Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բաբ․ Նոր Հայտնության դարպասները
Հոդվածներ

Բաբ․ Նոր Հայտնության դարպասները

Բաբի կյանքը և առաքելությունը նշանավորեցին մարդկության հոգևոր պատմության նոր շրջափուլը՝ որպես նախապատրաստություն մեծագույն փոփոխության։ Նրա կոչն ուղղված էր սրտերի արթնացմանը, հավատքի վերածնմանը և ճշմարտության որոնմանը՝ ազատ նախապաշարմունքներից ու սահմանափակումներից։ Այս պատմությունը ներկայացնում է Բաբի հայտնությունը, Նրա հետևորդների նվիրումը և այն ուժը, որով նոր դարաշրջանի սկիզբ դրվեց։

 

Բաբը՝ Դարպասները, Բահաուլլայի Նախակարապետն է, Աստծո Դեսպանորդը, Ով նախապատրաստեց մարդկությանը Բահաուլլայի գալուստին։ Բաբն իր Գործի մասին հայտնեց 1844 թ-ի մայիսի 23-ին՝ Շիրազում։  Այդ օրը բահայիները համարում են Նոր Աստվածային Հայտնության սկիզբը։ Վեց տարվա տանջանքներից ու կալանավորումից հետո Նա Իրանում դատապարտվեց մահվան։ Նրա ավելի քան 20 հազար հետևորդներ նույնպես իրենց կյանքը տվեցին հանուն Հավատի։ «Նա Իրեն զոհեց հանուն մարդկության։ Քրիստոսի նման իր կյանքով վճարեց համերաշխություն, արդարություն ու եղբայրական սեր քարոզելու համար»։

 

Երիտասարդ կալանավորին տանում էին մարդկանց ամբոխով լեփ-լեցուն փողոցներով։ Նրա պարանոցին ահռելի երկաթե շղթա էր։ Շղթայից կապված էին երկար պարաններ, որոնցով էլ նրան քարշ էին տալիս ամբոխի միջով։

 

Եթե նա սայթաքում էր, պահակները դաժանորեն քաշում էին պարանները կամ հրում նրան։ Ժամանակ առ ժամանակ ամբոխից մեկն առանձնանում էր, ճարպկորեն անցնում պահակների միջով և փայտով կամ բռունցքով հարվածում երիտասարդին։ Նման հաջողված ամեն արարք ամբոխը ողջունում էր մեծագույն խանդավառությամբ։ Մահապատժին ականատես լինելու համար Թավրիզի փողոցներում հավաքվել էին հազարավոր մարդիկ։ «Դե ազատիր ինքդ քեզ, մեծ հերոս,- ամբոխի միջից գոռաց մեկը,- պատռիր կապանքներդ։ Մեզ հրաշք ցույց տուր»,- և նա արհամարհանքով թքեց լռություն պահպանող Բանտարկյալի վրա։

 

Վերջապես հասան Թավրիզի հրապարակում գտնվող մահապատժի վայրին։ Երբ Բանտարկյալին տանում էին քաղաքի փողոցներով, ինչ որ պատանի ընկավ Նրա ոտքերի առաջ՝ աղերսելով խնդրել իրեն մեռնել Նրա հետ միասին։ Երկուսին էլ բարձրացրին փայտամածի վրա և պարանից կախեցին։

 

Մարդկանց ամբոխը շարունակում էր լցվել հրապարակ։ Հազարավոր մարդիկ բարձրացել էին հարևան տների կտուրներին։ Բոլորը ցանկանում էին վերջին անգամ հայացք գցել այն մարդու վրա, ով վեց կարճ տարիների ընթացքում ցնցել էր ողջ երկիրը։

 

Եվ ո՞վ էր Նա, այդ երիտասարտ Բանտարկյալը, ով իրեն տվել էր Բաբ՝ Դարպասներ կարճ տիտղոսը։

 

1819թ-ի հոկտեմբերի 20-ին Շիրազում, կտորեղենի վաճառականի ընտանիքում ծնվեց տղա, ում անվանեցին Ալի Մուհամադ։ Հայրը շուտով մահացավ, և տղային դաստիարակեց նրա հորեղբայրը։ Նա դաստիարակեց նրան մահմեդական ամենախիստ ավանդույթներով, ինչպես նաև սովորեցրեց կարդալ ու գրել։

 

Հենց լրացավ նրա 15 տարին, հորեղբայրը նրան աշխատանքի վերցրեց։ Եվ շուտով սկսեց նրա մասին ավանդապատումը։ Բոլորն, ովքեր գիտեին նրան, հիանում էին նրա գեղեցկությամբ, բարությամբ, աստվածավախությամբ և նրանից բխող հմայքով։

 

1844 թ-ի մայիսի 23-ին Շիրազի դարպասներին մոտեցավ երկարատև թափառումներից տանջված մի մարդ։ Նա շեյխ Ահմադի ուղարկած մարդկանցից մեկն էր՝ մուլլա Հուսեյնը, ով իր ուսուցչի հորդորով, շատ ամիսներ շարունակ թափառել էր՝ «Ավետյացին» գտնելու ակնկալիքով։  Շեյխ Ահմադը ղեկավարում էր շիիթական ուղվածությամբ դպրոցներից մեկը, որը սովորեցնում էր մահդիի վերադարձի և 12-րդ իմամի մասին՝ այսպես կոչված Նվիրական Իմամի։ Հենց շեյխ Իմամն էր ողջ երկրով մեկ սուրհանդակներ ուղարկել Մարգարեին գտնելու համար։

 

Մուլլա Հուսեյնը գիտեր ինչպես ճանաչել նրան, ում փնտրում էր։ Պետք էր խնդրել մարդուն, ով իրեն «Ավետյաց» կանվաներ, բացատրել Ղուրանի սուրահներից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ Հովսեփի սուրահը, որի մեկնությունը անվերջանալի վեճերի պատճառ է հանդիսանում մահմեդական աստվածաբանների համար։

 

Մայրամուտին մոտ մուլլա Հուսեյնը քաղաքի դարպասների մոտ հանդիպում է մի Երիտասարդի, ում դեմքն ու կեցվածքն այնքան ազնվական են, որ ամենազորեղ ազդեցությունն են գործում։ Երիտասարդը նրբանկատորեն առաջարկում է օտարականին իր տանը կանգ առնել։ Նրանք հանգստանում են, ընկերաբար զրուցում, և հանկարծ Ալի Մուհամեդը հայտարարում է իր հյուրին․ «Ինչպես տեսնում ես, ես բոլոր կետերով համապատասխանում եմ»,- իսկ հետո ասում է․ «Իսկ հիմա եկել է ժամանակը Հովսեփի սուրահի իմաստը բացահայտելու»:

 

Արտասանելով այն խոսքերը, որը կանխագուշակել էր մուլլա Հուսեյնի ուսուցիչը, տանտերը վերցրեց թանաքն ու փետուրը և սկսեց գրել։ Բառերը գրելով՝ Նա դրանք մեղեդային ձայնով երգում էր։ Նա կանգ չառավ այնքան ժամանակ, մինչև գրեց ամբողջ գլուխը, որն անվանվում է «Աստվածության սուրահ»։ Նրա ձայնով և արտասանած բառերի զորությամբ հիացած՝ մուլլա Հուսեյնը նստել էր և լուռ լսում էր։

 

Մուլլա Հուսեյնն այդ գիշերն այսպես է նկարագրել․ «Այդ գիշեր քունը լքեց ինձ։ Ես նստել էի՝ տարված Նրա ձայնի հիասքանչ երաժշտությամբ։ Իմ բոլոր զգացմունքների վրա իշխում էին ուրախությունն ու ուժը, որոնք, թվում էր, թե փոխակերպել էին ինձ։ Որքան թույլ ու անօգնական էի ես առաջ։  Այժմ ես այնքան ուժ ու քաջություն էի զգում, որ եթե ամբողջ աշխարհն էլ ինձ դեմ դուրս գար իր ժողովուրդներով ու ղեկավարներով հանդերձ՝ ես առանց վախի նշույլի, միայնակ կարող էի դեմ դուրս գալ նրանց։  Ես ինձ հրեշտակապետ Գաբրիելի ձայնն էի զգում, ով ոտքի էր հանում մարդկային ողջ ցեղը։   

 

«Արթնացե՛ք, քնածներ։ Նրա ուղին հայտնվել է ձեզ։ Նրա ողորմածության Դարպասները լայնորեն բացված են։ Եվ ուրեմն ներս մտեք, ով աշխարհի ժողովուրդներ։ Քանզի եկել է Ավետյացը»։

Քաղաքը խաղաղ քնի մեջ էր։ Բաբը զգուշացրեց մուլլա Հուսեյնին, որ մինչև նշանակված ժամի վրա հասնելը նա ոչ ոքի, անգամ իր ուղեկիցներին չպետք է պատմի այն մասին, ինչ տեսել ու լսել է։

«Սկզբում,- ասաց Բաբը,- 18 անձիք պետք է ընդունեն ինձ, իրենց սեփական սրտի ցանկությամբ։ Առանց կանչի ու հրավերի, միմյանցից անկախ նրանք բոլորը կգտնեն ինձ մոտ բերող ճամփա»։

Անցավ 40 օր, 18 այրեր, ում ավելի ուշ կանվանեն  «Կենդանի Տառեր», այդ 25 տարեկան Առևտրականի մեջ ճանաչեցին երկար սպասված Առաքյալին և գալով նրա մոտ Շիրազ՝ իրենց Նրա աշակերտները հայտարարեցին։ Վերջինը եկավ Կուդուս անունով մի երիտասարդ։ Ճանապարհից հոգնած ու փոշոտ նա հասավ Շիրազ։  Տեսնելով մուլլա Հուսեյնին փողոցում՝ նա սկսեց անհամբերությամբ նրան հարցնել նորությունների, Ավետյացի փնտրտուքների մասին։ Մուլլա Հուսեյնը փորձեց հանգստացնել նրան, բայց ապարդյուն՝ Կուդուսը տեսավ Բաբին։ «Ինչու՞ ես ուզում Նրան ինձնից թաքցնել»,- բացականչեց նա ապշած Մուլլա Հուսեյնին,- «չէ՞ որ ես Նրան կկարողանամ ճանաչել անգամ քայլվածքից։ Վստահությամբ հաստատում եմ, որ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում չկա ոչ մեկը, Նրանից բացի, ով կարող է հավակնել Ճշմարիտը լինելուն։ Ոչ ոք չի կարող ճառագել այն զորությունն ու վեհությունը, որը բխում է Նրա սրբազան տեսակից»։

 

Բաբը դիմեց իր աշակերտներին՝ պատվիրելով նրանց նոր Ուսմունքի լուրը տարածել ողջ աշխարհով մեկ։

 

«Ճշմարիտ եմ ասում, եկել են այն ժամանակները, որի մասին Տերը խոսում է Իր Գրքում․․․ Մտորեք Իր աշակերտներին ասված Հիսուսի խոսքերի մասին․ «Դուք նման եք կրակի, որը վառվում է մթության մեջ, լեռան գագաթին։ Թող ձեր լույսը վառվի մարդկանց աչքերի առաջ։ Այնպիսին պետք է լինի ձեր մտքերի մաքրությունն ու ձեր աշխարհիկից չկառչման մակարդակը, որպեսզի Երկրի մարդիկ կարողանան ձեր միջոցով ճանաչել ու մոտենալ երկնային Հորը, ով մաքրության ու բարիքների աղբյուրն է։

 

Ուշադրություն մի դարձրեք ձեր թուլությանը կամ անցողիկ լինելուն և ձեր հայացքն ուղղեք ձեր Տեր Աստծո, Ամենակարողի անհաղթելի ուժին։ Նա չէ՞ր որ անցյալում Աբրահամին ուժ ընծայեց, չնայած նրա ակնհայտ անկարողությանը, որպեսզի նա կարողանա իշխել Նիմրոդի ուժերին։ Նա չէ՞ր, որ Մովսեսին, ում ուղեկիցը միայն նրա գավազանն էր, թույլ տվեց հաղթել Փարավոնին։ Նա չէ՞ր, որ վերականգնեց Հիսուսի՝ աղքատի ու նվաստացածի իշխանությունը մարդկանց աչքերում։ Նա չէ՞ր, որ արաբների բարբարոս ու կռվարար ցեղերին ուղղորդեց դեպի Մուհամմադի՝ Իր մարգարեի սուրբ ու փոխակերպող ուսմունքին։ Եվ ուրեմն ճախրեք հանուն Աստծո, լիովին վստահեք Նրան և հավատացեք վերջնական հաղթանակին»։

 

Բաբն Իր աշակերտներին սովորեցնում էր եղբայրական սեր ու խոնարհություն, օգտակար գիտություններով ու արհեստներով զբաղվելու, երեխաներին գիտություններ սովորեցնելու կարևորություն։ Նա ասում էր, որ նոր, հիասքանչ օրենքի մեջ կանայք կստանան զարգացման ամբողջական ազատություն, աղքատներն օգնություն կստանան ընդհանուր գանձարանից, իսկ չքավորությունը կարգելվի։ Իսկ ամենակարևորը պետք է լինի Աստծո հանդեպ մաքուր սերը, առանց պարգևատրման հույսի կամ պատժի հանդեպ վախի։ Նրա գրվածքների թիվն ահռելի է, բայց Նա նայում էր Իր գալուստին ինչպես Ուրախ լուր հայտարարողի գալուստին։

 

«Ես այս զորեղ Գրքի միայն տառն եմ և այս անծայր օվկիանոսի միայն մի կաթիլը, և երբ Նա հայտնվի, Իմ իրական էությունը, Իմ գաղտնիքները, հանելուկներն ու ակնարկները ակնհայտ ու հասկանալի կդառնան․․․ »։

 

Բաբի ճարտար խոսքի կրակը, Նրա արագ ու ոգեշունչ գրվածքի հրաշքը, Նրա յուրահատուկ իմաստությունը, գիտելիքները դեպի Նա ձգեցին հազարավոր հետևորդների։ Բաբի առաջին 18 աշակերտները և Նա՝ 19-րդը տարածվեցին ողջ երկրով։ Լուրը, որը նրանք տարածում էին, Իրանում անասելի ալեկոծություն առաջացրեց։ Մարդկանց ամբոխ՝ հարուստ ու աղքատ, տգետ ու ուսյալ, քաղաքացիներ ու գյուղում ապրող մարդիկ, բոլորը հավաքվել էին լսելու Նրան, և Նրա փառքը օր օրի մեծանում էր։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ