Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հարգեք երեխաներին
Հոդվածներ

Հարգեք երեխաներին

Մի՞թե չեք տեսնում դուք, թե ինչու ենք մենք ձեզ ստեղծել միևնույն հողից։ Որպեսզի ոչ ոք չմեծարի իրեն մյուսի նկատմամբ։ Ամեն վայրկյան խորհեք ձեր սրտերում այն մասին, թե ինչպես եք ստեղծվել։

 

Ես հորդորում եմ ձեզ առաջին հերթին քաղաքավարություն ցուցաբերել, քանզի այն առաքինությունների թագուհին է։ Յուրաքանչյուրն, ով օժտված է քաղաքավարությամբ, կարող է բարձր դիրքի հասնել։

 

Շատերն իրենց փորձից գիտեն, որ երեխաների սրտերը իրենց բնույթով նուրբ են, երեխաները շատ տպավորվող և հետաքրքրասեր են, նրանք ունեն իրենց սեփական տեսակետը, սեփական կարծիքն այն ամենի մասին, ինչ տեսնում են։ Մենք կարող ենք երեխաների սրտի նրբությունը համեմատել ծաղիկի թերթիկի հետ, նրա տպավորվողությունը՝ մաքուր ջրի, իսկ հետաքրքրասիրությունը զորեղ մանրադիտակի, որոնցով նրանք մեզ ուսումնասիրում են․ առաջինը թոշնում ու չորանում է կոշտ հպումներից, երկրորդը՝ թափահարելուց պղտորվում ու կեղտոտվում է, մինչդեռ երրորդը նրանց դարձնում է զգոն ու խորաթափանց։

 

Ցավոք, շատ ծնողներ երեխաների մեջ փափկություն, հարգանք, կարեկցանք ու կապվածություն դաստիարակելու փոխարեն նրանց նկատմամբ իրենց կոպիտ ու քննադատական են պահում՝ բոլոր տեսակի ազդեցություններից նախընտրելով հրամանը, բռնությունն ու զայրույթը։ Կարելի է պնդել, որ ծնողական դաստիարակության նման դիրքորոշում կարելի է նկատել հասարակության տարբեր խավերին պատկանող ընտանիքներում։

 

Հայրերը և մայրերը հազվադեպ են հաշվի առնում իրենց երեխաների մարդկային արժանապատվությունը, ինչը երեխային՝ որպես անհատականություն, որպես ընտանիքի լիարժեք անդամ չճանաչելն է։ Նրանք կարծում են երեխաները դեռ փոքր են, ֆիզիկապես և հոգեպես դեռ չեն հասունացել, հետևաբար, կարելի է չխորանալ նրանց կարիքների և վարքագծի դրդապատճառների մեջ։ Այս թյուր տեսանկյունը, որի սխալականությունը հաստատվում է գիտությամբ և փորձով, շատ արագ հանգեցնում է երեխաների հետ կոնտակտի խախտման, չի դաստիարակում երեխաների մեջ հարգանք մեծերի նկատմամբ, ցավ է պատճառում նրանց։ Ծնողների սաստիկ խստությունը զգալի վնաս է հասցնում երեխաների նկատմամբ նրանց սիրուն, իջեցնում է հոր և մոր կարևորությունը սեփական երեխաների աչքերում։

 

Երեխաները տպավորվող արարածներ են, թույլ և բարի։ Բայց միևնույն ժամանակ նրանք կարող են էգոիստ և պահանջկոտ լինել։ Անբարյացակամության ամենափոքր արտահայտումը տանջում է նրանց նուրբ ու զգայուն սրտերը, տխրեցնում հոգին։ Երբ ծնողները չեն հարգում իրենց երեխային, հաշվի չեն նստում նրա հետ, վերաբերվում են առանց ջերմության, կարեկցանքի ու ըմբռնման, երեխան ցավագին տառապում է, նրա նյարդային համակարգը թուլանում է, հոգեկան հավասարակշռությունը՝ խարխլվում։ Նա սովորում է անքաղաքավարությանը, լուտանքներին, կշտամբանքներին, դադարում է արձագանքել վիրավորանքներին և ծնողների խոսքով դառնում է <<հաստակաշի>>, անտարբեր կոպտության նկատմամբ։ Աստիճանաբար, երեխան հեռանում է ծնողներից, պարփակվում ինքն իր մեջ, ինչը տանում է դեպի ֆիզիկական և հոգեկան զարգացման խախտումների։

 

Երեխաների հարցերին ու խնդրանքներին մայրը պատասխանում է կտրուկ ու կոպիտ․ <<ձայնդ կտրիր>>, <<չքվիր>>, <<մի խոսիր այդքան>>, <<կորիր աչքիցս>>, <<մի՛ նվնվա>> և այլն։ Նման վերաբերմունքի անսովոր երեխան լաց կլինի և դրանով իսկ ցույց կտա, որ չի կարելի այդպես խոսել մի մարդու հետ, ում սիրում ես։ Սակայն մի քանի օր անց, ներգրավվելով մոր վարքագծի հանդեպ որոշակի հուզական հարաբերություններով, նա կսկսի ինքն օգտագործել լսած արտահայտությունները, կդառնա հանդուգն, և այդ ժամանակ արգելքներն ու պատիժները կդառնան անօգուտ, մայրը կկշտամբի նրան, նա՝ կբռնկվի։ Մայրը կբարձրացնի ձայնը, նա՝ կգոռա։ Կստեղծվի շղթայական ռեակցիա, որի կասեցնելը չափազանց բարդ կլինի։

 

Եթե մայրը հարգանք է ցուցաբերում երեխայի նկատմամբ, սիրում է նրան և խուսափում է կոպտություններից, կշտամբանքներից, այդ ժամանակ նաև երեխան, ծնողների կողմից թեթևակի անհավանության դեպքում կընդունի իր սխալները և կփորձի իրեն ավելի լավ պահել։ Իմաստուն ծնողներն իրենց երեխաների մեջ տեսնում են անհատականություն՝  գովասանքի արժանի, և հաճախ իրենց բարեհաճությունն արտահայտում են հետևյալ խոսքերով․ <<Դու քեզ լավ ես պահում>>, << Եթե դու շարունակես քեզ այդպես պահել, դու օրինակ կլինես մյուս երեխաների համար>>, <<Շնորհակալ եմ, որ կատարեցիր խոստումդ>>, <<Դու գիտես չէ՞, թե որքան կտխրի մայրդ, եթե սա ևս մեկ անգամ կրկնվի>> և այլն։

 

Իհարկե, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր տարիքային փուլի առանձնահատկությունները, և հնարավոր չէ ամբողջը ներկայացնել մանրամասնորեն։ Գլխավորը, սակայն, կայանում է նրանում, որ երեխաներին պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և խուսափել նրանց կոպիտ բառեր ասելուց։

 

Ամեն դեպքում մայրերը և հայրերը կարող են ինքնուրույն գուշակել, որ ոչ մի դեպքում չի կարելի անցնել քաղաքավարության և հարգանքի սահմանը, համարել երեխաներին հիմար և անխելք այն պատճառով, որ նրանք դեռ փոքր են, դեռ ամեն ինչ չեն կարողանում և հասկանում։ Ընհակառակը, նրանք ունեն սեփական արժանապատվության զգացում, այդ իսկ պատճառով ծնողները պետք է հասկանան դա, ձգտեն դառնալ ընդօրինակման արժանի և հարգեն իրենց երեխաների աշխարհը։ Երեխաները, ճիշտ այնպես, ինչպես մեծերը, ատում են նրանց, ովքեր իրենց վիրավորում ու նսեմացնում են, նրանք տառապում են այդ պատճառով և ցավագին են ընդունում անհարգանքի ու կոպտության ցանկացած արտահայտում։

 

Հատված Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ