Ընտանիքը, լինելով մարդկանց միասնության ձև, պետք է ուսուցանվի բոլոր առաքինություններով և դաստիարակվի սրբության կանոններին համապատասխան։
Անգլիացի փիլիսոփա Հերբերտ Սփենսերը ընտանիքը ներկայացրել է որպես կազմակերպված հասարակության առաջնային միավոր։ Ճիշտ այնպես, ինչպես օրենքներն անհրաժեշտ են քաղաքակրթության առաջընթացի և մշակույթի հետագա զարգացման համար, այնպես էլ ընտանիքի ներսում բնական կլիներ դասակարգել նրա գործառույթներն ու կառուցվածքը։ Ընտանեկան գործերի տնօրինման հարցում հարկավոր է հասնել հավասարակշռության, և տանը հաստատել հավասարություն և արդարություն։ Այդ ժամանակ երեխաները կհասկանան կարգուկանոնի և կարգապահության, պատասխանատվության և մարդու իրավունքների պաշտպանության իրական իմաստը։ Առանց դրա, երեխաների կրթության հիմքը չի կարող ծառայել ի բարօրություն հասարակությանը, ինչպես նշվում է համաշխարհային կրոններում։
Անցյալում այս հիմնավոր նպատակը մեծ ազդեցություն է ունեցել երեխաների կրթության և դաստիարակության գործում, և անկասկած, այն կունենա նաև ապագայում՝ նրանց սրտերում մարդասիրության և մշակույթի սերմեր ցանելով։ Գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացրել ընտանիքի՝ որպես փոքր սոցիալական համայնքի մասին։ Արդյունքում, փորձագետները եկել են այն ընդհանուր կարծիքին, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխաների նկատմամբ ծնողների դիրքորոշումը, և մենք դրա հետ կապված մի քանի հարցեր կդիտարկենք։
Փորձեք համաձայնության գալ
Դուք ստեղծված եք, որ սեր ցուցաբերեք միմյանց նկատմամբ, այլ ոչ թե քմահաճություն ու չարություն:
Յուրաքանչյուր ընտանիքում հայրն ու մայրը և՛ օրենսդիր մարմինն են, և՛ գործադիրը, և՛ դատավորները։ Այդպիսի փոքր և <<սահմանափակ>> կառավարության ներսում, ինչպիսին հանդիսանում է ընտանիքը, այս երեք գործառույթները կենտրոնացած են ծնողների ձեռքում, ովքեր երեխաների համար սահմանում են տարատեսակ կանոններ, ստիպում են կատարել որոշ գործողություններ՝ միևնույն ժամանակ ետ են պահում մյուսների կատարումից։
1. Ծնողները երեխաների դաստիարակության հարցում պետք է հասնեն կատարյալ համաձայնության բոլոր՝ ինչպես կարևոր, այնպես էլ ոչ այնքան նշանակալից հարցերում։ Նրանք նաև պետք է անկեղծ լինեն, պարբերաբար քննարկեն միմյանց հետ բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են երեխաների դաստիարակությանը նրանց ֆիզիկական և հոգևոր զարգացման խթանման համար։ Քննարկելով երեխայի պահվածքն ու մանրամասն դիտարկելով նրա տված պատասխանները՝ ծնողները պետք է ճշմարիտ կրթության ոգուն համապատասխան հաստատեն կանոններ ու կարգեր, որոնք անհրաժեշտ կլինի պահպանել ընտանիքում։ Եթե ծնողներն իրենք ի վիճակի չեն եզրակացություններ կատարել քննարկման արդյունքներից, ապա նրանք կարող են դիմել հոգեբանական և մանկավարժական ոլորտի հեղինակավոր մասնագետների օգնությանը։ Խելամիտ, սիրող մայրն ու հայրը երբեք իրենց երեխաների ներկայությամբ ցույց չեն տալիս կարծիքների տարբերությունները, ցույց չեն տալիս իրենց միջև եղած տարաձայնությունները կրթության և կենցաղային հարցերի շուրջ, քանի որ երեխաները ամենավաղ տարիքից պետք է առաջնորդվեն գործողությունների միասնական ծրագրով։
Եթե մայրն ու հայրը չեն կարողանում գալ ընդհանուր եզրահանգման, եթե նրանք վիճաբանում են, հակաճառում միմյանց կամ տարբեր տեսակետներ հայտնում երեխաների ներկայությամբ, ապա երեխաները ամենավաղ տարիքից դաստիարակվելու են աններդաշնակության և հոգևոր անհամապատասխանության մթնոլորտում։ Միասնության ոգին կլքի այդ ընտանիքը և երջանկության դռները կփակվեն այդ տան առջև։
2․ Եթե ծնողները թշնամաբար են վերաբերվում միմյանց, անվերջ վիճում են, միջամտում են մեկը մյուսի գործողություններին, միշտ մեղավոր են փնտրում, եթե հայրը հրամաններ է արձակում՝ ի հեճուկս մոր, իսկ մայրը դեմ է գնում հոր սահմանած կանոններին, ապա նման ներընտանեկան իրավիճակը շփոթեցնում է երեխաներին, նրանց դժվար դրության մեջ է դնում։ Նրանք չգիտեն, թե ում կողմն անցնեն, այդ իսկ պատճառով ծնողների ցուցումներից ոչ մի օգուտ չի լինի, և երեխաները կմեծանան կամակոր, անսկզբունքային, թեթևամիտ։
Հայրը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ իր տասներեքամյա աղջիկը պատրաստվում է հյուր գնալ իր ընկերոջը, մայրը, սակայն, համարում է, որ պետք չէ, որ աղջիկը գնա այնտեղ։ Ծնողները նախապես չեն քննարկել այս խնդիրը, չեն կիսվել միմյանց հետ իրենց կասկածներով այս հարցի շուրջ, չեն եկել համաձայնության։
Աղջիկը հարցնում է հորից՝ կարող է արդյոք հյուր գնալ։
-Այո, իհարկե, գնա թանկագինս,- պատասխանում է հայրը, ու գնում։ Սակայն երբ աղջիկը պատրաստվում է դուրս գալ տնից, մայրը թույլ չի տալիս՝ համարելով, որ հոր որոշումը <<ճիշտ>> չի եղել։ <<Չհամարձակվես անգամ քայլ անել տնից>>- ասում է նա աղջկան։ Աղջիկը հավատացնում է մորը, որ հայրը իրեն թույլ է տվել գնալ։ Մայրը նյարդայնացած նետում է․ <<Քո հայրը սխալ է վարվել>>։
Ի վերջո աղջիկը զիջում է մորը։ Բայց երեկոյան, երբ հայրը վերադառնում է տուն, աղջիկը նրան վիրավորված պատմում է ամեն ինչ՝ այդկերպ հող նախապատրաստելով ծնողական վեճի համար։ Սաստիկ զայրացած այն բանից, որ իր խոսքերը <<ոչ մի նշանակություն չունեն>>, ամուսինը սկսում է հարաբերություններ պարզել կնոջ հետ, իսկ քանի որ այստեղ դիպչում են իր ինքնագնահատականին, կինը չի կարողանում լռել և ասում է ամուսնուն այն, ինչ նրա մասին մտածում է։ Արդյունքում՝ թյուրիմացությունը վերածվում է կռվի։
Ստեղծված իրավիճակն, ինչ խոսք, չի նպաստում ընտանեկան համերաշխ մթնոլորտին։ Հասկանալի է, որ այսպիսի ընտանիքում երեխայի բնավորությունը կփչանա, քանի որ հայրը նվաստացնում է մորը, հաճախ բարկանում է նրա վրա, իջեցնում է նրա նշանակությունը երեխաների աչքերում։ Ընտանեկան վեճերը, ծնողների՝ լիակատար համաձայնության հասնելու անկարողությունը հանգեցնում են ցավալի հետևանքների։
1․ Մեծանալու հետ մեկտեղ երեխաները դառնում են առավել հանդուգն և կոպիտ, ցուցաբերում են լիակատար անհարգալից վերաբերմունք մոր պահանջների նկատմամբ։ Դրանով իսկ նրանք դավաճանում են իրենց հոգևոր սկզբունքներին և խայտառակվում ծանոթների մոտ։
2․ Մայրը սկսում է վրեժ լուծել՝ մեղադրելով հորը անմտության մեջ՝ կաթիլ-կաթիլ երեխաների հոգին լցնելով թշնամանքով իրենց հոր նկատմամբ։ Նա խարխլում է հոր հեղինակությունը, զրկում նրան երեխաների կողմից հարգանքից, բայց ամենավատն այն է, որ կինը ներշնչում է նրանց վախենալ հորից՝ նրան որպես բռնակալ ներկայացնելով։ Օրինակ, մայրը երեխային վերցնում է իր հետ և նրա համար գնում կոշիկներ՝ այն գումարով, որը նախատեսված էր հոր համար։ Անելով դա՝ նա երեխային ասում է, որ հանկարծ հոր մոտ պատահաբար չասի, որովհետև նա կբարկանա և շատ դժգոհ կլինի։ Լիովին ակնհայտ է, թե ինչ վերաբերմունք կձևավորվի երեխայի մոտ՝ հոր նկատմամբ։
Եթե ծնողները միշտ և ամեն հարցում հակասում են միմյանց, ապա դա բացասաբար է ազդում երեխայի բարոյական զարգացման վրա, զրկում է նրան ամենալավ և ամենաքաղցր պտուղից՝ մոր և հոր սիրուց։ Մտքերի և հայացքների միասնությունը երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, առանց դրա խաղաղությունն ու համաձայնությունն անհնար է։
Շատ հաճախ ծնողները երեխային տալիս են անհեթեթ հարցեր՝ նրանից սպասելով բավական կոնկրետ պատասխան։ Օրինակ, հայրը մոր ներկայությամբ երեխային հարցնում է, թե ում է նա ավելի շատ սիրում։ Իհարկե, նա հույս ունի, որ երեխան այդ հարցում կնախընտրի իրեն։ Երեխան տարակուսում է՝ փորձելով ճիշտ պատասխանը գտնել։ Որոշ ժամանակ նա լռում է, մտածում է, որ եթե հոր անունը տա, դրանով ցավ կպատճառի մորը, իսկ եթե մոր անունը տա՝ կվիրավորի հորը։ Վերջիվերջո, նա խոհեմությամբ պատասխանում է, որ երկուսին էլ հավասար է սիրում։ Ցավալի է, որ նման պատասխանը չի բավարարում շատ ծնողների և նրանք պնդում են, որ նա ընտրի նրանցից մեկին։ Այդ պահը համարվում է երեխայի մոտ երկերեսության դրսևորման սկիզբը, քանի որ նա գտնվում է ճնշման տակ (և հնարավոր է՝ լինելով հակառակ կարծիքին), նախապատվությունը տալիս է նրան, ումից ակնկալում է ամենամեծ նյութական օգուտը։ Եվ չնայած երեխան կարող է հոգու խորքում չափազանց սիրել մորը, նա այնուամենայնիվ, կընտրի հորը։ Ավելի ուշ, հոր բացակայության ժամանակ, մայրը կհիշեցնի նրան իր պատասխանը և անազնիվ կանվանի։ Երեխան անկեղծորեն կպատասխանի․ <<Մամ, իհարկե ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Բայց ես այդպես պատասխանեցի, որովհետև հայրս խոստացել էր նոր խաղալիք գնել ինձ համար։ Հակառակ դեպքում նա ինձ համար երբեք դա չէր գնի>>։ Իհարկե, դաստիարակության նման մեթոդը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների ինչպես բարոյական, այնպես էլ դաստիարակչական տեսանկյունից։ Եթե յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հրաման կամ հրահանգ հայրն ու մայրը նախապես քննարկում են՝ ցուցադրելով գործողությունների լիարժեք միասնություն և անկեղծություն հարաբերությունների մեջ, ապա ընտանիքում իշխում են սերն ու կապվածությունը, ընտանեկան կլիման տարբերվում է իր սիրառատությամբ։ Բայց երբ ծնողների միջև համաձայնությունը փլուզվում է, խավարը ներխուժում է տուն։ Նրանում տիրում են մշտական լարվածությունը, թշնամանքն ու սառն անտարբերությունը։ Բոլորն իրար համար օտար են դառնում։ Կինն ամուսնուց թաքցնում է իր մտքերն ու գործողությունները, միևնույն ժամանակ նա լռում է իր մտադրությունների և գործերի մասին։ Նա արհամարհում է նրան, միևնույն ժամանակ վերջինս չի գնահատում նրան որպես իր երեխաների մայր, նրանց ներկայությամբ ստորացնում է նրան։ Յուրաքանչյուրն այդ ժամանակ մտածում է իր առավելությունների մասին և փորձում է ինքն ասել վերջին խոսքը։
Հետևաբար ակներև է, որ յուրաքանչյուր ընտանեկան հարցում ծնողների միջև համաձայնության ժամանակ կարելի է խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, մեղմացնել կամ հաղթահարել հակասությունները, սովորել ընտանիքը ղեկավարել հանգիստ, հիմնվելով առողջ կրթական սկզբունքների վրա։
Սիրո և կապվածության ոգին տարածվում է երեխաների վրա, միասնության շողը նրանց սրտերում լույս է ծնում, ներդաշնակ ընտանեկան մթնոլորտը շրջապատում է նրանց՝ հրաշալի վարդագույն այգու նման։ Երեխաները ծնողներին վերաբերվում են հարգանքով, նրանց միջև տարաձայնություններ չեն զգացվում, իսկ մեծանալով՝ նրանք կարող են դառնալ մարդկությանն անկեղծ ծառայողներ։
Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից