Եթե սուտը դիտարկենք որպես ճշմարտության մտածված խեղաթյուրում, այլ մարդկանց գիտակցված խաբելու միջոց, ապա երեխաները, հատկապես մինչև հինգ տարեկան, չեն կարող սուտասաններ համարվել այդ բառի ամբողջական իմաստով։ Չնայած մեծը հասկանում է, որ երեխան ճշմարտությունը չի ասում, սակայն նրա ոչ ճիշտ պնդումները սովորաբար չեն համարվում ո՛չ վատ մտադրությունների հետևանք, ո՛չ էլ լսողներին խաբելու ցանկություն։
Երեխաները երբեմն սուտ են խոսում պատժվելու վախից դրդված, քույր-եղբայրների հանդեպ խանդից, էգոյի պատճառով և անգամ աչքերին թոզ փչելու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ ծնողները, ցանկանալով երեխային կարգապահություն սովորեցնել, դիմում են իշխանությունն օգտագործելու մարտավարությանը։ Ինչպես խոսքի մեջ, այնպես էլ գործի մեջ համառությունը հաճախ է հանգեցնում ստելուն։ Եթե երեխան ինչ-որ պատճառով սուտ է խոսել, ապա համառությունը կարող է հանգեցնել նրան, որ նա հավատարիմ մնա իր ասած խոսքերին։ Բայց մեծամասամբ, մանկական պատմությունները նրանց երևակայության արդյունքն են։ Շատ ծնողներ են նկատում, որ տղաներն ու աղջիկները, հատկապես դեռահասության տարիքում, հորինում են անսովոր պատմություններ և պատմում դրանք այնպես, ասես դրանք իրականում տեղի են ունեցել, և այդ պատմությունների հերոսները հենց իրենք են։ Այդ պահին նրանց երևակայությունն այնպիսի ուժգնությամբ է աշխատում, որ մտացածինի ու իրականության սահմանը մաքրվում է, երևակայականը նրանց համար դառնում է գոյություն ունեցող իրականություն, և երեխաներն իրենք էլ սկսում են հավատալ իրենց խոսքերին։
Օրինակ, երեխան միամիտ պարզությամբ կարող է նկարագրել մորը, թե ինչպես է նա վարել օդանավը, որը երեկ երեկոյան թռչում էր իրենց տան գլխավերևով կամ պատմել այն մասին, թե ինչպես բռունցքի մեկ հարվածով քանդեց հարևանի տան պատը։ Այս հորինվածքները սուտ չեն հանդիսանում, հետևաբար հարկավոր չէ երեխային ո՛չ մեղադրել վատ պահվածքի համար, ո՛չ էլ պատժել։
Ուսուցիչ Ռոբերտ Գոուպը, ով երեխաների պահվածքի տեսակների մասին գրքի հեղինակ է, նման երևակայությունների համար երեխաներին պատժելը համեմատում է «անվնաս աղավնիների վրա կրակելու» հետ։ Երեքից չորս տարեկանում երեխաները ոտք են դնում զարգացման այնպիսի փուլ, որի համար չափազանցության ձգտումը բնական է, իսկ նրանց պատմածները որպես սուտ դիտարկելը կամ նրանց պատժելն անարդար է։
Ենթադրենք՝ դուք հարցնում եք փոքրիկ աղջնակին, թե ինչպես է իրեն զգում նրա տիկնիկը։ Աղջիկը տարված պատմում է, որ տիկնիկը լալիս է, գոռում և չի լսում իրեն։ Երջանիկ դեմքն ու փայլուն աչքերը հստակ ցույց են տալիս, որ նրա խոսքերը ոչ այլ ինչ են, քան ճշմարտություն։ Պետք է ասել, որ նույն կերպ երեխան առանց ետին մտքի ուրիշների վրա է գցում մեղավորությունն այն դեպքում, երբ անում է մի բան, որն իրեն չի թույլատրվում։ Շատ հազվադեպ է պատահում, որ երեխան գիտակցաբար և նպատակադրված ստի։ Ավելի շուտ, ճշմարտությունից շեղվելը մտածողության անհասունության, մեզ՝ մեծերիս համար նրա խոսքերի անհասկանալիության արդյունքն է։ Հետագայում, շնորհիվ մտավոր զարգացման, երեխան դադարում է երևակայել, կանխագուշակել, զգալ տարբեր անիրատեսական իրավիճակներ։ Երեխաների երևակայությունները, հորինվածքները, սովորաբար մանկական երևակայության աշխուժության և հարստության արդյունք են, հետևաբար այն չի կարելի համեմատել մեծերի ստի հետ, որն ասվում է գիտակցված խաբեության համար։
Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն համարում էր, որ երեխան ստախոս է դառնում սխալ դաստիարակության պատճառով։ Դաստիարակը կամ ուսուցիչը, ծանոթ չլինելով երեխայի զարգացման հոգեբանությանը, սխալ դաստիարակելով նրան՝ ստիպում է ստել։ Շատ կարևոր է, որ բոլոր մանկավարժները հիշեն, որ երեխային, ով երևակայում է, չի կարելի նախատել և նսեմացնել, մեղադրել ստախոսության մեջ, հատկապես ընկերների և ծանոթների ներկայությամբ։ Այլ խոսքերով ասած, չի կարելի նրա պատմություններից որևէ եզրահանգումներ կատարել։ Բայց ինչն ավելի կարևոր է, մանկավարժները չպետք է պատժեն երեխաներին ճշմարտության ուղուց շեղվելու համար։ Ընդհակառակը, մեծագույն համբերությամբ ու բարությամբ նրանց հարկավոր է աստիճանաբար շտկել երեխաների պահվածքը՝ ամբողջովին գիտակցելով այն փաստը, որ նման պահվածքը բնական է երեխաների համար և նրանց մեծանալու հետ մեկտեղ այն աստիճանաբար կվերանա։
Երբեմն ծնողները մտածում են, որ պատժամիջոցներ կիրառելով նրանք կարող են կարգապահություն դաստիարակել երեխայի մեջ և այդկերպ նրանց ճշմարտացիություն սովորեցնել։ Բայց վերջնական արդյունքը լրիվ հակառակը կլինի, քանի որ երեխան իր բնույթով հարուստ երեևակայություն ունի, ի վիճակի է ստեղծել իրերի և իրավիճակների պատկերներ, որոնք երբեք չի տեսել և չի զգացել։ Պատիժը սակավ օգտակար է բնույթը շտկելու գործում։ Պաշտպանելով ու փրկվելով անգրագետ ու դաժան դաստիարակից՝ երեխան «կառչելու է» վատ պահվածքից ու իրական ստից և քիչ-քիչ դառնալու է բարձր կարգի նրբագեղ ստախոս։
Յոթամյա որդին վերադառնում է դպրոցից և ուրախությամբ պատմում, որ այսօր դպրոցում բոլորից լավ է պատասխանել դասին, ուսուցիչը ասել է մնացածին, որ օրինակ վերցնեն իրենից և գովասանքի խոսքեր ասել հիանալի պատասխանի համար։ Մի աշակերտ այնքան է նախանձել իրեն, որ անգամ լաց է եղել։ Դասամիջոցի ժամանակ մյուս երեխաները, չկարողանալով թաքցնել իրենց նախանձը, ծաղրել են նրան ու անգամ փորձել են ծեծել։ Հետո եկել է տնօրենը, սկսել է պարզել, թե ինչ է եղել և այլն։
Կարելի է ասել, որ երեխայի երևակայության ուժը «լղոզել է» երեխայի մեջ իրականում տեղի ունեցածի պատկերը։ Իր տղային լավ իմանալով՝ մայրը հասկանում է, որ նա չէր կարող հանկարծ հասնել այդպիսի մեծ հաջողությունների, և եթե նա, դրա հետ մեկտեղ անուշադիր լինի նրա նկատմամբ, չփորձի հասկանալ նրա մտադրությունները ու պահվածքի նպատակը, ապա նրա պատմությունը կընդունի որպես ստի տեսակ և բարկացած կգոչի․ «այդ ամենը հորինվածք է», կամ «ամաչի՛ր», կամ «հենց հիմա հավաքվիր, գնում ենք ուսուցչիդ մոտ ու պարզենք՝ ասածդ ճիշտ է, թե սուտ, և եթե դու խաբել ես, բանդ բուրդ է»։ Վախեցած երեխան, ամպերից իջնելով, խորը կզղջա իր պոետիկ երևակայությունների համար, որոնց ինքն էլ անձամբ հավատացել է։ Վախենալով պատժվելուց և պատկերացնելով, թե ինչ նվաստացումներ է ապրելու դպրոցում՝ երեխան սկսում է հնարել, խաբել։ Այնքան շատ բաներ է հորինելու, խաբելու, որ իրավիճակը ամբողջովին անհավանական է դառնալու, և այդկերպ ստացված արդյունքը կլինի սպասվածի լրիվ հակառակը։
Սակայն եթե մայրն ուշադիր է ու հոգատար, հասկանալով է մոտենում երեխայի՝ թեպետև այդ ձևով ծնողների գովասանքին արժանանալու կարիքին, ապա լիովին բավական է, որ նա այդ պահին ոչինչ չասի, լսի նրա հաղորդածը բարյացկամությամբ, դեմքի լուրջ արտահայտությամբ։ Երեխայի մոտ, ամենայն հավանականությամբ, կանհետանա ինչ-որ բան հորինելու ցանկությունը, և նա կամ կմոռանա իր երևակայածները, կամ մորը կխոստովանի, որ դա կատակ էր և իր պատմությունը ոչ այլ ինչ էր, քան նրա երևակայության արդյունքը։ Իմաստուն և բարի մայրը կպատասխանի, որ դրանում ոչ մի վատ բան չի տեսնում, քանզի Աստված ուզում է, որ իր որդին օրինակ լինի ուրիշների համար։ Եվ նա հույս ունի, որ հորինվածը իրականություն կդառնա։ Իսկ եթե հանգամանքները թույլ տան, ապա կարելի է զգույշ ու նրբանկատորեն բացատրել նրան, որ երեխաների պատմած պատմությունները պետք է համապատասխանեն իրականությանը։
Մեծերը, գործ ունենալով նրբազգաց արարածների հետ, ովքեր ունեն վառ ու հարուստ երևակայություն, սիրտ, որը ավելի նուրբ է, քան ջրաշուշանը, կարող են իրենց չմտածված գործողություններով վիրավորել նրանց։ Եթե երեխային չճնշել, նրա հորինելու հակումը չդիտարկել որպես խաբելու մտադրություն, ապա նա, անկասկած, ինքնուրույն կհաղթահարի երևակայության զարգացման հետ կապված բացասական պահերը։ Այդ իսկ պատճառով մանկավարժը պետք է ուշադիր լինի, տիրապետի մեծագույն համբերության ու բարության, իսկ մայրը պետք է առավել շատ առաջնորդվի մանկական հոգեբանությամբ, քան ապավինի խստությանն ու պատժին։