Առհասարակ, առաջացումը կարող է լինել երկու տեսակի. առաջացումը և հայտնվում ծագման միջոցով, և առաջացում և հայտնվում հայտնության միջոցով: Ծագման միջոցով առաջացումը նման է մարդու միջոցով կատարվող գործողության, գրողի ձեռքով գրված տեքստի հայտնության պես: Այդպես տեքստը գալիս է գրողից, իսկ խոսքը հոսում է խոսողից, և նույն կերպ, մարդկային հոգին հոսում է Աստծուց: Նա իրենից Աստված չի ներկայացնում, այսինքն ոչ մի մաս չի բաժանվում Աստվածային Էությունից և մտնում մարդու մարմին: Ոչ, ինչպես խոսքն է բխում խոսողից, այնպես էլ հոգին է հայտնվում մարդու մարմնում:
Իսկ հայտնության տեսքով առաջացումը, իրերի էության առաջացումն է այլ ձևերի մեջ, ինչպես ծառի սերմից ծառի հայտնության, կամ ծաղկի սերմից ծաղկի հայտնության, քանզի սերմն ինքնին հայտնվում է ճյուղերի, տերևների և ծաղկի տեսքով: Սա կոչվում է հայտնության տեսքով ծագում: Մարդկանց հոգին, ի տարբերություն Աստծո, գտնվում է կախվածության մեջ, քանզի առաջանում է ծագման միջոցով, այնպես, ինչպես խոսքը գալիս է խոսողից, կամ ինչպես տեքստը գալիս է գրողից, ի վերջո խոսողն ինքը չի վերածվում խոսքի, իսկ գրողը ինքը չի վերածվում տեքստի, ոչ, խոսքն ու տեքստն առաջանում են ծագման միջոցով: Բանախոսը տիրապետում է կատարյալ ունակությունների ու հնարավորությունների, իսկ խոսքը բխում է նրանից այնպես, ինչպես գործողությունը հայտնվում է գործող մարդու կողմից: Ճշմարիտ Խոսողը, Միասնության Էությունը, միշտ եղել է մեկ վիճակում, որը չի փոխվում և չի ձևափոխվում, չի ենթարկվում ո՛չ փոխակերպման, ո՛չ անցման: Նա Հավերժ է, Անմահ: Եվ հետևաբար, մարդկային հոգիները ստեղծվում են Աստծո կողմից՝ ծագման ճանապարհով: Եվ երբ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Իր հոգին շնչեց մարդու մեջ, այդ հոգին, ինչպես խոսքն է բխում մարդուց, բխում է Ճշմարիտը Խոսողից և վերափոխվում է մարդու էության:
Իսկ հայտնության միջոցով առաջացումը, ինչպես մենք արդեն ասել ենք, Սուրբ Հոգու ու Խոսքի առաջացումն ու ծագումն է, որը գալիս է Աստծուց: Ինչպես ասված է Հովհաննեսի Ավետարանում՝ «Սկզբում եղել է Խոսքը, և Խոսքը եղել է Աստծո մոտ», այս իմաստով Սուրբ Հոգին և Խոսքը Աստծո Հայտնության էությունն են: Հոգին և Խոսքը նշանակում են աստվածային կատարելություններ, որոնք հայտնվել են Քրիստոսի Էության մեջ, և այս կատարելությունները եղել են Աստծո մոտ, այսպես Արևը իր հիասքանչությունն է արտացոլում հայելու մեջ: Քանզի Խոսքը չի նշանակում Քրիստոսի ֆիզիկական մարմինը, ո՛չ, այն նշանակում է աստվածային կատարելությունները, որոնք հայտնված էին Նրանում: Քանզի Քրիստոսը նման էր մաքուր հայելու՝ ուղղված Ճշմարիտ Էության Արևին, Նրա լույսն ու ջերմությունը արտացոլվում և հայտնվում էին այս հայելում: Եթե մենք նայում ենք հայելու մեջ և տեսնում ենք արև, մենք ասում ենք. «Սա արև է»: Այսպիսով, Խոսքն ու Սուրբ Հոգին, որոնք նշանակում էին Աստծո կատարելությունները, աստվածային հայտնություններ էին:
Ահա թե որն էր Հովհաննեսի Ավետարանի տաղի իմաստը, որում ասվում էր. «Խոսքը եղել է Աստծո մոտ, և Խոսքը եղել է Աստված», քանզի աստվածային կատարելությունները չեն տարբերվում Ամբողջի Էությունից: Քրիստոսի կատարելությունները կոչվում են Խոսք, որովհետև բոլոր արարածները տառերի վիճակում են գտնվում, իսկ մեկ տառը ամբղջական իմաստ չի կրում, մինչդեռ Քրիստոսի կատարելությունները խոսքի ուժ ունեն, քանզի խոսքի մեջ ներառված է ամբողջական իմաստ: Քանի որ Քրիստոսի Էությունն աստվածային կատարելությունների դրսևորում էր այնքանով, որքանով այն նմանեցված էր խոսքի: Ինչու՞: Որովհետև Նա կատարյալ իմաստների հավաքածու է: Ահա թե ինչու է Նա անվանվել Խոսք:
Եվ իմացեք, որ Խոսքի և Սուրբ Հոգու ծագումը Աստծուց է, որը հենց ծագումն ու առաջացումն է հայտնության ճանապարհով, պետք չէ հասկանալ այն իմաստով, որ Աստվածային Էությունը բաժանվել է մասերի կամ դարձել է բազմակի, կամ որ նա իջել է սրբության և մաքրության բարձրունքից: Աստված չանի: Եթե մաքուր և հղկված հայելին ուղղված լինի արևին, լույս ու ջերմությունը, ինչպես նաև արևի ձևը կհատնվեն հայելու մեջ այն կատարյալ տեսքով, որ եթե հայելու մեջ նայողն ասի փայլի և հոյակապ արտացոլված արևի մասին՝ «Սա արև է», նա ճիշտ կլինի: Այնուամենայնիվ, հայելին մնում է հայելի, իսկ արևն արև է: Միակ Արևը, եթե նույնիսկ այն արտացոլված է բազում հայելիների մեջ, մնում է մեկը: Այս վիճակը ոչ կայունությունն է, ոչ մուտքը, ոչ խառնուրդը, ոչ էլ ծագումը, Քանզի մուտքը, կայունությունը, ծագումը, ելքը և խառնուրդը մարմնավորի դրսևորումներ ու բնութագրումներ են, ոչ թե հոգևորի, և անսահման հեռու են Աստծո սուրբ և մաքուր Էությունից: Աստված զերծ է այն ամենից, ինչը չի համապատասխանում Իր բարձրագույն և ազնվագույն սրբությանը:
Ճշմարիտ Գոյության Արևը, ինչպես մենք արդեն ասել ենք, միշտ գտնվել է մեկ վիճակում, այն չի փոխվում և չի ձևափոխվում, ենթակա չէ ոչ փոխակերպման, ոչ էլ անցումների: Այն հավերժ է և անմահ: Աստծո Խոսքի Սուրբ Էությունը գտնվում է մաքուր, հարթ և փայլուն հայելու վիճակի մեջ, ջերմության, լույսի, կերպարի և այլնի, այլ խոսքերով ասած, Ճշմարիտ Էության Արևը արտահայտված է նրա մեջ: Ահա թե ինչու է Քրիստոսը Ավետարանում ասում. «Հայրը Որդու մեջ է», դա նշանակում է, որ Ճշմարտության Արևը արտահայտված է հայելում: Թող փառավորված լինի այն Միակը, Ով փայլեց այս Սուրբ Իրականության մեջ, Ով սուրբ է արարածների մեջ: