Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բուդդայի կյանքը
Հոդվածներ

Բուդդայի կյանքը

Բուդդան ծնվել է Հնդկաստանի հյուսիսում՝ Կապիլավաստու քաղաքում, Սաքիյսկական թագավորության մայրաքաղաքում։ Նրա հոր անունը ռաջա Շուդդհոդանա էր։ Նա Սաքիյսկական թագավորության ծաղկուն թագավորներից էր։ Այս թագավորության բնակիչները հինդուիզմի հետևորդներ էին։ Բայց շատերի հավատը ավանդույթի արդյունք էր միայն։ Մարդիկ դադարել էին խորհել Սուրբ գրվածքների խորը իմաստի մասին, սկսել էին քիչ ժամանակ հատկացնել աղոթքներին ու մտորումներին, և նրանց կյանքը, բնականաբար, դրանից ավելի լավը չէր դարձել։

 

Ռաջա Շուդդհոդանան ապրում էր հիասքանչ պալատում՝ իր սիրելի կնոջ՝ Մայայի հետ, բայց նրանք երեխաներ չունեին և դա չափազանց տխրեցնում էր թագավորին։ Ո՞վ պետք է կառավարեր թագավորությունը նրա մահից հետո։ Այդ հարցը ռաջային հանգիստ չէր տալիս։ Երկար ժամեր նա անց էր կացնում աղոթքների ու Սուրբ գրվածքների ուսումնասիրության մեջ՝ աղերսելով Աստծուն նրան զավակ նվիրել։

 

Ավանդապատումներում ասվում է, որ մի անգամ Մայան զարմանալի երազ տեսավ՝ ահռելի ճերմակ փիղ մտավ նրա սենյակ։ Այդ երազը հետևյալ կերպ մեկնաբանեցին․ շուտով նա կծնի լուսավորյալ մանուկ՝ ապագա Բուդդային։ Եվ որոշ ժամանակ անց նա իսկապես ծնեց Նրան։ Ավանդապատումների համաձայն Մայան երեխային ծնել է այգում զբոսնելու ժամանակ։ Նորածնին անմիջապես շրջապատել են երգող հրեշտակները։ Եվ հանկարծ նա ոտքի է կանգնել ու մի քանի քայլ է արել, իսկ հետո բարձր, հստակ ձայնով արտասանել․ «Ես ողջ աշխարհի ղեկավարն եմ»։

 

Երբ Սիդհարթա Գաութաման ծնվեց (մ․թ․ա 560 թ․), նրա հորը կանխագուշակվել էր, որ երբ երեխան մեծանա, նա, հնարավոր է լքի իր տունը և սկսի ճամփորդել, ինչպես անտուն ճգնավոր, ճշմարտությունը փնտրելու համար։ Բայց եթե նրան հեռու պահեն դրանից, նա կարող է դառնալ ողջ Հնդկաստանի կայսրը։ Այդ իսկ պատճառով էլ նրա հայրը ջանում էր, որ պատանի արքայազնը շրջապատված լինի միայն հաճելի բաներով ու ոչինչ չիմանա մարդկանց վշտերի, հիվանդությունների և մահվան մասին։ Երեք հիասքանչ դղյակներ կառուցվեցին նրա համար։ Նա այնտեղ էր անցկացնում ամբողջ տարին՝ շրջապատված անասելի շքեղությամբ և նրա ցանկացած ցանկություն կատարվում էր։

 

Բայց մի անգամ այնպես պատահեց, որ երբ արքայազնը քայլում էր իր պալատի տարածքներում, նրա ոտքերի առջև ընկավ մի վիրավոր կարապ։ Նրան դիպել էր Դեվադատայի՝ նրա զարմիկի նետը, ով հիանալի որսորդ էր։ Սիդհարթան խոնարհվեց, հանգստացրեց վիրավոր ու վախեցած թռչունին, հետո զգուշությամբ հանեց նետը և հոգատարությամբ կապեց վերքը։ Շուտով մոտեցավ նրա զարմիկը, տեսավ կարապին ու հայտարարեց, որ այդ թռչունն իրեն է պատկանում, բայց Սիդհարթան հրաժարվեց կարապին նրան տալ։ Նրանք վիճեցին և վերջիվերջո որոշեցի դիմել իմաստուններին, որպեսզի նրանք դատեն, թե ում է պատկանում կարապը։

 

Եվ այսպես, իմաստուններին հավաքեցին։ Շատերը որոշեցին, որ կարապը հանդիսանում է Դեվադատայի՝ զարմիկի սեփականությունը, բայց այստեղ ոտքի կանգնեց բոլորին անհայտ մի իմաստուն ու ասաց․ «Կենդանի արարածը պետք է պատկանի նրան, ով կյանք է փրկում, ոչ թե նրան, ով սպանելու է իրեն։ Թռչունին տվեք Սիդհարթային, որովհետև նա է փրկել նրա կյանքը ու նա հոգ կտանի նրա մասին»։ Եվ մնացած բոլորը համաձայնեցին, որ դա ճիշտ է։ Սիդհարթան հոգ էր տանում կարապի մասին ու բուժում նրան, և սիրով ու քնքշությամբ էր վերաբերվում նրան։ Այդ կարապն առաջին արարածն էր, որին Սիդհարթայի սերն ու կարեկցանքը երջանիկ դարձրեց։

 

Բուդդան չափազանց տաղանդավոր ու ընդունակ պատանի էր։ Նա հիասքանչ կարդում և գրում էր սանսկրիտերեն։ Այդ լեզուն նրան անհրաժեշտ էր հինդուիզմի Սուրբ գրվածքներն ուսումնասիրելու համար։ Երբ Բուդդան ուսումնասիրում էր Սուրբ գրքերը, նրա գլուխը լցվում էր բազմաթիվ մտքերով ու հարցերով։ Նա տեսնում էր Սուրբ գրքերի հոգևոր ճշմարտության ու մարդկանց կողմից վերջիններիս սխալ մեկնաբանության ու ընկալման միջև եղած տարբերությունը։ Կային շատ բաներ, որոնք նրան դուր չէին գալիս։  

 

Տղայի մեծանալու հետ մեկտեղ նրան շրջապատող շքեղությունն էլ ավելի էր շատանում։ Բայց ուշադիր հայրը նկատում էր, որ տղան երբեք երջանիկ տեսք չունի։ Ամեն անգամ, երբ արքայազնը դուրս էր գալիս ձիավարության, թագավորը փորձում էր այնպես անել, որ արքայազնը ճանապարհին հանդիպի միայն երիտասարդ, երջանիկ մարդկանց։ Բոլոր հիվանդներին ու հաշմանդամներին փողոցից հեռացնում էին։

 

Բայց մի անգամ նա տեսավ շատ ծեր ու շատ թույլ մարդու։ Նա խնդրեց իր ծառա Չանային բացատրել իրեն, թե ինչ է տեսնում։ Այդպես նա առաջին անգամ իմացավ, որ բոլորը ծերանում են։ Հաջորդ անգամ նա տեսավ ծանր հիվանդ մի աղքատի, այդպես նա իմացավ, որ շատերը տառապում են հիվանդությունից։ Հետո նա տեսավ ճամփեզրին պառկած մահացողի և այսպես իմացավ, որ բոլոր մարդիկ մահանում են։

 

Եվ չնայած այս ամենը գաղտնի էր պահվում նրանից, նա սկսեց մտորել․ «Ես նույնպես մահկանացու եմ, և նույնպես ապահովագրված չեմ ծերությունից ու հիվանդություններից, և ուրեմն արդյոք ես իրավունք ունեմ երես թեքել ու չնկատել, երբ տեսնում եմ ուրիշների տառապանքները»։ Եվ նա իրեն չափազանց դժբախտ զգաց։ Նրա հայրը նկատեց դա ու փորձեց նրան շեղել աղջիկների պարով, երաժշտությամբ ու այլ զվարճանքներով։ Հետո հայրը որոշեց, որ միգուցե եկել է արքայազնին ամուսնացնելու ժամանակը, և նա կերջանկանա։ Այսպես Սիդհարթան ամուսնացավ հիասքանչ արքայադուստր Յաշոդհարայի հետ, ով բարի ու հոգատար էր ու շատ էր սիրում նրան։ Բայց անգամ նրա հանդեպ մեծագույն սեր ունենալով Սիդհարթան չէր կարողանում մոռանալ պալատի դարպասներից դուրս գտնվող հսկայական աշխարհի տառապանքները։

 

Մի անգամ, երբ ծառի ստվերի տակ նստած նա մտորում էր այս ամենի մասին, տեսավ մեծագույն հանգստությամբ ու խաղաղությամբ դեպի իրեն եկող դեղին հագուստներով մի վանականի։ Վանականը նրան պատմեց, թե ինչպես հասնել տառապանքներից անկախանալու զգացողությանը։ Այս խոսակցությունից հետո Սիդհարթան սկսեց մտածել այն մասին, որ հարկավոր է թողնել տունը և երկրային բոլոր ուրախությունները ու ճանապարհ ընկնել Ճշմարտությունը փնտրելու։

 

Այդ նույն ժամանակ նրա հիասքանչ կինը՝ Յասոդարան, նրա համար տղա ծնեց, ում անվանեցին Ռահուլա։ Բայց անգամ դա նրան երջանիկ չդարձրեց։ Մի գիշեր, երբ երեխան քնած էր մոր հետ, արքայազն Սիդհարթան, վերջին անգամ սիրով լի հայացք գցեց նրանց վրա և որոշեց հեռանալ, որպեսզի բոլոր մարդկանց համար գտնի տառապանքից ազատվելու ուղին։ Նա որոշեց, որ պետք է գտնի տառապանքի պատճառը և նրանից ազատման ուղին։ Սիրով լի սրտով նա գրկեց նրանց, ոտքի ելավ, դուրս եկավ ու արթնացրեց ծառային․

 

 -Չանա, վեր կաց ու դուրս հանիր իմ ձիուն՝ Կանտակային։

 

-Ի՞նչ է պատահել, տեր իմ։ Ձիավարել հիմա՞, երբ բոլոր ճանապարհներն այսքան մու՞թ են։

 

-Կամաց խոսիր ու բեր ձիուն,- պատասխանեց Սիդհարթան,- հիմա եկել է ժամանակը լքելու այս չարագուշակ բանտը, որտեղ իմ սիրտն ապրում է ասես վանդակում և գնալ ու փնտրել Ճշմարտությունը։ Այնքան ժամանակ պիտի փնտրեմ այն, մինչև Ճշմարտությունը գտնվի։

 

Չանան հիշում էր, որ պատասխանատու է թագավորի առաջ արքայազնի համար, և փորձեց հիշեցնել նրան, թե որքան կվշտանան բոլորը, բայց Սիդհարթան հրամայեց նրան բերել ձիուն։ Նա հեծնեց ձին և սլացավ իր ծառա Չանայի հետ, ով սլացավ արքայազնի հետևից։ Նրանք գետից էլ այն կողմ անցան, իսկ հետո կանգ առան։ Սիդհարթան փոխեց իր արքայական հագուստները հասարակ, դեղին շորեր հագավ, որոնք հագնում էին վանականները կամ սուրբ մարդիկ և սափրեց իր գլուխն այնպես, ինչպես նրանք էին անում։ Հետո Նա Չանային ձիու հետ միասին ետ ուղարկեց, իսկ ինքը ճանապարհվեց անտառ՝ մտորելու։ Վեց տարի նա թափառեց Ճշմարտությունը փնտրելով։ Նրանցից ոմանք, ում հետ նա զրուցում էր, ասում էին, որ պետք է թողնել ամեն երկրայինը, սովորել մեդիտացիայով զբաղվել և միայն այդպես կարելի է գտնել ճշմարտությունը։ Ոմանք երկար, անիմաստ զրույցներ էին վարում, վերջապես, Սիդհարթան որոշեց անձամբ փորձել աշխարիկից հեռացման բարդ ճանապարհը։ Նա գնաց պուրակ և այնտեղ նստելով ծառերի տակ սկսեց խորհրդածել։ Նա գրեթե ոչինչ չէր ուտում և ժամանակի ընթացքում սկսեց նմանվել կենդանի կմախքի և կորցրեց իր մարմնի պահանջների հանդեպ հետաքրքրությունը։

 

Հինգ տարի անց նա սկսեց հասկանալ, որ սա Ճշմարտությունը փնտրելու այն ճանապարհը չէ, որի մասին նա երազում էր։ Պետք է մեկ այլ ուղի լիներ։ Նա ոտքի ելավ և գնաց աղբյուրի մոտ, բայց այնքան թույլ էր, որ ընկավ։ Երբ ուշքի եկավ, տեսավ իր հինգ ընկերներին, ովքեր նույն կերպ նույնպես փորձում էին հասնել Ճշմարտությանը։ Նրանք ապշեցին՝ իմանալով, որ նա ցանկանում է թողնել փնտրման այդ ճանապարհը։ Նրանք սկսեցին նրան մեղադրել կյանքի շքեղություններին վերադառնալու մեջ։ Բայց Սիդհարթան արդեն լավ գիտեր՝ առողջ բանականություն ունենալու համար նա պետք է ունենար առողջ մարմին։ Եվ նա որոշեց դառնալ աղքատ թափառական, որպեսզի ուտելիք ունենա ուժերը վերականգնելու համար։ Նա թողեց իր հինգ ընկերներին և գնաց իր ճանապարհով։ Վերջիվերջո, նա մի գյուղում կանգ առավ ու նստեց ծառի տակ, որը հիմա բոլորին հայտնի է որպես «Բո Ծառ», և նա որոշեց մնալ այդտեղ ու խորհել այնքան ժամանակ, մինչև լուսավորություն կստանա։ Նա սպասեց քառասունինը օր։

 

Եվ հանկարծ այն հայտնվեց։ Զարմանահրաշ իմացությունն ու ամեն ինչ հասկանալու կարողությունը։ Լուսավորություն։ Նա հասկացավ մարդկային տառապանքների պատճառը։ Ցանկությունը։ Իրերի ցանկությունը սեփական անձի, սեփական էգոյի համար։

 

Լուսավորման հետ մեկտեղ նա սկսեց իրեն կատարյալ երջանիկ զգալ։ Նա դարձավ Բուդդա՝ Լուսավորյալ։ Եվ նա հասավ իր էգոյից ազատվելու կատարյալ վիճակին, որն անվանվում է Նիրվանա, և այդ ժամանակ նա որոշեց, որ պետք է գնա ու պատմի մարդկանց աշխարհում գոյություն ունեցող բոլոր սարսափների, վշտերի ու աղքատության պատճառը, որպեսզի նրանք կարողանան գտնել իրենց Ճանապարհը, որը գտել է ինքը՝ Միջին Ճանապարհը (Չափավորության Ճանապարհը)։

 

Ոչ թե սեփական եսասիրության բավարարումը, հնարավոր բոլոր միջոցներով, սեփական եսի բավարարումը, և ոչ էլ հակառակ ուղին՝ ամեն ինչից հրաժարումը, այլ խելամիտ Միջին Ճանապարհը, սեփական գործողությունների ու արարքների կշռադատումը։

 

Հետո նա վեր կացավ ու գնաց փնտրելու այն հինգին, ովքեր նրա հետ միասին ցանկանում էին գտնել աշխարհիկից կտրվելու ուղին։ Այն նույն մարդկանց, ովքեր ծաղրեցին իրեն, երբ նա թողեց նրանց ու մեղադրեցին՝ ասելով, որ նա թողել է Ճշմարտության-Ընկալման-Նիրվանայի փնտրման ուղին։

 

Նա գտավ նրանց Եղնիկների այգում (Այն նույն այգում, որտեղ ըստ լեգենդի, նախկին կյանքում նա Թագավոր-Եղջերու էր, ով փրկել էր երկու հոտերին՝ զոհաբերելով սեփական կյանքը)։ Երբ հինգը տեսան, որ նա գալիս է, որոշեցին ձևացնել, թե չեն նկատում նրան։ Բայց երբ նա մոտեցավ, նրանք ապշեցին նրա դեմքին շողացող երջանկությունից ու հանգստությունից։ Եվ նրանք հասկացան, որ նա վերջապես գտել է այն, ինչ փնտրում էին իրենք բոլորը։ Երկար ու ձիգ օրեր նա զրուցեց իր ընկերների հետ և նրանք դարձան նրա առաջին աշակերտներն ու նրա ուսմունքի հետևորդները, որը սովորեցնում էր, որ յուրաքանչյուրը կարող է գտնել «Միջին Ճանապարհը։ Բուդդա, Լուսավորյալ է դառնում նա, ով գտնում է Ճշմարտությունը։ Եվ դա ոչ ոքից կախված չէ, այլ հենց տվյալ մարդուց։ Յուրաքանչյուրը կարող է ազատվել իր եսասիրական էությունից և այդկերպ անշահախնդիր սիրով օգնել ողջ մարդկությանը։

 

Հետո նա ասաց նրանց, որ նրանք պետք է լքեն իրեն ու թափառեն ողջ աշխարհով մեկ և ամենուր մարդկանց հասցնեն իր ուղերձը, իսկ եթե ինչ որ տեղ փորձանքի մեջ ընկնեն, պետք է օգնության համար դիմեն Աստծուն։ Եվ ճանապարհ ընկան նրանք աշխարհի տարբեր կողմերը, իսկ Բուդդան շարունակեց իր ճանապարհը։ Մարդկանց ամբոխները գալիս էին, որպեսզի հանդիպեն նրան, և որպես կանոն, Նա նստում էր խոտի վրա ու ուսուցանում նրանց։ Թագավորներն ու արքայազները, վաճառականներն ու թշվառները՝ բոլորը գալիս էին, որպեսզի լսեն Նրան, և շատերը ցանկանում էին հետևել Նրան։

 

Ահա՛ թե ինչ էր սովորեցնում նրանց Բուդդան․

 

-Այն, ինչ մարդկանց դժբախտ է դարձնում, մեծագույն դժվարություններ է առաջացնում, դա վատ բնավորությունն է, ժլատությունն ու հիմարությունը։ Այնպես որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի այս հատկանիշները ձեռք չբերենք։ Առանց դրանց մենք մեզ շատ ավելի լավ կզգանք, բոլորը կսիրեն մեզ, իսկ մենք կսիրենք բոլորին։

 

-Միշտ բարի եղիր կենդանիների հանդեպ։   

 

-Միշտ առատաձեռն եղիր բոլորի նկատմամբ։

 

-Ասա միայն ճշմարտությունը։

 

-Դժվարությունների հանդիպելով մի տրտնջա ու լաց մի եղիր, այլ շարունակիր ժպտալ։

 

Բուդդան սովորեցնում էր այս և շատ այլ  հիասքանչ բաներ։ Նա մշտապես մտածում էր ու աղոթում միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց համար, ովքեր շարունակում էին մնալ դաժան ու անխելք։

 

Նա սովորաբար ասում էր․ «Ինքներդ խորհեք ամեն ինչի մասին»։ Եթե դուք ինչ որ բան չգիտեք, հարցրեք դրա մասին, բայց հետո գնացեք ու ինքնուրույն մտածեք դրա մասին։ Մտորեք, թե որքան հիասքանչ են ծաղիկները, թե որքան հիասքանչ է զգալ արևի լույսը, որքան գեղեցիկ ու ջերմ է կրակը ձմռանը։ Որքան շատ մտածեք նման բաների մասին, այնքան ավելի շատ շնորհակալ կլինեք Աստծուն, որ Նա արարել է այս ամենը։ Եվ այդ ժամանակ դուք այլևս չեք կարողանա չսիրել Աստծուն, և դա ձեզ հիասքանչ կդարձնի։

 

«Միջին ճանապարհին» հասնելու համար, ըստ Բուդդայի ուսմունքի, հարկավոր է ճանաչել չորս հիմնական ճշմարտություններ․

 

·   Այս աշխարհի կյանքը տառապանք է

 

·   Բայց այդ տառապանքը պատճառ ունի

 

·   Այդ պատճառը մարդու եսասիրական ցանկություններն են

 

·   Իրական երջանկության հասնելու համար եսասիրական ցանկությունները պետք է վերացվեն

 

Եսասիրական ցանկությունները կարող են անհետանալ, եթե մարդը հետևի հետևյալ հրահանգներին․

 

·   Ճշմարիտ հասկացողությանը

 

·   Ճշմարիտ նպատակին

 

·   Ճշմարիտ խոսքերին

 

·   Ճշմարիտ արարքներին

 

·   Ճշմարիտ աշխատանքին

 

·   Ճշմարիտ ձգտումներին

 

·   Ճշմարիտ հետևողականությանը

 

Բուդդայի Ուսմունքը զարմանալի հոգևոր աղբյուր դարձավ Հնդկաստանի ժողովուրդների համար։ «Միջին Ճանապարհը», որը մի կողմից քարոզում էր հրաժարվել ասկետիզմից, իսկ մյուս կողմից էլ՝ սեփական էգոն բավարարելու չափազանց ձգտումներից, շատ ու շատ հիվանդությունների դեմ բալասան դարձավ։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ