Թե որքան օրգանիկ կրոնը կարող է մտնել մեր կյանք, կախված է մեզնից։ Իր էությամբ երկրային, և միևնույն ժամանակ վեհության հակում ունեցող արարածներ լինելով հանդերձ՝ մենք համառորեն, դարեր ի վեր փորձել ենք կրոնը վերածել դոգմայի՝ նրա մեջ խցկելով կոշտ, արմատացած ձևեր։
Այն գիտակիցը, համընդգրկունն ու հիասքանչը, որը լայն հեռանկարներ է բացահայտել մարդկության առջև, մենք սահմանափակել ենք մեր ընկալման շրջանակի մեջ, կամ կաղապարել ենք այն միակ ձևի մեջ, որը հասանելի է եղել մեր անկատար մտքին։ Ջանալով անձեռնմխելի պահել անգին փայլուն լույսը, որը բերվել է մեզ սիրելի Աստվածահայտնիչի կողմից՝ մենք ոչ միայն փորձել ենք տեղավորել այն ապակե գմբեթի տակ, որպեսզի պաշտպանենք այն ուժեղ քամու պոռթկումներից, այլև ամեն կերպ փորձել ենք զարդարել ու ծաղկեցնել, շրջապատել ծիսակատարություններով, և այնքան եռանդագին ենք արել դա, որ ի վերջո սկզբնական լույսը մարել է, դառնալով անտեսանելի, իսկ մեզ մնացել են միայն նրա արտաքին ատրիբուտները։
Մարդիկ սիրում են ամեն բան բարդացնել։ Բացառություն չեն նաև պաշտամունքի ծառաները, ովքեր իրենց ջանքերում այն աստիճան են աղավաղել աստվածահայտնիչների առաջնային ուսմունքները, որ եթե Նրանք վերադառնային իրենց հետևորդներին, դժվար թե կարողանային հասկանալ սեփական դավանանքը։ Կոնկրետ կրոնի խարխլման գործընթացը չպետք է վախեցնի մեզ, քանզի դա կյանքի բնականոն գործընթացն է, որում ամեն բան ցիկլային զարգացում է ապրում։ Մենք գիտենք, թե որքան թարմ և հիասքանչ է բնությունը գարնանը, երբ այն կյանք է առնում և շուրջբոլորն ամեն բան ծածկվում է վառ գույներով։ Ամառը պտուղների հասունացման եղանակն է, և նա նույնպես ունի իր հմայքը։ Ամռանը փոխարինում է աշունը՝ բերքահավաքի ժամանակը, որին հաջորդում է մռայլ, ցուրտ ձմեռը, երբ բնությունը մահանում է։
Սկսվում է թոշնելու շրջանը և թվում է, թե ամեն բան ամբողջովին փտել է, և այնքան թախծալի է դառնում, որ ավելի վատ չի կարող լինել, բայց ամեն անգամ գարնան հրաշքը կրկին հայտնվում է։ Բնության մեջ ամեն բան կառուցված է հակադրությունների հիման վրա՝ ցերեկը և գիշերը, կյանքը և մահը, անձրևն ու երաշտը, ամառն ու ձմեռը։ Հնարավոր է՝ չճանաչելով մեկը՝ մենք ի վիճակի չէինք լինի գնահատել մյուսը։ Նույնն էլ, ըստ էության, տեղի է ունենում հոգևոր ցիկլում։ Հոգևոր գարունը՝ իր փթթունությամբ ու ծաղիկներով, որը Մարգարեն բերում է մարդկանց կյանք, անցում է կատարում դեպի ամառ, իսկ հետո վրա է հասնում աշունը, որը բերում է պտուղներ, և ձմեռը, երբ ամեն բան սառչում է։ Բայց հետո կրկին գալիս է գարունը, ամեն բան վերածնվում է և սկսում է նոր ցիկլը։ 19-րդ դարում աշխարհում նոր հոգևոր գարնան բոլոր նախապայմանները հասունացել էին։ Մայրցամաքների կրոնական քարտեզին նայելով մենք տեսնում ենք, որ այդ ժամանակ քրիստոնեությունն արդեն սպառել էր իր շնորհը։
Դրանից դեռևս շատ առաջ եկեղեցին բաժանվել էր երկու մասի, որոնցից մեկը՝ բողոքականը, իր հերթին շարունակում էր բազմաթիվ աղանդների բաժանվել։ Քրիստոնեական պետությունները կորցրել էին ժամանակներ առաջ Սուրբ Հռոմեական կայսրության ներքո ձեռք բերված իրենց միասնականությունը։ Ատելությունը, կրոնական տարանջատումները, աղանդները տարիների ընթացքում միայն խորանում էին, իսկ մատերիալիզմի ժանգն ավելի ու ավելի ուժգին էր քայքայում Արևմուտքի հոգևոր կյանքը։ Դարավոր թմրության մեջ գտնվող հուդայականությունն ապարդյուն կերպով փափագում էր զորության հասնելու երազանքները՝ փաստացիորեն կառչելով հեռավոր անցյալից, իսկ հրեա ժողովուրդը՝ արհամարհված և մերժված, աշխարհի բոլոր անկյուններում ապրում էր նվաստացման մեջ։
Արագորեն նվազում էր նաև իսլամի կենսական ուժը, բազմապատկվում էին նրա աղանդները, և, ինչպես դա պատահում էր նաև այլ հավատների հետ, անճանաչելիորեն աղավաղվում էին նրա վարդապետությունները։ Այն ուժը, որ բերել էր նրան Վիենայի և Ֆրանսիայի դարպասների մոտ, այդ ժամանակ արդեն ամբողջությամբ մարել էր։ Հեռավոր Ասիայում բուդդայականությունն ու հինդուիզմը, այս երկու հին և իրենց երբեմնի հզորությունը կորցրած կրոնները մի կերպ գոյատևում էին նեգատիվիստական փիլիսոփայության և հնացած վարդապետությունների տեսքով։ Ծեսերի և դոգմաների մեջ քարացած զրադաշտականությունը, որը հպարտանում էր իր երկարակեցությամբ, դարձել էր նեղ և մոլեռանդ, նա արդեն ի վիճակի չէր ո՛չ մարդկանց նոր տեսլական տալու, ո՛չ նրանց մեջ խանդավառության նոր ալիք ծնելու։ Կրոնն ավելի ու ավելի էր վերածվում բովանդակությունից զուրկ աղանդի։ Աշխարհի ժողովուրդները, զրկված լինելով իրական լուսավորությունից, տառապելով կարիքից ու պատուհասներից, բավարարվում էին նրանով, որ հավատում էին Աստծուն միայն խոսքերով, ենթարկվելով անհաշվելի կանոններին (կամ անտեսելով դրանք), որոնց հետևելը, ինչպես նրանց վստահեցնում էին, պետք է նրանց երանություն ապահովեր գալիք աշխարհում։ Մարդկությունը հիշեցնում էր ահռելի մեծության հում, չհասունացած խմոր: Գնալով նրան էլ ավելի էր հետաքրքրում նյութական բարեկեցությունը, և ավելի քիչ՝ հոգևորը։ Ամբողջ աշխարհում հոգևոր անկման և բարոյականության լեթարգիայի նշույլներն առավել ակնհայտ էին դառնում։
19-րդ դարի կեսերին աշխարհի վրա թարմ քամի փչեց։ Սկզբում՝ գրեթե աննշան, այն աստիճանաբար դարձավ ավելի ու ավելի ակնհայտ։ Նա բերեց նոր հայտնություններ, մարդկանց՝ կյանքի հանդեպ նոր հայացքներ։ Գոլորշու օգտագործումը որպես շարժիչ ուժ փոխեց աշխարհի նյութական տեսքը։ Կյանքը սկսեց կտրուկ փոխվել։ Անլար հեռագրությունը և էլեկտրաէներգիան, անաստեզիան ու նոր տեխնոլոգիաները, ճոպանուղիներն ու երկաթուղային հեռագրությունը, գիտության այս բոլոր նվաճումները բացեցին ճանապարհ դեպի այն, ինչ մենք անվանում ենք ժամանակակից քաղաքակրթություն։
Իր գոյության միլիոնավոր տարիների ընթացքում մարդն առաջին անգամ լույսի շող տեսավ իր կյանքի մութ հորիզոնում։ Նրա առջև փայլատակեց մշտական ծանր աշխատանքից ազատվելու հնարավորությունը, որպեսզի ժամանակի մի մասը նվիրի կրթությանը, որպեսզի բարձրացնի իր գիտելիքների մակարդակը, և, հետևաբար, նաև կյանքի մակարդակը։ Ստրկությունը չեղարկվեց, և ոչ միայն ֆիզիկականը։ Օրենսդիրները սկսեցին հարձակվել կարիքի և աղքատության նվաստացուցիչ ստրկության դեմ։ Նոր ուղղություն ձեռք բերեց նաև մարդկային միտքը։ Մարդիկ սկսեցին գիտակցել կյանքի բոլոր հիմունքների արմատական և համընդգրկուն փոփոխության անհրաժեշտությունը։ Աշխարհում նոր, իսկական խմորումներ էին։ Սկսվեցին տնտեսական վերափոխումներ։
Ցածր խավերը, որոնք ենթարկվում էին շահագործման ու բռնության, պահանջում էին ավելի լավ հասարակական կարգեր, ավելի ու ավելի խիստ էր արտահայտվում կրթության պահանջը, սկսեց քննադատվել անգրագիտությունը, փոխվեցին պարտադիր դպրոցական ծրագրերը, բանտային և ուղղիչ համակարգերը ենթարկվեցին քննադատության՝ որպես անբարո և անարդար, շատ ոլորտներում իշխող դիրք գրավեց ռեֆորմիստական միտքը։ Մարդկության երևակայությունը գրավեցին բոլորովին նոր գաղափարներ, կանայք սկսեցին պահանջել տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, մասնավորապես՝ քվեարկելու իրավունք։
Կանխատեսողները սկսեցին համարձակորեն խոսել «մարդու խորհրդարանի» և «աշխարհի դաշնության» մասին, տարածում գտավ համաշխարհային օժանդակ, հասանելի և պարզ լեզվի գաղափարը։ Գիտությունը հանկարծակի ահռելի ցատկ կատարեց դեպի առաջ։ Հարյուր տարվա ընթացքում ստեղծվեց ավելի շատ բան, ավելի շատ փաստեր բացահայտվեցին կյանքի և նյութի մասին, ավելի շատ հայտնագործություններ արվեցին և ձեռնարկվեցին ավելի շատ ռադիկալ բարեփոխումներ, քան մարդկության պատմության սկզբից ի վեր, ամբողջ չորս կամ հինգ հազար տարվա ընթացքում: