Եթե դուք նման եք ինձ, ապա վերջին ամիսներին և տարիներին որոշ ժամանակ ձեզ անարդյունավետ եք զգացել՝ այն անլուծելի թվացող խնդիրների պատճառով, որոնց բախվում ենք մենք, համատարած անարդարության և անմիաբանության արդյունքում:
Այս բարդ և ահռելի խնդիրները միմյանց հետ կապված են աներևակայելի խճճված մանվածքի հսկայական գնդիկի պես: Երբ մենք ուսումնասիրում ենք կլիմայի փոփոխությունը, համավարակը, ռասիզմը, քաղաքացիական անկարգությունները և անհավասարությունը, քեզ փոքր ու անզոր ես զգում և ցանկանում ես ուղղակի կծկվել ու թաքնվել:
Այս ընդհանուր համայնքային խնդիրներին ավելացրեք մեր բոլոր անձնական ցավերը՝ հիվանդություն, խզված հարաբերություններ, մենակություն, աշխատանքային անախորժություններ, ֆինանսական խնդիրներ, և մենք մեզ ճնշված կզգանք, այնպես, ասես մեր անելիքն իրականում կարևոր չէ: Ակնհայտ է, որ մեր աշխարհը ահռելի փոփոխություններ է պահանջում ապաքինվելու համար, և շատ մարդիկ կարծում են, որ չեն կարող անել այն, ինչ անհրաժեշտ է:
Բայց Բահայի գրվածքները մեզ ասում են, որ նման ժամանակներում իսկապես կան հզոր գործողություններ, որոնք մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել: Այս հինգ գործողությունները հասանելի են յուրաքանչյուրին.
Բահայի ուսմունքները ասում են, որ Արարիչը սիրող ծնողի նման, երբեք մարդկությանը չի թողել առանց հոգևոր և գործնական առաջնորդության: Նրա աստվածային դեսպանորդները շարունակում են հետևողական, կանոնավոր թարմացվող և մշտապես զարգացող ծրագիր բերել, որն անհրաժեշտ է մեր անհատական և կոլեկտիվ աճի համար։ Մենք գտնվում ենք մեր կոլեկտիվ հասունության գագաթնակետին: Մենք կարող ենք թեթևացնել մեր տառապանքը՝ միանալով արդարության կողմին: Եթե մենք եսասիրաբար գործենք՝ հաշվի չառնելով մեր ընդհանուր շահերը, մենք կտուժենք ֆիզիկական ու հոգեկան տառապանք կպատճառենք ուրիշներին:
Բահաուլլան ասում է.
… Այս մեծագույն բռնությունները, որոնք պարուրել են աշխարհը, նախապատրաստում են նրան Մեծագույն Արդարության գալուստին: ... Այս անպտուղ կռիվները, այս կործանարար պատերազմները կանցնեն, և կգա Մեծագույն Խաղաղությունը:
Եթե հասկանանք, որ մեր պայքարը էական նշանակություն ունի մեր զարգացման և ուսման համար, դա կարող է մեզ որոշակի հեռանկար տալ և հետ պահել հուսահատությունից:
Մեզ կարող է թվալ, որ քիչ բան կարող ենք անել այս աշխարհին օգնելու համար: Բայց Աստված ամենակարող է, և աղոթքը մեր կապն է այս զորության հետ: Մենք միշտ կարող ենք օգնություն խնդրել Աստծուց և վստահ լինել, որ Իր ողորմությամբ Նա կտա այն, ինչ մեզ պետք է, ինչպես նաև կօգնի ուրիշներին:
Երբ ես ընկճված և անօգնական եմ, երբեմն կարդում եմ բահայի այս կարճ աղոթքը, որպեսզի հիշեցնեմ ինձ, թե ով է պատասխանատուն. «Քո Անվան զորությամբ զինված, ոչ ոք չի կարող վնասել ինձ: Եվ Քո սերով իմ սրտում, այս աշխարհի բոլոր դժբախտությունները ոչ մի կերպ չեն կարող անհանգստացնել ինձ»:
Ես հավատում եմ, որ թեև ես պետք է անհանգստանամ և տեղյակ լինեմ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և քրտնաջան աշխատեմ դրական փոփոխություններ բերելու համար, կոտրված հին համակարգերի և մտածելակերպի վրա չափից ավելի կենտրոնանալը ինձ ուժազրկում և քայքայում է: Հետևաբար, ես փորձում եմ սահմանափակել բացասական և պառակտող լրատվամիջոցների, բամբասանքների և չարախոսությունների, նվաստացուցիչ զվարճությունների և ցնցող քլիքների ազդեցությունն ինձ վրա: Ես անորակ ուտելիքով չեմ սնվում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է գլուխս աղբով լցնեմ։
Բահայի ուսմունքներն ասում են, որ հոգևոր իրականությունը և մեր հոգևոր որակները ուրախության և էներգիայի աղբյուր են հանդիսանում: Աբդուլ-Բահան բացատրում է.
Չկա մարդ, ում չդիպչեն այս երկու ազդեցությունները [ուրախություն և ցավ]. բայց ամբողջ ցավն ու վիշտը, որ գոյություն ունի, գալիս է նյութական աշխարհից. հոգևոր աշխարհը միայն ուրախություն է տալիս:
Մենք նաև գիտենք, որ երբ վեհանում ենք, երջանկություն ենք ստեղծում մեր շրջապատի համար: Աբդուլ-Բահան կողմ էր դրան. «Ես ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք, որ դուք ծիծաղեք, ժպտաք և ուրախանաք, որպեսզի ուրիշները նայելով ձեզ նույնպես երջանկանան»:
Բահայի Սուրբ Գրվածքներում ասվում է. «Ամեն ստեղծվածը դուռ է դեպի Աստծո մասին գիտելիք»: Արևը խոսում է Աստծո լույսի և զորության մասին: Սերմը խորհրդանշում է խոնարհությունը, զոհաբերությունն ու ներուժը, ծաղիկը` գեղեցկությունն ու քաղցրությունը, լեռը` Արարչի ուժն ու տոկունությունը: Այսպիսով, դրսում ժամանակ անցկացնելը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը և օգնել մեզ ձեռք բերել հեռանկար:
Ինչ վերաբերում է մեզ՝ մարդկանց, Աստված մեր մեջ թաքցրել է այս բոլոր հոգևոր հատկանիշները: Մենք բոլորս ունենք տոկունության, խոնարհության, առատաձեռնության, ներողամտության և սիրո կարողություն: Նաև, երբ մենք փնտրում և ճանաչում ենք ուրիշների աստվածային հատկությունները, մենք հույս ենք զգում: Այս հատկությունները մենք կարող ենք տեսնել և զարգացնել մեր, մեր երեխաների և միմյանց մեջ:
Մեր տառապանքը հաճախ բարդանում է նրանով, որ կենտրոնանւմ ենք մեր սեփական ցավի վրա: Մենք կարող ենք անհանգստանալ ապագայի համար կամ տխրել` անցյալի: Հնարավոր է՝ մեծ վնասվածքներ ու կորուստներ ենք ունեցել: Այս կյանքը լի է նման փորձություններով, բայց մենք կարող ենք մեղմել ցավը` օգնելով մեկ ուրիշին:
Աբդուլ-Բահան ասել է.
Եղիր ոչ թե քո տրամադրությունների ստրուկը, այլ նրանց տերը: Բայց եթե դուք այնքան զայրացած եք, այնքան ընկճված և այնքան վրդովված, որ ձեր հոգին չի կարող փրկություն և խաղաղություն գտնել նույնիսկ աղոթքի մեջ, ապա արագ գնացեք և հաճոյացեք որևէ խոնարհ կամ տխուր, կամ մեղավոր կամ անմեղ տառապողին: Զոհաբերեք ինքներդ ձեզ, ձեր տաղանդը, ձեր ժամանակը, ձեր հանգիստը մեկ ուրիշին, մեկին, ով ստիպված է կրել ձեզնից ավելի ծանր բեռ, և ձեր դժբախտ տրամադրությունը կվերանա...:
Ուրիշներին ծառայելը կարող է նշանակել կամավոր օգտագործել ձեր ժամանակը և տաղանդները սոցիալական կազմակերպության համար, թեև դա կարող է լինել նաև շատ ավելի պարզ ձևերով՝ լսել ընկերոջը, հանդիպել մեկի հետ, ում վաղուց չեք տեսել, օգնություն առաջարկել հարևանին և այլն, մտածել քո աշխատանքի մասին, որպես բարձրագույն ծառայության, որը կարող ես մատուցել մարդկությանը, և սիրով ձեռքդ մեկնել բոլորին, ով հանդիպում է քո ճանապարհին:
Մենք ապրում ենք անցումային և մեծ տառապանքների անկայուն տարիներ, անհատական և կոլեկտիվ մակարդակում դրական փոփոխությունների մեծ հնարավորությունների դարաշրջանում: Բայց մենք անզոր չենք, և այն փոքր բաները, որ անում ենք մեր տեսակետը պահպանելու և Աստծո սերը և ապաքինման ուղերձը տարածելու համար, կարող են հսկայական ազդեցություն ունենալ: