Սեփական անձի հետ հաշտ ու խաղաղ ապրելու համար մարդն իր համար պետք է պահպանի որոշակի պարտադիր պայմաններ։ Առաջին հերթին նա պետք է սովորի սիրել Աստծուն՝ հավատալով, որ Աստված գոյություն ունի, ինչպես գոյություն ունի նաև հենց մարդու անմահ հոգին։ Նա պետք է սովորի աղոթել, սովորի ապրել նորովի։ Դա մարդուն անհրաժեշտ է բոլորովին ոչ այն պատճառով, որ անհավատության համար իրեն կպատժեն դժոխքի կրակներում, և անգամ ոչ այն պատճառով, որ չհավատալը վատ է։ Դա անհրաժեշտ է նրան, քանզի կան օբյեկտիվ օրենքներ, նույնքան անփոփոխ, որքան ձգողականության օրենքը, կամ այն օրենքները, որոնք կարգավորում են ատոմների և աստղերի շարժումները։
Ինչու՞ է պետք սիրել Աստծուն։ Բույսը արև է սիրում, ասում ենք մենք, քանզի գիտենք, որ բավական է միայն բույսը դնել արևի տակ, նրա յուրաքանչյուր բջիջ սկսում է ինտենսիվորեն կլանել արևի էներգիան։ Այլ կերպ ասած, բույսն արձագանքում է այն ամենին, ինչն առավել շահավետ է իր գոյության համար։ Այդպես էլ մենք՝ մեր էության խորքում միանգամից արձագանքում ենք Աստծո սիրո արևի լույսին, հենց որ մի կողմ քաշենք այն մուգ վարագույրները, որոնք ծածկում են այն։ Բայց մեր արձագանքը չի կարող ավտոմատ կերպով լինել, այն պետք է լինի գիտակցված և ողջամիտ։ Մեր աշխարհում գոյություն չունի բացարձակ անշահախնդիր սեր։ Անգամ մոր սերը երեխայի հանդեպ ազատ չէ եսասիրությունից ու հպարտությունից՝ չնայած այն վերին աստիճանի զոհաբերական է։ Միայն Նա՝ մեր Արարիչն է մեզ սիրում կատարյալ սիրով՝ չմտածելով մեզնից որևէ բան ստանալու մասին։ Ինչու՞ է դա այդպես։ Երկու պատճառով․ առաջինը, որովհետև Նրա համար սիրելը նույնքան բնական է, որքան արևի համար շողալը, և երկրորդը՝ Նա մեր կարիքը չունի և մեզնից լիովին անկախ է՝ այնպես, ինչպես արևն է անկախ երկրից։ Անկախ նրանից, թե մեր մոլորակի վրա կյանք կլինի, թե այն կվերանա, Արևը առաջվա պես կշարունակի շողալ։ Սիրում ենք մենք մեր Արարչին, թե ոչ, դա բոլորովին չի ազդում Նրա վրա, քանի որ Նա կախված չէ մեր սիրուց, ինչպես և կախված չէ ոչ մի այլ բանից։ Մեր կյանքը, սակայն, ամբողջովին կախված է Նրա սիրուց։ Ինչու՞մն է կայանում ամենավեհ և անշահախնդիր սերը, որին ընդունակ է մարդը։ Մայրը, իր զավակին նման սիրով սիրելով, ձգտում է նրան դաստիարակել, պաշտպանել փորձանքներից, անել ամեն բան, որ նա մեծանա խելացի, երջանիկ և ուժեղ։ Թեև մարդկային այս սերն անկատար է, այն, այնուամենայնիվ, ամենավեհն ու լավագույնն է այն ամենից, ինչին մենք ընդունակ ենք։ Այսպիսին է նաև Աստծո սիրո բնույթը մեր հանդեպ։ Այն հիմնված է բոլորիս համար բարին կամենալու և մշտապես օգնության հասնելու պատրաստակամության վրա, բայց դրա հետ մեկտեղ այն նաև կատարյալ է, քանզի նրանում սեփական շահի կաթիլ անգամ չկա։ Չնայած մեզ համար դժվար է գիտակցական մակարդակում ընկալել դա, մենք անընդհատ, այսպես ասած ողողված ենք Աստծո սիրո շողացող ճառագայթներով, և մեզնից պահանջվում է միայն վերացնել այն պատնեշները, որոնցով մենք մեզ շրջապատել ենք, և թույլ տալ այդ բարձրագույն լույսին սնուցել մեր հոգիները։ Մի՞թե հնարավոր է չարձագանքել նման ուժի ազդեցությանը։ Մի՞թե մենք պակաս զգայուն ենք, քան դեպի արևը ձգվող բույսը, մի՞թե մեր մեջ ավելի քիչ ունակություն կա սիրել Նրան, Ով սիրում է մեզ, քան գայլի կամ հավի ձագի, չէ՞ որ անգամ նրանք են սիրում իրենց մորը։
Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից