Աբդուլ-Բահան ասել է.
Ես ցանկանում եմ խոսել հոգու զարգացման և էվոլուցիայի մասին: Բնության մեջ բացարձակ հանգիստ գոյություն չունի: Ամեն ինչ կա՛մ զարգանում է, կա՛մ անհետանում, ամեն ինչ կա՛մ առաջ է ընթանում, կա՛մ հետ․ անշարժ ոչինչ չկա: Ծննդյան օրվանից սկսած մարդը ֆիզիկապես զարգանում է մինչև հասնում է հասունության։ Այնուհետև հասնելով ծաղկման գագաթնակետին` նա սկսում է անկում ապրել, նրա մարմնի ուժն ու կարողություները նվազում են, և նա աստիճանաբար մոտենում է մահվան: Ճիշտ նման ձևով էլ զարգանում են բույսերը. ծնվելով սերմից, նրանք աճում են, ծաղկում, բերք տալիս, այնուհետև աստիճանաբար թառամում ու հանգչում: Թռչունը մինչև որոշակի բարձրություն է կարողանում սավառնել, այնուհետև հասնելով իր համար հնարավոր ամենաբարձր կետին` նորից իջնում է գետնին:
Ակնհայտ է, որ շարժումը բնորոշ է բոլոր արարածներին: Յուրաքանչյուր նյութական մարմին զարգանում է մինչև որոշակի աստիճան, որից հետո անկում է ապրում: Սա օրենք է, որը կառավարում է ողջ ֆիզիկական արարչագործ աշխարհը: Այժմ դիտարկենք հոգին: Մենք համոզվեցինք, որ շարժումը բնորոշ է գոյին. առանց շարժման չկա կյանք: Ցանկացած արարած, որը պատկանում է հանքանյութերի, բույսերի կամ կենդանիների թագավորությանը, ենթարկվում է շարժման օրենքին` իջնում է կամ բարձրանում: Սակայն մարդկային հոգին չունի վայրէջք: Նրա շարժումն ուղղված է կատարելագործման․ աճն ու զարգացումն են հոգու շարժումը:
Աստվածային կատարելությունն անսահման է․ անվերջ է նաև հոգու զարգացումը: Մարդու ծնված պահից նրա հոգին առաջ է ձգտում, բանականությունը զարգանում է, ընդարձակվում են գիտելիքները: Մարմնի մահից հետո, հոգին շարունակում է գոյատևել: Նյութական աշխարհի արարածների բոլոր աստիճանները սահմանափակ են, սակայն հոգին չունի սահման: Հոգու անմահության հավատն առկա է բոլոր կրոններում: Մենք աղոթում ենք մահացած մերձավորների համար, խնդրում ենք ներել նրանց մեղքերը և օգնել նրանց հոգուն հասնել հանգստի և կատարելագործման: Եթե հոգին մահանար մարմնի հետ միասին, այդ ամենն անիմաստ կլիներ: Ավելին, եթե մարմինը լքող հոգին չշարունակեր հետագա կատարելագործումը, ապա ինչի՞ համար կլինեին այդ բոլոր սիրառատ աղոթքները:
Սուրբ գրվածքներում ասվում է. «Ամեն բարի արարք վերադարձվում է»: Սակայն, եթե հոգին չշարունակեր ապրել, այդ խոսքերն անիմաստ կլինեին:
Արդյո՞ք մեր հոգու գոյության անվերջության ապացույցը այն փաստը չէ, որ մեր հոգևոր բնազդը, որը երբեք իզուր չի տրվում, մշտապես դրդում է մեզ աղոթելու կյանքից հեռացած մեր մերձավորների բարեկեցության համար:
Հոգու աշխարհում գոյություն չունի հետընթաց, իսկ մահկանացու աշխարհը լի է հակասություններով և հակադրություններով: Ենթարկվելով շարժման օրենքին՝ նյութական աշխարհը առաջընթաց կամ հետընթաց է ապրում: Մինչդեռ հոգու թագավորության մեջ նահանջն անհնարին է, ցանկացած շարժում անպայմանորեն հանգեցնում է կատարելագործման: «Առաջընթացը» հոգու արտացոլումն է նյութական աշխարհում։ Մարդու բանականությունը, մտածողության ուժը, գիտելիքները, գիտական ձեռքբերումները ամբողջովին հոգու արտահայտությունն են: Այս ունակությունները ենթարկվում են հոգու զարգացման անխուսափելի օրենքին և այսպիսով անմահ են:
Հուսով եմ ձեզ կատարելագործված տեսնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական գործերում: Թող մեր գիտակցությունը զարգանա, գիտելիքներն աճեն, իսկ իմացությունն ընդարձակվի:
Դուք պետք է միշտ առաջ շարժվեք՝ երբեք անշարժ չմնալով․ խուսափեք լճացումից, որը հետնթաց շարժման՝ քայքայման առաջին քայլն է:
Ողջ ֆիզիկական արարչագործությունն անցողիկ է: Այս նյութական մարմինները կազմված են ատոմներից, երբ այդ ատոմները սկսում են բաժանվել, սկսվում է քայքայումը, այնուհետև գալիս է այն, ինչը մենք անվանում ենք մահ: Մարմինը կազմող ատոմների համակցությունը` յուրաքանչյուր էակի անցավոր մասը, ժամանակավոր է: Եթե ատոմները համախմբող ձգողական ուժն անհետանում է, մարմինը որպես այդպիսին դադարեցնում է իր գոյությունը:
Հոգու դեպքում ամեն ինչ այլ է: Հոգին տարրերի բազմություն չէ, այն կազմված չէ բազմաթիվ ատոմներից, այն մեկ անբաժան էություն է և այդ պատճառով հավերժ է: Այն բացարձակապես չի պատկանում ֆիզիկական արարմանը, այն անմահ է:
Գիտական փիլիսոփայությունը վկայում է, որ պարզ տարրը («պարզ» նշանակում է «մասերի չբաժանվող») անխորտակելի է, հավերժական: Քանի որ հոգին կազմված չէ տարրերից, այն իր բնույթով նման է պարզագույն տարրի, այն երբեք չի դադարի գոյություն ունենալ:
Հոգին, կազմված լինելով ինչ-որ անբաժանելի էությունից, ենթակա չէ քայքայման կամ տարրալուծման, ուստի վերջինիս ոչնչացման կամ վերացման որևէ պատճառ չկա: Ամեն մի կենդանի արարած դրսևորում է կյանքի, ապրելու նշաններ: Հետևաբար այդ նշանները չէին կարող ծագել ինքնըստինքյան, եթե գոյություն չունենար այն, ինչի արտահայտությունն ու վկայությունն են դրանք: Այն, ինչ գոյություն չունի, իհարկե չի կարող գոյության նշաններ ցույց տալ: Միևնույն ժամանակ մեր շուրջը մշտապես բացահայտվում են հոգու գոյության տարբեր նշաններ:
Հիսուս Քրիստոսի հոգու «հետքերը», Նրա աստվածային ուսմունքի ազդեցությունը արդիական են և այսօր․ դրանք հավերժական են:
Գոյություն չունեցող բանը, վստահաբար չի կարող որևէ նշաններով բացահայտվել: Օրինակ՝ գրելու համար, մարդը պետք է գոյություն ունենա, եթե նա գոյություն չունենա, նա չի կարող գրել: Գրելու ունակությունն ինքնըստինքյան գրողի հոգու և բանականության նշանն է: Սուրբ գրվածքները ուսմունքների մեծամասնության մեջ հոգու շարունակությունն են ապացուցում:
Խորհեք արարման նպատակի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ամեն ինչ ստեղծված լինի անթիվ դարերի ընթացքում զարգանալու և առաջընթաց ապրելու համար, ընդամենը հանուն մի փոքր նպատակի, որ երկրի վրա մարդը մի քանի տարվա կյանքի ապրի: Ձեզ արդյո՞ք անտրամաբանական չի թվում, որ դա է գոյության վերջնական նպատակը:
Հանքանյութերը փոփոխվում են այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չեն դառնում բույսերի կողմից յուրացվելուն: Բույսերը զարգանում են այնքան, որ զրկվում են կյանքից և փոխակերպվում են կենդանի օրգանիզմների: Կենդանիներն էլ, իրենց հերթին, մարդու կերակրի մաս դառնալով` ձուլվում են մարդու կյանքին:
Այսպիսով՝ մարդը ողջ արարչագործության հանրագումարն է, ամենակատարյալը բոլոր արարածներից, հազարամյակների էվոլուցիայի արգասիքը: Մարդն մերօրյա կյանքում ապրում է լավագույն դեպքում ութսուն տարի: Դա, հիրավի, շատ կարճ ժամանակահատված է: Արդյո՞ք ավարտվում է նրա գոյությունը, երբ նա լքում է իր մարմինը: Եթե այդպես է, ապա ողջ նախորդող էվոլյուցիան անիմաստ է դառնում և ոչինչ չի նշանակում: Կարո՞ղ ենք արդյոք պատկերացնել, որ արարումը ավելի վեհ նպատակ չի հետապնդել:
Հոգին հավերժական է և անմահ: Նյութապաշտներն ասում են. «Որտե՞ղ է հոգին: Ի՞նչ է այն: Մենք այն ո՛չ կարող ենք տեսնել, ո՛չ էլ շոշափել»: Ահա պատասխանն իրենց հարցի. «Զարգացման ինչպիսի մակարդակի էլ հասնի հանքանյութը, այն չի կարող ըմբռնել բույսերի աշխարհը: Սակայն այդ հասկանալու բացակայությունը չի ապացուցում բույսերի գոյություն չունենալը»:
Որքան էլ բարձր լինի բույսի զարգացման աստիճանը, այն անընդունակ է հասկանալ կենդանական աշխարհը: Այդ անտեղյակությունը չի ապացուցում այն, որ բնության մեջ չկա կենդանիների թագավորություն:
Ինչքան էլ զարգացած լինի կենդանին, այն երբեք չի կարող պատկերացնել մարդկային բանականությունը և հասկանալ նրա հոգու բնույթը: Եվ կրկին դա չի ապացուցում այն, որ մարդը ո՛չ հոգի ունի, ո՛չ էլ բանականություն: Դա հաստատում է լոկ այն, որ գոյության յուրաքանչյուր ցածրագույն ձև անընդունակ է հասկանալ բարձրագույն ձևին:
Ծաղիկը չի էլ ենթադրում, թե ինչ բան է մարդը, սակայն նրա անտեղյակությունը չի խանգարում մարդկային ցեղի գոյությանը: Նույն կերպ եթե նյութապաշտները չեն հավատում հոգու գոյությանը, նրանց հավատի բացակայությունը ապացույց չէ այն բանի, որ հոգևոր արքայություն չկա: Մարդու բանականությունն իսկ հաստատում է նրա անմահությունը, այդպես մութն ապացուցում է լույսի գոյությունը, քանզի առանց լույսի ստվեր չէր լինի: Աղքատությունը ցույց է տալիս հարստության գոյությունը, այլապես ինչպե՞ս էինք առանց հարստության գնահատելու աղքատության չափը: Տգիտությունը վկայում է գիտելիքի գոյության մասին, քանզի ինչպե՞ս կարող էր առանց գիտելիքների գոյություն ունենալ տգիտությունը:
Մահվան մասին միտքը կանխորոշում է անմահության գոյությունը, քանզի եթե չլիներ հավերժական կյանքը, չէր լինի երկրային կյանքը չափելու և ոչ մի եղանակ: Եթե հոգին անմահ չլիներ, ինչպե՞ս կարող էին Աստծո հետնորդները դիմանալ այդքան ահավոր փորձությունների: Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը սարսափելի մահ ընդունեց խաչի վրա: Ինչո՞ւ հալածանքների ենթարկվեց Մուհամմեդը: Ինչո՞ւ Բաբը մեծագույն զոհողության գնաց, հանուն ինչի՞ Բահաուլլան երկար տարիներ բանտարկության մեջ անցկացրեց:
Հանուն ինչի՞ էին այդ տանջանքները, եթե ոչ ապացուցելու համար հոգու հավերժական գոյությունը: Քրիստոսը չարչարվեց: Նա ընդունեց բոլոր փորձությունները հանուն Իր հոգու անմահության: Խորաթափանց մարդը կտեսնի զարգացման օրենքի հոգևոր նշանակությունը և կհասկանա, որ ամեն ինչ շարժվում է ստորին աստիճանից դեպի վերինը:
Միայն անգետ մարդը, հաշվի առնելով այս բոլոր երևույթները, կարող է երևակայել, որ արարչագործության հսկայական ծրագիրը կարող է այդքանով ընդհատվել և զարգացումը կարող է հանկարծակի կանգ առնել այս անկատար փուլում:
Նման կարծիքին հետևող, հոգևոր աշխարհը տեսնելու և Աստծո օրհնությունն ընկալելու մեր ունակությունը բացառող նյութապաշտներն անշուշտ նման են գիտակցությունից զուրկ կենդանիների. նրանք աչքեր ունեն, սակայն ոչինչ չեն տեսնում, ականջներ ունեն, սակայն ոչինչ չեն լսում: Տեսողության և լսողության այդ թերությունը լոկ սեփական անլիարժեքության ապացույցն է այն բանի, ինչի մասին մենք կարդում ենք Սուրբ Գրվածքներում. «Այդ մարդիկ Հոգու համար կույր են և խուլ»: Նրանք չեն օգտվում աստվածային մեծագույն շնորհից` բանականության ուժից, որի օգնությամբ նրանք կարող էին տեսնել հոգևոր աչքերով, լսել հոգևոր ականջներով և զգալ Աստծո կողմից լուսավորված սրտով:
Հավերժական կյանքի գաղափարն ըմբռնելու նյութապաշտական փիլիսոփայության անկարողությունը այդ կյանքի գոյություն չունենալու ապացույցը չէ:
Այդ կյանքի ըմբռնումը կախված է մեր հոգևոր աճից:
Ես աղոթում եմ, որպեսզի ձեր հոգևոր ունակությունները և ձգտումները օրըստօրե աճեն, և դուք ձեր նյութական զգացմունքներին թույլ չտաք ձեր իսկ տեսադաշտից թաքցնել երկնային լուսավորության վեհությունը: