Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Խուսափեք երեխաների հանդեպ ավելորդ խստությունից
Հոդվածներ

Խուսափեք երեխաների հանդեպ ավելորդ խստությունից

Երեխային չի կարելի ճնշել կամ մեղադրել միայն այն պատճառով, որ նա փոքր է, նրան պետք է համբերատար դաստիարակել։

 

1․ Մայրը կերակրում է երեխային։ Կերակրման պրոցեսն ունի իր հոգեբանական նշանակությունը, երբ մոր կրծքին սեղմված՝ երեխան մորից ջերմություն, բարություն, սեր է ստանում։ Պատահում է, որ կերակրելու ընթացքում երեխան ինչ-որ անհարմարություն է զգում, օրինակ, ստամոքսի ցավի պատճառով, նա չի կարողանում քաշել կաթն ու սկսում է նվնվալ։ Եթե անհարմարության պատճառն արագ չլուծվի, ապա նվնվոցը կդառնա աղաղակող գոռոց։ Երեխայի լացը ծնողական ամենամեծ փորձություններից մեկն է։ Ինքն իրեն հավաքելու, ուշադրությամբ զննելու, թե ինչի է երեխան գոռում, նրան հանգստացնելու փոխարեն՝ այդ հրեշտակի և ամենանուրբ արարածի մայրը ազատություն է տալիս իրեն համակած զայրույթին։ Նա ապտակում և լուտանքներ է թափում երեխայի վրա, իսկ եթե լացը տևականորեն երկարում է՝ նրան մենակ է թողնում սենյակում։

 

2․ Երեխան սովորում է խոսել։ Նա հետաքրքրասիրություն է ցուցաբերում, տալիս է իր անվերջանալի <<ինչու>>, <<սա ինչ է>>-ն և չի հեռանում մորից՝ ստվերի պես հետևելով նրան։ Նրա համբերության բաժակը սկսում է լցվել, գլուխը պտտվում է այդքան հարցերից։ Այդ ընթացքում երեխան տանն ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս, և մայրը պատժում է նրան <<աղմուկի>> համար։

 

3․ Մեծերը ծիծաղում են, խոսում են, պատմում են տարբեր պատմություններ։ Նրանք ուրախ ու հաճելի ժամանակ են անցկացնում։ Երեխան ուշադիր լսում է նրանց խոսակցությունները։ Քանի որ նա չի կարողանում հասկանալ զրույցի թեման, խանգարում է նրանց, ընդհատում է խոսակցությունը, խնդրում է այս կամ այն բանը բացատրել կամ կրկնել։ Քանի որ ծնողները երեխային փոքր և անխոհեմ արարած են համարում և կարծում են, որ նա դեռևս իրավունքներից զուրկ է, նրանք բարկանում են, նվաստացնում նրան և դուրս հանում սենյակից։ Դժվար թե երեխան հասկանա, թե ինչով է պայմանավորված մեծահասակների վարքագծի փոփոխությունը, ովքեր միմյանց հետ այդքան սիրալիր են, և հանկարծ իր նկատմամբ այդպես խիստ ու անդրդվելի։

 

Դաստիարակության նման մեթոդները վիրավորական ու անցանկալի են երեխայի համար և ցավագին են ընդունվում նրա կողմից։ Նրա նուրբ սիրտը կարյունահոսի, իսկ հոգին կմթագնի։ Փոխարենը ուրախ ու երջանիկ մեծանալու, նման ընտանիքներում երեխաներն իրենց մանկության տարիներն անցկացնում են տխրության ու հուսահատության մեջ՝ դառնության ու խավարի մշտական զգացումով։

 

Շատ երեխաներ տեսնում են երջանիկ դեմքեր, ժպիտներ, լսում են ուրախ ծիծաղ, նրանք ապրում են բարեկեցիկ պայմաններում, նրանց հայացքը վայելում է բնության գեղեցկությունը, նրանք այցելում են ցուցահանդեսներ և մշակութային կենտրոններ, կարդում են հետաքրքիր, ուսուցողական գրքեր, նրանց դաստիարակում են մանկավարժական մեծագույն հմտությամբ՝ վստահելի ու փորձված մեթոդներով։ Ափսոս, որ կան այլ երեխաներ ևս, ովքեր շրջապատողների և ծնողների կողմից չեն ստանում ոչինչ՝ բացի կոպտությունից ու դաժանությունից։ Նրանք չունեն զբոսնելու տեղ, նրանց հասանելի չեն մանկական գրքերը, ֆիլմերը, ժամանցը։ Նրանք անցկացնում են իրենց կյանքը բանտարկյալների պես՝ զազրելի ու դաժան բանտերի նեղ ու մութ խցերում։

 

Քննադատությունը, անհավանությունը, ավելորդ խստությունը բացասաբար են ազդում երեխայի անհատականության զարգացման վրա և հանգեցնում են հասարակության մեջ թույլ, հիվանդ, նյարդային, կյանքին չհարմարվող հոռետեսների առաջացմանը՝ ֆիզիկական ու հոգևոր թերություններով, ովքեր կամաց-կամաց քայքայում են հասարակությունն ու վնաս հասցնում նրան։

 

Ծնողները, մանկավարժները, դաստիարակները՝ բոլորը, ովքեր գործ ունեն երեխաների հետ, պետք է իմանան․

 

1․ Փոքր երեխաներն ունեն զգացմունքներ, էմոցիաներ, մտածելու և ինտելեկտուալ գործողությունների կարողություններ։ Նրանք մեծերից տարբերվում են միայն նրանով, որ իրենց՝ զարգացման դեռ սկզբնափուլում գտնվող կարողությունները, մատղաշ ծառի նման, փորձառու այգեպանի կարիք ունեն, ով կպաշտպանի իրենց ուժեղ քամուց, կհետևի, որ արմատները չփչանան, ճյուղերն ու բույնը չվնասվի:

 

2. Կոտրել երեխայի սիրտը անտարբերությամբ, անուշադրությամբ և օգնության մերժմամբ, անհամբերություն ցուցաբերել, խստորեն պատժել նրան՝ այս ամենը կոպիտ սխալ է ու ծանր մեղք։ Ծնողները երբեք չպետք է դառնան երեխայի արցունքների ու վշտի պատճառը։

 

3․ Եթե երեխաները հաճախ ենթարկվում են վիրավորանքների ծնողների կողմից, ապա շուտով նրանց սերն ու կապվածությունը հոր և մոր նկատմամբ վերածվում է ատելության ու վրեժխնդրության։ Ընտանիքի հիմքը կթուլանա, նրա միասնությունը կվտանգվի, կվերանա կայուն վստահության զգացողությունը՝ երեխայի էմոցիոնալ հավասարակշռության և հոգեկան առողջության կարևոր գործոնը։ Չկա ավելի մեծ վտանգ ընտանիքի համար, քան երեխայի բացասական զգացմունքները։

 

4․ Եթե ծնողները ցանկանում են արդյունավետ դաստիարակել իրենց երեխաներին և ազատել նրանց թերություններից, ապա նրանք պետք է տիրապետեն մանկավարժական մեթոդիկային և չհավատան նրան, որ իրենց համար միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ բռնության և դաժանության ճանապարհը։

 

Ընտանեկան ուրախ մթնոլորտը՝ երջանիկ ժպիտները, ըմբռնումը, սերը և կապվածությունը համարվում են լավագույն դաստիարակչական միջավայրը։ Ինչու՞ երեխաները պետք է լաց լինեն, տխրեն և վշտանան։ Մի՞թե բարյացկամությունը, զրնգուն ծիծաղը, երջանիկ դեմքերը ավելի գերադասելի չեն, քան արցունքները, բղավոցներն ու վիրավորանքները։ Եկեք մեր անմեղ երեխաներին միայն ուրախություն և երջանկություն բերենք։

 

Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ