Բուդդայական ավանդույթներում լեգենդները հաճախ փոխանցում են խոր բարոյական ու հոգևոր ճշմարտություններ՝ պատկերավոր պատմությունների միջոցով։ Այս պատմությունը ապագա Բուդդայի՝ Բոդհիսատվայի մասին է, ով իր վարքով ցույց է տալիս կարեկցանքի, զոհաբերության և իրական առաջնորդության բարձրագույն օրինակ։ Այն հիշեցնում է, որ իսկական ուժը ոչ թե իշխանության մեջ է, այլ ուրիշների կյանքի համար պատասխանատվություն կրելու և նրանց պաշտպանելու պատրաստակամության մեջ։
Երբ Բրահմադաթան Բեներների թագավորն էր, Բոդհիսատվան ծնվեց եղջերուի մարմնում։ Նա ոսկե գույն ուներ, աչքերը փայլում էին ինչպես թանկարժեք քարեր, իսկ եղջյուրները ծածկված էին արծաթով։ Նա հայտնի էր որպես եղնիկների Բանյան Արքա՝ հինգ հարյուրի գլխավոր։
Նրա հարևանությամբ ապրում էր հինգ հարյուրանոց եղնիկների խումբ ևս, և նրանց արքա Բրանչ եղջերուն նույնպես ոսկեգույն էր։
Բրահմադաթան՝ Բեներների արքան, որսորդ էր։ Պատահում էր, որ նա կանգնեցնում էր քաղաքացիների ողջ աշխատանքը, որպեսզի նրանց իր հետ որսի տանի։ Դա խախտում էր նրանց բոլոր գործերն ու ծրագրերը։ Եվ այդ իսկ պատճառով նրանք որոշեցին բոլոր եղնիկներին պահել այգում։ Բոլոր կողմերից այն լավ մեկուսացրին և այնտեղ բավականաչափ ուտելիք ու ջուր դրեցին։ Հետո նրանք գնացին անտառ ու բոլոր եղնիկներին ներս քշեցին այգի։ Հետո ասացին իրենց թագավորին․ «Արքա՛, քո մշտական որսի պատճառով մեր գործերը վատացել են։ Քո այգին հիմա լի է եղնիկներով։ Կերակրիր նրանց»։
Արքան գնաց այգի և այնտեղ տեսավ երկու հիասքանչ, ոսկեգույն Եղջերու-Թագավորներին իրենց հոտերի հետ միասին։ Նա ամեն ինչ այնպես կազմակերպեց, որ իր խոհարարն ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի խնջույքի համար, կարողանա մի եղնիկ մորթել, բայց հրամայեց հանկարծ չվնասել երկու Թագավոր-Եղջերուներին։ Երբեմն թագավորն ինքն էր գալիս որս անելու ու կրակելու։ Տեսնելով նետերով որսորդներին՝ եղնիկները վախեցած այս ու այն կողմ էին վազում այնքան ժամանակ, մինչև սարսափահար կլինեին։ Եվ նա, ով վիրավորվում էր, պետք է վազեր այնքան ժամանակ մինչև ուժասպառ լինելով կմեռներ։
Երբ հոտն այս ամենի մասին պատմեց Բոդհիսատվային՝ իրենց Արքա Եղջերուին, նա ասաց Բրանչ եղջերուին՝ մյուս հոտի գլխավորին․ «Ընկեր, մեզնից շատերը կորցրել են իրենց կյանքը։ Անթույլատրելի է, որ կրակեն բոլորի վրա, որպեսզի մեկը պիտի մեռնի։ Թող եղնիկներն ինքնակամ հերթով գնան մահապատժի վայրը։ Մի օր թող իմ հոտից ինչ-որ մեկի հերթը լինի, իսկ հաջորդ օրը քոնից ինչ-որ մեկինը։ Յուրաքանչյուր կենդանի իր հերթին պետք է մոտենա մահապատժի վայրին, գլուխը դնի կոճղի վրա ու պառկի։ Այսկերպ մնացած բոլոր եղնիկները կփրկվեն բազմաթիվ վերքերից ու սարսափից»։
Այսպես խոսեց Բոդհիսաթվան՝ Բանյան եղնիկների արքան եղնիկների Բրանչ արքայի հետ և նրանք որոշեցին, որ ամեն օր վիճակ կգցվի և ում վրա կընկնի, առանց բողոքելու պետք է գնա մահապատժի վայրը և գլուխը դնի կոճղին։ Այդ օրվանից սկսած այդպես էլ սկսեցին անել։ Խոհարարը գալիս էր, մորթում եղնիկին ու տանում։ Այդկերպ երկու հոտերի եղնիկներն էլ փրկվեցին նախկինում զգացած վախից ու սարսափից։ Բայց մի անգամ եկավ Բրանչի եղնիկների հոտից մի եղնիկի հերթը։ Նա եկավ Բրանչ թագավորի մոտ ու ասաց․ «Արքա՛, խնդրում եմ, փոխիր իմ հերթը, որովհետև ես շուտով ձագ եմ ունենալու։ Ես վստահ եմ, որ վիճակը չէր նշանակում, որ մի անգամով պետք է երկուսը մեռնեն։ Երբ նա ծնվի, ես ինքս կգամ։ Խնդրում եմ, փոխիր իմ հերթը»։
Բայց Բրանչ թագավորն ասաց․ «Դու գիտես, որ ես չեմ կարող քեզ մեկուրիշի հետ փոխել։ Չէ՞ որ դու գիտես պայմանի մասին։ Հեռացի՛ր»։
Նրանից օգնություն չստանալով, նա գնաց Բոդհիսաթվեի՝ Բանյան եղջերուների թագավորի մոտ, խոնարհվեց նրա դիմաց ու աղերսեց նրան։ Խղճահարությունից ու կարեկցանքից դրդված նա ասաց. «Ես կփոխարինեմ քեզ»։
Եվ նա գնաց, ծնկի իջավ ու գլուխը դրեց կոճղին։ Երբ խոհարարը եկավ, նրան տեսնելով բացականչեց․ «Ախր ինչպե՞ս։ Չէ որ սա Արքա եղջերուն է, նա անձեռնմխելի է, բայց պառկած է այստեղ՝ մահապատժի վայրում»։ Եվ նա շտապեց արքայի մոտ՝ պատմելու, թե ինչ է պատահել։
Թագավորը եկավ կառքով, շքախմբով շրջապատված, և տեսնելով Բոդհիսվաթվային՝ ասաց․ «Ընկե՛ր, Արքա-Եղջերու, մի՞թե ես քեզ անվտանգ կյանք չէի երաշխավորել։ Ինչպե՞ս է պատահել, որ դու այստեղ պառկած ես»։
«Ով մեծն Արքա, եղնիկը, որը շուտով ձագ պիտի ունենա, եկավ ինձ մոտ ու խնդրեց, որ փոխեմ իր հերթը։ Բայց ես անկարող եմ ընտրել ինչ-որ մեկին նման սարսափելի ճակատագրի արժանացնելու համար, այդ իսկ պատճառով էլ ես ինքս փոխվեցի նրա հետ և եկա ու պառկեցի այստեղ»։
Թագավորը պատասխանեց․ «Պարոն, Ոսկե Արքա-Եղջերու, դու լի ես կարեկցանքով, սիրով ու բարությամբ, և ես ուզում եմ լինել քո պես։ Վեր կաց, ես անվտանգ կյանք եմ խոստանում ձեզ երկուսիդ էլ։ Եվ ես նաև երաշխավորում եմ մյուսների անվտանգությունը։ Ո՛վ, Եղջերուների Արքա»,- ասաց Մարդկանց Թագավորն ու բոլոր եղնիկներին նվիրեց անտառը, որտեղ նրանք ապրեցին խաղաղ ու անվտանգ։