Վերջերս ես ինքս ինձ բռնեցի այն խոսքի վրա, որ «Փողն ինձ չի բավականեցնում» արտահայտությունն ասում եմ շատ հաճախ: Դուք երբևէ ասե՞լ եք սա ինքներդ ձեզ: Այսպիսի ինքնախոսությունը կարող է խորը ազդեցություն ունենալ մեզ վրա, իհարկե, դա ինձ վրա նույնպես ազդեց: Ես իմ չափանիշներով «բավականին» գումար չէի վաստակում։ Այսպիսով, ներքուստ ես այս պակասության զգացումը արտահայտեցի փող չունեմ խոսքերով։
Սա միայն իմ գլխում էր տեղի ունենում: Ես կրկնում էի նույն նախադասությունը իմ գրեթե բոլոր շփումներում: Երբեմն ես դա օգտագործում էի որպես կատակ՝ ընկերներիս ասելով «զրոյի վրա եմ», երբ նրանց հետ ճաշում էի: Մեկ այլ դեպքում այս զգացումն ավելի ցավոտ էր` երբ մենակ էի, երբ ինձ անօգնական կամ դժբախտ էի զգում:
Այս կրկնությունն իմ մտքում և ընկերների հետ իմ քննարկումներում այժմ այնքան հաճախ էր տեղի ունենում, որ այն սկսեց վերածվել համոզմունքի։ Չգիտակցելով, թե ինչպես է այս թվացյալ պարզ նախադասությունն ազդել իմ տրամադրության վրա, ես շարունակ կրկնում էի այն, թեև դա փոխում էր իմ վերաբերմունքը իմ և իմ կյանքի հարստության նկատմամբ: Ես անգիտակցաբար ասում էի այս նախադասությունը նորից ու նորից, մինչև մի վաղ առավոտ հանդիպեցի անհայտ ստեղծագործի գրած մի հատվածի, որտեղ ասվում էր.
Եթե ձեր սառնարանում ուելիք ունեք, հագուստ եք կրում, տանիք ունեք ձեր գլխին և քնելու տեղ, ապա դուք ավելի հարուստ եք, քան աշխարհի բնակչության 75%-ը: Եթե բանկում ունեք փող, դրամապանակ և մանր դրամ, ապա դու աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ 8%-ում եք։ Եթե այս առավոտ առողջ եք արթնացել, և հիվանդ չեք, դուք ավելի օրհնված եք, քան միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն փրկվի այս շաբաթ: Եթե դուք երբեք չեք զգացել պատերազմի վտանգը, բանտարկության կամ խոշտանգումների տանջանքները կամ սովի սարսափելի ցավերը, դուք ավելի երջանիկ եք, քան 500 միլիոն մարդիկ, ովքեր ապրում և տառապում են: Եթե դուք կարողանում եք կարդալ այս հաղորդագրությունը, ապա դուք ավելի բախտավոր եք, քան աշխարհի 3 միլիարդ մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն կարողանում կարդալ այն:
Ցնցող է, չէ՞: Ով գիտի, արդյոք այս վիճակագրությունները ճշմարիտ են, բայց դրանք, իհարկե, արժե հաշվի առնել: Նրանք ինձ ստիպեցին հասկանալ, թե որքան անարդար եմ եղել՝ ասելով «փող չունեմ», երբ փոխարենը ես ակնհայտորեն արտոնյալ կյանքով եմ ապրում:
Ես վստահ եմ, որ մենակ չեմ սակավության մասին այս կարծիքի մեջ, որն այժմ անարդար է թվում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ ես ստացել եմ իմ կյանքում: Հենց հիմա մտածեք, թե օրական քանի անգամ ենք ներքուստ ասում՝ սոված եմ, ընտրություն չունեմ, ես կյանքում ոչ մի բանի չեմ հասել, ընկեր չունեմ կամ Ես անհաջողակ եմ:
Անվստահության այս պահերին մենք պետք է հիշեցնենք ինքներս մեզ, որ բառերն ավելի ուշադիր է պետք ընտրել, քանի որ մեր խոսքերը կարող են ազդել մեր համոզմունքների վրա, և մեր համոզմունքները կարող են ազդել մեր վարքի վրա: Բահաուլլայի` մարգարեի և Բահայի հավատի հիմնադիրի այս մեջբերումը կարող է օգնել մեզ ավելի լավ կողմնորոշվել այս ճանապարհորդության մեջ.
Յուրաքանչյուր բառ օժտված է ոգով, հետևաբար խոսողը կամ մեկնաբանը պետք է զգույշ արտասանի իր խոսքերը ժամանակին և տեղին համապատասխան, որպեսզի յուրաքանչյուր բառի տպավորությունը հստակ տեսանելի և շոշափելի լինի: Մեծագույն Էությունն ասում է՝ մի բառը կարելի է նմանեցնել կրակին, մյուսը՝ լույսին, և ազդեցությունը, որ երկուսն էլ գործադրում են, դրսևորվում է աշխարհում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ ես մտածում էի այն մասին, թե ինչպես եմ օգտագործել իմ ամենօրյա բառերը և ինչպես են դրանք ազդել իմ բարգավաճման և հարաբերությունների վրա, ես հասկացա մի քանի բան.
Հարստության զգացումը` երջանկության զգացման պես, կարող է փոխվել, եթե մենք գիտակցաբար փոխենք մեր տեսակետը։ Երախտագետ լինելու սովորությունը կարող է օգնել մեզ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մեղ շնորհել են, բոլոր հրաշալի մարդկանց վրա, որոնց մենք ճանաչել ենք, և այն ամենի վրա, ինչ մենք հնարավորություն ենք ունեցել զգալու:
Այս սովորությունը ոչ միայն արդյունավետ միջոց է ընդլայնելու մեր մտահորիզոնը, այլ նաև ծառայում է որպես հիանալի հիշեցում այն մասին, թե որքան հաջողակ և հարուստ ենք մենք, և որքան բան ունենք արդեն: Այն հիշեցնում է մեզ, որ մենք չպետք է ընկալենք մեր մարմինը, մեր միտքը, մեր հոգին, մեր փորձը և մեր ողջ ունեցվածքը, որքան էլ այն սահմանափակ լինի, որպես այդպիսին:
Երբևէ բռնե՞լ եք ինքներդ ձեզ այն խոսքի վրա, որ ասում եք. «Ես ինքս բավականաչափ խնդիրներ ունեմ, չեմ կարող օգնել դիմացինին»: Կրկնում եմ` այն, թե ինչպես ենք մենք ընկալում ինքներս մեզ, կարող է ազդել մեր վարքի վրա: Ամեն օր ռմբակոծվելով սոցիալական մեդիայի գրառումները և դիտելով, թե ինչպես են մարդիկ վայելում իրենց հիասքանչ կյանքը, երբեմն մեզ մոտ կարող է պակասության զգացում առաջանալ:
Իսկ եթե փոխարենը մենք ընդունե՞նք և գնահատենք այն, ինչ արդեն ունենք: Այն, ինչ մենք ունենք, կարող է տարբեր լինել՝ ժամանակը, փողը, տաղանդը, բայց այն պահին, երբ մենք գործում ենք առատության և երախտագիտության, այլ ոչ թե սակավության տեսանկյունից, մենք կարող ենք դադարել մտածել ինքներս մեր մասին, ռեսուրսների բացակայության մասին և ավելի անձնուրաց գործել:
Անձամբ ես հասկացել եմ, որ երբ ինձ թվում է, որ ոչինչ չունեմ տալու, կոտրված կամ ձախողված եմ, հակված եմ ավելի եսասիրական որոշումներ կայացնելու: Կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչքան արդեն ունեմ, ես հասկանում եմ, որ կարող եմ ավելի առատաձեռն լինել: Երբ մենք մեզ առատւթյան մեջ ենք զգում, մենք գիտակցում ենք, որ կարող ենք ավելին տալ և ավելի շատ ծառայել ուրիշներին:
Այն պահին, երբ մենք փոխենք մեր մտածողությունը, կհասկանանք, թե որքան հարուստ և ազնիվ ենք մենք արդեն: Նման ժամանակներում ես մտածում եմ Բահաուլլայի Նվիրական խոսքեր առեղծվածային գրքից այս մեջբերման մասին, որը հիշեցնում է ինձ, որ բոլոր մարդիկ վեհանձն են ստեղծվել, և մենք միշտ ընտրություն ունենք վերադառնալու մեր ամենվսեմ տարբերակներին.
«Ո՛վ Ոգու Որդի: Ես քեզ վեհանձն եմ ստեղծել, բայց դու քեզ նվաստացրիր։ Բարձրացիր նրան, ինչի համար ստեղծել եմ քեզ»:
Երբ մենք գիտակցում ենք մեր ներքին հոգևոր վեհությունը, մենք ելք ենք գտնում սակավ մտածելակերպից դուրս գալու և ձեռք ենք բերում ամբողջականության և միասնության զգացում:
Նյութական հարստությունը կարող է հիանալի գործիք լինել ոչ միայն բեղմնավոր կյանքի, այլև ուրիշներին ծառայելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաև հեռացնել մեզ մեր հոգևոր աճից, երբ ընկալվում է որպես մեր կյանքի իմաստ և միակ նպատակ, որին արժե ձգտել: Հետևաբար, կարևոր է ամեն օր հիշեցնել ինքներս մեզ գոյության նպատակի մասին և համապատասխանաբար վերադասավորել առաջնահերթությունները: Թերևս մենք կարող ենք նաև անդրադառնալ այս հարցին. ,Արդյո՞ք ես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է բարձրացնելու համար այն համայնքը և աշխարհը, որտեղ ապրում եմ, թե՞ պարզապես բավարարում եմ իմ նյութական ցանկությունները և իմ էգոն։
Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին և իրավահաջորդը, ասել է.
Նյութական բարգավաճումը իսկապես լավ է և գովելի, բայց եկեք չանտեսենք ավելի կարևոր հոգևոր առաջընթացը և բացենք մեր աչքերը մեր մեջ շողացող Աստվածային լույսին ընդառաջաջ:
Շրջապատված լինելով նյութապաշտությամբ, որը մեր ինքնարժեքը չափում է մեր վաստակած գումարի չափով, հագուստով, մեր ճանապարհորդած տեղերով և մեր արտաքին հաջողություններով, այն կարող է ստիպել մոռանալ հոգևոր հարստության կարևորությունը:
Այն ամենի հետ, ինչ մեզ շրջապատում է, երբեմն ավելի ու ավելի դժվար է դառնում հիշելը, թե որքան աղքատ կարող ենք լինել հոգեպես: Բահայի ուսմունքներն ասում են.
… երջանկությունն այս երկրի վրա հարստությունից կախված չէ: Դուք կարող եք տեսնել, որ հարուստներից շատերը անցնում են վտանգների և դժվարությունների միջով, և մահվան մահճում գտնվող իրենց վերջին պահերին ափսոսում են, որ պետք է բաժանվեն այն ամենից, ինչին այդքան կապված են իրենց սրտերը:
Անդրադառնալով այս ամենին՝ ես հասկացա, որ ինձ համար կարևոր է մտորումների ամենօրյա պահեր սահմանել ինքս ինձ համար, ինչպես նաև շրջապատել իմ կյանքը այնպիսի միջավայրով, որն ինձ հիշեցնում է, թե իրականում ինչ է նշանակում իսկական և հարատև հարստություն: Նման պահերին ես հիշում եմ Աբդուլ-Բահայի այս հատվածը.
Մարդու երջանկությունն ու մեծությունը, կոչումն ու պաշտոնը, հաճույքն ու հանգստությունը երբեք չեն ամփոփվել նրա անձնական հարստության մեջ, այլ նրա գերազանց բնավորության, մեծ վճռականության, գիտելիքների ընդարձակության և դժվարին խնդիրները լուծելու կարողության մեջ են եղել:
Շրջապատելով մեզ մարդկանցով, մեդիա բովանդակությամբ և միջավայրերով, որոնք խրախուսում են մեզ հոգևոր ճանապարհորդության մեջ, մենք կարող ենք զարգացնել մեր ներքին առաքինությունները: Սա կարող է նշանակել, որ մենք պետք է ավելի գիտակցված որոշումներ կայացնենք այն մասին, թե ինչ ենք լսում, ինչի ենք ենթարկում մեր միտքը և ինչ խոսակցությունների մեջ ենք ամեն օր: Այս կերպ մենք կարող ենք ընտրել այնպիսի միջավայր, որը կօգնի ձեռք բերել հոգևոր որակներ և առաքինություններ և հասնել հարատև ու իսկական հարստության: