն է հորինում և ասում է, որ նա չի կարողացել գնալ բժշկի, քանի որ փողոցում հանդիպել է ծանոթներին, որոնք նրան պատմել են այս և այն, և այլն, և նա վերադարձել է տուն։ Պատահաբար մայրը վայր է գցում կինոյի տոմսը: Սուտը բացահայտվում է։
Նմանօրինակ իրավիճակներն, անխոս, բացասաբար են ազդում երեխայի բարոյախոսության վրա, նրա հոգեկան առողջությունն ու հոգեկան կառուցվածքին վնաս պատճառող ազդեցությունը դժվար է գնահատել։ Սուտը քայքայիչ ազդեցություն է ունենում և՛ երբ մեծերին են խաբում, և՛ փոքրերին և բերում է առավել ավերիչ հետևանքների, քան ցանկացած այլ չարիք։
Ծնողները պետք է դաստիարակեն երեխաներին այնպես, որ ստի անհրաժեշտություն չլինի։ Նրանք պետք է երեխաներին ասեն ճշմարտությունն ու բարդ դրության մեջ չհայտնվեն նրանց անսպասելի հարցերի պատճառով։ Երեխաները ցավագին են տանում մեծերի կողմից վստահության բացակայությունը։ Հետևաբար ընտանիքի կյանքում չպետք է տեղ լինի ստի, խաբեության, խորամանկության համար։ Բահայի գրվածքներում ասվում է․ << Ծնողներին հարկավոր է մեղմ և համբերատար ներարկել իրենց երեխաներին բարոյական պահվածքի կանոնները, հաղորդակից դարձնել նրանց այդ սկզբունքներին, նրբանկատորեն և սիրով սովորեցնել Հիմունքները և այդժամ նրանք կդառնան <<Աստծո իրական զավակներ>>, Աստծո Թագավորության հավատարիմ և գիտակից քաղաքացիներ։ Սա այն բարձրագույն նպատակն է, որն անձամբ Բահաուլլան հստակ սահմանել է որպես յուրաքանչյուր դաստիարակության գլխավոր նպատակ>>։
Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից