Այն կարճ ժամանակահատվածը, որը մեզանից յուրաքանչյուրն ապրում է այստեղ՝ Երկրի վրա, մեր ամենաթանկ ունեցվածքն է։ Այն կարող է հրաշալի ընթանալ, եթե մեր կյանքը դարձնենք հայտնագործման, առաջընթացի, զարգացման հրաշալի շրջան: Այնուամենայնիվ, կյանքը պարզապես անձնական փորձ չէ և մենք այն կիսում ենք մնացած մարդկության հետ: Մեր ժամանակն այստեղ ոչ միայն անհատական նախապատրաստություն է մեր հոգևոր զարգացման հաջորդ փուլին, այլև անգնահատելի հնարավորություն է օգնել մոլորակի սոցիալական զարգացմանը: Բահայի ուսմունքում ասվում է, որ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է մեզնից հետո երկրագունդը թողնել ավելի լավ կարգավիճակում, քան այն կար մինչ մեզ։
Ամբողջ հոգով համակվեք այն դարաշրջանի կարիքներով, որում ապրում եք և կենտրոնացրեք ձեր մտքերը նրա անհրաժեշտությունների և պահանջների վրա: (Բահաուլլա)
Այսօր աշխարհն այնքան շատ խնդիրներ ունի լուծելու՝ աղքատություն, պատերազմ, հիվանդություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն, տգիտություն, սով, ատելություն և ճնշում, և անհրաժեշտ է համախմբված ջանք՝ դրանք հաղթահարելու և փոխարինելու առատությամբ, առողջությամբ, կրթությամբ, սիրով և միասնությամբ:
Օրհնյալ և երջանիկ է նա, ով ոտքի է ելնում՝ առաջ մղելու երկրի ժողովուրդների ու ցեղերի լավագույն շահերը: (Բահաուլլա)
Մարդկությանը ծառայելը հոգևոր մարդու կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ինչպես ասել է Աբդուլ-Բահան.
Ծառայության ոգով կատարված աշխատանքը պաշտամունքի բարձրագույն ձևն է։
«Նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցումն անընդունելի է բահայի ուսմունքներում, քանի որ այստեղ միջոցների ընտրության կարևորությունն այնքան կարևոր է, որքան որ նպատակը։ Ծառայության գաղափարը հիմնված է այն համոզմունքի վրա, որ անձի բարոյականությունը և սոցիալական վարքը մեծ օգուտ են բերում մարդկության առաջընթացին: Ոչ ոք անզոր չէ օգտակար փոփոխություններ կատարել: Մենք չպետք է մեզ անօգնական կամ աննշան զգանք: Յուրաքանչյուր ոք ունի տարբեր մակարդակներում աշխարհին օգնելու հնարավորություն:
Մենք կարող ենք լինել օգտակար մարդիկ, հասարակության պատասխանատու անդամներ, սիրող ամուսիններ, օրինակելի ծնողներ, արժանի որդիներ և դուստրեր, միևնույն ժամանակ ուշադիր հարևաններ և լավ քաղաքացիներ: Եվ բոլորս պարտավոր ենք հոգ տանել մոլորակի բարեկեցության համար: Ծառայության այս բոլոր տարրերը նպաստում են աշխարհի առաջընթացին։ Մեզնից յուրաքանչյուրը տիրապետում է որոշակի տաղանդների և հմտությունների։ Մարդը, ով օգտագործում է իր տաղանդներն ու հմտություններն ի օգուտ ընդհանուր շահի, շատ ավելի արդյունավետ է գործում և անգնահատելի դեր ունի, որը չէր լինի նույնչափ կարևոր, եթե օգտագործվեր միայն իր իսկ շահի համար։ Բահաուլլան ասել է.
Ո՛վ մարդու որդի: Եթե հայացքդ ուղղված է դեպի կարեկցանք, կհրաժարվես նրանից, ինչը քեզ է օգտակար և կբռնվես նրանից, ինչը օգուտ է բերում մարդկությանը: Եվ եթե ձեր հայացքն ուղղված է դեպի արդարություն, ապա ձեր հարևանի համար կընտրեք այն, ինչ կընտրեիք ձեր համար: Խոնարհությունը մարդուն բարձրացնում է փառքի ու զորության երկինքներ, մինչդեռ հպարտությունը իջեցնում է նրանց մինչև թշվառության և անկման խորքերը։
Բահայիների համար անգնահատելի դեր է խաղում ծառայության գաղափարը։ Նրանք աջակցում և տեղ են տալիս այն բոլոր գործողություններին, որոնք ուղղված են համընդհանուր շահին։ Հայաստանի բահայի համայնքը ևս կարևորում և իր աջակցությունն է ընձեռում համայնքների զարգացմանն ուղղված ծառայության գործին։ Բահայի համայնքն օգնում է երիտասարդներին զարգանալ, լինել անկախ և մտածող քաղաքացիներ։ Այն վարում է կրթական ծրագրեր, որոնք օգնում են մեր երկիրը դարձնել առավել ուժեղ և կայուն։ Անցակցվում են անվճար անգլերենի և ծրագրավորման դասընթացներ երիտասարդների համար։ Կրթական ծրագրերի անբաժանելի մաս են հարևանության համար կազմակերպվող ծառայության նախագծերը: