«Գնա՛ քո սենյակ և մտածի՛ր քո վարքի մասին»։ Շատ ընտանիքներում այս արտահայտությունը համարվում է պատժի համեմատաբար ավելի մեղմ տարբերակ։ Երեխայի վրա չեն գոռում, չեն հարվածում, գուցե նույնիսկ որևէ բանից չեն զրկում։ Նրան պարզապես որոշ ժամանակով առանձնացնում են՝ «հանգստանալու» կամ «իր արածի մասին մտածելու» համար։
Բայց երեխային սենյակ ուղարկելը դեռ չի նշանակում, որ նա այնտեղ իսկապես հանգստանում է կամ մտածում իր վարքի մասին։ Նա կարող է մտածել.
«Մայրիկը անարդար է»։
«Ես ատում եմ այս կանոնը»։
«Հաջորդ անգամ այնպես կանեմ, որ չիմանա»։
Կամ նույնիսկ՝
«Ես վատն եմ»։
Մենք կարող ենք երեխային ուղարկել մեկ այլ սենյակ, բայց չենք կարող որոշել, թե նա այնտեղ ինչ կմտածի կամ ինչ կզգա։ Այդ պատճառով թայմ-աութը կարող է լինել և՛ պատժի ձև, և՛ ինքնատիրապետումը վերականգնելու օգտակար միջոց։ Տարբերությունը կախված է նրանից, թե ինչ նպատակով և ինչպես ենք այն օգտագործում։
Ինչո՞վ է դրական թայմ-աութը տարբերվում պատժից
Պատժիչ թայմ-աութի տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է. «դու վատ ես վարվել, հետևաբար հիմա պետք է հեռանաս և մտածես քո արածի մասին»։ Դրական թայմ-աութի նպատակը բոլորովին այլ է. «մենք հիմա այնքան բարկացած կամ հուզված ենք, որ դժվար է հանգիստ մտածել։ Եկ նախ հանգստանանք, հետո որոշենք՝ ինչ անել»։
Այս տարբերությունը կարևոր է։
Երբ երեխան ուժեղ զայրացած է, վիրավորված կամ հուզված, նրանից դժվար է սպասել, որ հենց այդ պահին հանգիստ կլսի բացատրությունները, կվերլուծի իր սխալը և կառուցողական լուծում կառաջարկի։
Նույնը վերաբերում է մեծահասակներին։ Երբ մենք բարկացած ենք, շատ ավելի հեշտ է ասել մի բան, որի համար հետո կզղջանք, քան հանգիստ մտածել խնդրի մասին։ Այդ պատճառով երբեմն ամենաօգտակար քայլը խնդիրը հենց այդ պահին չլուծելն է։ Նախ վերականգնեք հանգստությունը, հետո վերադարձեք խոսակցությանը։
Ինչո՞ւ «գնա և մտածիր» մեթոդը հաճախ չի աշխատում
Պատկերացրեք, որ վիճել եք ձեր զուգընկերոջ հետ, և նա ասում է. «գնա՛ մյուս սենյակ։ Կես ժամ այնտեղ նստիր ու մտածիր՝ ինչպես ես քեզ պահել»։ Դժվար թե այդ ընթացքում հանգիստ մտածեք սեփական սխալների մասին։ Ավելի հավանական է, որ վիրավորվեք, բարկանաք կամ մտքում շարունակեք վիճել նրա հետ։
Երեխան նույնպես կարող է նույն կերպ արձագանքել։ Հատկապես եթե մեծահասակի ձայնի տոնն ու վերաբերմունքը փոխանցում են. «դու հիմա պետք է տառապես, որովհետև վատ ես վարվել»։ Այդ դեպքում թայմ-աութը պարզապես մեկ այլ պատիժ է՝ նույնիսկ եթե այն անվանում ենք «հանգստանալու ժամանակ»։
Դրական թայմ-աութի դեպքում երեխան չի ուղարկվում մեկուսանալու այն պատճառով, որ «վատն է»։ Նրան առաջարկվում է դադար, որովհետև ուժեղ հույզերի պահին դադարն օգնում է վերականգնել ինքնատիրապետումը։
Երեխային կարելի է սովորեցնել ճանաչել՝ երբ իրեն դադար է անհրաժեշտ
Դրական թայմ-աութը հատկապես օգտակար է, երբ այն չի հայտնվում միայն կոնֆլիկտի պահին։ Հանգիստ ժամանակ կարելի է երեխայի հետ խոսել. «երբ շատ ես բարկանում, ի՞նչ է կատարվում քեզ հետ, ի՞նչն է օգնում քեզ հանգստանալ, ուզո՞ւմ ես մի տեղ ստեղծենք, որտեղ կարող ես գնալ, երբ քեզ դադար է պետք»։
Երեխան կարող է ինքն ընտրել այդ վայրը և մտածել՝ ինչ կցանկանար այնտեղ ունենալ։ Դա կարող է լինել փափուկ բարձ, գիրք, նկարելու պարագաներ, երաժշտություն կամ սիրելի խաղալիք։ Որոշ ընտանիքներ և դասարաններ նման վայրերին նույնիսկ հատուկ անուններ են տալիս՝ «հանգստության անկյուն», «կղզի», «տիեզերք» կամ երեխայի ընտրած մեկ այլ անուն։
Այս դեպքում տարածքը չի ընկալվում որպես «վատ երեխաների տեղ»։ Այն դառնում է ինքնակարգավորման գործիք։
Իսկ եթե երեխան այնտեղ հաճելի բանով զբաղվի՞
Ծնողներին երբեմն անհանգստացնում է այն միտքը, որ երեխան հանգստանալու ընթացքում կարող է գիրք կարդալ, երաժշտություն լսել կամ խաղալիքով խաղալ։ «Բայց չէ՞ որ նա հենց նոր վատ էր վարվում։ Այդ դեպքում ստացվում է՝ նրան պարգևատրում ենք»։ Սակայն այստեղ կարևոր է հիշել նպատակը։ Եթե ցանկանում ենք, որ երեխան հանգստանա, տրամաբանական է օգտագործել այն, ինչը նրան իսկապես օգնում է հանգստանալ։
Մեծահասակներն էլ ուժեղ լարվածությունից հետո կարող են զբոսնել, երաժշտություն լսել, սուրճ խմել կամ մի քանի րոպե մենակ մնալ։ Մենք դա չենք համարում պարգև վատ վարքի համար։ Դա պարզապես ինքնատիրապետումը վերականգնելու միջոց է։ Նույնը կարող է լինել երեխայի դեպքում։ Երեխան պարտադիր չէ իրեն վատ զգա, որպեսզի հետո կարողանա ավելի լավ վարվել։
Դրական թայմ-աութը ցանկալի է առաջարկել, ոչ թե պարտադրել
Կարելի է երեխային հարցնել. «քո կարծիքով՝ հիմա քեզ մի փոքր հանգստանալը կօգնի՞» կամ «ուզո՞ւմ ես գնալ քո հանգստության անկյունը, թե՞ ուզում ես մի փոքր ինձ հետ նստել»։
Որոշ երեխաներ ցանկանում են մենակ մնալ։ Մյուսները ավելի արագ են հանգստանում, երբ ծնողը կողքին է։ Կարելի է նույնիսկ առաջարկել. «ուզո՞ւմ ես՝ քեզ հետ գամ»։
Նպատակը երեխային մեզանից հեռացնելը չէ։ Նպատակը գտնելն է, թե ինչն է օգնում նրան վերականգնել ինքնատիրապետումը։ Եթե երեխան հրաժարվում է գնալ, պետք չէ թայմ-աութը նոր իշխանության պայքարի վերածել։
Ծնողը կարող է ասել. «Լավ։ Ես եմ հիմա մի փոքր դադար վերցնելու, որովհետև շատ բարկացած եմ։ Երբ հանգստանամ, կվերադառնանք այս խոսակցությանը»։ Այսպես երեխան նաև տեսնում է, որ դադարը միայն իրեն պարտադրվող միջոց չէ։
Մեծահասակին նույնպես երբեմն թայմ-աութ է պետք
Երեխային ինքնատիրապետում սովորեցնելու ամենաարդյունավետ ձևերից մեկը սեփական օրինակն է։ Կարելի է ասել. «ես հիմա այնքան բարկացած եմ, որ չեմ ուզում ասել մի բան, որի համար հետո կզղջամ։ Մի քանի րոպե կգնամ հանգստանալու, հետո կշարունակենք»։
Այսպիսի պահերին երեխան տեսնում է շատ կարևոր բան. ուժեղ հույզ ունենալը նորմալ է, բայց պարտադիր չէ անմիջապես գործել այդ հույզի ազդեցության տակ։
Մի ուսուցչուհի իր դասարանում նույնիսկ հատուկ նշան էր մտածել։ Երբ զգում էր, որ իրեն մի քանի րոպե հանգստանալու ժամանակ է անհրաժեշտ, սեղանին փոքրիկ խաղալիք արմավենի էր դնում։ Երեխաները գիտեին՝ եթե արմավենին սեղանին է, ուսուցչուհին «Հավայան կղզիներում է» և իրեն փոքր դադար է անհրաժեշտ։
Այս պարզ օրինակը երեխաներին ցույց էր տալիս, որ ինքնատիրապետումը ոչ միայն երեխաներից պահանջվող հմտություն է։ Մեծահասակներն էլ են երբեմն կանգ առնում, որպեսզի կառավարեն իրենց հույզերը։
Հանգստանալուց հետո պետք է վերադառնալ խնդրին
Դրական թայմ-աութը չի նշանակում մոռանալ կատարվածը։ Եթե երեխան վիրավորել է մեկ ուրիշին, ինչ-որ բան վնասել է կամ ընտանիքում կրկնվող խնդիր կա, դրան կարելի է վերադառնալ այն ժամանակ, երբ բոլորը հանգիստ են։
Այդ պահին արդեն հնարավոր է հարցնել. «ի՞նչ տեղի ունեցավ», «ինչպե՞ս կարող ենք շտկել իրավիճակը», «ի՞նչ կարող ենք հաջորդ անգամ այլ կերպ անել»։ Եթե երեխան ինչ-որ բան է կոտրել, կարելի է մտածել՝ ինչպես վերականգնել այն։ Եթե վիրավորել է եղբորը կամ քրոջը, կարելի է քննարկել՝ ինչպես վերականգնել հարաբերությունը։ Եթե նույն վեճը պարբերաբար կրկնվում է, կարելի է միասին լուծում գտնել։
Դադարը պարզապես ստեղծում է այն վիճակը, որտեղ նման խոսակցությունն արդեն հնարավոր է։
Ինչպե՞ս հասկանալ՝ թայմ-աութն աշխատե՞լ է
Մի մայր որդուն վատ վարքի համար ուղարկել էր իր սենյակ։ Մի քանի րոպե անց տղան դուրս եկավ։ Մայրը նրան անմիջապես նորից ներս ուղարկեց, որովհետև սահմանված ժամանակը դեռ չէր ավարտվել։ Հետո նրան հարցրեցին.
«Երբ նա դուրս եկավ, շարունակո՞ւմ էր իրեն վատ պահել»։
Մայրը մտածեց և պատասխանեց.
«Ոչ»։
Այդ դեպքում ինչո՞ւ էր անհրաժեշտ նրան նորից սենյակ ուղարկել։ Եթե նպատակը երեխային հանգստանալ օգնելն էր, նպատակը արդեն կատարված էր։ Նրան նորից ներս ուղարկելը անհրաժեշտ էր միայն այն դեպքում, եթե իրական նպատակը ուրիշ բան էր՝ համոզվել, որ երեխան ստացել է իրեն «հասանելիք պատիժը»։
Սա լավ չափանիշ է նաև ծնողների համար։ Երբ երեխային առաջարկում ենք դադար, կարելի է ինքներս մեզ հարցնել. «Ես հիմա ուզում եմ օգնել նրան վերականգնել ինքնատիրապետո՞ւմը, թե՞ ուզում եմ, որ նա իր վարքի համար բավականաչափ վատ զգա»։
Առաջին դեպքում խոսքը դրական թայմ-աութի մասին է։ Երկրորդ դեպքում, որքան էլ այն մեղմ անվանենք, շարունակում է մնալ պատիժ։ Դրական թայմ-աութի ամենակարևոր նպատակը երեխային մի հմտություն սովորեցնելն է, որը նրան անհրաժեշտ կլինի ամբողջ կյանքում. երբ հույզերը չափազանց ուժեղ են, կարելի է կանգ առնել, հանգստանալ և միայն հետո որոշել՝ ինչ անել։