Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու, ով կկարողանար իրականացնել տիեզերական սիրո կատարյալ մարմնավորման դերը։ Բազմաթիվ մարդիկ, և ոչ միայն նրա հետևորդները այդպես էին վերաբերվում Աբդուլ-Բահային:
Աբդուլ-Բահայի օրինակելի կյանքը յուրաքանչյուր բահայիի համար իդեալական օրինակ է: Շողի էֆՖենդին, Բահայի հավատի պահապանը, ամփոփել է այդ կյանքը 1947 թ-ին Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղղված հայտարարության մեջ:
Բահաուլլայի ուսմունքների լիազորված թարգմանիչը և Օրինակը Նրա ավագ որդին էր՝ Աբդուլ-Բահան (Բահայի ծառան), ով իր Հոր կողմից նշանակվեց որպես Կենտրոն, որին պետք է դիմեն բոլոր բահայիները՝ ուղղորդման և առաջնորդության համար: Աբդուլ-Բահան դեռ մանկուց Իր Հոր ամենամոտ ընկերն էր և կիսում էր Նրա բոլոր վշտերն ու տառապանքները: Նա բանտարկության մեջ մնաց մինչև 1908 թ-ը, երբ Թուրքիայում տապալվեց հին ռեժիմը և ազատ արձակվեցին ողջ կայսրության բոլոր կրոնական ու քաղաքական բանտարկյալները։ Դրանից հետո Նա շարունակեց ապրել Պաղեստինում, բայց ձեռնարկեց լայնածավալ ուսուցողական ճամփորդություններ դեպի Եգիպտոս, Եվրոպա և Ամերիկա՝ մշտապես մասնակցելով իր Հոր հավատի սկզբունքների մեկնաբանմանը և լուսաբանմանը, ինչպես նաև ոգեշնչելով և առաջնորդելով ամբողջ աշխարհի իր ընկերներին ու հետևորդներին:
Բայց նրանց համար, ովքեր հանդիպեցին և շփվեցին Աբդուլ-Բահայի հետ` անգամ նրանց համար, ովքեր բահայի չէին, Նրա սերը, բարությունն ու ալտրուիզմը նույնպես ոգեշնչում էին, հուզում և ոգևորում նրանց հոգիները:
Մայրիկ անունով հայտնի Միրրա Ալֆասսան ֆրանսիացի հինդուիների առաջնորդն էր, ով բազում անգամներ հանդիպել է Աբդուլ-Բահայի հետ: Նա գրել է.
Նրա անկեղծությունն ու Աստվածայինի ձգտումը պարզ էր և շատ ինքնաբուխ: Մի անգամ, երբ գնացի նրան հյուր, նա պետք է դասախոսություն կարդար իր աշակերտների համար։ Բայց նա հիվանդ էր և չէր կարողանում ոտքի վրա կանգնել։ Հնարավոր է` հարկավոր էր հետաձգել հանդիպումը: Երբ ես մոտեցա նրան, նա ինձ ասաց. Արի’, և իմ տեղը զբաղեցրու այսօրվա դասախոսությանը: Ես ապշեցի, քանզի անպատրաստ էի նման խնդրանքին: Ես ձեր կրոնի անդամ չեմ և այդ մասին ոչինչ չգիտեմ, ինչպե՞ս կարող եմ նրանց հետ որևէ բանի մասին խոսել: Բայց նա պնդեց՝ ասելով. Կապ չունի։ Խոսիր ինչի մասին ցանկանում ես, ամեն ինչ լավ կլինի: Գնա’ և խոսի’ր… Կենտրոնացիր լսարանի վրա և խոսիր: Վերջապես, նա ինձ համոզեց…
Անցյալ երկուշաբթի Աբդուլ-Բահան հրաժեշտ տվեց մեզ: Մի քանի օրից նա կհեռանա Փարիզից, և ես գիտեմ շատ սրտեր, որոնք հսկայական դատարկություն կզգան և վիշտ կապրեն: Եվ այնուամենայնիվ, միայն մարմինն է լքում մեզ… նրա մտքերը հավատարիմ կմնան մեզ, և նրա անմնացորդ ջերմությունը կպարուրի մեզ, և նրա հոգևոր ազդեցությունը միշտ կմնա նույնը, կատարելապես նույնը: Անկախ նրանից, թե ֆիզիկապես մոտ է նա, թե հեռու իրականում կարևոր չէ, քանի որ աստվածային ուժերը լիովին տարբեր են նյութական աշխարհի օրենքներից. նրանք ամենուր են, միշտ աշխատում են բավարարել յուրաքանչյուր ընկալունակություն, ամեն անկեղծ ձգտում…:
Շարլ Բլեշը, ֆրանսիացի աստվածաբան, Ֆրանսիայի Թեոսոֆական համայնքի նախագահն ու գլխավոր քարտուղարն էր, երբ Աբդուլ-Բահան ելույթ ունեցավ Թեոսոֆների հավաքների ժամանակ: Նա գրել է.
Աբդուլ Բահան, իմ կարծիքով, տիեզերական սիրո կատարյալ մարմնացում է: Նա եղբայրության և խաղաղության իսկական և իդեալական մարգարե է: Նա կատարյալ աստվածային օրինակ է, որին մենք բոլորս պետք է հետևենք... և մենք բոլորս սիրում և պատվում ենք Նրան, քանի որ Նա միևնույն ժամանակ այնքան աստվածային է և այնքան մարդկային… Լսեք նրա իմաստության և գիտելիքի խոսքերը: Մոռացեք ձեր սեփական մտքերն ու գաղափարները մեկ ժամով և թող ձեր միտքը լցվի աստվածային ոգու մասին նրա պատկերացումներով:
Մոդ Հոլբախը անգլիացի ճանապարհորդագիր էր, ով Աբդուլ-Բահայի հետ հանդիպեց տարբեր վայրերում: Նա գրել է.
Վիեննայում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր… բարոնուհի ֆոն Զուտները դիմեց Աբդուլ-Բահային և նրա հետ քննարկեց միջազգային խաղաղության թեման, որի առաջմղումը նրանց ընդհանուր նպատակն էր։ Բուդապեշտում, որտեղ Աբդուլ Բահային հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին և՛ գիտնականները, և՛ սոցիալական բարեփոխիչները, Խաղաղ հասարակության ղեկավարը՝ Հռոմեական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյա, ցույց տվեց իր առատաձեռնությունը՝ ջերմորեն ողջունելով արևելյան հյուրին և կանգնելով նրա հետ հանրային ժողովի ամբիոնում, որտեղ հայտնի հրեա պրոֆեսորը կանգնած էր նրա մյուս կողմում: Այս կերպ նա անձնավորեց կրոնների միությունը, որի համար հանդես էր գալիս Աբդուլ Բահան:
Հունգարիայում Բուդապեշտի համալսարանի արևելյան լեզուների անվանի պրոֆեսոր Արմինիուս Վամբերին Աբդուլ-Բահայի մասին հետևյալ արտահայտությունն է արել.
Չնայած ես ճանապարհորդել եմ իսլամական շատ երկրներով և քաղաքներով, ես երբեք չեմ հանդիպել այդպիսի վեհ բնավորության և վսեմ անձնավորության:
Իսկ հունգարացի նկարիչ և Բուդապեշտի Ապոլոնի աստվածաբանական ընկերության նախագահ Ռոբերտ Նադլերը, ով նկարել է Աբդուլ-Բահայի դիմանկարը, գրել է.
Ես հիացած տեսնում էի, որ նրա դեմքի արտահայտության մեջ արտացոլված է խաղաղություն, մաքուր սեր և կատարյալ բարի մտադրություններ: Նա ամեն ինչ տեսնում էր այնքան օրհնյալ լույսի ներքո, նա ամեն ինչ գեղեցիկ էր տեսնում թե՛ քաղաքի արտաքին կյանքում, թե՛ նրա բնակիչների հոգիներում: Նա գովերգում էր մեր քաղաքի հատակագիծը, հոյակապ Դունայի անցումը, մաքուր ջուրն ու բարի մարդկանց:
Pesti Naplo թերթը գրում է.
Բուդապեշտ է ժամանել մի մեծագույն մարդ: Նա ոչ կայսր է, ոչ արքայազն, ոչ էլ հայտնի գրող։ Նա ,առաքյալե է, մարդկության միավորման մարգարե, Աբդուլ Բահան, բահայիզմի ուսուցիչը։ Մեզ համար, ում միտքը լցված է նյութապաշտությամբ, կարող է տարօրինակ կամ նույնիսկ ծիծաղելի թվալ, որ այսօր կա մի մարդ, ով թափառում է քաղաքից քաղաք՝ փնտրելով իր տառապյալ ընկերների փրկությունը՝ քարոզելով սեր և մարդկային համախմբվածություն: Այնուամենայնիվ, փաստերը հիանալի արդարացում են մարգարեի համար: Ամերիկայում, Անգլիայում և մայրցամաքում, այն երկրներում, որտեղ արդյունաբերական արտադրությունը հասել է ամենաբարձր մակարդակին, միլիոնավոր մարդիկ հավատում են այս նոր հայտնությաաը և բարելավում են գտնում դրանում։
Բուդապեշտի մեկ այլ թերթ հաղորդում է.
Աբդուլ-Բահան ժամանակակից դարաշրջանի երեխա է, և դա, ի թիվս այլ բաների, դրսևորվում է նրա ուսմունքներում: Արտահայտելով Աստծո սուրբ խոսքերը՝ նա հաճախ է անդրադառնում ժամանակակից իդեալներին։ Հավերժական սիրուց և երջանկությունից բացի, նա ամբողջ սրտով առաջ է մղում համաշխարհային խաղաղության գործը և ավելի մեծ ոգևորությամբ, քան նույնիսկ սուֆրաժիստները, պահանջում է կանանց ձայնի իրավունք և հավասարություն տղամարդկանց և կանանց միջև: Այս պարսիկ իմաստունի նոր ու անձնուրաց աշխատանքը արժանի է հարգանքի և մեծ համակրանքի, որով նրան ողջունեցին իր համաշխարհային շրջագայության ժամանակ...:
Բանաստեղծ Խալիլ Ջեբրանն ասել է. Առաջին անգամ ես տեսա մեկին, որը բավականաչափ ազնիվ է Սուրբ Հոգու անոթ լինելու համար:
Աթեիստը գնաց եկեղեցի, որպեսզի լսի Նրա խոսքը, իսկ հետո անհամբեր փնտրեց Նրան Իր տանը: Երբ այդ աթեիստին հարցրին. -Դուք զգացե՞լ եք Աբդուլ-Բահայի մեծությունը,- նա վրդովված պատասխանեց.- Դուք չեք զգում Նիագարայի մեծությունը։
Նրանք, ովքեր հանդիպում էին Նրա հետ, ավելին չէին հասկանում, քան իրենց կարողությունները կարող էին թույլ տալ: Մի աշխարհիկ կին բացականչեց.
Այսպիսի գեղեցկությունը ուժի գեղեցկությունն է։ Եվ այնքան հիասքանչ: Չէ որ նա կատարյալ աշխարհիկ մարդ է։ Եվ ևս մեկ աշխարհիկ կին, որը երկար ժամանակ զրուցում էր Նրա հետ` ,Դու ոչինչ չես կարող թաքցնել նրանից: Նա նայեց իմ սրտին և բացահայտեց դրա բոլոր գաղտնիքները:
Վշտի մեջ գտնվող մի կին, ով դաժան փորձառությունների միջով էր անցել, ասաց. «Նա իմ սրտից հանեց ամբողջ դառնությունը»։ Հայտնի դրամատուրգը, դուրս գալով Աբդուլ-Բահայի սենյակից, հայտարարեց. «Ես Աստծո ներկայությամբ էի գտնվում»: Լի Մաքքլանգը՝ Միացյալ Նահանգների այն ժամանակվա գանձապահը, Ուսուցչի հետ հանդիպելուց հետո, բառեր փնտրելով այն նկարագրելու համար, ասաց. «Ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես մեծ մարգարեի՝ Եսայիայի. Եղիայի ներկայությամբ էի գտնվում: Չէ, այդպես չէ, ասես Քրիստոսի ներկայությամբ: Չէ, այդպես էլ չէ, ես ինձ զգում էի այնպես, ասես գտնվում էի իմ Աստվածային Հոր ներկայությամբ»:
Թուրք դեսպան Զիա փաշան, նվիրված մահմեդական ... գովաբանել է Նրան որպես «դարի լույս, որը եկել է իր փառքն ու կատարելությունը սփռելու մեր մեջ»։
Սրանք ընդամենը մի քանիսն են նրանց պատմություններից, ովքեր հանդիպել են Աբդուլ-Բահային, որոնցից շատերը արդյունքում խորը փոխակերպում են ապրել:
Իրենց անձնական պատասխաններում նրանք, հավանաբար, պատկերացում անգամ չունեին, թե ինչպես այս պատմությունները կազդեին մեզ վրա հիմա, ճիշտ այնպես, ինչպես մենք չգիտենք, թե ինչպես կարող է ազդել Աբդուլ-Բահայի օրինակը հասկանալու և հետևելու մեր սեփական ջանքերը` ապագա սերունդների վրա:
Պարզ է մի բան. Աբդուլ-Բահայի յուրահատկությունը ծառայում է որպես մարդկային նվաճումների, տեսլականի և գործողությունների պարադիգմ՝ տիեզերական սիրո կատարյալ մարմնացում: Որքան ավելի շատ իմանանք նրա մասին, այնքան ավելի ուժեղ կլինի մեր մոտիվացիան՝ հետևելու նրա օրինակին և օգնելու փոխել աշխարհը: