Պետք է մշտապես հոգ տանել ընտանեկան կապերի ամրության մասին և չոտնահարել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի իրավունքները․․․ Ինչպես որդին որոշակի պարտավորություններ ունի ծնողի հանդեպ, այնպես էլ ծնողն ունի որոշակի պարտավորություններ որդու նկատմամբ։
Շատ ընտանիքներում երեխաների միջև մրցակցության, կշտամբանքի, կողմնակալության ոգի կա։ Մայրն ավագ դստեր համար զգեստ է կարել, փոքրն անմիջապես խնդրում է իր համար էլ կարել, չնայած նա բավականաչափ շոր ունի։ Հայրը փոքր տղայի համար կոշիկ է գնել, մեծն անմիջապես պահանջում է նույնատեսակ ուշադրություն։
Դուք կարող եք նկատած լինել, թե ինչպես են երեխաներն ուշադրությամբ հետևում մորը, ով հավասար նրանց միջև բաժանում է քաղցրավենիքն ու մրգերը։ Նրանք նայում են, որ մյուսին ավել կամ պակաս չհասնի։ Անգամ երբ երեխաները ստանում են իրենց բաժինը, նրանք համամեմատելու են, կրկին հաշվելու են, չափելու են ու կշռելու, որպեսզի վստահ լինեն, որ բաժանման ժամանակ բոլորը հավասարաչափ են ստացել և որ ամեն բան «արդար» է բաժանվել։
Եթե մենք արդարություն ասելով հասկանում ենք իրավունքների ադմինիստրատիվ փոխանցումը նրան, ով առաջ է քաշում արդարացի պահանջներ՝ հաշվի առնելով նրանց դիրքը, տարիքը, մտավոր կարողություններն ու այլ որակները, ապա երեխաները, վերաբերմունքի մեջ պահանջելով ամբողջական հավասարություն, շատ հաճախ այդ հասկացության մեջ բոլորովին այլ իմաստ են դնում։ Այդ իսկ պատճառով նրանք ցույց են տալիս եսասիրություն և էգո, ամեն ինչ դատում են իրենց տեսանկյունից՝ իրենց պահվածքը բոլորի համար օրինակ համարելով։
Այդ ամենի պատճառը բավականաչափ հստակ է․ մանկության տարիներին երեխան առաջնորդվում է բնազդներով, իսկ առողջ բանականությունը և տրամաբանական մտածողության ունակությունը դեռևս նոր են սկսում ի հայտ գալ։ Առողջ մրցակցությունը, ավելին իմանալու, գիտելիքներ ձեռք բերելու, հորիզոններն ընդլայնելու, ավագ եղբայրներից ու քույրերից հետ չմնալու ցանկությունը կարելի է միայն ողջունել։ Բայց եթե մրցակցությունը դառնում է ատելության ու թշնամանքի աղբյուր, ընտանքում առաջանում են կասկածամտություն, անվստահություն, վեճեր, ապա դա, անկասկած վատ է և վտանգավոր, քանզի երեխաների մոտ նրանց պահվածքի մեջ շեղումների առաջացման խթան է դառնում։ Մեծանալով՝ նրանց մոտ ի հայտ են գալու եսասիրություն, եսակենտրոնություն ու սառնասրտություն։
Մենք կարող ենք առաջարկել երկու մեթոդ՝ մրցակցությունը կանխելու և տանը բարության, հանգստության, փոխադարձ ուշադրության մթնոլորտ ստեղծելու համար։
1․ Ցավոք, շատ ծնողներ իրենց երեխաների հանդեպ չափազանց սխալ են պահում իրենց։ Նրանք անընդհատ իրենց սերն ու կապվածությունն են ցուցադրում մի երեխայի հանդեպ, և դժգոհություն են ցույց տալիս մյուսի հանդեպ։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մայրն ու հայրը առանձնացնում մի երեխային, նրան դարձնում իրենց «ֆավորիտը», նրան չափազանց ուշադրություն ցույց տալիս, մինչդեռ մյուսի նկատմամբ խուսափողական դիրք են գրավում։ Ծնողների՝ դաստիարակության նկատմամբ նման անմտածված մոտեցման ուղիղ արդյունքը կլինի նախանձի զգացումը և եղբայրների ու քույրերի միջև անառողջ մրցակցությունը, որն աստիճանաբար կարող է վերաճել ատելության ու թշնամանքի։
Օրինակ, հայրը վերադառնում է տուն և ուշադրություն չդարձնելով մյուս երեխաներին, գնում է իր սիրելիի մոտ, գրկում է նրան, համբուրում, նվերներ տալիս, չմտածելով հետևանքների մասին՝ սրանով նա անձամբ նախանձը սադրողի դեր է ստանձնում։ Եթե այդ պահին այդտեղ մի անկողմնակալ դիտորդ լիներ, ապա նա կկարողանար երեխաների դեմքին կարդալ քննադատություն՝ հոր այդքան անարդարացի գործողությունների համար։ Ակնհայտ է, որ հոր նման քննադատության արժանի պահվածքը նախանձի ու դժգոհության կրակ է բռնկում նրանց սրտերում, միմյանց հետ մրցակցության ցանկություն առաջացնում։
Շատ բան է կախված նրանից, թե ինչպես են հայրերն ու մայրերը կառուցում դաստիարակչական գործընթացը։ Ծնողներին հարկավոր է բավականաչափ ուշադրություն հատկացնել բոլոր երեխաներին՝ նրանց տարիքին համապատասխան, գովել նրանց կարողությունները, և ըմբռնում կլինի․ եթե երեխաները հավասար դիրքերում են, չեն խախտվում ոչ մի երեխայի իրավունքները և բոլորի վրա դրվում է պատասխանատվություն իրենց արարքների համար, ապա նրանք կիմանան, որ ընտանիքում իրենց դիրքը կայուն է և խտրականություն գոյություն չունի։
Հայրն ու մայրը հանդիսանում են ընտանիքի ղեկավարները, իսկ երեխաները՝ նրա հավասար իրավունքներով անդամները։ Ճիշտ այնպես, ինչպես արդար կառավարությունն է երաշխավորում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ ունի կառավարության առջև, այնպես էլ ծնողները, դաստիարակելով երեխաներին պետք է հետևեն իրենց փոքրիկ <«պետության» բարոյական կանոններին․ Երեխաների միջև վերացնեն խանդի զգացողությունը, չնախընտրեն մի երեխային մյուսից, իրենց սերն ու կապվածությունը հավասարապես տարածեն բոլորի վրա, պաշտպանեն յուրաքանչյուրի դիրքն ու կարգավիճակը։
2․ Ծնողները, օգտագործելով հարմար առիթը, կարող են բացատրել, որ նրանցից յուրաքանչյուրը հատուկ դիրք է զբաղեցնում ընտանիքում՝ իր տարիքով, հասկանալու ունակությամբ, կարողություններով ու գիտելիքներով պայմանավորված, և նրանք բոլորը կարող են տեղավորվել «միևնույն աթոռին»։ Օրինակ, ավագ եղբայրն ավելի շատ ուտելիքի կարիգ ունի, որովհետև նա բարձրահասակ է, փոքրից ավելի ուժեղ է և կարող է կատարել այն աշխատանքները, որոնք փոքրի համար դեռ հասանելի չեն։
Այնպես, ինչպես Աստված է բարի իր բոլոր ծառաների հանդեպ, այնպես էլ ծնողներն են սիրում իրենց բոոր երեխաներին և նրանք բոլորն էլ հավասար են ծնողների աչքին, բոլորն էլ թանկ են, արժեքավոր են նրանց համար։ Եվ չնայած խելամիտ ծնողների ուշադրությունը հավասարաչափ կենտրոնացած է նրանցից յուրաքանչյուրի վրա, նրանք չեն կարող բոլորի հետ նույն կերպ շփվել այն պատճառով, որ երեխաներն ունեն տարբեր տարիք, փորձ, մտածողության մակարդակ, կարողություններ և իհարկե տարբեր պարտականություններ ընտանիքում։ Եթե երեխան վստահ է, որ նա իր ապահով տեղն ունի ծնողական սրտում, ապա նրան չի անհանգստացնի ծնողների լավ վերաբերմունքը ընտանիքի մյուս անդամների հանդեպ։ Երեխաների միջև նախանձն ու մրցակցությունը կարելի է հաղթահարել, եթե ծնողները հոգ տանեն բոլոր երեխաների մասին և անկեղծ սիրեն նրանց։