Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ճշմարտությունը որպես կյանքի հիմք
Հոդվածներ

Ճշմարտությունը որպես կյանքի հիմք

Ապրել նոր ձևով՝ ի՞նչ է սա նշանակում։ Այս աշխարհում գոյության պայմանները համընդգրկուն են ու միասնական։ Գոյություն ունեցող ամեն ինչի հիմքում՝ ատոմից մինչև տիեզերական միգամածություն, ընկած է որոշակի համակարգ, և ամեն բան գտնվում է կատարյալ հավասարակշռության մեջ։ Ամբողջի տարրերը գտնվում են ճշգրիտ և օրինական փոխազդեցության մեջ։ Քանի դեռ ներքին հավասարակշռությունը խախտված չէ, ամեն բան հարթ է ընթանում։ Կենդանի օրգանիզմների առողջությունը որոշվում է նրանց օրգանների ճիշտ փոխազդեցությամբ՝ տվյալ հարաբերակցության և ներդաշնակության խախտումը հանգեցնում է հիվանդության կամ դրսևորվում որպես անոմալիա։ Եթե ​​ձվաբջջից հանեք <X> քրոմոսոմը և այն փոխարինեք <Y> քրոմոսոմով, ապա իգական սեռի փոխարեն արական կստանանք։ Մարդու կյանքի ողջ ընթացքը կորոշվի այդ՝ թվում է թե աննշան փոխարինմամբ՝ ֆիզիոլոգիական ֆունկցիաներ, ձայն, կազմվածք, էմոցիոնալ ռեակցիաներ, անգամ՝ սովորություններն ու զբաղմունքները, ամեն բան այլ կլինի։  Այսպիսով, հավասարակշռությունը կյանքի համար միանշանակ անհրաժեշտ պայման է, ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգևոր մակարդակներում: Մարմնի կարիքների և վերջինիս խնամքի մասին մեր գիտելիքները զգալիորեն ավելացել են վերջին երկու դարերի ընթացքում, մարդու ուղեղի գործառույթների մասին տվյալները հանգեցրել են այնպիսի գիտության զարգացմանը, ինչպիսին հոգեբանությունն է։ Մենք սկսում ենք հասկանալ մեր արարքների հոգեբանական դրդապատճառները, գիտենք, թե ինչպես է աշխատում ուղեղը։ Քաղաքակիրթ հասարակությունում ապրող մարդկանց այլևս կարիք չկա բացատրելու, որ վատ սանիտարական պայմանները, հիվանդածին միկրոբները, ջրի և շրջակայքի աղտոտվածությունը, գերբնակեցումն ու թերսնումը հանգեցնում են հիվանդությունների։ Նրանք արդեն գիտեն դա։ Մենք մտածում ենք հասարակությունը բարելավելու ուղիների մասին, հոգեբանների տվյալների հիման վրա փորձում ենք փոխել մարդկանց միջև շփման ոճը։ Բարեփոխումները ուղղիչ համակարգերում, աշխատանքային թերապիաները, անչափահաս հանցագործների հետ աշխատանքները, պատերազմների ժամանակ տուժած մարդկանց հոգեբանական օգնությունը, այս ամենը փաստում է այն մասին, որ մենք իսկապես ցանկանում ենք վերակառուցել մեր աշխարհը որոշակի օրենքների համաձայն, որոնք, ինչպես ապացուցել է գիտությունը, կառավարում են այն, և որոնց պետք է հետևել, որպեսզի կարողանանք պահպանել մեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Սակայն հիմա մենք պետք է սովորենք այն օրենքները, որոնցով ապրում է մեր հոգին, հասկանանք, թե ինչն է օգուտ մեր հոգեկան զարգացման համար և ինչպես է պետք ապրել, որպեսզի առողջ լինեն ոչ միայն մեր մարմինն ու միտքը, այլ նաև հոգին։

 

Մենք գիտենք, որ ոչ մի տեսություն, ոչ մի համակարգ, լինի դա մաթեմատիկական կառույց, թե աղյուսից ու շաղախից կառուցված կոնստրուկցիա, հուսալի չի լինի, եթե այն ամուր հիմք չունի։ Շինարարությունը կարող է լինել կա՛մ ճշգրիտ՝ հիմնված ստուգված փաստերի վրա, հետևաբար՝ ճշմարիտ, կա՛մ անհիմն, կեղծ և, հետևաբար, ի վիճակի չէ որևէ բանի հենարան ծառայելու։ Եթե տան հիմքն ու կմախքը բավականաչափ ամուր են, նրանք իրենց վրա կպահեն ամբողջ տունը, եթե ոչ, տունը կփլվի։ Նույնը կարելի է ասել մեր բնավորության մասին, որի հիմնական կոնստրուկցիան ճշմարտացիությունն է։ Սուտը, խաբեությունը, կեղծավորությունը անվստահելի նյութ են, նրանց վրա չի կարելի հույս դնել, քանզի նրանք հեռացնում են ճշմարտությունից։ Այն ամենն, ինչ հիմնված է նրանց վրա, փլվում է առաջին իսկ ստուգման ժամանակ։ Ճիշտն իրական է և կարող է դիմանալ ցանկացած փորձության։ Բնության մեջ ամեն բան հիմնված է ճշմարտության վրա, բնությանը չես խաբի, նա ընդունում է միայն այն, ինչն իր պատշաճ տեղն է զբաղեցնում, այն, ինչը պահպանում է հավասարակշռությունը։ Ցանկացած կեղծիք, իմիտացիա, անխուսափելիորեն մերժվում են նրա կողմից։ Իսկ մարդը համեմատաբար ազատ արարած է՝ օժտված ընտրության արքայական արտոնությամբ, ինքն է որոշում ապրել ճշմարտությամբ, թե կեղծիքով։ Սակայն եթե նա իր կյանքը միահյուսի ստի հետ, անխուսափելիորեն կաղավաղի, կխճճի և կաղքատացնի այն։ Եվ եթե իրական արժեքների փոխարեն նա սկսի իր հոգին լցնել շինծու բաներով, վերջիվերջո նրա ամեն մասնիկը կներծծվի կեղծիքով և նրա բնավորության հիմքը կհյուսվի անպետք նյութից։ Սուտը մոլորեցնում է ոչ միայն ուրիշներին, այլ առաջին հերթին հենց ստախոսին։ Այն բնածին բանական բնազդը, որը բնորոշ է բոլոր կենդանի արարածներին, ներառյալ մարդուն, ում օգնությամբ ճշմարտությունը կարելի է տարանջատել կեղծից, բթանում է անգործությունից, և ի վերջո ատրոֆիայի է ենթարկվում։ Մենք չենք կարող խաբել և չկորցնել մեր ես-ը, քանի որ ստելով մենք կեղծավորություն ենք ներմուծում մեր բնավորության մեջ։ Մեր կենդանի օրգանիզմի մեջ հայտնվում է ինչ-որ մեռած մի բան։ Կենդանի օրգանիզմի մահացումը շատ վտանգավոր է, քանզի հանգեցնում է ամբողջ օրգանիզմի աստիճանական քայքայմանը։ Սուտը դանդաղ, բայց անխուսափելիորեն քայքայում է բարոյական հիմքերը։ Այնքան էլ մեծ քայլ չի պահանջվում սուտ խոսքից դեպի անազնիվ արարք՝ քեզ չպատկանող ինչ-որ բան յուրացնելու փորձ կատարելու համար։ Եթե մեզ թույլ տանք մոռանալ ճշմարտության արժեքի մասին, եթե դադարենք տարբերել փաստերն ու հորինվածքը, ապա կարող է տեղի ունենալ հասկացությունների այնպիսի միախառնություն, որ «իմ» և «քո»-ի մինչև սահմանը կանհետանա։

 

Ճշմարտությունն այն հիմնաքարն է, որը պետք է դրվի բնավորության հիմքում, և այդ ժամանակ ոչ մի փոթորիկ չի կարող քայքայել այն։ Հսկայական Տիեզերքը՝ այս բաբախող, ընդլայնվող, զարգացող իրականությունը, հիմնված է անվիճելի օրենքների վրա, որոնք ճշմարիտ են, նրանում կեղծիքի տեղ չկա։ Եվ կարո՞ղ է արդյոք մարդը լինել լիարժեք, եթե նրա կյանքում դատարկությունը շատ է։ Չէ՞ որ ցանկացած սուտ ոչ այլ ինչ է, քան իրականում գոյություն ունեցող ինչ-որ բանի, ինչ-որ փաստի կամ ճշմարտության բացակայություն: Սուտը ծնվում է ծուլությունից, սնափառությունից, ագահությունից կամ վախկոտությունից։ Երբ մարդիկ ասում են «Ավելի գթասիրտ կլինի ճշմարտությունը չասել», նրանք սովորաբար պատրվակներ են փնտրում, կամ էլ խաբում են իրենք իրենց։

 

Իրականությունը, վերջիվերջո, միշտ էլ գթասիրտ է, որովհետև օգնում է մարդուն գիտակցել իր իրական վիճակը և հասկանալ, թե ինչպես ավելի ճիշտ կլինի վարվել։ Թերևս այս ընդհանուր կանոնից միակ բացառությունը կարող է լինել բժիշկը։ Նրանից չի կարելի պահանջել, որ հանուն ճշմարտության հաղթանակի, հիվանդին ասի ողջ ճշմարտությունը, քանզի այդ ճշմարտության իմացությունը հիվանդի համար կարող է ճակատագրական լինել՝ այն կարող է դանդաղեցնել նրա բուժումը կամ անգամ հանգեցնել մահվան։ Փոքր սուտը, պատահական հորինվածքը կարող է դառնալ լուրջ թյուրիմացությունների աղբյուր և փորձանքի առջև կանգնեցնել։ Սուտը քայքայում է վստահությունը։ Եթե մարդը մի անգամ խաբել է ձեզ, դուք չեք կարող վստահ լինել, որ նա դա չի անի ևս մեկ անգամ, կամ մշտապես չի խաբի։ Մեկին սուտ ասելով, ինչու՞ չխաբել մյուսին։ Եվ նման մարդու վրա այլևս չի կարելի հույս դնել։

 

Երկրորդ ամենակարևոր հատկանիշը, որը կազմում է առողջ բնավորության հիմքը, ազնվությունն է։ Ճշմարտացիությունն ու ազնվությունը միշտ չէ, որ միասին են: Աշխարհում կան ազնիվ ստախոսներ և ճշմարտախոս գողեր։ Ազնվությունը որոշվում է ոչ միայն նրանով, որ մարդը չի գողանում կամ չի վերցնում այն, ինչ պատկանում է ուրիշներին։ Այս հայեցակարգը ենթադրում է քեզ չպատկանող ինչ-որ բան օգտագործելու բացարձակ անհնարինությունը՝ լինի դա իր, թե ինչ-որ աննյութական բան։ Եթե դու սիրահետում ես ընկերոջդ կնոջը, քեզ դժվար թե կարելի լինի ազնիվ համարել, չէ՞ որ դու նրանից գողանում ես սերը, որը մարդիկ սովորաբար ավելի շատ են գնահատում, քան փողը, և անգամ ավելի շատ, քան կյանքը։ Իսկ եթե անգամ սերը չես գողանում, դու ամեն դեպքում նրան պատվից ես զրկում։ Այսօր շատերի բնավորության մեջ նկատվում է մի հատկություն, որը կարելի է անվանել քվազիազնվություն։ Եթե բարոյական և էթիկական բնագավառում առանձնացնենք «սպիտակ»-ը և «սև»-ը, ապա տվյալ հատկանիշը կպատկանի «մոխրագույն գոտուն»։ Այն չի ենթադրում ազնվություն, այսինքն «սպիտակ», բայց նաև չի կարող միանշանակ դասակարգվել որպես խաբեություն, այսինքն «սև>>։ Սա փոխզիջում է առաջինի և երկրորդի միջև, և այստեղ հայտնվում են այնպիսի երևույթները, ինչպիսիք են կաշառակերությունը, անարժան արտոնությունները և այն ամենը, ինչը ներառված է «կաշառք» հասկացության մեջ։ Եթե ​​մենք ցանկանայինք թվարկել այն ամենը, ինչ ընկնում է այս «մոխրագույն գոտու» մեջ, ապա դա մի մեծ հատոր կկազմեր։ Անկախ նրանից, թե դուք ձեզ շահութաբեր պաշտոն եք գնում, թե ապահովում ապօրինի հովանավորչությամբ, կաշառք եք տալիս՝ միջնորդ դառնալով ձեր գրասենյակի և շահավետ գործարքի միջև կամ պետքական մարդուն նվեր եք տալիս՝ շահելով նրա վստահությունն ու դրանով իսկ ստիպելով նրան ձեզ լավություն անել, փող եք տալիս մեկին, ով օգնել է ձեզ և ակնարկում, որ հետագայում կվճարեք հավելյալ ծառայությունների դիմաց, այլ կերպ ասած՝ թեյավճար եք տալիս այս բառի լայն իմկաստով, դուք անազնիվ եք վարվում, քանզի ոլորուն ճանապարհներով ստանում եք այն, ինչ տասից իննի դեպքում պատկանում է ուրիշին, նրան, ով ավելի շատ ունի դրա իրավունքը, քան դուք։ Նույնիսկ եթե այն տասներորդի դեպքում դուք ստանում եք այն, ինչը իսկապես օրենքով ձերն է, ձեր կիրառած մեթոդները նպաստում են մի պրակտիկայի տարածմանը, որն ըստ էության անազնիվ է և անբարոյական։ Միգուցե դա կարող է օգնել ձեզ ավելացնել ձեր բանկային հաշիվը, բայց ձեր բնավորության առումով այն դժվար թե օգուտ բերի։ Միգուցե կյանքում դուք վայելեք ավելի շատ աշխարհիկ բարիքներ, քան մյուսները, բայց դուք չեք կարողանա հարգանք զգալ ինքներդ ձեր հանդեպ՝ հոգու խորքում գիտակցելով ձեր անազնվությունը։ Եվ քանի որ հեռանալով այս աշխարհից՝ չեք կարող ձեզ հետ վերցնել ո՛չ փող, ո՛չ հարստություն, ապա ավելի լավ չէ՞ կյանքում խաղադրույք կատարել մի բանի վրա, որը հավետ կլինի ձեզ հետ՝ ձեր անձնական հատկանիշների։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ