Մարդկության պատմության ընթացքում շատ բանավեճեր են ծավալվել հրաշքների, կրոնի և մարգարեների առաքելության շուրջ։ Ոմանք հավատը պայմանավորում են գերբնական երևույթների առկայությամբ, իսկ մյուսները մերժում են կրոնը՝ հրաշքների մասին պատմությունները անհավանական համարելով։ Սակայն կրոնի իրական արժեքը պետք է որոնել ոչ թե արտասովոր դեպքերի, այլ այն փոփոխությունների մեջ, որոնք այն բերել է անհատների և ամբողջ ժողովուրդների կյանքում։ Եթե անկողմնակալ հայացքով ուսումնասիրենք պատմությունը, ապա կտեսնենք, որ մարդկության առաջընթացի ամենախոշոր շրջադարձերը կապված են եղել այն մեծ Ուսուցիչների հայտնության հետ, որոնք իրենց խոսքով, օրինակով և ուսմունքներով վերափոխել են մարդկանց մտածողությունը, բարքերը և հասարակությունները։ Հենց այդ տեսանկյունից էլ արժե դիտարկել աստվածահայտնիչների դերը մարդկության հոգևոր զարգացման գործընթացում։
Հրաշքների մասին հարցը պետք է ամբողջովին տարանջատել կրոնի ուսումնասիրությունից։ Իհարկե, այսօր քիչ չեն այն բաները, որոնք մենք դեռևս չենք հասկանում, և հնարավոր է, չենք հասկանա այնքան ժամանակ, մինչև լքենք այս աշխարհը։ Իսկ ցանկացած անհասկանալի բան մենք ընկալում ենք որպես հրաշք։ Սակայն մեր միտքն ընդունակ է հասկանալ և գնահատել այս կամ այն երևույթների հետևանքը։ Քրիստոսի կյանքի օրինակը, Մուհամմադի կողմից բերված Ուսմունքը բավականաչափ հիմք են հանդիսանում այն բանի համար, որ շատ մարդիկ իրենց
Նրանց անուններով կոչեն և հետևեն Նրանց հրահանգներին։ Իսկ Նրանց հանդեպ սիրո, հավատի արդյունքը դարձել է այն, որ անգրագետ ժողովուրդները հետևելով Նրանց դարձել են քաղաքակիրթ, լուսավորյալ ազգեր։ Զարգացնելով այս թեման՝ Աբդուլ-Բահան որպես օրինակ բերում էր հիվանդ բժշկի մասին առակը։ Մի մարդ ծանր հիվանդանում է, և նրա կյանքը վտանգի տակ է հայտնվում։ Նրա մոտ բժիշկ են հրավիրում, և հիվանդը հետաքրքրվում է, թե արդյո՞ք նա լավ բուժարար է։ Բժիշկը նրան հավաստիացնում է, որ ոչ թե լավն է, այլ հանճար է, և որպեսզի հաստատի իր գերբնական կարողությունները, օդ է բարձրանում և թռչում սենյակում։ Հիվանդին այս հնարքը զվարճացնում է, բայց ինքնազգացողությունը չի լավանում դրանից, քանզի նրան ոչ թե հրաշքներ են պետք, այլ դեղամիջոց։ Եթե մարգարեների ներդրումը մարդկության քաղաքակրթության մեջ կայացած լիներ միայն բնությանը հակառակ մի քանի գործողությունից, նրանք դժվար թե կարողանային աշխարհի վրա ունենալ այն ազդեցությունը, որն ունեցել են և որը զգալի է մինչ օրս։ Մենք ինչքան ասես կարող ենք հիանալ նրանց հրաշքներով, բայց եթե ամեն բան հանգեցվեր միայն դրան, ապա հեռանալով՝ նրանք աշխարհը կթողնեին այն նույն վիճակում, ինչ վիճակում որ հանդիպել էին այս աշխարհ գալիս։
Բայց իհարկե, ամեն բան այլ կերպ է։ Առաջին հերթին մարգարեները մեզ բերել են երկու անգին և օգտակար ընծաներ՝ Իրենց սեփական օրինակն ու Իրենց Ուսմունքը։ Այս «Արևի ճառագայթներից» հեղեղով թափվում էին բարությունն ու սերը, վեհանձնությունն ու նվիրվածությունը, քաջությունն ու վստահությունը՝ վեհացնելով մարդկանց և հիրավի վերափոխելով նրանց։ Մարգարեների այս վերափոխող ուժի ապացույցները փնտրելու գործում մոռացեք վերևից թափվող մանանայի մասին, մոռացեք այն, որ Քրիստոսը ջուրը վերածում էր գինու, որ ավելանար երջանկությունը հարսանեկան խնջույքի ժամանակ, մոռացեք Մուհամմադի երեկոյան ճամփորդությունը դեպի երկինք և անաչառությամբ նայեք պատմությանը.կարդացեք նրա էջերը, որոնք պատմում են այն մասին, թե ինչ են եղել հրեաները Եգիպտոսում և ինչ են դարձել Պաղեստինում, հիշեք, թե ինչպես է քրիստոնեության ալիքը տարածվել մռայլ հեթանոսական Եվրոպայով՝ այն վերածելով ծաղկուն երկրի, կարդացեք բարբարոս արաբների մասին, ովքեր թաղում էին նորածին աղջիկներին ավազի մեջ՝ դատապարտելով նրանց մահվան, մեկ սրբավայրում երկրպագում էին երեք հարյուր վաթսուն աստվածների և գնահատեք իսլամի ներդրումը Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթության մեջ։
Ահա իրական հրաշքները, որոնց նշանակությունը աստիճանաբար խամրեց այս հավատների մոլեռանդ և չափազանց նախանձախնդիր հետևորդների նեղ մտածելակերպի պատճառով, մինչև արարչագործության Մեծագույն Ծրագիրը կորցրեց իր հստակ ուրվագիծը: Եվ մենք՝ քսաներորդ դարի՝ կրթության և ազատամտության դարի լուսավորյալ Երկրի բնակիչներս, կա՛մ ամբողջությամբ հերքում ենք կրոնը, տեսնելով դրանում մտքին և տրամաբանությանը հակասող բաներ, կա՛մ ներսից բաժանվում ենք երկու անհամատեղելի մասերի, որոնցից մեկը կուրորեն հավատում է ցանկացած տեսակի սնահավատություններին՝ կառչելով անհավանական և հակագիտական նախապաշարմունքներից և վարդապետություններից, իսկ երկրորդն ամեն օր իր համար բացահայտում է գիտության ու տեխնիկայի նոր հրաշքները։ Եթե երկարատև փորձի արդյունքում դուք ցանկանում եք ինչ որ բան ստանալ, ձեզ հարկավոր է բազմիցս կրկնել ողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ։ Օրը չի կարող փոխարինել ամսվան։ Այս օրվա լույսը բավարար չէ հաջորդ օրը լուսավորելու համար, և ի՞նչ օգուտ են ստանալու վաղվա ծաղիկները երեկվա լույսից։
Այլ կերպ ասած, երբ էներգիան սպառվում է, անհրաժեշտ է նոր լիցք ստանալ։ Անցյալ տարվա արեգակնային գիշերահավասարը աճ է տվել բույսերին և բերել է այս տարվա բերքը, սակայն մեկ գիշերահավասարը բավարար չէ երկու տարի շարունակ բերք ստանալու համար, և այսպես ամեն ինչում։ Ամենուր բնության մեջ գործում է մեկ օրենք՝ յուրաքանչյուր պտուղ համարվում է զարգացման գործընթացի արդյունք, հետևաբար, եթե դուք ցանկանում եք ինչ որ բան ստանալ նորից, պետք է կրկնեք ողջ գործընթացը։
Եվ ուրեմն եկեք հավատանք նրան, ինչը հաստատվում է պատմության անաչառ ուսումնասիրությամբ և տրամաբանությամբ։ Մեր աշխարհը գարուն է ապրում ոչ միայն բնության մեջ, այլ նաև հոգևոր կյանքում։ Հոգևոր գիշերահավասարի ժամանակ հայտնվում է Աստվածահայտնիչը կամ աստվածահայտնիչները, Նրանց հոգևոր գեղեցկության մասին փաստում են և՛ Նրանց անհատականությունները, և՛ Ուսմունքները։ Նրանք հայտնվում են մեզ մարդկային կերպարով, քանզի Աստծո համար սա մեզ հետ շփման ամենաբնական և հարմար տարբերակն է, և քանի որ նրանք այդքան նման են մեզ: Մենք հասկանում ենք, որ այն ամենը, ինչ Նրանք եկել են ասելու և անելու, նախատեսված է հենց մեզ՝ մարդկային ցեղի զավակներիս համար։
Հետևաբար, աստվածահայտնիչները վերացական, անոմալ, մեր մարդկային բնությանը դեմ ինչ-որ բան չեն։ Մեզ՝ մսից ու արյունից բաղկացած էակների հետ նրանք կիսում են ուրախությունն ու հոգսերը, իսկ Աստծո կողմից նրանց տրված է այն, ինչ մենք չունենք՝ Նրա կատարելությունը։ Եվ ինչպես հայելին կարող է արտացոլել արևի ճառագայթները, այնպես էլ մենք, մեր կարողության սահմաններում, ի վիճակի ենք մեր հոգում արտացոլել Աստվածային կատարելության լույսը, իսկ աստվածահայտնիչները հենց այդ ճառագայթների էությունն են, որը բխում է Աստվածային Արևից։
Մենք ընկալում և արտացոլում ենք լույսը, յուրաքանչյուրս մեր կարողության սահմաններում, իսկ նրանք Ինքը՝ Լույսն են։ Ահա թե ինչու Հիսուսը, լինելով ընդամենը մի համեստ հյուսն Նազարեթից, կարողացավ փոխել ողջ մարդկության կեսի կյանքը։ Ահա թե ինչու կակազող Մովսեսը, ով փախչում էր փարավոնի խիստ վրեժխնդրությունից, հռչակեց օրենքներ, որոնցով մարդիկ, արդեն հազարամյակներ շարունակ առաջնորդվում են իրենց առօրյա կյանքում։ Ահա թե ինչու Մուհամմադը, լինելով ուղտերի գրաստապան, ով հետագայում դարձավ վաճառական, կարողացավ դնել իսլամական պետությունների մեծագույն համագործակցության հիմքը։ Այս Անհատների մտքի և հոգու էությունը սովորական չէ։
Նրանք մարդկային ցեղի ուսուցիչներն են, և Նրանց գալուստը մեր աշխարհ օրինաչափ է՝ նրանք կոչված են բացատրելու մեզ մեր գոյության իմաստը, սովորեցնելու մեզ ապրել, շփվել միմյանց հետ, բացահայտել կյանքի նպատակը, պատմել այն մասին, թե ինչ է սպասվում մեզ մահվանից հետո։ Աստվածահայտնիչները միշտ եկել են, այն ժամանակներից ի վեր, երբ երկրի վրա հայտնվել է մարդը՝ արարած, ով օժտված է հոգու կայծով, որից զուրկ են կենդանիները։ Աստվածահայտնիչները կատարել են դաստիարակների դերը՝ սովորեցրել են մարդկանց ապրել այնպես, ինչպես հարիր է մարդուն։ Աստվածահայտնիչները հավերժ գալու են աշխարհ՝ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մարդկային ցեղը։ Մենք Աստծո ամենակատարյալ արարածներն ենք, Նրա արարչագործության բարձրագույն աստիճանը։ Մեզ հետ կապված Նա ունի Ծրագիր, որը մարդկային էվոլյուցիայի արդյունքում, աստիճանաբար իրագործվում է։ Նա մեզ հետ կոնտակտի է դուրս գալիս և սովորեցնում է մեզ միջնորդի միջոցով, որը նույնպես հանդիսանում է Նրա Նախագծի մի մասը և այդ միջնորդը Աստվածահայտնիչն է: