Շատ դժվար է սովորեցնել մարդուն և ուղղել նրա սխալները դեռահասությունից հետո։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը, անգամ եթե փորձերը բերեն որոշակի փոփոխությունների, վերջիվերջո դա բացարձակ անօգուտ կլինի։ Նա կարող է, ամենայն հավանականությամբ, այսօր ինչ-որ բան փոխել իր պահվածքի մեջ, բայց շատ արագ ամեն ինչ կմոռանա և կվերադառնա իրեն սովոր գործելաոճին։ Հետևաբար, անհատականության համար ամուր հիմք դնելը անհրաժեշտ է վաղ մանկությունից։ Քանի դեռ ճյուղը կանաչ է ու դալար, այն հեշտ է ուղղել։
Մարդու մոտ մանկության շրջանը շատ երկար է։ Մանկական հոգեբանների մի մասը կարծում են, որ երեխան հասունության փուլին հասնում է քսան տարեկանում, մյուսները համարում են, որ տասնչորսում։
Երեխան, ի տարբերություն կենդանու ձագին, աշխարհ է գալիս լիովին անօգնական և թույլ։ Նա ունի մեծերի մշտական խնամքի կարիքը և երկար ժամանակ անընդհատ կախվածության մեջ է նրանցից։ Մանկության երկար շրջանի մեջ կա մեծագույն իմաստություն, և յուրաքանչյուր մանկավարժ պետք է իմանա դա։ Եթե ծնողները, գիտելիքի պակասի պատճառով, պատշաճ ուշադրություն չեն դարձնում մանկության թանկարժեք տարիներին, ապա նրանք կարող են դառնություն ու հիասթափություն առաջացնել երեխաների քնքուշ սրտերում։ Այդպիսի ծնողները նման են վատնող մարդկանց, ովքեր մսխում են իրենց ունեցվածքը և ի վերջո ստիպված են ողորմություն խնդրել ուրիշներից։
Մանկության տարիներն ամենակարևորն են մարդու կյանքում։ Այդ ժամանակ ծնողների, ուսուցիչների, դաստիարակների առաջնորդության ներքո տեղի է ունենում երեխաների ֆիզիկական, հոգևոր և ինտելեկտուալ հնարավորությունների առաջացումն ու զարգացումը։ Նրանք ստանում են կրթություն, ձեռք են բերում գովասանքի արժանի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են համարձակ նայելու համար կյանքին, որը բոլորովին էլ հեշտ չէ և հաճախակի է լինում դառն ու անարդար։ Աստիճանաբար, երեխաները նախապատրաստվում են հետագա հասուն կյանքին, սովորում են հաղթահարել դժվարությունները, ինչպես նաև համեմատում են իրենց ցանկությունները հասարակության պահանջների հետ։ Բացի այդ, նրանք պետք է ունենան բավականաչափ ռեսուրսներ՝ մինչև 25 տարեկանը ֆիզիկական հատկությունների և մինչև 35 տարեկանը՝ հոգևոր հնարավորությունների ամբողջական զարգացման համար։
Փորձը ցույց է տալիս, որ երեխաները հեշտ են սովորում հասունության տարիքին հասնելուց առաջ, բայց հասունանալու հետ մեկտեղ նրանց դաստիարակելը գնալով բարդանում է։ Այդ իսկ պատճառով ծնողներին ու ուսուցիչներին հարկավոր է շեշտը դնել հենց վաղ տարիների վրա։ Նրանք չպետք է բաց թողնեն այդ անգնահատելի հնարավորությունը, գիտակցելով, որ ամեն ժամը, ո՛չ, ամեն րոպեն ծառայում է որոշակի նպատակի, և որ մանկության տարիների հանդեպ անտարբերությունը ապագայում կարող է հանգեցնել վնասների։
Երբ նավաստին որոշում է կտրել-անցնել վտանգավոր ջրային տարածությունը, նա ժամանակն իզուր չի վատնում և մանրակրկիտ զինում է իր նավը։ Որպեսզի բարեհաջող հասնի նշանակված կետին և թույլ չտա նավին վնասվել սարսափելի փոթորկի ժամանակ, հարկավոր է նախազգուշական միջոցներ կիրառել։ Այդպես էլ ծնողները, կառավարելով իրենց թանկագին երեխաների ճակատագրի նավը ապագա կյանքի ծովում, պետք է զինեն նավն ամեն անհրաժեշտ բաներով՝ երկար և վտանգավոր նավարկման համար և կատարեն որոշակի պահանջներ, որպեսզի հասնեն փրկարար ափին։
Որոշ ծնողներ անփույթ են, անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում մանկության տարիներին, համարելով, որ երեխան կզարգանա իր անհրաժեշտություններին ու հակումներին համապատասխան։ Ըստ իրենց՝ ժամանակի ընթացքում, երբ նա մեծանա, ինքնաբերաբար ձեռք կբերի հասկացողություն, կյանքի անհրաժեշտ տեսլական, և ինքն իրեն կհասկանա, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է պահել իրեն հասարակության մեջ։Այդ ծնողները նման են այգեգործի, ովքեր սածիլը չեն խնամում, չեն կտրում ավելորդ ճյուղերը, չեն փխրեցնում հողը՝ հույս ունենալով, որ ծառն ինքն իրեն կաճի ուղիղ և գեղեցիկ։ Բանաստեղծ Սաադին ասել է․
Երջանկության չի հասնի նա,
Ում մանուկ օրերին լավ չեն կրթել,
Կանաչ շիվը հեշտ է ճկել,
Չորացած ճյուղը միայն կրակը կարող է ուղղել։
Որպեսզի մանկությունը բերի այն մեծագույն օգուտը, որը և պետք է բերի, անհրաժեշտ է մշտապես հոգ տանել երեխաների դաստիարակության մասին և՛ տանը, և՛ դպրոցում՝ չվատնելով անգամ մեկ րոպե։ Որոշ մանկական հոգեբաններ կարծում են, որ անգամ երեխաների ժամանցն ու հանգիստը պետք է պլանավորել՝ համապատասխան գիտական խորհուրդների։ Ուսուցիչը պետք է առավելագույն կերպով օգտագործի այն բնական ճանաչողական հետաքրքրությունը, որը երեխաները բնազդաբար ցույց են տալիս խաղի ժամանակ։ Խաղի ընթացքում զարգանում են երեխայի ֆիզիկական և հոգևոր կարողությունները, այդ ժամանակն իզուր չի կորչում, և նրա կյանքը անպտուղ չի լինի։
Կարևոր փաստը, որը հաճախ անուշադրության է մատնվում ծնողների ու ուսուցիչների կողմից, համարվում է սովորության ուժը։ Եթե մենք հիմա ուշադիր նայենք, կհայտնաբերենք, որ <<սովորությունը երկրորդ բնույթն է>> արտահայտությունը չափազանց դիպուկ է արտացոլում իրականությունը։ Այն, ինչին մարդը սովոր է, ազդում է նրա պահվածքի, անհատականության ձևավորման վրա և երբեմն անհարմարություն է պատճառում ինչպես անձամբ իրեն, այնպես էլ շրջապատին։
Ինչու՞ մարդը, ով տարիներ շարունակ օգտագործել է գրպանի ժամացույցը, ձեռքն իջեցնում է գրպանը, երբ ցանկանում է ժամն իմանալ, չնայած շատ լավ գիտի, որ ժամը կապված է ձեռքին։ Նա այդ շարժումն անում է մեքենայաբար, սովորության ուժի դրդմամբ։
Մեկ այլ օրինակ։ Դուք պետք է նամակ գրեք, թանաքամանը դրված է ձեզնից աջ։ Մի քանի տող գրելուց հետո դուք թանաքամանը տեղափոխեցիք ձախ ու շարունակեցիք գրել։ Երբ ձեզ անհրաժեշտ լինի նորից թաթախել փետուրը, դուք մեքենայաբար շարժում կանեք դեպի աջ կողմը։ Սխալ շարժումները կարող են մի քանի անգամ կրկնվել, մինչ ձեր սովորությունը կփոխվի։
Եվ եթե հետևյալ պարզ դեպքում սովորության փոփոխության համար անհրաժեշտ է մի քանի րոպե, ապա մանկության երկար ընթացքը ամենապիտանին է օգտակար սովորությունների և լավ վարքագծի ձեռք բերման համար, որոնք անհրաժեշտ կլինեն ողջ կյանքում։ Անգլիացի հանրահայտ փիլիսոփա Ջոն Լոկկի կարծիքով, երեխայի <<ներքին գրատախտակի վրա>> ուսուցիչը, կրթությունը որպես գործիք օգտագործելով, կարող է գրել այն ամենը, ինչ ցանկանա, անկախ բնավորության ժառանգական հատկանիշներից։ Դա կարելի է ձևակերպել այսպես․ <<Մանկության տարիներին ստացած գիտելիքը նման է քարի վրա դաջածին>>։
Անկասկած, երեխաները իսկապես երջանիկ են, երբ զգում են հոգատարություն և ուշադրություն նրանց կողմից, ում վստահված է իրենց դաստիարակությունը։ Երբ իրենց սովորեցնում են գովասանքի արժանի պահվածք և նախազգուշացնում են վատ արարքներ չկատարել, երբ նրանք ստանում են գիտելիք, կատարելագործվում են, և խնամված այգու ծառերի նման ուրախություն են բերում, բերք են տալիս՝ դառնում են հասարակությանը պիտանի անդամներ։
Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից