Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Առանց հոգևոր աճի չկա երջանկություն և զարգացում  
Հոդվածներ

Առանց հոգևոր աճի չկա երջանկություն և զարգացում  

Վայրենությունն ու դաժանությունը բնական են կենդանու համար, իսկ մարդուն բնորոշ են սերն ու մտերմությունը: Աստված Իր մարգարեներին երկիր է ուղարկել միայն մեկ նպատակով` մարդկանց սրտերում սեր ու բարություն սերմանելու համար: Հանուն այդ վեհ նպատակի նրանք պատրաստ են եղել չարչարվելու ու մեռնելու: Բոլոր Սուրբ Գրքերը գրված են եղել՝ ցույց տալու համար մարդկանց սիրո ու համաձայնության ճանապարհը, սակայն չնայած այդ բանին, մենք ականատես ենք պատերազմների և արյունահեղության տխուր ու դաժան դրսևորումներին: 

 

Երբ մենք նայում ենք անցյալի և ներկայի պատմության էջերին տեսնում ենք, թե ինչքան մարդկային արյուն է թափվել և թափվում մինչ օրս․ մարդիկ սպանել և սպանում են միմյանց վայրենի գայլերի պես՝ մոռանալով սիրո և փոխադարձ հանդուրժողականության օրենքները: 

 

Լուսավորության դարաշրջանը իր հետ բերեց մի հրաշալի քաղաքակրթություն և նյութական առաջընթաց: Աճել են մարդու մտավոր կարողությունները, սրվել է նրա ընկալողունակությունը, սակայն, ավաղ,  չնայած այս ամենին, ամեն օր կրկին արյուն է թափվում: Որքա՜ն մարդիկ են սպանվել այս դաժան ժամանակներում, ինչքա՜ն տներ են ավիրվել, քանի՜ կանայք են այրիացել, քանի՜ երեխաներ` որբացել: Եվ մի բուռ հողի համար մղված պատերազմներում՝ ի՞նչ են շահել այդքան տանջանքի ու հոգեկան տառապանքների գնով: 

 

Այս ամենն ապացուցում է, որ լոկ նյութական առաջադիմությունը չի կարող վեհացնել մարդուն: Ընդհակառակը, որքան մարդն ավելի է մտահոգված իր նյութական բարեկեցությամբ, այնքան թուլանում է նրա հոգեկան ներուժը: Նախկինում նյութական բնագավառի զարգացումն այսքան արագ չի եղել, սակայն այսքան արյուն էլ չի հեղվել: Հին ժամանակների պատերազմներում ո՛չ թնդանոթներ, ո՛չ հրազեն, ո՛չ ականներ, ո՛չ պայթուցիկ նյութեր, ո՛չ տորպեդակիր նավեր և ո՛չ էլ սուզանավեր չեն օգտագործվել: Այս բոլոր գյուտերը մեր նյութական քաղաքակրթության արդյունքն են և հենց դրանք պատերազմը դարձրին ավելի ավերիչ ու մահաբեր, քան երբևէ:  Եվրոպան դարձել է հսկայական զինանոց` պայթուցիկ նյութերով լցված, և եթե Աստված չկանխի դրանց հրկիզումը, կպայթի ողջ աշխարհը: 

 

Նյութական ու հոգևոր առաջընթացը բոլորովին տարբեր երևույթներ են, և միայն այն դեպքում, երբ նյութական առաջադիմությունը համընթաց լինի հոգևորին, այդժամ կգա իսկական բարգավաճումը, և մեծագույն խաղաղությունը կիշխի աշխարհում: Եթե բոլոր մարդիկ հետևեին սուրբ պատգամներին և մարգարեների ուսմունքին, եթե բոլոր սրտերը լուսավորված լինեին աստվածային լույսով, և մարդիկ դառնային ճշմարիտ հավատացյալներ, կարճ ժամանակում մենք կտեսնեինք, որ երկրի վրա խաղաղություն է հաստատվել, իսկ մարդկանց ներսում` Աստծո արքայություն: Մենք կարող ենք Աստծո օրենքները համեմատել հոգու,  իսկ նյութական առաջադիմությունը` մարմնի հետ: Եթե հոգին լքում է մարմինը,  այն մահանում է: 

 

Պատերազմը, բռնությունը և դրանց հետ կապված դաժանությունը հակառակ են Աստծուն, դրանք իրենց մեջ արդեն իրենց պատիժն ունեն,  քանզի սիրո Աստվածը նաև արդարության Աստվածն է, և յուրաքանչյուը հնձում է այն, ինչ ցանել է: 

 

Եկեք փորձենք հասկանալ Բարձրյալի պատգամները և ապրել Նրա պատվիրանների համաձայն: Ճշմարիտ երջանկությունը կախված է հոգևոր բարեկեցությունից, և մեր սրտերը պետք է մշտապես բաց լինեն աստվածային առատաձեռնության հանդեպ: 

 

Եթե սիրտը երես է թեքում Աստծո օրհնություններից, ինչպե՞ս այն կարող է երջանկության հույս ունենալ: Եթե այն իր հույսն ու ապավենը չի տեսնում Աստծո ողորմածության մեջ, ապա որտե՞ղ այն կարող է հանգստություն գտնել: Վստահեք Աստծուն, քանզի Նրա առատաձեռնությունը հավերժական է,  վստահեք Նրա օրհնանքներին, քանզի դրանք ամենազորեղ ու ամենափրկիչ են:  Հավատացեք Ամենակարողին, քանզի Նա երբեք չի սխալվում, իսկ Նրա բարությունն անսահման է: Նրա արևը անընդհատ լույս է պարգևում, իսկ Նրա ողորմածության ամպերը լի են կարեկցանքի կաթիլներով, որոնցով Նա ոռոգում է Իր հավատացյալների սրտերը: Նրա թարմ զեփյուռը իր թևերի վրա մխիթարանք է բերում մարդկանց քարացած հոգիներին: Արդյո՞ք իմաստուն քայլ է երես թեքել այսպիսի սիրող Հորից, որ Իր օրհնությունն է շնորհում մեզ, և նախընտրել դառնալ նյութականի ստրուկը: 

 

Աստված Իր անսահման բարությամբ մեզ աննկարագրելի մեծ պատվի է արժանացրել և դարձրել համայն նյութական աշխարհի տերը: Արդյո՞ք մենք պետք է դառնանք այդ աշխարհի ստրուկները: Ո՛չ, եկեք իրագործենք այն աստվածային նպատակը,  ինչի համար այս աշխարհ ենք եկել, և փորձենք ապրել որպես Աստծո հոգևոր զավակներ:  Ո՜վ ազգեր ու պետություններ, ոտքի՛ ելեք, աշխատե՛ք և երջանի՛կ եղեք:  Հավաքվե՛ք մարդկության միասնության վրանի ներքո: 

 

Հատված Աբդուլ-Բահայի «Փարիզյան զրույցներ» գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ