Մարդու կյանքի ամենակարևոր հարցերից մեկը կապված է ազատ կամքի և նախախնամության հարաբերության հետ․ արդյո՞ք մարդը լիովին ազատ է իր ընտրություններում, թե՞ նրա կյանքը կանխորոշվում է ավելի բարձր ուժերի կողմից։ Այս հարցը դարեր շարունակ եղել է փիլիսոփայական և հոգևոր մտածումների կենտրոնում, քանի որ այն վերաբերում է մարդու պատասխանատվությանը, արդարությանը և կյանքի իմաստին։ Ստորև ներկայացված հատվածը բացահայտում է այս բարդ փոխհարաբերությունը՝ ցույց տալով, թե ինչպես են մարդու ընտրությունները և աստվածային օգնությունը գործում միասին։
Որոշ բաներ ենթակա են մարդու ազատ կամքին, այնպիսիք, ինչպիսիք են արդարությունը և անաչառությունը, լիազորությունների չարաշահումը և անարդարությունը, այսինքն՝ բարի արարքներն ու չար արարքները, ակնհայտ է և հասկանալի, որ այս արարքները իրենց մեծամասնությամբ կատարվում են մարդու կամքով: Բայց կան որոշակի բաներ, որոնք կատարվում են անկախ մարդու կամքից, դա երազն է, մահը, հիվանդությունները, թուլությունը, վնասվածքն ու դժբախտությունները, նրանք չեն ենթարկվում մարդու կամքին, և նա դրանց համար պատասխանատվություն չի կրում, քանզի նա ստիպված է հարմարվել դրանց: Բայց լավ և վատ արարքների ընտրության մեջ նա ազատ է, և նա դրանք անում է իր սեփական կամքով:
Օրինակ, նա կարող է իր սեփական հայեցողությամբ իր ժամանակը ծախսել Աստծո փառաբանության վրա, բայց կարող է նաև տրվել բոլորովին այլ մտքերի: Նա կարող է այրվել Աստծո հանդեպ սիրով և լինել բարերար, ով սիրում է ողջ աշխարհը, և կարող է լինել մարդատյաց՝ կլանված ունայնության մտահոգությամբ: Նա կարող է անել արդարը, կամ լինել դաժան: Այդ գործողություններն ու արարքները ենթակա են մարդու կամքին, հետևաբար, նա պատասխանատու է դրանց համար:
Եվ այստեղ առաջանում է այլ հարց: Մարդը ամբողջովին անօգնական է և լիովին կախյալ, քանզի ուժն ու իշխանությունը ըստ էության պատկանում են Աստծուն: Եվ վեհացումը, և նվաստացումը կախված է Ամենազորի բարեհաճությունից ու կամքից: Նոր կտակարանում ասված է, որ Աստված նման է կավագործի, ով պատրաստում է «մի անոթը պատվավոր օգտագործման համար, իսկ մյուսը՝ ցածրի»: Բայց անոթը, որը պատրաստված է ցածրագույն օգտագործման համար, իրավունք չունի նախատել կավագործին, ասելով. «Ինչու չես դու ինձ թանկարժեք գավաթ ստեղծել, որը խնամքով փոխանցում են ձեռքից ձեռք»: Այս տաղի նշանակությունը նրանում է, որ էակների ու իրերի վիճակները տարբեր են: Այն, ինչը գտնվում է գոյության ամենացածր վիճակում, օրինակ՝ հանքանյութը, իրավունք չունի փնթփնթալու և ասելու. «Օ, Տեր, ինչու Դու ինձ չես շնորհել բույսի կատարելություններով»: Նույն կերպ, բույսն իրավունք չունի փնթփնթալու, որ իրեն տրված չէ կենդանական աշխարհին բնորոշ կատարելությունը:
Նույն կերպ և կենդանուն հարիր չէ փնթփնթալ, որ նա զրկված է մարդկային կատարելությունից: Ոչ մի դեպքում, բոլոր այս արարչությունները կատարյալ են իրենց մակարդակի համար, նրանք պետք է ձգտեն իրենց մակարդակի կատարելության: Ստորին էակները, ինչպես մենք արդեն ասել ենք, չունեն ոչ իրավունք, ոչ էլ հնարավորություն՝ ավելի բարձր աստիճանի կատարելություններին հասնելու համար: Ո՛չ, նրանց առաջընթացը պետք է կատարվի իրենց սեփական վիճակի սահմաններում:
Այդպես նաև մարդու անգործությունը կամ գործողությունը կախված է Աստծո օգնությունից: Եթե այդ օգնությունը չկա, ապա նա ի վիճակի չէ կատարել ոչ բարին, ոչ չարը: Բայց երբ Աստված Իր առատաձեռնությամբ մարդուն տալիս է օգնություն՝ նրա գոյության մեջ, ապա մարդը ի վիճակի է գործել՝ և հանուն լավի, և չարության, բայց եթե այդ օգնությունից նա զրկված է, ապա մնում է ամբողջովին անօգնական: Ահա թե ինչու է Սուրբ Գրքերում ասվում Աստծո օգնության ու աջակցության մասին: Սա կարելի է համեմատել նավի դիրքի հետ, որը շարժվում է քամու կամ գոլորշու օգնությամբ, եթե այդ ուժը չկա, ապա նավն ընդհանրապես չի կարող շարժվել: Այնուամենայնիվ, նավի ղեկը շրջում է այն անհրաժեշտ ուղղությամբ, բայց հենց գոլորշու ուժն է շարժում այն անհրաժեշտ ուղղությամբ: Եթե նավն ուղղված է դեպի արևելք, նա շարժվում է դեպի արևելք, եթե այն ուղղված է դեպի արևմուտք, այն շարժվում է դեպի արևմուտք: Այս ուժը նավից չի գալիս, ոչ, այն գալիս է քամուց կամ գոլորշուց:
Նույն կերպ, յուրաքանչյուր գործողության կամ անգործության դեպքում մարդը շարժվում է Աստծո օգնության ուժի միջոցով, բայց բարու և չարի միջև ընտրությունը պատկանում է իրեն՝ մարդուն: Այսպես, եթե թագավորն ինչ որ մեկին նշանակի քաղաքի կառավարիչ, և օժտի նրան իշխանության զորությամբ, և ցույց տա նրան արդարության և անարդարության ուղիները՝ համաձայն օրենքի, և եթե ղեկավարն այդ անարդարությունը կիրառի, ապա, չնայած նրան, որ նա գործելու է թագավորի անունից և նրա զորության ուժով, վերջինս չի մեղադրվի այս անարդարության մեջ: Բայց եթե կառավարիչը գործի արդար, ապա դա նույնպես նա անելու է թագավորի զորությամբ, որն այդ ժամանակ կլինի գոհ և բավարարված:
Այլ կերպ ասած, չնայած բարու և չարի միջև ընտրությունը մնում է մարդուն, բոլոր հանգամանքներում, մարդը կախված է իրեն սնող կյանքի ուժից, որը բխում է Ամենազորից: Մեծ է Աստծո Թագավորությունը, և բոլորի վրա տարածվում է Նրա Զորությունը: Ծառան չի կարող ոչինչ անել իր կամքով, Աստված Զորեղ է, Ամենակարող և բոլոր արարածներին Օգնող: