Ընդհանուր առմամբ, մինչև իմ հայր դառնալը, ես այնքան էլ ուշադրություն չէի դարձնում երեխաներին։ Հայրության մասին իմ պատկերացումները շատ աբստրակտ էին։ Երբեմն մտածում էի երեխաներ ունենալու մասին՝ աղջիկ կամ տղա, և սա այն ամենն է ինչը կարող եմ հիշել հայրության մասին խոսելիս։
Երբ ամուսնացա, շարունակում էի լուրջ չընդունել իմ դերը, որպես հայր՝ կարծելով, որ կինս պետք է զբաղվի երեխաների դաստիարակության հարցերով։ Նա ավելի շատ փորձառություն ուներ երեխաների խնամքում, քանի որ հիմնականում աղջիկներին են խրախուսում ուսումնասիրել կյանքի այս կողմը և նրանց շատ հնարավորություններ է ընձեռվում զարգացնել երեխաներին խնամելու իրենց հմտությունները։ Բացի այդ նա աշխատում էր մանկապարտեզում, հետևաբար դաստիրակում էր երեխաների։
Սակայն երբ ծնվեց մեր առաջին բալիկը, բժիշկները պայքարում էին կնոջս կյանքը փրկելու համար, քանի որ ծննդաբերության ընթացքում առաջացել էին բարդություններ։ Երբ գրկեցի փոքրիկիս, հասկացա, որ հնարավոր է մենակ մնամ նրա հետ, սակայն ես պատրաստ չէի այդ պատասխանատվությանը։ Երբ պետք է փոխեի երեխայիս տակդիրը, շփոթվել էի, սակայն բուժքույրն ինձ գոտեպնդեց՝ ասելով, որ պետք է և կարող եմ դա անել։
Հիշեցի ընկերներիցս մեկին, ով ևս առաջին անգամ փորձել էր փոխել երեխայի տակդիրը, իսկ բուժքույրը զայրացած ասել էր, որ սխալ է անում և թույլ չէր տվել շարունակել։ Այսպիսի մոտեցումներն են ստիպում տղամարդկանց մնալ նույն մակարդակի վրա ու չեն թողնում նրանց զարգանալ։
Բահայի գրվածքներում ասվում է, որ գենդերային անհավասարությունը ոչ միայն զսպում է կանանց, այլև խանգարում է տղամարդկանց իրացնել իրենց հոգևոր ներուժը։
Կանայք հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, կրոններում և արդի հասարակության մեջ նրանք շատ կարևոր տարր են: Քանի դեռ կանայք զրկված են իրենց բարձրագույն ներուժն իրացնելու հնարավորությունից, տղամարդիկ չեն կարողանա հասնել իրենց մեծությանը։
Չնայած ես խաղաղասեր ընտանիքում էի մեծացել և հավատում էի մարդկության միասնությանը, գենդերային հավասարությանը, միևնույն է մտածում էի, որ կարևոր է իմանալ, թե ինչպես պաշտպանվել ֆիզիկապես այլ տղաներից: Ես հավատում եմ, որ նույնիսկ այսօր աշխարհը կրթում է տղամարդկանց պատերազմ գնալու համար: Եվ ես ցավում եմ, որ տղամարդկանց դաստիարակությունը հազվադեպ է նախապատրաստում նրանց այն բանի համար, ինչը հաճախ նրանց ամենակարևոր գործն է՝ լավ հայր ու ամուսին լինելը: Աբդուլ Բահան ասել է.
Անցյալում աշխարհը ղեկավարել է ուժը, և տղամարդը գլխավորել է կնոջը… Բայց հավասարակշռությունն արդեն փոխվել է, ուժը կորցրել է իր գերիշխանությունը. այժմ նախընտրությունը տրվում է մտքի զգոնությանը, ինտուիցիային, հոգևոր հատկանիշներին, ինչպիսիք են սերն ու ծառայությունը, որոնք ավելի բնորոշ են կնոջը: Այսպիսով նոր դարաշրջանը կլինի պակաս տղամարդկային ու ավելի ներծծված կլինի կանացի իդեալներով, իսկ ավելի ճիշտ քաղաքակրթության տղամարդկային ու կանացի բաղադրիչներն ավելի հավասարակշռված կլինեն:
Իմ բախտը բերել է կնոջս հարցում: Նա օգնում է ինձ լինել լավ հայր: Ես շնորհակալ եմ նաև բուժքրոջից, ով գոտեպնդեց ինձ՝ ասելով, որ կարող եմ։ Հիմա ես աշխարհը տեսնում եմ այնպես, ինչպես կա։ Հասարակության նպատակը երեխաներին դաստիարակելն է: Երբեմն լսում եմ, որ մարդիկ դժգոհում են, երբ երեխաներն աղմկում են։ Շատերը բացարձակ անհանդուրժող են երեխաների նկատմամբ։ Սա խտրականության ձևերից մեկն է փոքրերի հանդեպ։ Ընդհանուր առմամբ պետք է մտածել նոր քաղաքակրթության կառուցման մասին, որտեղ կբարձրացվի տղամարդկանց դերը, նրանց նույնպես կսովորեցնեն հոգ տանել իրենց բալիկների, ընտանիքի և շրջապատի մասին։ Երբ մտածում եմ հայ տղամարդու չիրացված ներուժի մասին, մտքիս է գալիս Բահաուլլայի այս մեջբերումը.
Դու կատարյալ կոփված թուր ես, որը ժամանակին ծածուկ է եղել պատյանի մթությունում և դրա իսկական արժեքը հասու չէ անգամ արհեստավորին: Հետևաբար դուրս արի եսի պատյանից ու ցանկացի, որ քո արժեքը դառնա փառահեռ ու ակնառու ամբողջ աշխարհին: