Երբ համաճարակը տարածվեց ամբողջ աշխարհում, լրատվամիջոցները սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տեղեկատվական դաշտում՝ հրապարակելով հոդվածներ սոցիալական փոփոխությունների ու համագործակցության վերաբերյալ, որոնք մինչ համաճարակն այդքան էլ էական ու հետաքրքիր չէին։
Մի քանի երկրների բահայի համայնքները լրագրողների հետ ուսումնասիրեցին, թե ինչպես կարող են ԶԼՄ-ները նպաստել հասարակության ներդաշնակությանը և խթանել մարդկության առջև ծառացած մարտահրավերների շուրջ խորությամբ մտորելուն։ Բահայի ուսմունքները լրատվամիջոցներին դիտարկում են որպես հասարակության կարևորագույն տարր, որոնք կարող են դառնալ աշխարհի հայելին և արտացոլել տարբեր մարդկանց փորձի շրջանակները։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում լուրերում հայտնվեցին ոչ միայն սենսացիոն պատմություններ, այլև այն կառուցողական գործընթացները, որոնք առկա են յուրաքանչյուր համայնքում: ԶԼՄ-ների հույս ներշնչելու կարողությունը հատկապես ակնհայտ դարձավ այս ընթացքում։
Ըստ որոշ լրագրողների, իրենց առաքելության գիտակցումն ամրապնդվում է, երբ միասին խորհրդակցում են սոցիալական և տնտեսական համերաշխության հարցերի շուրջ, և այն մասին, թե ինչպես են ԶԼՄ-ներն օգնում մարդկանց հասկանալ առաջնահերթությունները։ Լրագրողները չպետք է իրենց դիտեն որպես մրցակիցներ, այլ պետք է հիմնվեն համագործակցության վրա, քանի որ բոլորն էլ փնտրում են ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի տեղեկատվական հարթակ են ստեղծում։
Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, Ավստրալիայի բահայի համայնքը նույնպես միավորում է լրագրողներին, որպեսզի միասին սովորեն, թե ինչպես խթանել սոցիալական համերաշխությանը, ինչը երկրի համար մեծ նշանակություն ունի: Նման միջոցառումներից մեկը, համագործակցելով First Draft - ի և Media Transition Center- ի հետ, ներառում է մի շարք կառուցողականա քննարկումներ, որոնք միավորում են լրագրողներին մեդիա դաշտը վերաիմաստավորելու համար։ Սա հեշտ մարտահրավեր չէ լրագրողների համար, քանի որ իր տեսակի մեջ նոր է, իսկ հիմնականում լրագրողները զբաղված են լինում թաքնված կոնֆլիկտների բացահայտման հարցերով։ Այժմ նրանց դերը հատկապես կարևորվում է ճշգրիտ տեղեկատվության բացահայտման, տեղեկատվական այնպիսի դաշտի ձևավորման հարցերում, որն առավելագույնս կնպաստի հասարակական շահերին։ Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը։
Լրատվամիջոցները նպաստում են հասարակության տարբեր տարրերի միջև հարաբերությունների ձևավորմանը և կարող են հաղորդել այն զգացողությունը, որ մենք մեկ աշխարհ ենք և մեկ ժողովուրդ, որը պետք է աշխատի մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրները լուծելու համար։