Մենք արդեն բազմիցս խոսել ենք հոգու մասին: Գիտեք, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի, կարելի է ասել, որ նրանք կազմում են երկու կուսակցություն: Առաջին կուսակցությունը հերքում է հոգին և պնդում, որ մարդը որպես տեսակ պատկանում է կենդանիներին, նրանք ասում են. <<Ինչ է, մենք չե՞նք տեսնում, որ մարդիկ և կենդանիները օժտված են նույն ունակություններով և զգացողությամբ: Այն պարզ, առանձին տարրերը, որոնք լցնում են տիեզերքը, զուգորդվում են անվերջանալի համակցությամբ, և ամեն մի համակցությունից մի արարած է ստացվում: Այդ արարածների մեջ կա նաև հոգուն տիրողը, որն օժտված է ունակություններով և զգացմունքներով: Որքան ավելի կատարյալ է համադրությունը, այնքան վեհանձն է արարածը:
Մարդու մարմնում տարրերի համադրությունն ավելի կատարյալ է, քան ցանկացած այլ էակի բաղադրությունը, այստեղ խառնուրդը հասնում է բացարձակ հավասարակշռության, ուստի նա ավելի վեհանձն է և կատարյալ>>: <<Նա չի տիրապետում,- ասում են նրանք,- որևէ առանձնահատուկ ունակություններոիի կամ հոգու, որը չունեն կենդանիները: Կենդանիները օժտված են զգայուն մարմիններով, բայց մարդը, իր որոշ կարողությունների մեջ ավելի զարգացած է, չնայած, ինչ վերաբերվում է արտաքին զգայարաններին, ինչպիսիք են լսողությունը, տեսողությունը, համը, հոտը, հպումը և անգամ որոշ ներքին ունակություններ, օրինակ՝ հիշողությունը, կենդանիներն ավելի օժտված են, քան մարդը>>: <<Կենդանիները նույնպես,- ասում են այս մարդիկ,- ունեն խելք և ընկալելու ունակությոն>>: Այս մարդիկ միայն ընդունում են, որ մարդու ինտելեկտն ավելի բարձր է:
Ահա թե ինչ են պնդում ժամանակակից փիլիսոփաները, այդպիսին են նրանց խոսքերը, այդպիսին են նրանց ենթադրությունները և այդպես է թելադրում նրանց երևակայությունը: Այսպիսով, օգտագործելով հզոր փաստեր և ապացույցներ, նրանք ենթադրում են մարդու ստեղծումը կենդանուց և պնդում, որ եղել են այնպիսի ժամանակներ, երբ մարդը եղել է կենդանի, իսկ հետո աստիճանաբար տեսակը փոխվել և զարգացել է, մինչև որ հասել է մարդու ներկայիս դիրքին:
Աստվածաբանները, սակայն ասում են. <<Ոչ՛, դա այդպես չէ: Չնայած նրան, որ մարդը օժտված է ունակություններով և արտաքին զգացումներով այնպես, ինչպես կենդանիները, նրա մեջ դեռ գոյություն ունի հատուկ ուժ, որին կենդանիները չեն տիրապետում: Գիտությունները, արվեստը, գյուտերը, արհեստներն ու իրերի իրական էություն խորասուզվելը այդ հոգևոր ուժի արդյունքն է: Սա այն ուժն է, որն ընդգրկում է ամենը, հասկանում է դրանց իրական էությունը, բացահայտում է էակների բոլոր նվիրական գաղտնիքները և այդ գիտելիքի օգնությամբ ղեկավարում է նրանց: Նրան անգամ հասանելի են այն բաները, որոնք ներկա չեն արտաքին աշխարհում, այսինքն աննյութական էությունները, որոնք ենթակա չեն զգայարաններին և չունեն արտաքին դրսևորում, քանի որ նրանք անտեսանելի են: Այսպիսով, այդ ուժն իր մեջ ներառում է մարդու միտքը, հոգին, հատկությունները, բնույթները, մարդու սերն ու վիշտը, որոնք իրենցից ներկայացնում են ոչ նյութական էություններ:
Ավելին, ներկայումս գոյություն ունեցող բոլոր գիտությունները, արվեստները, օրենքները և մարդկության անհամար գյուտերը ժամանակին անհայտ, խորհրդավոր և թաքնված գաղտնիքներ էին, և միայն մարդկային համախմբող ուժը կարողացավ բացահայտել դրանք և լույս աշխարհ հանել անտեսանելիի տիրույթից: Այսպիսով, հեռագիրը, լուսանկարչությունը, ձայնագրիչը և նմանատիպ գյուտերը ու զարմանալի արվեստները ժամանակին թաքնված գաղտնիքներ էին: Մարդկային էությունը դրանք բացահայտեց և լույս աշխարհ բերեց անտեսանելի տիրույթից: Ի վերջո, եղել են նույնիսկ ժամանակներ, երբ երկաթի հատկությունները, որին մենք բոլորս սովորել ենք, և ընդհանրապես, բոլոր օգտակար հանածոների հատկությունները թաքնված գաղտնիքներ են եղել, մարդիկ բացահայտել են երկաթի հանքը և վերամշակման միջոցով տվել են այն տեսքը, որն օգտագործվում է ժամանակակից արդյունաբերության մեջ: Նույնը կարելի է ասել մարդու բոլոր մյուս հայտնագործությունների ու գյուտերի մասին, որոնք անթիվ են>>:
Դա անհնար է հերքել: Եթե մենք ասենք, որ այս ամենը տեղի է ունեցել շնորհիվ այն ունակությունների, որոնցով օժտված են կենդանիները, ինչպես նաև մարմնական զգայարանների շնորհիվ, ապա չենք կարող չտեսնել, որ կենդանիները հնարավորությունների առումով գերազանցում են մարդկանց: Օրինակ, կենդանիների տեսողությունը շատ ավելի սուր է, քան մարդկանցը, նույնը վերաբերվում է հոտառությանն ու համի զգացումներին: Կարճ ասած, կարողությունների մեջ, որոնցով հավասարապես օժտված են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, կենդանիները հաճախ գերազանցում են մարդկանց: Օրինակ, վերցնենք հիշելու ունակությունը: Եթե աղավնուն տանենք հեռավոր երկիր և այնտեղ բաց թողնենք, ապա նա ետ կվերադառնա, քանզի նա հիշում է ճանապարհը: Շանը տարեք Ասիայի խորքերը, բաց թողեք նրան այնտեղ, և նա կվերադառնա ձեզ մոտ և չի շեղվի ճանապարհից: Նույնը վերաբերվում է նաև այլ ունակություններին, ինչպիսիք են լսողությունը, տեսողությունը, հոտը, համն ու հպումը:
Այսպիսով, հասկանալի է, որ եթե մարդը օժտված չլիներ որոշակի կարողությամբ, որը տարբերվում է նրանցից, որոնցով օժտված են կենդանիները, ապա վերջիններս կգերազանցեին մարդուն հնարամտությամբ և իրերի իրական էությունը հասկանալով: Այս կերպ, ակնհայտ է, որ մարդն օժտված է ընծայով, որին կենդանիները չեն տիրապետում: Բացի այդ, կենդանիները ընկալում են զգացումներով, բայց չեն ընկալում ոչ նյութական էությունները: Օրինակ, կենդանին տեսնում է այն, ինչը գտնվում է նրա տեսադաշտում, բայց չի կարող հասկանալ այն, ինչը իր տեսադաշտից դուրս է, և չի կարող դա պատկերացնել: Այդպես օրինակ, կենդանին չի կարող պատկերացնել, որ երկիր մոլորակը գնդի ձև ունի: Իսկ մարդը, իրեն հայտնի իրերի օգնությամբ, ճանաչում է անհայտը և բացահայտում նախկինում անհայտ ճշմարտությունները: Օրինակ, մարդը նկատում է հորիզոնի կորությունը, և դրանից նա անում է ենթադրություն այն մասին, որ Երկիրը կլոր է:
Աքքայի լայնության Բևեռային Աստղը, օրինակ, տեսանելի է 33* անկյան տակ, այսինքն, այն հորիզոնից 33* վեր է: Երբ մարդը շարժվում է Հյուսիսային Բևեռի ուղղությամբ, Բևեռային Աստղը բարձրանում է հորիզոնի վրա մարդու ճանապարհի ամեն աստիճանի համար մեկ աստիճանով, այսինքն, Բևեռային Աստղի բարձրությունը կլինի 34*, իսկ հետո 40*,50*,60*, ապա 70*: Եթե մարդը հասնի Հյուսիսային Բևեռին, ապա նրա համար Բևեռային Աստղի բարձրությունը կկազմի 90*, այլ կերպ ասած, աստղը կհասնի զենիթին, այսինքն, կլինի ուղիղ գլխավերևում: Բևեռային Աստղը և նրա բարձրության փոփոխությունները զգայարանների կողմից ընկալվող բաներ են: Ինչքան մարդը մոտենում է Բևեռին, այնքան վեր է բարձրանում Բևեռային Աստղը: Այս երկու հայտնի ճշմարտությունների հիման վրա բացահայտվել է անհայտ մի փաստ՝ հորիզոնի կորությունը, ինչը նշանակում է, որ երկրի մակերեսի յուրաքանչյուր աստիճանի վրա գտնվող հորիզոնը տարբերվում է մյուս աստիճանի վրա գտնվող հորիզոնից:
Մարդը նկատում է դա, և դրա հիման վրա ապացուցում աչքի համար ոչ ակնհայտ այն ճշմարտությունը, որ Երկիրը կլոր է: Դա կենդանին չի կարող հասկանալ: Ինչպես նաև կենդանին չի կարող հասկանալ, որ Արևը կենտրոնն է, իսկ Երկիրը պտտվում է նրա շուրջը: Կենդանին իր զգայականության գերին է և սահմանափակված է նրանով: Ամենը, ինչ դուրս է զգայականությունից, չի ընկալվում զգայական օրգաններով, կենդանին ի վիճակի չէ հասկանալ, չնայած զգացմունքային սրությամբ նրանք գերազանցում են մարդուն: Սա ապացուցում և հաստատում է, որ մարդն ունի բացահայտելու ունակություններ, որոնք առանձնացնում են նրան կենդանուց, հենց այդ ունակությունը մարդու հոգին է:
Մարդը միշտ վեր է նայում, նրա ձգտումները վսեմ են, նա միշտ փափագում է վեր բարձրանալ այն աշխարհից, որտեղ ապրում է, հասնել ոլորտների, որոնք ավելի բարձր են, քան այն, որին նա պատկանում է: Սերը վեհի հանդեպ մարդու տարբերակիչ հատկություններից մեկն է: Ինձ զարմացնում է, որ Ամերիկայի և Եվրոպայի որոշ փիլիսոփաներ քարոզում են աստիճանական մոտեցում դեպի կենդանական աշխարհը, այսինքն վերադարձ անցյալ, քանզի գոյությունը պետք է ուղղված լինի դեպի վեհացման: Այնուամենայնիվ, եթե այս մարդկանցից որևէ մեկին ասեին <<Դու կենդանի ես>>, Նա ծայրաստիճան կվիրավորվեր և կբարկանար:
Մեծ է տարբերությունը մարդու աշխարհի և կենդանիների աշխարհի, մարդու վսեմության և կենդանու նվաստության, մարդու կատարելության և կենդանու տգիտության, մարդու տեղեկացվածության և կենդանու տգիտության, մարդու հաղթանակի և կենդանու կախվածության մեջ: Տասը տարեկան արաբ երեխան կարող է անապատում ղեկավարել երկու-երեք հարյուր ուղտ, և իր ձայնի կարողությամբ կարող է նրանց առաջ քշել կամ հետ դարձնել: Թուլակազմ հնդիկը կարող է այնպես վերահսկել հսկայական փղին, որ նա վերածվի հնազանդ ծառայի: Ամեն ինչ հասու է մարդուն, նա ի վիճակի է դիմակայել բնությանը, մինչդեռ մնացած բոլոր էակները գերի են բնությանը, նրանք չեն կարողանում դիմակայել նրա պահանջներին: Միայն մարդն է ունակ դիմակայել բնությանը: Բնության օրենքներին համապատասխան, մարմինները ձգվում են դեպի Երկրի կենտրոն, սակայն մարդը, մեխանիկական միջոցների օգնությամբ հեռանում է երկրից և օդ բարձրանում: Բնությունը թույլ չի տալիս մարդուն լողալ ծովերի միջով, բայց մարդը նավեր է կառուցում և ճանապարհորդության մեկնելով՝ լողում հսկայական օվկիանոսի վրայով, և այլն, այս թեման անսպառ է:
Օրինակ, մեքենայով մարդը կտրում անցնում է սարեր և անապատներ, և ցանկացած կետում նա իմանում է տեղի ունեցող բոլոր նորությունները երկու կիսագնդերում: Եվ այս ամենը ի հակասություն բնությանը: Ծովը իր ողջ մեծությամբ մեկ ատոմ անգամ չի կարող շեղել բնության օրենքներից, Արևն իր ողջ շքեղությամբ մազ անգամ չի կարող շեղել բնության կանոններից և երբեք չի կարող համեմատվել մարդու հնարավորությունների, դիրքի, կարողությունների, հատկությունների և բնության հետ:
Այսպիսով, ի՞նչ ընդգրկուն ուժ է պարունակում մարդու փխրուն մարմինը: Ո՞րն է այն հզոր ուժը, որի օգնությամբ նա իրեն է ենթարկում ամեն բան:
Մնում է դիտարկել ևս մեկ հարց: Ժամանակակից փիլիսոփաները հայտարարում են. <<Մենք երբեք չենք տեսել մարդու հոգին, և չնայած մենք ուսումնասիրում ենք մարդու մարմինը և բացահայտում նրա գաղտնիքները, մենք չենք հայտնաբերել որևէ հոգևոր ուժ: Ինչպես կարելի է պատկերացնել ուժ, որն անկարելի է զգալ>>: Աստվածաբանները պատասխանում են. <<Կենդանու հոգին նույնպես աննկատելի է և այն նույնպես հնարավոր չէ հայտնաբերել ֆիզիկական ընկալման միջոցով: Ինչո՞վ դուք կապացուցեք կենդանու հոգու գոյությունը: Բնականաբար, նրա դրսևորումների շնորհիվ դուք հաստատում եք, որ կենդանու մեջ գոյություն ունի որոշակի ուժ, որը բացակայում է բույսերի մեջ, և որ այդ ուժը զգալու կարողությունն է, այսինքն՝ տեսողությունը, լսողությունը և այլ զգայարանները, այս ամենից դուք եզրակացնում եք կենդանու հոգու գոյության մասին: Նույն կերպ, հաշվի առնելով վկայություններն ու նշանները, որի մասին ասվեց, մենք եզրակացնում ենք, որ մարդկային հոգին գոյություն ունի: Քանի որ կենդանուն բնորոշ են հատկություններ, որոնք չկան բույսի մեջ, դուք հայտարարում եք, որ կենդանու զգալու այս ունակությունը նրա հոգու դրսևորումն է, նույն կերպ և մարդու մոտ դիտարկում ենք որակներ, հնարավորություններ և կատարելություններ, որոնք չկան կենդանիների մոտ: Հետևաբար մենք գալիս ենք այն եզրահանգման, որ մարդու մեջ կա ուժ, որից զրկված են կենդանիները>>:
Եթե դուք ցանկանում եք հերքել այն ամենն, ինչ աննկատելի է, ապա ստիպված կլինեք հերքել նաև իրողությունները, որոնք, անկասկած գոյություն ունեն: Օրինակ, եթերային նյութն աննկատելի է, բայց այն անկասկած գոյություն ունի: Ձգողականության ուժն աննկատելի է, բայց այն անկասկած գոյություն ունի: Ինչի՞ հիման վրա ենք եզրակացնում այդ իրերի գոյության մասին: Նրանց նշանների հիման վրա: Այսպիսով, լույսը եթերային յուղի տատանման հետևանք է, և այդ տատանման առկայության հիման վրա մենք եզրակացություն ենք անում եթերի գոյության մասին:
Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից