Գոյություն ունի ճանաչման միայն չորս ընդունված եղանակ: Այսինքն՝ իրերի էությունը ճանաչվում է այս չորս ձևերի միջոցով:
Առաջին միջոցը զգայականն է, այսինքն, ճանաչողություն՝ աչքի, ականջի միջոցով, համի, հոտի, հպման: Այսօր, Եվրոպայի բոլոր փիլիսոփաներն այս միջոցը համարում են ամենակատարյալը, չնայած այն կատարյալ չէ, քանզի հանգեցնում է սխալների: Օրինակ, զգայարաններից ամենակատարյալը համարվում է տեսողությունը, բայց տեսողությունը միրաժը շփոթում է ջրի հետ, այն ընկալում է պատկերները, հայելու արտացոլանքը՝ որպես իրական գոյություն, մեծ մարմինները հեռավորության վրա փոքր են թվում, իսկ հարթության վրա պտտվող կետը շրջան է թվում: Տեսողության համար Երկիրն անշարժ է, իսկ արևը՝ շարժական, և կան բազում այլ դեպքեր, երբ տեսողությունը սխալներ է թույլ տալիս: Ուստի մենք չենք կարող վստահել նրան:
Երկրորդ միջոցը հիմնված է բանականության վրա, այս մեթոդն օգտագործել են հին փիլիսոփաները՝ իմաստության սյուները, այս միջոցը հիմնված է հասկացության վրա: Նրանք ամեն ինչ ապացուցել են բանականության օգնությամբ և խստորեն հետևել են ապացույցների տրամաբանությանը: Նրանց բոլոր փաստարկները բանականության փաստարկներ են: Չնայած դրան՝ նրանց մտքերը խիստ տարբեր էին և նրանց տեսակետները հակասական էին: Նույնիսկ պատահել է, որ նրանք փոխել են իրենց դիրքորոշումը, օրինակ, քսան տարի շարունակ նրանք տրամաբանական փաստարկների օգնությամբ ապացուցել են որևէ բանի գոյությունը, այնուհետև տրամաբանական փաստերի օգնությամբ նրանք հերքել են դա:
Այդպես, Պլատոնը նախ տրամաբանորեն հիմնավորեց Երկրի անշարժությունը և արևի շարժվողականությունը, հետո, տրամաբանական փաստարկների միջոցով նա ապացուցեց, որ արևը համակարգի կայուն կենտրոնն է, իսկ Երկիրը շարժվում է: Այնուհետև տարածում գտավ Պտղոմեոսի տեսությունը, իսկ Պլատոնի գաղափարը ամբողջովին մոռացվեց, մինչև որ նոր հետազոտողը այն վերաբացեց: Ճիշտ նույն կերպ մաթեմատիկոսները նույնպես առանձնանում էին իրենց տեսակետներով, չնայած նրանք բոլորն էլ հիմնվում էին բանականության փաստերի վրա: Պատահում էր, որ տրամաբանական հաշվարկների օգնությամբ խնդիրը նախ լուծվում էր, իսկ հետո, հենց նույնպիսի հաշվարկների հիման վրա այդ լուծումը հերքվում էր: Պատահել է նաև, որ ինչ որ փիլիսոփա որոշակի տարիներ շարունակ վճռականորեն հավատարիմ էր տեսությանը և գտնում էր ուժեղ պատճառներ և համոզիչ փաստարկներ և տեսակետներ ի օգուտ նրա, իսկ հետո այդ փիլիսոփան հրաժարվել է իր տեսությունից և հերքել այն ՝ բանականության փաստարկների օգնությամբ: Այսպիսով ակնհայտ է, որ բանականության փաստարկների վրա հիմնված գիտելիքը կատարյալ չի համարվում, և փիլիսոփաների տարակարծությունը, կարծիքների անկայունությունն ու փոփոխականությունը վկայում են այս փաստի օգտին: Քանզի եթե ճանաչման այս միջոցը կատարյալ լիներ, ապա բոլորը պետք է ներդաշնակ լինեին իրենց գաղափարների և կարծիքների հետ:
Ճանաչման երրորդ եղանակը հիմնված է ավանդույթի, այսինքն՝ Սուրբ Գրությունների տեքստերի օգտագործման վրա, քանզի մարդիկ հիմնվում են նրանց վրա՝ ասելով. «Հին և Նոր Կտակարանում ասված է այսինչ բանը»: Այս միջոցը նույնպես կատարյալ չէ, քանի որ Գրվածքների մեջ ասվածը հասկացվում է մտքի օգնությամբ: Իսկ քանի որ ինքը ՝ միտքը զերծ չէ մոլորություններից, ինչպես կարելի է հուսալ, որ հնարավոր կլինի խուսափել սխալներից՝ Գրվածքների մեջ ասվածը մեկնաբանելու ժամանակ: Միտքը կարող է գնալ սխալ ճանապարհով, և այդ ժամանակ մեկնաբանությունը ճիշտ չի լինի: Այս միջոցն օգտագործում են կրոնական գործիչները, Սուրբ Գրքերում նրանք հասկանում և գիտակցում են միայն այն, ինչ նրանց միտքն ի վիճակի է քաղել տեքստից, և դա ոչ միշտ է իրականություն, քանզի միտքը նման է կշեռքի, իսկ Սուրբ Գրքերի մեջ պարունակվող իմաստը նման է կշեռքի վրա դրված իրի: Եթե կշեռքը սխալ է, ինչպե՞ս կարելի է որոշել ճիշտ քաշը:
Եվ ուրեմն իմացե՛ք: Այն, ինչ ենթակա է մարդկանց, այն ամենն, ինչին նրանք հավատում են, ապահովագրված չէ սխալներից: Քանզի, եթե մենք ապացուցելով, կամ ժխտելով ինչ որ բան, որպես ապացույց բերում ենք զգայական ընկալման միջոցով ստացված տվյալներ, ապա այդ փաստերը, միջոցը, ինչպես մենք ապացուցեցինք, անկատար է, եթե ապացույցներ տրամաբանական են, նույն պնդումն արդարացի է, իսկ եթե ապացույցները հիմնված են ավանդույթի վրա, ապա այն միշտ չէ, որ իրականություն է: Դա նշանակում է, որ մարդկանց ձեռքում չկա որևէ չափանիշ, որին կարելի լինի ամբողջովին ապավինել: Բայց Սուրբ Հոգու առատաձեռնությունից տրվում է ճանաչման իրական միջոցը, և միայն այն է անսխալական ու անթերի: Նման գիտելիքը ձեռք է բերվում միայն Սուրբ Հոգու օգնությամբ, որն իջնում է մարդու վրա և միայն այդ դեպքում կարելի է հասնել ճշմարտության: