Քրիստոսի կյանքի այս վերջին օրերը բացահայտում են մարդկության պատմության ամենախոր և հուզիչ իրադարձություններից մեկը՝ սիրո, զոհաբերության և հաղթանակի պատմությունը։ Խաչելության ցավի միջով անցնելով՝ Հիսուսը ցույց տվեց անսահման ներում և հավատ, իսկ հարությամբ հաստատեց կյանքի և լույսի հաղթանակը մահվան վրա։ Այս հատվածը ներկայացնում է այդ վճռորոշ պահերը, որոնք դարեր շարունակ դարձել են հույսի և փրկության աղբյուր ողջ մարդկության համար։
Երբ Պահքը մոտեցավ, Հիսուսը կարգադրեց աշակերտներին ամեն բան պատրաստել տոնական ընթրիքի համար։
Նա գիտեր, որ Իր չարչարանքների ժամը մոտենում է, և ցանկանում էր վերջին անգամ գտնվել տասներկուսի ներկայությամբ։ Հուդան եկավ բոլորի հետ միասին։ Իջավ գիշերը։ Լամպերը վառեցին։ Բոլորը նկատեցին, որ Ուսուցիչը մեծագույն վշտի մեջ է։ Երբ ընթրիքը սկսվեց, Նա ասաց․ «Ձեզնից մեկը կմատնի Ինձ։ Նա ընթրում է Ինձ հետ»։ Ցավագին շփոթությամբ ու վախով բոլորը միմյանց նայեցին։ «Արդյո՞ք ես չեմ»,- հորդացին հարցերը։ Իսկ Պետրոսը նշան արեց պատանի Հովհաննեսին, ով նստած էր Ուսուցչի կողքին, որ նա հարցնի, թե ով է մատնիչը։ Հիսուսը կիսաձայն ասաց․ «Նա, ում կտամ այս հացի կտորը»,- և Նա հացը մեկնեց Հուդային՝ ասելով․ «Ինչ մտածել ես, արագ կանես»։ Սակայն Հուդան այնքան էր քարացել, որ վեր կացավ ու դուրս եկավ։ Բոլորը, բացի Հովհաննեսից ու Պետրոսից, մտածեցին, որ Հիսուսը նրան ինչ-որ տեղ ուղարկեց։ Երբ տոնական ճաշկերույթն ավարտվեց, Հիսուսը վերցրեց հացն ու նրա վրա շնորհակալական աղոթք կարդաց․ «Օրհնյալ Ես Դու, մեր Տեր Աստված, տիեզերքի Արքա, ով հանապազորյա հաց է տալիս մեզ»։ Նա մասերի բաժանեց հացն՝ ասելով ավանդական խոսքերը․ «Այս հացը տանջանքներն են, որ կուլ են տվել մեր հայրերը Եգիպտոսի հողերում»,- և ավելացրեց,- «Վերցրեք, սա Իմ մարմինն է, մասնատված ձեզ համար, արեք դա ի հիշատակ Ինձ»։
Բոլորը թրթիռով վերցրին պահքի իրենց բաժին հացը։ Հետո կանգնած երգեցին․
«Գովերգեք Աստծո ծառաներ, գովերգեք Աստծո Անունը։ Թող Աստծո Անունը օրհնյալ լինի այժմ և հավիտյան։ Արևածագից մինչ լուսաբաց թող փառավորվի Աստծո Անունը։ Բոլոր երկրների վրա վեհանում է Աստված, երկնքի վրա է Աստծո փառքը»։
Բայց ահա Հիսուսը ձեռքը վերցրեց «գոհունակության ընդհանուր գավաթը», որից սովորաբար խմում էին երեկոյի ժամանակ․
-Օրհնյալ լինի մեր Աստված,- արտասանեց Նա։
- Օրհնյալ լինի Մեր Տերը, Իսրայելի Աստվածը, Զորաց Աստվածը, որ նստած է քերովբեների մեջ, այն ուտելիքի համար, որ ստացել ենք,- պատասխանեցին առաքյալները։
-Օրհնյալ լինես Դու, Ում շնորհը մենք կերանք ու Ում շնորհով ապրում ենք,- շարունակեց Քրիստոսը, և որպես ամփոփում՝ ասաց,- այս գավաթը Նոր Կտակն է Իմ արյան մեջ։ Բոլորդ խմեք նրանից։ Սա Իմ Նոր Կտակի արյունն է, որը թափվելու է շատերի մեղքերի քավման համար․․․ Մշտապես արեք դա ի հիշատակ ինձ։
Առաքյալները գավաթը փոխանցեցին մեկը մյուսին։
-Զավակներս, - ասաց Հիսուսն առաքյալներին,- քիչ է մնացել Ինձ ձեզ հետ լինելու։ Ձեզ նոր Կտակ եմ տալիս: Սիրե՛ք միմյանց, ինչպես Ես սիրեցի ձեզ, դուք էլ սիրեք իրար։ Դրանով իսկ բոլորը կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք։
Սա հնչեց որպես հրաժեշտ։ Թախիծը պարուրեց առաքյալներին։ Պետրոսն ուժ գտավ հարցնելու․
-Տեր, ու՞ր ես գնում։
-Այնտեղ, ուր Ես գնում եմ, դու չես կարող հիմա հետևել Ինձ, բայց կգաս հետո։
-Տեր, ինչու՞ չեմ կարող հետևել Քեզ հիմա։
-Սիմոն, Սիմոն, ահա սատանան հասել է նրան, որ ձեզ մաղի ցորենի պես։ Բայց Ես աղոթել եմ քեզ համար, որպեսզի չպակասի քո հավատը։ Եվ դու, որ արդեն դարձի ես եկել, հաստատիր նաև քո եղբայրներին։
-Տե՛ր,- եռանդորեն գոչեց Պետրոսը,- քեզ հետ ես պատրաստ եմ և՛ բանտ ընկնել, և՛ մահվան գնալ։ Ես հոգիս անգամ Քեզ համար կտամ։
-Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած դու երեք անգամ կուրանաս Ինձ,- տխրությամբ պատասխանեց Քրիստոսը։
Մնացած աշակերտները նույնպես հարցեր տվեցին։ Հիսուսը պատասխանեց յուրաքանչյուրին, փորձեց քաջալերել նրանց։ Բայց միայն շատ հետո նրանց համար պարզ դարձավ Ուսուցչի խոսքերի ամբողջ խորությունը։ Սաղմոսներ երգելով՝ լքեցին տունը։
Քրիստոսն այդ շաբաթ սովորաբար երեկոյան ժամերն անց էր կացնում քաղաքից դուրս, հարևան վայրերում։ Այս անգամ նրանք գնացին Գեթսեմանի կոչվող ավան։ Այնտեղ մեծ ձիթապտղի ծառ կար։ Ճանապարհին Քրիստոսը շարունակում էր զրուցել աշակերտների հետ։
-Ես իրական խաղողի վազ եմ, և Իմ Հայրը խաղողագործ է։ Ինձ վրա գոյություն ունեցող ցանկացած ճյուղ, որն անօգուտ է, Նա հեռացնում է, և յուրաքանչյուր պտղաբերը՝ մաքրում, որպեսզի առատ բերք տա։ Ինչպես ճյուղն ինքն իրեն չի կարող բերք տալ, եթե խաղողի վազի վրա չէ, այնպես էլ դուք չեք կարող, եթե Իմ մեջ չեք։ Ես վազն եմ, դուք ճյուղերը։ Առաքյալները տեղավորվեցին քնելու, իսկ Քրիստոսը՝ Իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբին և Հովհաննեսին, հեռացավ դեպի մութ այգու խորքերը։
-Իմ հոգին ցավագին սգում է,- ասաց Նա,- մնացեք այստեղ և արթուն եղեք Ինձ հետ։ Բայց քունը հաղթեց աշակերտներին։
Քրիստոսը մի կողմ քաշվեց ու ծնկի գալով՝ սկսեց ջերմեռանդ աղոթել։ Աշակերտների մշուշված գիտակցությանը հասնում էին աղոթքի հատուկենտ բառերը․
-Հայր, աղերսում եմ, անհնարին ոչինչ չկա Քեզ համար, այս գավաթը հեռու տար ինձնից։ Չնայած, ոչ այնպես, ինչպես Ես եմ ուզում, այլ Դու։ Թող Քո՛ կամքը լինի, ոչ թե Իմ։
Նա աղոթում էր։ Առաքյալները՝ քնում։ Վերջապես, Նա նորից մոտեցավ նրանց․
-Ի՞նչ եք քնել։ Վե՛ր կացեք և աղոթեք։ Ահա՛, Ինձ մատնողը մոտ է։
Այդ պահին այգին լուսավորվեց ջահերով, լսվեց աղմուկ ու ձայներ, պահակներն ու զինվորները մտան այգի։ Նրանց հետ էր նաև Հուդա Իսկարիովտացին, նա մոտեցավ Հիսուսին։
-Բարև, Ուսուցի՛չ,- ասաց Հուդան ու համբուրեց Նրան։ Սա նշան էր պահազորի համար։
- Ընկեր, ահա, թե ինչի համար ես այստեղ, ընկե՛ր,- շշնջաց Հիսուսը,- համբույրո՞վ ես մատնում Մարդու Որդուն։
Պետրոսը փորձեց ըննդիմանալ, բայց Հիսուսն ասաց․
-Սուրդ պատյանի մեջ դիր։ Սուրը վերցնողը սրից էլ կընկնի։ Եթե պետք լիներ, Իմ Հայրը հրեշտակներին կուղարկեր ինձ պաշտպանելու համար։ Նա շրջվեց դեպի Իր վրա եկած քահանայապետերը, դպիրներն ու տաճարի իշխանավորներն ու երեցներն ու ասաց,- սրով ու մահակներով եք եկել եք Իմ ետևից, ինչպես մի ավազակի վրա՞։ Ամեն օր Ես տաճարում Ես ձեզ հետ էի և Ինձ վրա ձեռք չերկարեցիք, բայց հիմա ձե՛ր ժամն է և խավարի իշխանությունը։
Այս ամենը տեսնելով՝ վախեցած աշակերտները թաքնվեցին մթության մեջ, իսկ պահակախումբը Հիսուսին Երուսաղեմ տարավ։
Քահանայապետերի դատն արագ էր ու կեղծ։ Վկաները շփոթվում էին իրենց վկայությունների մեջ, և քահանայապետն անհամբեր բղավեց.
-Կենդանի Աստծո անունից եմ հարցնում, ասա՛։ Դու՞ ես Մեսսիան՝ Աստծո Որդին։
-Ես եմ,- հնչեց պատասխանը,- բայց ասում եմ ձեզ, այսուհետ Մարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի։
-Էլ ինչների՞ս են պետք այլ վկաները,- բացականչեց քահանայապետը,- դուք լսեցի՞ք անարգանքը։ Ի՞նչ եք կարծում։ Մահապատժի է արժանի,- պատասխանեցին դատավարության անդամները։
Իմանալով դատավճիռը՝ Հուդան հասկացավ, որ չարագործություն է արել։ Նա գնաց նրանց մոտ, ով նրան փող էր տվել մատնության համար, որպեսզի ետ վերադարձնի։
-Ես մեղանչել եմ՝ անմեղ արյուն դավաճանելով,- հայտարարեց նա։ Բայց նրան ոչ ոք չլսեց։ Այդ ժամանակ նա, տաճարի մեջ գցելով երեսուն արծաթը, փախավ քաղաքից ու կախեց իրեն։
Առավոտյան Քրիստոսին Պիղատոսի՝ Իսրայելում հռոմեական կառավարչի մոտ բերեցին ու հայտնեցին, որ Խռովարարը նրա համաձայնությամբ գիշերը ձերբակալվել է ու դատապարտվել։ Պիղատոսը սկզբում չցանկացավ խառնվել այդ ամենին, բայց դատապարտողները պնդեցին և նա ստիպված եղավ հարցաքննել Հիսուսին։ Հարցաքննությունից հետո Պիղատոսն եկավ այն եզրակացության, որ հոգևորականությունն ուղղակի նախանձի պատճառով է պատժում սիրված Քարոզչին և բավարար կլինի Նրան գանահարել ու բաց թողնել։ Հիսուսին բանտախուց տարան։ Զինվորները մտրակահարում ու ծաղրում էին Նրան։ Նրանք Նրա ուսերին կարմիր զինվորական թիկնոց գցեցին, իսկ գլխին՝ փշերից հյուսած թագ դրեցին ու սկսեցին խոնարհվել ու գոռալ «Կեցցե հուդաների Արքան»։
Պիղատոսը կարծում էր, որ կարելի է սահմանափակվել այդ պատժով, բայց մինչ պատիժը կիրառում էին, արքեպիսկոպոսները ժամանակ չկորցրին ու ժողովրդին լարեցին Հիսուսի դեմ։ Երբ Հիսուսը երևաց տեսադաշտում՝ ծեծված, բզկտված, վիրավոր, ժողովուրդը սկսեց գոռալ․ «Խաչին հանեք, խաչին հանեք Նրան»։ Պիղատոսը հայտարարեց, որ Զատկի առթիվ կարող է ներում շնորհել մեկ բանտարկյալի։ Նրա բանտում Բարաբբա անունով կալանավոր կար, ով դատապարտված էր ապստամբության ու սպանության համար։
-Ում եք ուզում, որ բաց թողնեմ,- գոռաց նա ամբոխին,- Հիսուս Նազովրեցուն, թե Բարաբբային։
Բարաբբային Երուսաղեմում ոչ միայն գիտեին, այլև հերոս էին համարում այն բանի համար, որ նա դուրս էր եկել հռոմեացիների դեմ, իսկ Հիսուսը օտար էր և Նրան անունը քիչ բան էր ասում քաղաքացիներին, և նրանք գոռացին՝ Բարաբբային։
Եվ այսպես, երկուսի ճակատագիրն էլ կանխորոշված էր։ Բարաբբային բաց թողեցին, իսկ Հիսուսին դատապարտեցին․ «Դու կխաչվես»։
Քաղաքային պատի հետևում, քարհանքի դիմաց մի լեռ էր վեր խոյանում, որը հնուց ի վեր անվանում էին Գողգոթա կամ Գանգ։ Պիղատոսի պալատից դեպի նա էր ձգվում սգավոր թափորը։ Դաժան սովորույթի համաձայն, դատապարտյալն անձամբ պետք է իր հետ տաներ պատժի առարկան՝ խաչը։ Բզկտված ու վիրավոր՝ Հիսուսը դանդաղ էր քայլում։ Այդ ժամանակ կանգնեցրին դաշտից եկող մի գյուղացու և հրամայեցին նրան տանել խաչը։ Մտերիմներից ոչ ոք չկար Քրիստոսի կողքին։
Հասան պլատժի վայրը։ Դատապարտվածներից հանեցին հագուստը, և կապելով նրանց ոտքերն ու ձեռքերը, նրանց մեծ մեխերով գամեցին խաչին։ Այս ողջ ընթացքում Քրիստոսն աղոթում էր․ «Հա՛յր, ներիր նրանց, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում»։
Խաչվածներին հսկում էին հռոմեական զինվորականները։ Քաղաքից գնացողներն ու եկողները հեգնում էին Հիսուսին «Հե՛յ,- գոռում էին նրանք,- ուրիշներին էիր փրկում, հիմա Ինքդ Քեզ փրկիր»։
Իսկ այդ ժամանակ ուժեղ քամի սկսվեց ու ամպերը ծածկեցին երկինքը։ Թվաց՝ արևը թաքնվեց, որպեսզի չտեսնի մարդկանց խելագարությունը։
Երեք տարի՝ քայլելով այդ հողի վրայով Քրիստոսը մարդկանց սովորեցրեց լինել Երկային Աստծո որդիները, թեթևացրեց տառապանքները, Սեր, Աստծո Արքայություն քարոզեց։ Բայց մարդիկ չցանկացան մտնել այդ Արքայություն։ Նրանք հավատում էին այս աշխարհի արքայությանը, իսկ Քրիստոսի Արքայությունը Երկնքից էր իջել և Երկինք էր տանում։
Իսկ ամպերը կուտակվում էին, ժամը երեքին այնպես մթնեց, ասես գիշեր լիներ։ Անհավանական ծանրությունը, որը սկսել էր իջնել Հիսուսի վրա դեռևս Գեֆսիմանյան գիշերը, հասավ իր գագաթնակետին․ «Տեր Իմ, ինչու՞ Ինձ թողեցիր»,- սկսեց աղոթել Հիսուսը, բայց աղոթքը մինչև վերջ չհասցրեց կարդալ, սկսվեց հոգևարքը։ Հանկարծ Հիսուսը բարձր գոչեց՝ «Կատարվե՛ց, Հա՛յր, Քո ձեռքն եմ փոխանցում Հոգիս»․․․
Նրա գլուխն ընկավ կրծքին։ Նա մահացավ՝ տառապանքի գավաթն ըմպելով մինչև վերջ։
Հովսեփ Արիմաթիացին՝ հարուստ և քաղաքում հարգանք վայելող մի մարդ, ով Հիսուսի գաղտնի հետևորդն էր, Պիղատոսից թույլտվություն խնդրելով՝ Քրիստոսի մարմինը հարևան այգում գտնվող իր վիմավոր գերեզմանում դրեց։ Գալիլեացի կանայք հետևում էին տխուր ծիսակատարությանն ու ափսոսում, որ այն այդքան հապճեպ էին կատարում։
Իսկ այդ նույն ժամանակ, աշակերտները դեռ ոչինչ չգիտեին ո՛չ գերեզմանի, ո՛չ էլ թաղման մասին։ Նա, Ով կարողանում էր մի խոսքով բուժել հիվանդություններ, Ով խոստացել էր նրանց հասցնել Աստծո Արքայությանը, հանցագործի պես մահապատժի էր ենթարկված։ Սարսափը համակել էր նրանց։ Նրանց թվում էր, որ իրենց նույնպես կարող են բռնել ամեն պահի։ Ավիրվել էին հույսերն ու փայլուն երազանքները։
Շաբաթ օրվան հաջորդող օրը Հիսուսի կին աշակերտները գնացին Նրա գերեզմանը։ Նրանք իրենց հետ տարել էին բուրավետ յուղեր, որպեսզի հանգուցյալի մարմինը պատեն դրանով և ցանկանում էին սգալ Նրա մահը։
Ի սարսափ նրանց՝ քարը մի կողմ էր տարած, իսկ անձավը դատարկ էր։ Հանկարծ նրանք մի պատանի տեսան սպիտակ հագուստով։
-Մի՛ վախեցեք,- ասաց նա,- դուք Ողջին մահացածների մեջ եք փնտրում։ Նա այստեղ չէ։ Ահա այն վայրը, որտեղ Նա դրված էր։ Գնացեք աշակերտների ու Պետրոսի մոտ ու ասեք, որ Նա կսպասի նրանց Գալիլեայում։
Կանայք սարսափահար փախան։ Գերեզմանի մոտ մնաց միայն մեկը՝ Մարիամ Մագդաղենացին։ Հանկարծ ետևում քայլերի ձայներ լսվեցին և նա, շրջվելով, հարցրեց․
-Տեր, եթե Դու ես տարել մարմինն, ապա ասա՝ որտե՞ղ։
-Մարիամ,- հնչեց այդքան ծանոթ ձայնը։
-Ուսուցի՛չ,- նա ընկավ Նրա ոտքերի առջև․
Առաքյալները չհավատացին նրան, նրանց թվաց, որ նա վշտից խելագարվել է։ Բայց հենց նույն օրը Հիսուսը հայտնվեց Պետրոսին և մնացած աշակերտներին․
-Ես ուրվական չեմ, - ասաց Նա նրանց ու ցույց տվեց վերքերի հետքերը ձեռքերին ու ոտքերին։ Նրանց ուրախությունն ու զարմանքն աննկարագրելի էր։ Նա կենդանի է։ Նա գերեզմանից ելել է։
Հետևելով Քրիստոսի հրամանին՝ առաքյալները ճանապարհ ընկան Գալիլեա, և այնտեղ Նա կրկին հայտնվեց նրանց։ Նրան միաժամանակ տեսան ավելի քան հինգ հարյուր մարդ։ Գալիլեյան լճի ափին հայտնվելով՝ Նա երեք անգամ հանդիսավոր հարցրեց Պետրոսին՝ սիրու՞մ է նա Իրեն։
-Այո՛, Տեր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ,- շփոթված պատասխանեց Պետրոսը՝ հիշելով, թե ինչպես սարսափի պահին նա երեք անգամ հրաժարվեց Քրիստոսից։
Բայց այժմ Քրիստոսը ներեց նրան ու ասաց․
Արածեցրու իմ ոչխարներին:
Մի անգամ Փրկիչը հայտնվեց լեռան գագաթին Գալիլեայում, այնտեղ էին 11 աշակերտները: Նրանցից ոմանք դեռ չէին հավատում իրենց աչքերին, Նա ասաց.
- Ինձ տրված է ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։ Եվ այսպես, գնացեք ու սովորեցրեք բոլոր ժողովուրդներին՝ նրանց կնքելով հանուն Հոր, և Որդու և Սուրբ Հոգու, սովորեցնելով նրանց կատարել այն ամենն, ինչ Ես պատվիրել եմ ձեզ, և ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև դարերի վերջը։