Ողջ աշխարհն այսօր վերելք է ապրում: Մարդկային միտքը թվում է, թե հասել է զարգացման մի այնպիսի աստիճանի, որտեղ մենք կանգնած ենք էլ ավելի անհավանական ու աներևեակայելի բացահայտումների շեմին: Կա՞ արդյոք ավելի հիասքանչ էակ, քան ինքը` մարդը, Աստծո արարածներից ամենախորհրդավորն ու ամենաբանականը: Ի՞նչը կարող է հասու չլինել նրան, ում Տերն իր սեփական օրինակով է ստեղծել: Անշուշտ, ժամանակը ցույց է տալիս, որ մարդկային կատարյալ միտքն ընդունակ է գրեթե ամեն ինչի:
Եվ այս զարգացող, նորարարական տեխնոլոգիաների ու համացանցի աշխարհում թվում է, թե ամեն ինչ կա կյանքն ավելի դյուրին դարձնելու համար: Բայց արդյո՞ք դա այդպես է: Զարգացման հետ մեկտեղ չեն վերանում խնդիրներն ու առօրյա հոգսերը: Չեն վերանում կենցաղային վեճերը, հոգեբանական սթրեսներն ու ցավոք, նեղ անձնական, մարդկային հարաբերությունների միջև լարվածությունը: Արդյո՞ք որևէ մեկս ապահովագրված ենք այս խնդիրներից: Իհարկե ոչ: Ավելին, համաճարակի և պատերազմի այս ժամանակաշրջանում հոգեբանի կարիք ունենք գրեթե բոլորս: Հոկտեմբերի 10-ին հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ Բահայի Հայաստանի համայնքը կազմակերպեց ինտերակտիվ հանդիպում` հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ այն հարցին, թե որքանով է Հայաստանում հասանելի հոգեբանական օգնությունը: Քննարկվեց, թե ինչ է հոգեկան առողջությունը, վերջինիս պահպանման ու բարելավման գործոնները, սթրեսը և հոգեկան առողջությունը, սթրեսի կառավարման գործնական մեթոդները, որոնք խորհուրդ են տրվում ԱՀԿ-ի կողմից: Վերջում մասնակիցները հարցեր ուղղեցին հոգեբանին: Տրամադրվեցին նաև թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք ցանկացած պահի կարող են անվճար հոգեբանական աջակցություն տրամադրել:
Հիշեք, որ ցանկացած պարագայում առողջությունն ամենակարևորն է, և որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե ունես ամուր առողջություն: Վերջինիս հետևելը զարգացածության առաջին նախապայմանն է: Չէ որ յուրաքանչյուր ամուր և կիրթ հասարակության հիմքում ընկած է հոգեպես առողջ անհատը: