Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բնության համընդհանուր օրենքը
Հոդվածներ

Բնության համընդհանուր օրենքը

Մարդկության պատմության ընթացքում բնության և Աստծո փոխհարաբերության հարցը եղել է մտածողների, գիտնականների և հավատացյալների ուշադրության կենտրոնում։ Արդյո՞ք աշխարհն ինքնաբուխ է գոյանում և զարգանում, թե՞ այն կառավարվում է ավելի բարձրագույն Խորհուրդով։ Արդյո՞ք բնությունն ինքնին ունի բանականություն և կամք, թե՞ գործում է անշեղ օրենքների շրջանակում՝ ենթարկվելով մի գերագույն Զորության։

 

Աբդուլ-Բահայի այս խոսքերը վերաբերում են հենց այս հիմնարար հարցերին։ Նա խոսում է բնության կառուցվածքային կարգուկանոնի, նրա օրենքների անխախտ ընթացքի և մարդու առանձնահատուկ դիրքի մասին ստեղծագործ աշխարհում։ Նա նշում է, որ թեև բնությունը դրսևորվում է խիստ ճշգրիտ և ներդաշնակ օրենքներով, այն ինքնին զուրկ է գիտակցությունից և կամքից։ Մարդը, լինելով բանական և կամային էակ, կարողանում է ճանաչել այդ օրենքները և օգտագործել բնության ուժերը՝ դրանով իսկ դրսևորելով իր գերակայությունը բնության նկատմամբ։

 

Այս դիտարկումներից բխում է ավելի խոր եզրահանգում․ եթե բնությունը չունի բանականություն, սակայն դրսևորվում է կատարել կարգուկանոնով, ապա այդ կարգի և նպատակահարմարության հիմքում պետք է լինի Գերագույն Բանականություն։ Այս տեքստը ընթերցողին հրավիրում է խորհելու աշխարհի ծագման, մարդու էության և Աստծո իշխանության մասին՝ բացահայտելով բնության և աստվածային զորության միջև եղած ներքին կապը։

 

Բնությունն իրենից ներկայացնում է այն վիճակը, այն վառ իրականությունը, որն արտաքնապես արտահայտված է կենաց ու մահվան մեջ, կամ, այլ կերպ ասած, ամեն բանի ստեղծման և քայքայման մեջ:

 

Բնությունն այս ենթարկվում է որոշակի օրենքների, բացարձակ կարգ ու կանոնի և ավարտուն մտահղացումների, որոնցից երբեք չի շեղվում, հիրավի, այն աստիճանի, որ եթե ուշադիր և իմացասեր հայացքով նայենք այն ամենին, ինչը գոյություն ունի՝ սկսած աչքի համար անտեսանելի ամենափոքր ատոմից մինչև աշխարհի ամենամեծ մարմինները, ինչպես, օրինակ՝ արեգակը և այլ հսկայական աստղեր և լուսատուներ, մենք կհայտնաբերենք, որ ցանկացած դրսևորմամբ, լինի դա կառուցվածքային, կազմային, ձևով կամ շարժմամբ, այդ սուբյեկտներն ի հայտ են գալիս բարձրագույն կարգով և ենթարկվում են մեկ միասնական օրենքի, որից երբեք չեն շեղվում:

 

Բայց հետևելով Բնությանը, մենք կտեսնենք, որ այն օժտված չէ ոչ բանականությամբ, և ոչ էլ կամքով: Այսպես, օրինակ՝ կրակի բնույթն այրելն է. այն այրում է անկախ իր կամքից կամ ըմբռնումից: Ջրի բնույթն իր հոսունությունն է. այն հոսում է անկախ իր կամքից կամ ըմբռնումից: Արևի բնույթը լույս տալն է. այն լույս է տալիս անկախ իր կամքից կամ ըմբռնումից: Շոգու բնույթը գոլորշանալն է. այն գոլորշանում է անկախ իր կամքից կամ ըմբռնումից: Այսպիսով, պարզ է, որ յուրաքանչյուր օբյեկտի բնականոն շարժումները անփոփոխ կերպով որոշված են.  կամավոր շարժումը բնորոշ է միայն կենդանիներին և, առաջին հերթին՝ մարդուն: Մարդն ի վիճակի է դիմադրել և դիմակայել Բնությանը, քանի որ նա սովորում է առարկաների կազմությունը և դրա շնորհիվ օգտագործում Բնության ուժերը. իր կողմից կատարված բոլոր հայտնագործությունները հիմնված են առարկաների կառուցվածքի մասին գիտելիքների վրա: Օրինակ՝ նա հայտնագործեց հեռագիրը, որը հաղորդակցման միջոց է հանդիսանում տարբեր աշխարհամասերի միջև: Ասպիսով, ակնհայտ է, որ մարդը գերիշխում է Բնության վրա:

 

Այսպիսով, եթե տեսնում ենք կառուցվածքի և օրենքների այսպիսի կարգուկանոնի առկայություն, կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այս ամենը Բնության արարումն է, մինչդեռ Բնությունը օժտված չէ ո՛չ բանականությամբ, և ո՛չ էլ ընկալելու կարողությամբ: Եթե ​​ոչ, ապա ակնհայտ է դառնում, որ Բնությունն այս, որը չունի ո՛չ ընկալելու ունակություն, ո՛չ էլ բանականություն, գտնվում է Ամենակարող Աստծո զորության ներքո, ով հանդիսանում է Բնության աշխարհի Կառավարիչը. ինչ որ կամենա, Նա ստիպում է Բնությանը հայտնել դա:

 

Բնության անհրաժեշտ պայմաններից մեկը գոյություն ունեցող աշխարհում դա մարդկային կյանքն է: Այս տեսանկյունից մարդը կարող է դիտարկվել որպես ճյուղ, արմատն էլ բնությունն է: Այդ դեպքում ինչպե՞ս կարող են կամքը, գիտակցությունը և կատարելությունը, որոնցով օժտված է ճյուղը, արմատում բացակայել:

 

Իսկ պատասխանն այն է, որ Բնությունն իր էությամբ Աստծո զորության մեջ է, Ով Միակ Հավերժ Ամենակարողն է. Նա պահում է Բնությունը կարգերի և օրենքների շրջանակում և իշխում է նրա վրա։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ