12–15 տարեկանը մարդու զարգացման առանձնահատուկ շրջան է։ Պատանին այլևս փոքր երեխա չէ, բայց դեռ չի հասել լիարժեք երիտասարդության։ Նրա մարմինը, մտածողությունը, հարաբերությունները և ինքնընկալումը արագ փոխվում են։
Այս շրջանի մասին հաճախ խոսում ենք հիմնականում դժվարությունների լեզվով։ «Բարդ տարիք», «հորմոններ», «չի լսում», «հակառակվում է», «ընկերներն ավելի կարևոր են դարձել»։ Այս երևույթները կարող են իրական լինել, բայց եթե պատանեկությունը տեսնենք միայն խնդիրների տեսանկյունից, կարող ենք բաց թողնել այն մեծ ներուժը, որն այդ նույն փոփոխությունների մեջ է։
Այս տարիքում երեխայի մեջ սկսում են ավելի տեսանելի դառնալ նոր մտավոր և բարոյական կարողությունները։ Նա ավելի խորությամբ է մտածում իր շուրջ տեղի ունեցողի մասին, փորձում է հասկանալ մարդկանց վարքի պատճառները, ավելի զգայուն է դառնում արդարության նկատմամբ և ավելի մեծ նշանակություն է տալիս իր կարծիքին։
Այդ պատճառով պատանեկությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես անցումային կամ դժվար շրջան, այլ որպես զարգացման կարևոր հնարավորություն։
Մեծահասակի վերաբերմունքն այստեղ մեծ նշանակություն ունի։ Եթե պատանուն մշտապես ներկայացնում ենք որպես անկայուն, անհնազանդ կամ անպատասխանատու, կարող ենք ակամա հենց այդ հատկանիշներն ավելի տեսանելի դարձնել մեր հարաբերություններում։ Իսկ եթե նկատում ենք նրա զարգացող կարողությունները և հնարավորություն ենք տալիս դրանք կիրառելու, պատանին սկսում է նաև ինքն իրեն այլ կերպ տեսնել։
Նա սկսում է ավելի խոր հարցեր տալ
Պատանիների մտածողությունը աստիճանաբար փոխվում է։ Նրանք ավելի մեծ հետաքրքրությամբ են մտածում արդարության, ընկերության, հավատարմության, ապագայի և սեփական ինքնության մասին։ Այն, ինչ փոքր տարիքում կարող էր ընդունվել պարզապես որպես մեծահասակի որոշում, այժմ հաճախ հարցի է վերածվում։
«Ինչո՞ւ պետք է դա անեմ»։
«Ինչո՞ւ է այս կանոնը ճիշտ»։
«Եթե դա արդար է, ինչո՞ւ մեծահասակներն իրենք այդպես չեն վարվում»։
Այս հարցերը պարտադիր չէ ընկալել որպես անհնազանդության նշան։ Դրանք կարող են ցույց տալ, որ պատանին այլևս չի ցանկանում պարզապես ընդունել պատրաստի պատասխաններ։ Նա փորձում է հասկանալ դրանց հիմքը և ձևավորել սեփական համոզմունքները։
Այստեղ մեծահասակի արձագանքը կարող է վճռական լինել։ Եթե ամեն հարց ընկալվի որպես հեղինակության դեմ մարտահրավեր, պատանին կարող է սովորել կաՙմ լռել, կաՙմ հակառակվել։ Բայց եթե մեծահասակը պատրաստ է բացատրել, լսել և երբեմն նաև ընդունել, որ ինքը բոլոր պատասխանները չունի, հարցերը կարող են վերածվել իրական մտածողության զարգացման հնարավորության։
Պատանուն անհրաժեշտ է ոչ միայն ասել, թե ինչն է ճիշտ, այլ օգնել հասկանալ՝ ինչու։ Այս շրջանում կարելի է աստիճանաբար ավելի շատ քննարկել որոշումների հետևանքները, մարդկանց տարբեր տեսակետները, արդարության և պատասխանատվության հարցերը։ Այսպիսի զրույցներն օգնում են պատանուն կառուցել այն ներքին չափանիշները, որոնց վրա հետագայում ինքնուրույն որոշումներ է կայացնելու։
Սեփական կարծիքը ձևավորելու ցանկությունը
Պատանու մոտ աստիճանաբար ուժեղանում է նաև սեփական ձայնը ունենալու ցանկությունը։ Նա կարող է այլևս չբավարարվել նրանով, որ մեծահասակներն արդեն որոշել են, թե ինչ է պետք մտածել կամ անել։ Նա ցանկանում է մասնակցել որոշմանը, արտահայտել իր տեսակետը և զգալ, որ իրեն լսում են։
Սա ևս հաճախ կարող է ընկալվել որպես «հակառակվելու» ցանկություն։ Բայց սեփական կարծիք ունենալու կարողությունը ապագա հասունության կարևոր մասն է։
Հարցն այն չէ, թե ինչպես անել, որ պատանին միշտ համաձայնվի մեծահասակի հետ, այլ ինչպես օգնել նրան սովորել հիմնավորել իր կարծիքը, լսել ուրիշների տեսակետը և անհրաժեշտության դեպքում վերանայել սեփական դիրքորոշումը։
Եթե պատանու կարծիքը երբեք հաշվի չի առնվում, դժվար է սպասել, որ մի քանի տարի անց նա հանկարծ կարողանա պատասխանատու և ինքնուրույն որոշումներ ընդունել։ Ինքնուրույնությունը նույնպես զարգացվող կարողություն է։
Ընկերների խմբի կարևորությունը
Այս տարիքում ընկերների ազդեցությունը զգալիորեն ուժեղանում է։ Պատանին ցանկանում է պատկանել հասակակիցների խմբին, կիսվել նրանց հետ իր մտքերով, զգալ, որ իրեն ընդունում են։ Շատ ծնողների համար սա անհանգստացնող փոփոխություն է, քանի որ ընտանիքն այլևս միակ ազդեցիկ միջավայրը չէ։
Իհարկե, խմբի ազդեցությունը կարող է բացասական լինել։ Պատանին կարող է անել մի բան միայն նրա համար, որ չտարբերվի մյուսներից կամ չմերժվի խմբի կողմից։ Բայց հասակակիցների խմբի ուժն ինքնին բացասական չէ։
Նույն խումբը կարող է դառնալ այն միջավայրը, որտեղ պատանիները սովորում են համագործակցել, արտահայտել մտքեր, լսել միմյանց, ծրագրեր իրականացնել և պատասխանատվություն ստանձնել։
Եթե նրանց միավորում է միայն ժամանցը, խմբի ազդեցությունն ունենում է մի բնույթ։ Եթե նրանք միասին նաև ուսումնասիրում են հետաքրքիր գաղափարներ, զբաղվում ստեղծագործական գործունեությամբ կամ որևէ օգտակար նախաձեռնությամբ, այդ նույն խմբային էներգիան կարող է դառնալ զարգացման ուժ։
Այս պատճառով կարևոր է ոչ միայն փորձել պաշտպանել պատանուն վատ ազդեցություններից, այլ նաև օգնել նրան գտնել առողջ և բովանդակալից միջավայրեր։
Գործելու հնարավորությունը
Պատանիների մեջ արագ զարգացող կարողություններից մեկը գործելու ցանկությունն է։ Նրանք հաճախ ուզում են ոչ միայն լսել կամ սովորել, այլ նաև ինչ-որ բան անել։ Այդ գործողությունը կարող է լինել փոքր՝ կազմակերպել միջոցառում, օգնել ավելի փոքր երեխաներին, նախաձեռնել որևէ օգտակար ծրագիր կամ պարզապես պատասխանատվություն ստանձնել խմբում։
Այսպիսի հնարավորությունները կարևոր են, որովհետև կարողությունները զարգանում են կիրառման միջոցով։ Պատասխանատվության մասին հնարավոր է շատ խոսել, բայց պատանին այն իրականում սովորում է, երբ իրեն վստահվում է որևէ իրական գործ։
Համագործակցության մասին կարելի է բացատրել, բայց այն զարգանում է այն ժամանակ, երբ պետք է ուրիշների հետ պայմանավորվել, լսել նրանց կարծիքը և միասին հասնել արդյունքի։
Նույնիսկ սխալները այս ընթացքում կարող են օգտակար լինել, եթե մեծահասակը դրանց վերաբերվում է որպես սովորելու հնարավորություն, ոչ թե որպես ապացույց, որ պատանին դեռ «ոչինչ չի կարող»։
Պատանուն պետք չէ միայն վերահսկել
Եթե մեծահասակը պատանու հետ հարաբերությունը կառուցում է հիմնականում կանոնների և վերահսկողության վրա, բնական է, որ անկախության աճող ցանկությունը երբեմն վերածվի դիմադրության։ Սակայն լիակատար ազատությունն էլ լուծում չէ։
Պատանին դեռ կարիք ունի սահմանների, ուղղության և վստահելի մեծահասակների։ Փոփոխությունը պետք է տեղի ունենա հարաբերության բնույթի մեջ։ Փոքր երեխայի հետ մեծահասակը հաճախ ուղղակի որոշում է։ Պատանու հետ աստիճանաբար ավելի մեծ տեղ կարող է ստանալ խորհրդակցությունը։
Կանոն սահմանելիս հարկավոր է բացատրել դրա պատճառը։ Որոշումների ժամանակ կարելի է հարցնել պատանու կարծիքը։ Նրան կարելի է տալ ընտրության ավելի լայն հնարավորություն՝ միաժամանակ պահպանելով այն սահմանները, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգության և զարգացման համար։
Այս մոտեցումը չի թուլացնում մեծահասակի դերը։ Այն փոխում է այդ դերի նպատակը։ Նպատակը այլևս միայն վարքը վերահսկելը չէ, այլ օգնել պատանուն աստիճանաբար սովորել ինքն իրեն կառավարել։
Տեսնել ոչ միայն այն, ինչ նա այսօր է, այլ նաև այն, ինչ կարող է դառնալ
Պատանեկության տարիներին բազմաթիվ հատկություններ դեռ ձևավորման փուլում են։ Անհամբեր պատանին կարող է սովորել համբերություն։ Անվստահ պատանին կարող է ձեռք բերել ինքնավստահություն։ Նա, ով դեռ չի կարողանում պատասխանատվություն ստանձնել, կարող է զարգացնել այդ կարողությունը, եթե դրա համար իրական հնարավորություններ ստանա։ Այս պատճառով վտանգավոր է պատանուն վերջնական բնորոշումներ տալ։
«Նա ծույլ է»։
«Նա անպատասխանատու է»։
«Նրան միայն ընկերներն են հետաքրքրում»։
Այսպիսի պիտակները կարող են ժամանակավոր վարքը ներկայացնել որպես անփոփոխ բնավորություն։ Ավելի օգտակար է հարցնել՝ ի՞նչ կարողություն դեռ զարգացման կարիք ունի և ինչպիսի՞ միջավայր կարող է օգնել դրան։
Պատանեկությունը պարտադիր չէ ընկալել որպես մի շրջան, որին մեծահասակները պետք է պարզապես «դիմանան»։
Այն կարող է լինել մարդու կյանքի վճռորոշ ժամանակներից մեկը, երբ ձևավորվում են նրա արժեքները, մտածելու սովորությունները, ընկերական կապերը, պատասխանատվության զգացումը և այն պատկերացումը, թե ինչպիսի մարդ է նա ցանկանում դառնալ։
Եթե այս շրջանին մոտենանք ոչ միայն վախով ու վերահսկողությամբ, այլ նաև վստահությամբ և զարգացման հնարավորությունների տեսանկյունից, «խնդրահարույց տարիք» արտահայտությունը կարող է իր տեղը զիջել մեկ այլ պատկերացման՝ պատանեկությունը որպես մեծ ներուժի բացահայտման շրջան։