Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդու ծագման հոգևոր ապացույցները
Հոդվածներ

Մարդու ծագման հոգևոր ապացույցները

Մարդու ծագման հարցը կարելի է դիտարկել տարբեր մակարդակներում։ Մեկը՝ նյութական և տրամաբանական, որտեղ փաստարկները հիմնվում են դիտարկման, վերլուծության և պատճառահետևանքային կապերի վրա։ Մյուսը՝ հոգևոր և մետաֆիզիկական, որտեղ քննարկվում է ոչ թե մարմնի ձևավորումը, այլ մարդու էության նշանակությունը գոյության ամբողջական կառուցվածքի մեջ։ Առաջին մոտեցումը հարցնում է՝ «ինչպե՞ս է մարդը առաջացել», երկրորդը՝ «ինչու՞ է մարդը անհրաժեշտ»։

 

Եթե տիեզերքը դիտարկվում է որպես Աստվածային կատարելությունների արտահայտման դաշտ, ապա յուրաքանչյուր գոյություն ունեցող էակ հանդիսանում է այդ կատարելություններից որևէ մեկի արտացոլումը։ Սակայն մարդը առանձնահատուկ է նրանով, որ նա ոչ թե մեկ որակի, այլ կատարելությունների ամբողջության հայելին է։ Նրա մեջ միավորվում են գիտակցությունը, կամքը, ճանաչողությունը, սիրելու և ստեղծելու կարողությունը։ Այս իմաստով մարդը դառնում է այն կիզակետը, որտեղ տիեզերքի իմաստը հավաքագրվում և ինքնագիտակցվում է։

 

Աբդուլ-Բահան ներկայացնում է այն միտքը, որ մարդու գոյությունը պարզապես պատմական կամ կենսաբանական փաստ չէ, այլ անհրաժեշտ պայման գոյության իմաստի բացահայտման համար։ Եթե Աստվածային կատարելությունները պետք է դրսևորվեն, ապա անհրաժեշտ է այնպիսի էություն, որը կարող է դրանք գիտակցել և արտացոլել։ Այդ պատճառով «մարդը» այստեղ հասկացվում է ոչ թե որպես յուրաքանչյուր անհատ, այլ որպես կատարյալ մարդու գաղափար՝ գոյության պտուղը, նրա նպատակը և կենտրոնը։

 

Հետևյալ հատվածում ներկայացվում են մարդու ծագման հոգևոր ապացույցները՝ հիմնված այն գաղափարի վրա, որ գոյությունը առանց գիտակցող և արտացոլող էության չէր կարող ունենալ իր ամբողջական իմաստը։

 

Ապացույցները, որոնք մենք նախկինում ներկայացրել ենք մարդու ծագման տեսակի մասին, եղել են տրամաբանական ապացույցներ: Անցնենք հոգևոր ապացույցներին, որոնք ունեն առաջնային կարևորություն: Այսպիսով, այն բանից հետո, երբ մենք տրամաբանորեն ապացուցեցինք Աստվածային սկիզբը և նույն տրամաբանությամբ ապացուցեցինք, որ մարդու գոյությունը որպես այդպիսին ունի սեփական արմատն ու ծագումը և որ մարդը որպես տեսակ գոյություն է ունեցել միշտ, ներկայացնենք հիմա հոգևոր փաստերն այն մասին, որ մարդու գոյությունը, այսինքն՝ որպես տեսակ, անհրաժեշտ գոյություն է, և եթե չլիներ մարդը, ապա Աստվածային կատարելությունը ի հայտ չէր գա, բայց այս ապացույցները տրամաբանական չեն, այլ հոգևոր:

 

Արդեն շատ անգամներ մենք ցույց ենք տվել և ապացուցել, որ մարդը ազնվագույն  էակ է, բոլոր կատարելությունների կենտրոնացումը, և որ բոլոր էակներն ու բոլոր գոյությունները  համարվում են կետեր, որտեղից արտացոլվում է Աստծո փառքի պայծառությունը, այլ կերպ ասած ՝ Տիրոջ Աստվածության նշանները արտահայտվում են իրերի և էակների էության մեջ: Ինչպես երկիր մոլորակն է արևի ճառագայթները արտացոլող մարմին, քանզի լույսի, ջերմության և արևի ազդեցությունը տեսանելի են և դրսևորվում են Երկրի յուրաքանչյուր մասնիկում, նույն կերպ այս անվերջանալի տիեզերքում գոյություն ունեցող ամեն մի մասնիկ հաստատում և փաստում է աստվածային կատարելություններից մեկի մասին: Չկա ոչինչ, որ զրկված լինի այդ բարիքից, դա կամ Աստծո ողորմության նշան է, Նրա զորության, Նրա մեծության, Նրա արդարության, Նրա նախախնամության ճանապարհի ուղղորդման, կամ էլ Աստծո առատաձեռնության նշան է, Նրա խորաթափանցության, Նրա ուշադրության, Նրա գիտելիքի, Նրա փառքի և այլնի:

 

Առանց որևէ կասկածի, արարածներից յուրաքանչյուրի մեջ դրսևորված է Աստծո փառքի փայլը, այսինքն Աստծո կատարելությունները արտացոլվում և փայլում են նրանց մեջ: Սա նման է արևի, որի լույսը արտացոլվում է անապատում և ծովում, և ծառերի մեջ, և պտուղների, և ծաղիկների, և Երկրի վրա գտնվող ամենի մեջ: Աշխարհում յուրաքանչյուր առանձին արարած դրսևորում է Աստծո անուններից մեկը, բայց մարդու իսկական էությունը էությունների շտեմարան է, ընդհանուր էություն, այն Աստծո բոլոր կատարելությունների լույսի ճառագման կիզակետն է, այսինքն կարելի է ասել, որ յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր որակ, յուրաքանչյուր կատարելություն, որը մենք գտնում ենք Աստծո մեջ, իր դրսևորումն ունի մարդու մեջ: Եթե դա այդպես չլիներ, մարդը չէր կարող այն պատկերացնել և չէր կարող այդ հասկանալ: Այսպիսով, մենք ասում ենք, որ Աստված ամենատես է, և աչքը՝ Նրա խորաթափանցության նշանն է: Եթե մարդը օժտված չլիներ տեսողությամբ, այդ դեպքում մենք ինչպես կարող էինք պատկերացնել Աստծո ամենատեսությունը: Քանզի չտեսնողը (Նա, ով ի ծնե կույր է), չի կարող պատկերացնել, թե ինչ  է տեսնելը, իսկ խուլը (Նա, ով ի ծնե չի լսում), չի կարող պատկերացնել, թե ինչ բան է լսելը, իսկ մահացածները չեն կարող ընկալել կյանքը: Եվ նշանակում է, որ Տիրոջ Աստվածությունը, որը բոլոր կատարելությունների հավաքածուն է, գտնում է իր արտացոլումը մարդու էության մեջ, այլ կերպ ասած՝ Միակի Էությունը բոլոր կատարելությունների հավաքածուն է, և այդ կատարելությունների հավաքածուն Աստծո կամոք արտահատված է մարդու էության մեջ:

 

Հետևաբար, մարդուն կարելի է անվանել կատարյալ հայելի, ուղղված ճշմարտության Արևին, որի մեջ, ինչպես կենտրոնում, միանում են ճառագայթները՝ Ճշմարտության Արևը փայլում է այդ հայելու մեջ: Աստվածային կատարելության արտացոլումները դրսևորվում են մարդու էության մեջ, և այդ իսկ պատճառով նա Աստծո ներկայացուցիչն է, Աստծուց ուղարկվածը: Եթե մարդը գոյություն չունենար, Տիեզերքն իմաստ չէր ունենա, քանզի գոյության իմաստը Աստծո կատարելությունների դրսևորումն է:

  

Եվ նշանակում է, սխալ է ասել, որ եղել է ժամանակ, երբ մարդը գոյություն չի ունեցել: Մենք միայն կարող ենք ասել, որ այս երկիր մոլորակը գոյություն չի ունեցել և երբ այն հայտնվել է, մարդը նրա վրա հայտնվել է ոչ միանգամից: Բայց սկզբից, որը սկիզբ չունի, մինչև վերջ, որը վերջ չի ունենալու, միշտ կա Կատարյալ Հայտնիչը: Մարդը, որի մասին մենք խոսում ենք, ամեն մարդ չէ, մենք ի նկատի ունենք կատարյալ մարդու: Չէ որ ծառի ազնվագույն մասը  նրա պտուղն է, որի մեջ ներառված է ծառի գոյության իմաստը: 

 

Եթե ծառը պտուղներ չտար, այն իմաստ չէր ունենա: Այդ իսկ պատճառով անհնար է պատկերացնել, որ գոյության աշխարհը, լինեն դա հեռավոր աստղերը, թե մեր Երկիրը, ժամանակին բնակեցված են եղել (ավանակներով, կովերով, մկներով, կատուներով), բայց նրանց հետ չի եղել մարդը: Այդպիսի ենթադրությունը կեղծ է և անիմաստ: Չէ որ Աստծո Խոսքը պարզ է ինչպես արևը: Այսպիսին է հոգևոր ապացույցը, որը մենք չէինք կարող ներկայացնել նյութապաշտների համար: Սկզբում մենք պետք է ներկայացնենք տրամաբանական ապացույցներ, իսկ հետո արդեն հոգևոր ապացույցներ:

 

Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից

 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ