Անթույլատրելի է ծեծել երեխաներին կամ վիրավորել նրանց․ երեխայի բնավորությունը կփչանա, եթե ծնողները դիմեն ֆիզիկական պատիժների։
Սերն ու բարությունն ավելի մեծ ազդեցություն են ունենում մարդկային բնավորությունը կատարյալ դարձնելու գործում, քան պատիժը։
Մենք շատ լավ գիտենք, որ սպառնալիքներն ու լուտանքները բնական են շատ ընտանիքներում։ Երբ ծնողները կորցնում են համբերությունը երեխաների անկարգության և կամակորությունների պատճառով, նրանք սկսում են կիրառել խիստ պատժամիջոցներ, բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունը։ <<Ավելի լավ կլիներ երբեք չծնվեիր>>, <<Եթե դու մեկ անգամ էլ այդպես ասես՝ լեզուդ կկտրեմ>>, <<Ես քեզ գայլերին կտամ>>, <<Եթե մի անգամ էլ այդպես անես, ես քեզ կսպանեմ>>, <<Աստված քեզ դրա համար կպատժի>> և այլն։
Նման մոտեցումը բացասական հետևանքներ ունի երեխաների համար, և որոշները հիմա կքննարկենք։
Խորհուրդներից մեկը, որը կարելի է տալ ուսուցիչներին և ծնողներին՝ երբեք մի անպատվեք երեխաներին, քանի որ էքսպրեսիայի արտահայտման նման ձևը երեխաների մեջ ավիրում է ամոթի զգացումը, զրկում է նրանց ինքնահարգանքից և վերջիվերջո, ստիպում է նրանց հանդուգն պահել իրենց՝ իրենց դաստիարակի հանդեպ։ Կանցնի ժամանակ, և երեխան ծանր կախտահարվի լպիրշությամբ։ Սկզբում նա կսկսի այդ նողկալի բառերն օգտագործել հասակակիցների հետ շփման մեջ, իսկ հետո այդ անամոթությունը կաճի այն աստիճան, որ նա չի ամաչի այդ հայհոյանքներն օգտագործել ուսուցիչների, և անգամ սեփական ծնողների հասցեին։
Պատահում է այնպես, որ երեխան երկար ժամանակ տանում է վիրավորանքները, բայց գալիս է մի պահ, և համբերությունը սպառվում է։ Հպարտության զգացողությունը թույլ չի տալիս համակերպվել վիրավորանքների հետ և նրան համակում է զայրույթը, անքաղաքավարության կեղտը մթագնում է սրտի մաքրությունը։
Հետագայում նա ծնողներին կվիրավորի ճիշտ այնպես, ինչպես նրանք իրեն, նա <<կվերադարձնի>> այն նույն անպարկեշտ և կոպիտ բառերը, որոնք ժամանակին ստացել է նրանցից։
Կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ սկզբում երեխայի համար հայհոյանքներն ու սպառնալիքները իմաստ չեն ունենում, բայց ավելի ուշ, հաճախակի օգտագործման արդյունքում նա կբացահայտի իր համար այդ բառերի նշանակությունը, և վերջապես, այնքան խորը կխրվի ախտավորության ճահճի մեջ, որ փրկության տանող բոլոր դռները կփակվեն նրա համար։
Եթե ծնողները ցանկանում են մարդկային փոխհարաբերություններում երեխաների համար օրինակ ծառայել, նրանք պետք է ցանկացած իրավիճակում հրաժարվեն հայհոյանքից և անեծքներից։ Անպատվելը՝ որպես վարքագծի շտկման մեթոդ կիրառելը, չի վայելում գիտնականների աջակցությունը։ Դա ոչ միայն ոչնչացնում է մանկական բարոյականությունը, այլև մանկական հոգիներում առաջացնում է վրեժխնդրության ուժեղ զգացում։ Կգա մի օր, երբ կուտակված բարկությունը կժայթքի և կստիպի երեխային վրեժխնդիր լինել։
Եթե փոքր երեխաները դիտարկում են ծնողներին որպես անբարեհամբույր և տեսնում են նրանց մեջ բարկություն և մերժում, ապա օր օրի նրանց սերն ու կապվածությունը, հավատարմությունն ու անկեղծությունը ծնողների նկատմամբ կպակասի։ Նրանք ոչ միայն կդառնան կամակոր, այլև նրանց սրտերում արմատներ կտան ատելությունն ու չարությունը։ Եթե մայրերն ու հայրերը չափն անցնում են դաժան դաստիարակության մեջ, ընկերական և մտերմիկ հարաբերությունները, որոնք մշտապես գոյություն ունեն երեխայի և ծնողների միջև, քայքայվում են և երեխաների մեջ գնալով նկատվում է մեծամտությունն ու ամբարտավանությունը։
Բացի դրանից, երեխայի մերժման դիրքորոշումը, որը բնորոշ է այնպիսի բացասական զգացմունքների առաջացման դեպքում, ինչպիսին քննադատությունն ու լուտանքներն են, հեռու է սիրուց ու բարությունից, որով պետք է շրջապատված լինի մանկական հոգին։ Անգամ եթե մայրերը պնդում են, որ նրանք դա ասում են սովորության ազդեցության տակ և նրանց պետք չէ ուղղակիորեն հասկանալ, այնուամենայնիվ, մանկական հոգու վրա արտասանված բառերի և կատարած քայլերի կործանիչ ազդեցությունը ժխտելն անհնար է։ Խելամիտ մարդը, նախքան ինչ-որ բան անելը կմտածի հետևանքների մասին։ Այսինքն՝ <<Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր>>։ Այսպիսով, ծնողները պետք է հրաժարվեն այս քննադատության արժանի փորձից և փորձեն կանխել երեխայի անցանկալի արարքները՝ չդիմելով դաժանության և կոպտության։
Ծնողները, հատկապես մայրերը, կարող են գրավել երեխաների սիրտը՝ նրանց հետ խոսելով բարության ու սիրո լեզվով։ Եթե հոգեկան սթրեսների, ծանր փորձությունների, ներքին հակասությունների ժամանակ ծնողներն իրենց երեխային վերաբերվեն որպես ընկեր ու հարազատ, երեխան նրանց մեջ կտեսնի <<ապահովության կղզյակ>>, կվստահի ու չի խուսափի նրանցից։ Բայց եթե երեխան ատում է իր աչքերում դաժան ու տիրող հորն ու մորը, ապա ծնողներին ու երեխաներին խորը անդունդ է բաժանելու։ Իրավիճակը կարող է բարդանալ այն աստիճան, որ երեխան մեջքով կկանգնի ընտանեկան օջախին։ Նա կսկսի ընտանիքը դիտարկել որպես թշնամի և աջակցություն փնտրել ուրիշների մեջ (որոնք պարտադիր չէ, որ նրա լավը ցանկանան) իր սիրտը թեթևացնելու համար։
Իհարկե, մենք գիտենք, որ յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ ծնողները անհարկի խստություն են ցուցաբերում, հաշվի չեն առնում երեխայի ցանկությունները և չեն հարգում նրան, երեխաները աստիճանաբար չարանում են։ Հաճախ ցավ և հիասթափություն զգալով նրանք (եթե չունեն այլընտրանք), սկսում են խուսափել այն մարդկանցից, ովքեր վատ են վերաբերվում իրենց, և օրենք են խախտում։
Մեր երեխաները նման են այգում աճող երիտասարդ բույսերին։ Նրանք մեր կապվածության և բարության, ընկերության և համակրանքի կարիքն ունեն։ Որպեսզի չփշրեն զգայուն ու մեղմ մանկական սրտերը, ծնողները պետք է դաստիարակեն երեխաներին մեծագույն բարությամբ ու համբերությամբ, տիրապետեն մանկավարժական հմտություններին, կիրառեն գիտական մեթոդներ՝ հաշվի առնելով մանկական հոգեբանության յուրահատկությունները։
Դատարկ սպառնալիքները հայհոյանքներից ոչ քիչ վնաս են հասցնում երեխայի հոգեկան աշխարհին։ Պետք է ասել, որ անգամ ծնողական անկեղծ բարկությունը երեխաները հաճախ լուրջ չեն ընդունում։ Երբ մայրը սպառնում է, այն էլ՝ չափազանցնելով իր սպառնալիքները, որոնք չի իրականացնելու, երեխան շուտով բացահայտում է, որ նրա բառերը գոռոցից այն կողմ չեն անցում, իսկ նրանց նպատակը միայն իրեն վախեցնելն է։ Նման դեպքերում ծնողների բոլոր խրատներն ուղղված են <<խուլ>> մարդուն։ Եվ երեխան ճնշմանը, դրդմանը, սպառնալիքներին և ազդեցության այլ դաժան քայլերին պատասխանում է իր հակաքայլերով՝ կոպտության պոռթկումներով, իսկ երբեմն էլ՝ ծիծաղով։
Համամարդկային բարոյական սկզբունքները, որոնք այնքան հաճախ ասվում են բոլոր համաշխարհային կրոնների, բոլոր ազգերի և մշակույթների իմաստունների, գիտնականների կողմից, հաճախ չեն հասնում մարդկանց գիտակցությանը և կորցնում են դաստիարակչական նշանակությունը։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ գործն ավարտին կհասցնի և չի անում դա, ապա նա իր շրջապատում ձեռք է բերում մի մարդու համբավ, ով չի պահում իր խոսքը։
Մարդկային առաքինություններից մեկն ու վեհանձն հատկանիշ է համարվում տված խոսքին ու խոստմանը հավատարիմ մնալը։ Երբ երեխաները փոքր տարիքից մայրերից և հայրերից լսում են սպառնալիքներ, որոնք հնարավոր չէ իրականացնել, նրանք դադարում են ուշադրություն դարձնել ծնողների մնացյալ բոլոր խոստումներին ևս՝ համարելով դրանք դատարկ ու անիմաստ, և ինքներն էլ քիչ-քիչ ձեռք են բերում խոստումները չկատարելու և դատարկախոսության սովորություններ։
Եթե սպառնալիքների և հանդիմանության միջոցով ծնողները ցանկանում են դաստիարակել երեխային, շտկել նրա վարքագծի թերությունները, ապա նրանք չէին կարող ընտրել ավելի երկար ճանապարհ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Իսկ եթե նրանց նպատակը երեխային վախեցնելն է, ապա դրան նույնպես հնարավոր չէ հասնել հետևյալ կերպ։ Հայրերին և մայրերին հարկավոր է մտածել ազդեցության այս մեթոդի անօգուտ լինելու և վնասի մասին։
Երեխաներին պետք է դաստիարակել այնպես, որ ուշադրության չնչին պակասությունն անգամ հոր և մոր կողմից արդեն իսկ մեծագույն պատիժ լինի նրանց համար, և դրան հասնել կարելի է բարության, մեղմ վերաբերմունքի և խոսակցության ճիշտ տոնայնության միջոցով։ Ծնողների և երեխաների միջև մտերմությունը կախված է շփման ոճից։ Ընտանիքում սխալ տոնայնությունը ծնողների դաստիարակության և մանկավարժական պատրաստվածության բացակայության էական ցուցանիշ է։ Գլխավոր նպատակը՝ երեխաների մեջ բարոյականություն դաստիարակելն ու սովորեցնելը չի կարող իրականություն դառնալ։
Եթե ծնողները զգուշացնում են երեխաներին այն դեպքերի մասին, երբ նրանք կարող են պատժվել (ավելին, պատժի աստիճանը պետք է նախապես որոշվի), ապա նրանց հարկավոր է հետևողական լինել, միշտ լինել խոսքի տերը և պատժել երեխաներին բոլոր քննարկած դեպքերում։ Դաստիարակչական մեթոդները էֆեկտիվ չեն լինի, եթե դրանք առիթից առիթ կիրառվեն։ Պատժից հրաժարվելը կհանգեցնի նրան, որ ապագայում ծնողների զգուշացումները անիմաստ կդառնան։ Օրինակ, ծնողները, ովքեր երեխային ասում են, որ չեն վերցնի իրենց հետ, եթե նա չկատարի որոշակի հանձնարարություն և ավարտին չհասցնի այս կամ այն գործը, պետք է պահեն իրենց խոսքը և մերժեն երեխային, եթե անգամ նա գոռում ու պահանջում է։ Խղճահարության զգացումին տեղի տալով, խղճալով երեխային, ով լաց է լինում, որովհետև չի ստացել այն, ինչ ուզում էր, ծնողները դրանով իսկ սովորեցնում են նրան այն մտքին, որ բավական է արցունքի կաթիլ թափել, և նա կստանա ուզածը։ Այդկերպ նրանք խաչ են քաշում ապագայում իրենց պահանջների կատարման վրա և իրենց կանխարգելիչ միջոցները չեն կարող երեխայի վրա որևէ ազդեցություն ունենալ։
Կարևոր է, որ ծնողներն այս հարցին հատուկ ուշադրություն դարձնեն (անգամ եթե առաջին հայացքից այն նրանց այդքան էլ կարևոր չթվա), մանրամասն քննարկեն այն, քանզի դրանից է կախված՝ կարող են արդյոք նրանք ազդել երեխայի վրա՝ նրա զարգացման հետագա փուլերում։
Ֆիզիկական պատժամիջոցները նույնքան վտանգավոր են երեխայի համար, որքան կշտամբանքն ու նախատինքը։ Մասնագետների մեծամասնությունը կարծում է, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը խեղաթյուրում և ավիրում է նրա բնավորությունը։ Դեռևս 16-17-րդ դարերում այնպիսի լուսավորիչներ և մանկավարժներ, ինչպիսիք էին Մարտին Լյութերը, Ջոն Լոքը, Թոմաս Մորը, Յան Ամոս Կոմենսկին, երեխաների ծեծին վերաբերվում էին զզվանքով ու համոզում էին մանկավարժներին ու ծնողներին խուսափել այս դատապարտելի գործողություններից։ 20-րդ դարասկզբին ֆիզիկական բռնության միտքն անգամ մանկավարժների մեծամասնության համար անթույլատրելի էր համարվում։
Երբ ծնողները ի վիճակի չեն գլուխ հանել սեփական երեխաներից, ստիպել նրանց փոխել վատ պահվածքը, նրանք, ինչպես խեղդվողն է կառչում փրփուրներից, կառչում են այդ միջոցից, որի կեղծ լինելը հաստատված է այնպիսի գիտությամբ, ինչպիսին է մանկական հոգեբանությունը։ Այդ գիտությունը հորդորում է մանկավարժներին հիմնվել ոչ թե ուժի ու պարտադրանքի վրա, այլ փորձել հասկանալ յուրաքանչյուր տարիքում երեխաների հոգեկան զարգացման օրինաչափությունները և գտնել նրանց հոգու բանալին, որպեսզի այդ գաղտնիքի դարպասները հեշտությամբ բացվեն ու դրա հետ մեկտեղ չջարդվեն։
Ֆիզիկական պատիժների բացասական հետևանքները բազմազան են և առաջին հերթին արտահայտվում են նրանում, որ երեխաները դառնում են անզգա և կոպիտ, նրանց հոգում աճում է վրեժը։ Աստիճանաբար նրանց ինքնագնահատականն ընկնում է, խոսակցություններն ու խորհուրդները դառնում են անարդյունավետ, ինչն իր հերթին ստիպում է մանկավարժին դիմել ավելի խիստ պատժի մեթոդներին։ Տգետ մանկավարժը, ով որպես կարգապահական միջոց կիրառում է ցավը՝ պատժելով ու տանջելով երեխաներին, թույլ չի տալիս նրանց բարեսրտությանը, փափկությանն ու մեղմությանը զարգանալ, այն վերածում է երեխային դաժան ու քինախնդիր արարածի՝ քարե սրտով։ Ակնհայտ է, որ նման մանկավարժների քանակն աճում է և չի կարող լուրջ անհանգստության պատճառ չդառնալ այն մարդկանց շրջանում, ովքեր անհանգստացած են հասարակության առաջընթացով: Ըստ Ռուսսոյի՝ երեխան իր բնույթով բարի է ու հոգով մաքուր, հետևաբար չի կարելի փոխել նրա բնատուր հակումները, խառնվածքը, կոտրել անհատականությունը։
Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից