Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Պահեք երեխաներին տված խոստումը 
Հոդվածներ

Պահեք երեխաներին տված խոստումը 

Վստահությունը երեխայի ներաշխարհում ձևավորվող ամենահիմնական արժեքներից է, և այն ծնվում է մեծահասակների խոսքի ու վարքի համընկնումից։ Երբ երեխային տրված խոստումները պահվում են, նրա մեջ ձևավորվում է անվտանգության, հանգստության և հաստատունության զգացում։ Իսկ երբ խոսքն ու գործողությունը չեն համընկնում, խաթարվում է ոչ միայն երեխայի վստահությունը մեծահասակի հանդեպ, այլ նաև նրա պատկերացումը ազնվության, պատասխանատվության և մարդկային հարաբերությունների մասին։

 

Վստահությունը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի հանգստության ու հաստատունության։  Վստահության միջոցով ձեռք են բերվում կայունություն ու համոզվածություն յուրաքանչյուր գործում։

 

Այնպիսի դրական հատկանիշներն, ինչպիսիք են խոսքին հավատարիմ մնալը և տված խոստման անսասանությունը, դրվում են մանկության հասակում։ Եթե հասարակության անդամները հավատարիմ են խոստումներին և հարգում են համաձայնությունները, ապա վստահության դարպասները լայնորեն կբացվեն նրանց համար։

 

Մեզ լավ հայտնի է, տհաճությունների ինչպիսի աղբյուր կարող են լինել մարդիկ, ովքեր չեն կարողանում պահել տված խոստումը, խախտում են հասարակության կանոնավոր ընթացքը։

 

Դուք մեկ զույգ կոշիկ եք պատվիրում կոշկակարին, ով նշում է օր ու ժամ, թե երբ պատրաստ կլինի կոշիկը։ Ցավոք, հաճախ լինում է այնպես, որ նշված ժամին աշխատանքը կատարված չի լինում և անցնում է որոշակի ժամանակ ևս, մինչ պատվերը պատրաստ է լինում։ Դերձակները, մոդելավորողները, ժամագործները, օպտիկայի մասնագետները, վաճառականները, մի խոսքով, հասարակության բոլոր շերտերը տառապում են հիվանդությամբ, որի անվանումը <<պարտադիր չէ>> է։

 

Եթե հասարակությունը ցանկանա ազատվել այդ արատից, ապա այն պետք է բուժումը սկսի երեխաներից։ Հարկավոր է որ սեփական խոստումը պահելու  կարողությունը լինի նրանց համար բնական հատկանիշ, և նրանք սովոր չլինեն խախտել խոստումները։ Ցավոք, հայրերի և մայրերի մեծամասնությունը այսքան կարևոր հատկանիշի զարգացմանը պատշաճ ուշադրություն չեն դարձնում և իրենց պահվածքով երեխաներին անպատասխանատու են դաստիարակում։

 

Մայրը խոստանում է երեխային, որ եթե նա մնա տանն ու լաց չլինի, նա խաղալիք կամ կոնֆետ կգնի նրա համար։ Երբ մայրը խոստում է տալիս երեխային՝ հասկանալով, որ դժվար թե կարողանա այն իրականացնել, նա հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հանգստացնել երեխային տվյալ պահին։ Նրա կարծիքով <<փրկարար ստի>> մեջ վատ բան չկա․ այդ հնարքն անհրաժեշտ է նրա համար, որ երեխան դադարի լաց լինել։ <<Միամիտ>> երեխան, իհարկե, գիտի, որ մայրը նախկինում էլ չի պահել իր խոստումը, բայց լավը հուսալով մնում է տանը։ Նա սրբում է արցունքներն ու փորձում է իրեն լավ պահել՝ անհամբեր սպասելով նվերին։ Վերջապես, սպասողական շրջանը, մահվան պես, մոտենում է իր ավարտին, նա լսում է զբոսանքից վերադարձող մոր ոտնաձայները, ուրախությամբ վազում է դեպի նա՝ հայացքով փնտրելով, թե արդյոք նա իր համար ինչ որ բան է բերել։ Մայրն իհարկե զարմացած է, որ երեխան հիշում է իր խոստման մասին, որն ինքն այդքան հեշտությամբ տվել էր և անհոգաբար խոստովանում է, որ չի պահել խոսքը․ <<Օհ, ես ընդհանրապես մոռացել էի։ Մտա հարևանների տուն և մենք խոսքով ընկանք։ Հաջորդ անգամ ես քեզ համար ամեն ինչ կառնեմ, խոստանում եմ>>։

 

Չկատարած խոստման արձագանքները տարբեր են․ երեխաների մի մասը լաց է լինում,մյուսները մորը մեղադրում են նրանում, որ նա ամեն ինչ հիշել է, ուղղակի չի ցանկացել գումար ծախսել և այլն։ Բայց արդյունքը վերջիվերջո նույնն է։ Քանի որ ծնողները խախտում են խոստումները բավական հաճախ, երեխաները գալիս են հետևյալ ենթադրության․ <<Բոլորովին պարտադիր չէ պահել տրված խոստումները, շատ հայրեր ու մայրեր չեն անում այն, ինչ ասում են, նշանակում է՝ դա այնքան էլ վատ չէ>>։

 

Ծնողներն ու ուսուցիչները պետք է հստակ հասկանան, որ խոստումը պահելու անկարողությունը որոշակի նեգատիվ ազդեցություն կունենա երեխայի դաստիարակության վրա։ Հարկավոր է անել ամեն հնարավոր բան՝ դրանից խուսափելու համար։ Կամ ընդհանրապես պետք չէ խոստումներ տալ, կամ, եթե արդեն տվել եք, դրանք պետք է իրականացնեք ճշգրտությամբ և առանց բացառությունների։ Երեխային ինչ-որ բան խոստանալուց առաջ մտածեք այն մասին, թե կարող եք արդյոք դա կատարել։ Մի կիրառեք խոստումները երեխաներին խաբելու համար, քանզի երեխաների սրտում ցանված այս դատապարտելի սովորության սերմերը մոտ ժամանակում կբողբոջեն, պտուղներ կտան և նրանց սուր փշերը շատ խնդիրների պատճառ կդառնան։

 

Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ