Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ամեն բան մեր ձեռքերում է
Հոդվածներ

Ամեն բան մեր ձեռքերում է

Մարդիկ այսօր ծայրահեղ անբավարարվածություն են զգում այն բանից, թե ինչպես են ապրում, և նրանից, թե ինչ է նրանց շրջապատում։ Կարևոր չէ, թե որ սոցիալական խմբին են նրանք պատկանում, որտեղ են աշխատում, ինչպես են հանգստանում և ինչպիսին են նրանց եկամուտները, կյանքի մասին բողոքներն ու դժգոհությունները լսելի են ամեն տեղից։ Այնտեղ, որտեղ չեն բողոքում տնտեսական վիճակից, դժգոհ են քաղաքական իրավիճակից։ Մե՛կ եկեղեցին են դարձնում քավության նոխազ, մե՛կ ողջ դժբախտությունների պատասխանատվությունը դնում են որևէ քաղաքական խմբավորման վրա։ Սակայն մեր մտքով երբեք չի անցնում, որ հնարավոր է՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է, որ պատճառը հենց մեր մեջ է և մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր։ Նախկինում ապրող ոչ մի սերունդ չի ունեցել այնպիսի իշխանություն բնության վրա, որքան մենք ունենք։ Մարդիկ մշտապես իրենց հայացքը ձգել են վեր, քանզի չեն տիրապետել այն գիտելիքներին, որոնք մենք ունենք։ Այսօր մեզ հայտնի են ծովերի, երկնքի, նյութի կառուցվածքի շատ գաղտնիքներ, և շնորհիվ այդ գիտելիքների՝ մեր իմացությունն ամրանում է օր օրի։ Մենք հերկում ենք երկնքի կապույտ տարածությունները, եթերը լցնում ենք երկնային անորսալի մեղեդիով, նայում ենք ատոմի ամենասրտի մեջ։ Մենք անգամ սովորել ենք օգտագործել արևի էներգիան։ Եվ չնայած այդ բոլորին՝ մենք հիասթափված ենք ու դժբախտ։ Թվում է, թե մեր ներսում զարգանում է քաղցկեղածին ուռուցք, որն աստիճանաբար ավերում է այն ամենն, ինչը ստեղծված է մարդկային հանճարի կողմից, և զրկում է մեզ հոգեկան հանգստից ու սթափ մտքից, ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց հետ խաղաղ ապրելու կարողությունից։ Մենք ստեղծել ենք զորեղ արևմտյան քաղաքակրթություն, որն արագ ներխուժում է կյանքի բոլոր ոլորտները, անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում, սակայն մարդկային մտքի այս ահռելի ծնունդը, որն իրենից ներկայացնում է առաջընթացն իր բոլոր առավելություններով ու հնարավորություններով հանդերձ, հաճախ կործանմամբ է սպառնում մեզ։ Ներկայումս քաղաքակրթությունը չարագուշակ ստվերի պես կախվել է մեզ վրա և կարող է ամեն վայրկյան հողին հավասարեցնել և՛ մեզ, և՛ ինքն իրեն։ Արդյոք պատճառն այն չէ, որ այդ մեծագույն քաղաքակրթությունը զրկված է հոգուց։ Կամ այն, որ վատնելով մտքի վիթխարի էներգիան նյութի վրա իշխանություն ձեռք բերելու, նրա գաղտնիքների մեջ ներթափանցելու, նրա ղեկավարման օրենքները ճանաչելու համար, մենք ամբողջովին մոռացել ենք այն մասին, որ հնարավոր է և մենք՝ մարդիկս, ենթարկվում ենք որոշակի օրենքների, որոնք ղեկավարում են մեր զարգացումը և հրաժարվել ենք գոնե ինչ-որ չափով հասկանալ մեր իրական էությունը և մեր հարաբերությունները Տիեզերքի հետ, որում ապրում ենք։

 

Ակնհայտ է, որ սրանում է մեր գլխավոր սխալը՝ մեզ շրջապատող աշխարհը ճանաչելու և նրան հարմարվելու անկարողության ու ցանկության բացակայության մեջ։ Մենք, որ թվում է թե ունենք ամեն ինչ, իրականում ոչինչ չունենք։ Մենք չունենք ներքին վստահության, պաշտպանվածության զգացում, որը կար մեր պապերի մոտ։ Չկա նաև այն հոգևոր վստահությունը, որը բնորոշ էր նրանց, ովքեր ապրում էին միջնադարյան այսպես կոչված մութ դարաշրջանում։ Նախկինում ոչ մի անգամ աշխարհում այսքան հիասքանչ մտահաղացումներ չեն արտահայտվել և առաջ չեն քաշվել այնքան զարմանահրաշ նախագծեր, որքան այսօր։ Բայց միևնույն ժամանակ կյանքն այսքան էժան երբեք չի արժեցել, քանզի նախկինում երբեք մարդկությանը չի սպառնացել սարսափելի մահով մեռնելը, կամ ճղճիմ, ուրվականի պես, անպտուղ գոյություն քարշ տալը, որում, թվում է, թե կյանքի բոլոր նորմերը ոտնահարված են, նսեմացված ու իմաստից զրկված։ 

 

Մեր հիասքանչ աշխարհը մի տեսակ դժոխքի է վերածվել, և եթե մենք դա չենք գիտակցում, ապա միայն այն պատճառով, որ չենք ցանկանում գիտակցել։ Մենք մշտապես ինքներս մեզ խաբում ենք։ Եվ երևի եկել է ժամանակը գիտակցելու՝ կարելի է արդյոք կյանքը քաղաքակիրթ անվանել, երբ երկու հարյուր հազար մարդ մեկ ակնթարթում կարող են վերածվել մոխրի միայն մեկ ատոմային ռումբի կուրացնող լուսարձակումից, երբ քաղաքները վերածվում են ծխացող ավերակների, երբ հղի կինը վարում է ռազմական կործանիչ, երբ տասնյոթամյա պարտիզան աղջկան հարյուրավոր թշնամիների սպանության համար հերոս են համարում, իսկ իննամյա տղային մեծ ընծաների են արժանացնում սնայպերական կրակոցի և պայթեցման աշխատանքի համար, երբ մարդկանց, ովքեր ոչնչում մեղավոր չեն, գերի են վերցնում որպես պատանդների, ամեն րոպե նրանց գնդակահարությամբ սպառնալով։ Հարց տանք ինքներս մեզ․ ու՞ր կարող է սա մեզ հասցնել։

 

Բնությունը մեզնից անհամեմատ ավելի ողորմած է։ Անձրև է գալիս, թե ձյուն, թե արևադարձային արևն է կիզում, այրում ջունգլիների օդը, ամեն ինչում կա հավասարակշռություն և իմաստ, ինչը ոչ մի կերպ չի կարելի ասել մեր քաոսային, անհանգստություններով ու վախերով լի քաղաքակիրթ կյանքի մասին։ Գիշերը, երբ մենք նայում ենք աստղազարդ երկնքին, գրեթե անհավանական է թվում, որ աստղերը շարունակում են հանդարտությամբ փայլել այն ժամանակ, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում կատաղի հակամարտություններ, բռնկվում են քաղաքացիական պատերազմներ, որտեղ սպանվում են հազարավոր մարդիկ, փլուզվում են ընտանեկան օջախները։ Մեզ ապշեցնում է այն, որ թռչունները սկսում են ծլվլալ, հենց որ թնդանոթի կրակը դադարում է և ազդանշանները լռում են։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք ինչ-որ մղձավանջային երազի մեջ, որը շուտով պետք է ավարտվի, և այդ ժամանակ ողջ աշխարհը ձեռք կբերի ներդաշնակություն և հանգիստ, կմտնի այն ռիթմի մեջ, որը բնորոշ է բնությանը։ Երկրի հավերժական ուղին, ինչպես և տիեզերքի ցանկացած բան, ենթարկվում է որոշակի օրենքների և կազմում է մեծագույն ամբողջության մի մասը։ Իսկ մարդկանց աշխարհում մենք ականատեսն ենք լինում քաոսի, տարաձայնությունների, ակնհայտ անհամապատասխանությունների։ Անսահմանափակ հարստությունը, որը չի օգտագործվում բարու համար, շատ հաճախ անիմաստ վատնվում է։ Անսահմանափակ իշխանության չարաշահումը, որի անվան ներքո անարդարություններ են կատարվում, չափազանց զորեղ, ահռելի հնարավորությունների տիրապետող կազմակերպություններ, որոնք իրենց հետ բերում են կործանում և բռնություն։

 

Սակայն, մենք չենք ցանկանում հասկանալ, որ վտանգավոր են այն տարաձայնությունները, որոնք կատարվում են հենց մեր ներսում, այլ ոչ թե դրսում։ Մարդիկ առաջվա պես կառչում են փորձված, սովոր բաներից․ ոմանք բոլոր դժբախտությունների դարմանը տեսնում են դեմոկրատիայի մեջ, ուրիշները՝ կոմմունիզմի, երրորդներն էլ վստահ են, որ խնդիրների լուծման համար նացիոնալ սոցիալիզմ է հարկավոր։ Առաջին խումբը պնդում է տնտեսական փոփոխությունների անհրաժեշտության մասին, մյուսը շեշտը դնում է սոցիալական զարգացման վրա, երրորդը՝ կրթության, և այլն, և այլն։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները չկարողացավ կանխել նաև կրոնը, չնայած երկրները, որոնք մասնակցում էին այդ պատերազմներին, դիմում էին իրենց Աստծուն, աղերսելով Նրան իրենց ուժ տալ և հաղթանակ շնորհել։ Կրոնը ոչինչ չկարողացավ փոխել այդ պատերազմների ընթացքում, չնայած օգնեց նրանց, ովքեր իրապես հավատում էին, գոտեպնդվել և առնականությամբ ու խոնարհությամբ ընդունել իրենց բաժին հասած փորձությունները։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ