Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մուհամմադ մարգարեն և Իսլամի ծագումը
Հոդվածներ

Մուհամմադ մարգարեն և Իսլամի ծագումը

Մուհամմադ մարգարեի կյանքը և գործունեությունը մարդկության պատմության մեջ նշանավորեցին նոր հոգևոր ուղու սկիզբը, որը հիմնված էր միաստվածության, արդարության և հասարակական պատասխանատվության վրա։ Նրա ստացած հայտնությունները ձևավորեցին Իսլամի հիմքը՝ ուղղորդելով մարդկանց դեպի հավատ, կարգապահություն և համայնքային միասնություն։ Այս պատմությունը ներկայացնում է Մուհամմադի ճանապարհը՝ ներքին որոնումներից դեպի մարգարեական առաքելություն և մի նոր քաղաքակրթության ձևավորում։

 

Նա սիրում էր առանձնանալ իր հայրենի Մեքքա քաղաքի մոտակայքում գտնվող Հիրա լեռան վրա։ Նրան անվանում էին Մուհամմադ, Աբդ Ալլահի որդի, և նա այդ ժամանակ, 610 թ-ին (կամ 608 թ․) 40 տարեկան էր։

 

Մի անգամ, իր ամենամյա ճգնավորության ժամանակ, նա, երկարատև մտորումներից հոգնած մտավ քարանձավ ու քնեց։ Երազում նրան հայտնվեց ինչ-որ մեկը՝ ձեռքին կտորով փաթաթված գիրքը և ասաց․ «կարդա՛»։ «Ես կարդալ չգիտեմ», - պատասխանեց նա։ Հայտնվողը սկսեց նրան գրքով խեղդել, հետո բաց թողեց ու ասաց․ «կարդա՛»։ Վախենալով իր կյանքի համար՝ Մուհամմադը հարցրեց «Ի՞նչը պետք է կարդամ»։ Այսպես հնչեց պատասխանը․

 

Կարդա հանուն քո Աստծո, ով ստեղծել է:

 

Ստեղծել է մարդուն շինվածքից։

 

Կարդա՛, քո առատաձռն Աստված,

 

 Ով սովորեցրել է Քալամները,

 

Սովորեցրել է մարդուն այն ամենն, ինչ նա չգիտեր։ 

 

Մուհամմեդը կրկնեց դա ու հանգիստ թողնվեց։ Հետո նա պատմեց․ «Ես արթնացա, և սրտումս ասես դաջվածք արած լիներ»։

 

Նա կանգնեց սարի լանջի վրա, որտեղ գիշերել էր և երկնքից ձայն լսեց «Ով, Մուհամմադ, դու Ալլահի դեսպանորդն ես, իսկ ես՝ Ջիբրիելը»։ Ամպերի մեջ՝ ոտքերը հորիզոնին հենած, կանգնած էր նրա գիշերային հյուրը։ Ուր էլ որ շրջվեր Մուհամմադը՝ նա կանգնած էր նրա դիմաց։ Հետո նա անհետացավ։

 

Այսպես, ըստ ավանդապատման, Մուհամմադին երկնքից ուղարկվեցին Հայտնությունները, որոնք միասին կազմում են Իսլամի Սուրբ Գիրքը՝ Ղուրանը, ինչը նշանակում է «ընթերցանություն»։ Դա այն է, ինչ Մուհամմեդից պահանջում էր կարդալ, այն էլ բարձրաձայն կարդալ Ջիբրիել հրեշտակը։ Քրիստոնեության մեջ նրան անվանում են Գաբրիել Հրեշտակապետ։ Մուհամմադը պետք է լսեր Աստծո խոսքերը, հիշեր դրանք, կրկներ մարդկանց ու սովորեցներ նրանց այն ամենն, ինչ Աստված սովորեցրել էր իրեն։

 

Մեքքա քաղաքը, որտեղ ապրում էր Մուհամմադը, գտնվում է Արաբական թերակղզու արևելյան հատվածում։ Այնտեղ է ծնվել Մուհամմադը և մեծացել իր պապի տանը։ Նա շատ վաղ է կորցրել ծնողներին։ Ինչպես և Մեքքայի բնակիչների մեծամասնությունը, Մուհամմադը մասնակցում էր քարավանային առևտրին։ Մեծանալով, նա դարձավ հարուստ մի այրի կնոջ՝ Խաջիջայի գործակատարը և շուտով ամուսնացավ նրա հետ։

 

Մեքքայում վեր էր խոյանում ալ-Քաաբան՝ Արաբիայի կարևորագույն սրբավայրերից մեկը։ Շինության արևելյան անկյունում զմռսած էր «սև քարը»՝ հալեցված ասուպ, որը համարվում էր երկնքից մարդկանց ուղարկված մոգական ուղերձ, իսկ ներսում տարբեր աստվածությունների կուռքերն էին։ Մեքքայի շրջակայքում ապրում էին վայրի ցեղեր, ովքեր հավատում էին բազում աստվածների և Մեքքա էին գալիս երկրպագելու նրանց։ Քաղաքի ներսում ապրում էին տարբեր կրոնների պատկանող մարդիկ։ Մուհամմադը սիրում էր միայնության մեջ խորհրդածելը, պահքը, նա հոգ էր տանում աղքատների մասին և հաճախ առանձնանում էր Մեքքայի մերձակայքում գտնվող Հիրա լեռան վրա, որտեղ և նա ունեցավ իր առաջին տեսիլքը։ Հետո տեսիլքները շարունակվեցին։ Մուհամմադը և՛ վախենում էր, և՛ տխրում։ Ուրախանում էր, որ իր հետ խոսում էր Ալլահ Աստված, վախենում էր, որովհետև իր մեջ վստահություն չէր զգում։

 

Բայց վստահությունն օր օրի աճում էր և Մուհամմադը ուժ գտավ իր մեջ անելու այն, ինչ իրենից պահանջում էր Ալլահը։ Նա դուրս եկավ մարդկանց մոտ և սկսեց նրանց ներկայացնել Ղուրանը՝ Աստծո Խոսքը։ Նա կոչ էր անում հրաժարվել բազմաստվածությունից  և հավատալ միայն Մեկ Միասնական Աստծուն՝ Ալլահին։ Ալլահը ստեղծել է աշխարհն ու մարդկությանը սովորեցրել ամեն ինչ, և նրանց տվել սնունդի միջոց, բայց մարդիկ գոռոզացել են ու մոռացել Աստծուն։ Ալլահը պատժում է գոռոզոության ու պարգևատրում հնազանդության ու հավատի համար։ Մարդկային կյանքն անվերջ չէ։ Յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխան պիտի տա։ Նա, ով հավատում է Ալլահին և ճշմարիտ գործեր է անում, հավերժ կապրի դրախտային այգում։ Իսկ նրանց, ովքեր շեղվում են ճանապարհից ու հավատում հեթանոս աստվածներին, գեհենի կրակներն ու դժոխքն են սպասում։ Այս տեսակետները նորություն չէին, Մեքքայի բնակիչները քրիստոնյաներից գիտեին և՛ Միասնական Աստծո մասին, և՛ դժոխքի ու դրախտի։ Իրականում Մուհամմադը հենց դա էլ ասում էր, որ Ալլահը հենց նույն Աստվածն է, ինչ հուդայականների ու քրիստոնյաների մոտ, սակայն նրանք մոռացել են, թե ինչ են նրանց սովորեցրել Մուսա (Մովսես) և Իսա (Հիսուս) մարգարեները և խեղաթյուրել են Նրանց ուսմունքները։

 

Այդ էր պատճառը, որ Մուհամմադը կարծում էր, որ հուդայականներն ու քրիստոնյաներն ուրախությամբ կընդունեն իր քարոզը, որպեսզի մաքրվեն։

 

Բայց նա սխալվում էր, նրան ոչ ոք չընդունեց։ Սկզբում մարդիկ ծիծաղում էին նրա վրա ու կարծում, որ նա ցնորված է։ Սակայն աստիճանաբար Մուհամմադի քարոզը սկսեց գրավել սկզբում մեկին, հետո մյուսին։ Դրանք տարբեր մարդիկ էին՝  ստրուկներ, քոչվորներ, անտոհմ աղքատներ ու ազնվական երիտասարդներ, նրանք բոլորը գնալով էլ ավելի էին հավատում Մուհամմադին։ Տեղի նախկինների վերնախավը անհանգստացավ՝ վտանգ զգալով արաբական աստվածների կռապաշտության համար։

 

Սկսվեցին առաջին հալածանքները։ Մահմեդականներին վռնդում էին հասարակական վայրերից, ծեծում էին, թույլ չէին տալիս աղոթել։ Տոհմի մեծերը երիտասարդներին թույլ չէին տալիս հանդիպել Մուհամմադի հետ։ Արդեն մոտ 10 տարի էր, ինչ Մուհամմադը ուսուցանում էր Մեքքայում, բայց ոչ մի արդյունք չկար։ Չնայած նրան, որ նրա հետևորդների քանակն ավելանում էր, հետապնդումները նույնպես ուժգնանում էին։ Սակայն Մեքքայի տարածքներից դուրս Նրա՝ արդարադատ, իմաստուն ու Վերին Ուժերի հետ կապ ունեցող մարդու հեղինակությունն ավելի ու ավելի էր զարգանում։ Տոնավաճառի առթիվ Մեքքա եկած արաբները լսում էին Մուհամմադի խոսքն ու դրա մասին պատմում այլոց։

 

Մեքքայից հյուսիս գտնվում էր Յասրիբ օազիսը։ Այնտեղ տարբեր ցեղախմբեր էին ապրում, ովքեր մշտապես պատերազմում էին միմյանց հետ ու ոչ մի կերպ չէին կարողանում քաղաքի ղեկավար ընտրել։ Այդ ժամանակ նրանք որոշեցին հրավիրել Մուհամմադին, համաձայնեցին Նրան ընդունել որպես Ալլահի Մարգարե և Նրա ձեռքը հանձնել իրենց ժողովուրդների իշխանությունը։

 

Յասրիբացիները Մուհամմադի հետ համաձայնություն կնքեցին, որը հաստատվեց երդմամբ, և մահմեդականներն աստիճանաբար սկսեցին լքել իրենց հայրենի քաղաքն ու տեղափոխվել Յասրիբ։ Վերջինը Մեքքան լքեց Մուհամմադը՝ Իր հավատարիմ հետևորդի՝ Աբու Բաքրի ուղեկցությամբ։ Հեռացումը տեղի ունեցավ գաղտնի, լուրեր էին պտտվում, որ մեքքացիները ցանկանում էին սպանել Մարգարեին։

 

622 թ-ի սեպտեմբերի 20-ին Մուհամմադը հասավ Յասրիբ։ Տեղի ունեցավ նրա Հիջրան (տեղափոխումը)՝ իսլամի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այդ տարվա առաջին օրվանից, ըստ լուսնային օրացույցի, սկսվում է մահմեդական ժամանակագրությունը։ Յասիբը հետագայում անվանվեց Մադինաթ-ան-նաբի՝ Մարգարեի քաղաք կամ ուղղակի Մեդինա-քաղաք։

 

Կառուցվեց Մուհամմադի տունը։ Նրա կողքին՝ առաջին մզկիթը: Աստիճանաբար կարգավորվեցին մահմեդականների պահելաձևի կանոնները, իրավունքներն ու պարտականությունները։ Կյանքի օրենքները Ալլահի կողմից ուղարկվեցին մարդկանց։ Նա շարունակում էր Մուհամմադին ուղարկել նոր Հայտնություններ։

 

Ստեղծվեց մարդկանց նոր համախումբ, ոչ թե արյունակցական կապով, այլ Միասնական Աստծո հանդեպ հավատով։ Սա մահմեդական համայնք էր՝ ումմա։ Մուհամմադը ղեկավարում էր այն, ինչպես նաև կառավարում էր ողջ քաղաքը։

 

Մահմեդականներն օրական 5 անգամ աղոթում էին, պահք էին պահում, արտասանում էին սուրբ խոսքերը․ «Չկա Աստված՝ Ալլահից բացի, և Մուհամմադը Նրա Մարգարեն է»։ Նրանք պարտավորվում էին իրենց եկամտի մի մասը տալ համայնքի կարիքները լուծելուն, աջակցել աղքատներին։ Արգելված էին ալկոհոլային խմիչքները, ազարտային խաղերը և ընդունված էին շատ այլ կանոններ։

 

Բայց բարեկեցիկ կյանքով ապրող համայնքի օրինակը բավարար չէր, որպեսզի իսլամն ամենուր հաղթեր։ Այն ժամանակներում արաբական ցեղերը զարգացման շատ ցածր փուլում էին։ Շատ արաբներ ապրում էին կողոպուտի ու ավազակության հաշվին։ Պատահում էր՝ երեխային, եթե աղջիկ էր ծնվում, ով իրենց պետք չէր, ողջ-ողջ թաղում էին։ Եթե, օրինակ, մահանում էր մեկն, ով բազմաթիվ կանայք ուներ, այդ կանանց տղաները շտապում էին մեկը մյուսի մորն իրենց վերցնել ու տիրել։ Եթե որդիներից մեկը ծածկոցը գցեր կանանցից մեկի գլխին ու գոռար «Սա իմ սեփականությունն է», կինը դառնում էր նրա ստրուկը և տղամարդը կարող էր նրա հետ անել այն ամենն, ինչ ցանկանար։ Կինը ոչ մի իրավունք չուներ։ Մուհամմադը նման պայմաններում ու նման ժողովրդին բերեց Ալլահի խոսքը։ Այդ էր պատճառը, որ Մուհամմադը հաճախ էր ստիպված լինում զորք հավաքել ու զենքով պաշտպանել նոր կրոնը։ Նա նաև ստիպված էր լինում պայքարել մեքքացիների հետ, ովքեր չէին ցանկանում ճանաչել նրան։ Միայն 630թ-ին Մեքքան ճանաչեց Մուհամմադին և ալ Քաաբան ընդունեց իսլամը։ Հեթանոսական կուռքերը դուրս նետվեցին այնտեղից և այն դարձավ մահմեդականների սրբության սրբոցը։ Մուհամմադը չվերադարձավ Մեքքա։ Մեդինայից Նա դեսպաններ ուղարկեց Արաբիայի տարբեր ծայրեր և բյուզանդական կայսերը։ Կայսրը չպատասխանեց,  բայց ցեղերի առաջնորդները լսելով Մուհամմադի պատերազմական հաղթանակների մասին, գալիս էին նրա մոտ՝ պատրաստ դաշինք կնքելու ու անգամ իսլամն ընդունելու։

 

632թ-ի հունիսի 8-ին Մարգարեն հիվանդացավ ու մահացավ։ Ըստ ավանդապատման՝ դա նրան մատուցած թույնի հետևանք էր։

 

Իսլամի շնորհիվ՝ տգետ, միմյանց հետ պատերազմող ժողովուրդներից ստեղծվեց քաղաքակիրթ պետություն։ Դարի կեսերին, երբ Եվրոպան ընկղմվեց ինկվիզիցիայի խավարի ու տգիտության մեջ, արաբական ժողովուրդները վեհացան բոլորից գիտության ու արվեստների, մաթեմատիկայի ու կառավարման բնագավառներում։ Այդ քաղաքակրթության հիմնադիրը անկիրթ մի մարդ էր՝ Մուհամմադը։ 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ