Մարդկության պատմության ընթացքում տարբեր ժամանակներում հայտնվել են հոգևոր ուսուցիչներ, ովքեր իրենց կյանքով ու խոսքերով առաջնորդել են մարդկանց դեպի ճշմարտություն, արդարություն և սեր։ Նրանցից մեկը Կրիշնան է՝ Հնդկաստանի հնագույն ավանդույթներում մեծապես հարգված աստվածային կերպար, որի կյանքի ու ուսմունքի մասին պատմությունները դարերով ոգեշնչել են մարդկանց։ Այս պատմությունը ներկայացնում է Կրիշնայի կյանքի հիմնական դրվագներն ու այն ուղերձները, որոնք մինչ այսօր շարունակում են ազդեցություն ունենալ մարդկության վրա։
Այսօր մենք կարող ենք տեղեկություններ իմանալ Կրիշնայի ոգեշնչող կյանքի մասին տարատեսակ լեգենդներից ու պատմություններից, որոնք կազմվել ու գրվել են նրա հետևորդների կողմից։ Նրա ծննդյան տարեթիվը հստակ հայտնի չէ, բայց հինդուիզմի հնագույն գրվածքներում ամենից հաճախ հիշատակվում է մ․թ․ա 1450 թ-ը։ Հայտնի է նաև, որ Կրիշնան եղել է թագավորական դինաստիայի արքայազն, և ամենայն հավանականությամբ, հանդիսացել է Արիական թագավորի հետնորդը։
Մովսեսից մոտավորապես չորս հազար տարի առաջ արիացիների հնագույն ցեղերը անցել են Հիմալայներով։ Նրանց ճանապարհը ռուսական հողերից ձգվում էր դեպի հյուսիսային Հնդկաստան, որտեղ կլիման ավելի չոր էր, իսկ հողն ավելի բերքառատ։ Այնտեղ էլ նրանք կանգ առան՝ հետագայում հիմնելով իրենց գյուղերն ու քաղաքները։ Հենց այս ժողովրդի միջից էլ աշխարհ եկավ Աստվածային Ուսուցիչ Կրիշնան։ Կրիշնան լույս աշխարհ եկավ Հնդկաստանի ոչ այնքան մեծ թագավորություններից մեկի մայրաքաղաքում, որն ընկած էր Հիմալայների հարավային հատվածում։
Նրա մոր անունը Դեվակի էր։ Նա այդ ժամակներում իշխող թագավորի համեստ ու առաքինի դուստրն էր։ Կրիշնայի հայրը՝ Վասուդեվան, մեկ այլ կայսերական դինաստիայի արքայազնն էր։ Այդ փաստը կարող է տարօրինակ թվալ, բայց Կրիշնան չի ծնվել արքայական պալատում։ Նա լույս աշխարհ է եկել զնդանում, ուր նրա ծնողները նետվել էին Դեվակիի չար, նախանձ եղբոր պատճառով, ով սարսափում էր իր գահը կորցնելու մտքից։ Նա շատ էր վախենում, որ Դեվակին արու զավակ կունենա։ Չէ որ այդ տղան հետագայում կցանկանար թագավոր դառնալ և կզրկեր նրան իշխանությունից։
Դեվակիի չար եղբայրը որոշեց ամեն գնով ազատվել նորածնից։ Սակայն այս մարդու բոլոր պլանները ճղճիմ էին Աստծո Մեծագույն Ծրագրի առաջ։ Կրիշնան ծնվեց կեսգիշերից հետո։ Այդ ժամանակ Հնդկաստան աշխարհը խորը քնի մեջ էր։ Ավանդույթն ասում է, որ երբ Կրիշնան ծնվեց, զնդանի պատերը շողացին հիասքանչ փայլով, իսկ հետո լսվեցին հրեշտակների ձայներ, որոնք շնորհակալական երգեր էին երգում նորածնին ու նրա մորը։ Այդ ժամանակ Կրիշնայի ծնողները հասկացան, որ իրենց որդուն մեծ ապագա է սպասվում, որ Աստված նրան ընտրել է ինչ-որ հատուկ առաքելության համար։
Այնուամենայնիվ, Դեվակիի և Վասուդեվայի ահռելի ուրախությունը մթագնվեց չար եղբոր ծրագրերի հանդեպ վախի պատճառով։ Եվ նրանք դիմեցին Աստծուն՝ աղերսելով իրենց երեխայի փրկությունը։ Հանկարծ շղթաները կտրվեցին, դռները բացվեցին, իսկ բանտապահները խոր քուն մտան։ Բոլոր այս հրաշքները, որոնք նկարագրված են ավանդապատումներում, օգնեցին փրկել մանուկին։ Դրանց շնորհիվ Կրիշնայի ծնողները կարողացան իրենց մտադրությունն իրականություն դարձնել։ Նրանք զնդան բերեցին գյուղական ընտանիքում նոր ծնված մի աղջիկ երեխայի, իսկ Կրիշնային դաստիարակության տվեցին բարի մարդկանց։
Դեվակիի չար եղբայրը չափազանց վրդովված էր, երբ իմացավ, որ աղջիկ է ծնվել։ Իսկ Կրիշնայի ծնողները երջանիկ էին, նրանց որդին փրկված էր։ Հնագույն մարգարեությունները կանխատեսել էին, որ երբ Աստվածային Ուսուցիչն աշխարհ գա, երկնքում նոր աստղ կփայլի։ Եվ այն փայլեց։ Առաջինն այն նկատեցին որոշ իմաստուններ, ինչպես նաև հովիվներ, որոնք արածացնում էին անասուններին Հնդկաստանի անծայրածիր տարածքներում։ Հասկանալով, որ մեծ իրադարձություն է տեղի ունեցել, նրանք ճանապարհ ընկան դեպի երեխայի օրորոց, նրան փառավորելու և մատուցելու իրենց ընծաները՝ ոսկե զարդեր, հագուստ, համեղ մրգեր։ Հենց նրանք նորածնին անվանեցին Կրիշնա, ինչը նշանակում է Աշխարհի Փրկիչ։
Կրիշնայի մանկությունն անցավ մի փոքրիկ գյուղում, որը շրջապատված էր բերքառատ հողերով, որտեղ աճում էին հիասքանչ ծառեր և արածում էր տնային անասունների հոտը։ Ոչ հեռու հոսում էր Յամուն գետը, որի ափերի երկու կողմերում խիտ անտառներ էին։ Գյուղի տղաներից շատերը, մեծանալով, հովիվ էին դառնում։ Հովիվ դարձավ և Կրիշնան։
Կրիշնան իր բնույթով չափազանց բարի ու կարեկից էր։ Ե՛վ մարդկանց, և՛ կենդանիներին նա վերաբերվում էր անասելի բարությամբ ու ուշադրությամբ, որոնք համընդհանուր սեր ու հարգանք էին առաջացնում այս տղայի նկատմամբ։ Երբ տղաների մեջ վեճեր էին առաջանում, Կրիշնան միշտ թույլի կողմից էր։ Նա միշտ արդար էր վարվում և իր օրինակով մարդկանց արդար ու արժանավայել պահվածք էր սովորեցնում։ Մեծերը հիանում էին նրա իմաստությամբ և մշտապես նրանից խորհուրդներ էին հարցնում։ Կրիշնայի ընկերներն այնքան էին տարված նրա մաքրությամբ ու պարզ հոգով, նրա վեհանձն արարքներով ու կարեկից բնույթով, որ ամենահիասքանչ ծաղիկներից նրա համար թագ հյուսեցին և դրեցին նրա գլխին՝ կատակով նրան անվանելով հովիվների արքա։
Կրիշնան կատակներ ու ծիծաղ շատ էր սիրում։ Նա հիանալի երգում, պարում ու նվագում էր ֆլեյտայի վրա։ Հաճախ նա իր ընկերների հետ խոսում էր Աստծո ու կյանքի իմաստի մասին։ Երբ մի անգամ մարդիկ աղոթում էին ամպրոպի Աստծուն, որպեսզի նա մրրիկն իրենցից հեռու տանի, Կրիշնան դիմեց նրանց հետևյալ խոսքերով․ «Ինչու՞ եք աղոթում ամպրոպի աստծուն։ Ի՞նչ իմաստ կա աղոթել նրան, ով ստեղծված է։ Ձեր աղոթքներն ուղղեք Միասնական, բոլոր արարածներից վեհ գտնվող Աստծուն։ Ամենուրեք փնտրեք Նրա ներկայությունը և սիրեք աշխարհն այնպես, ինչպես Նա է սիրում»։
Ավանդապատումներում նկարագրվում են այն հրաշքները, որոնք Կրիշնան կարողանում էր կատարել դեռևս երիտասարդ տարիքում։ Նա բուժում էր մարդկանց, փրկում նրանց մահից։ Այդքան մեծ էր Աստվածային ուժը, որը տրված էր նրան։ԶՄի անգամ Կրիշնայի երկու ընկերը ջուր խմեցին լճից, որում թունավոր օձ էր ապրում, ու հիվանդացան։ Կրիշնան սպանեց այդ օձին, հետո բուժեց երկու տղաներին (Արևելքում հաճախ կարելի է տեսնել Կրիշնայի արձանը, ում ոտքերի տակ գալարվում է հաղթված օձը)։ Կրիշնայի քսան տարեկանը լրանալուց դեռ շատ առաջ նա հասկացավ, որ հովվի իր աշխատանքը պետք է ավարտվի։ Այդ ժամանակաշրջանում Հնդկաստանը ծանր օրեր էր ապրում։ Կրիշնան զգում էր, որ ժամանակն է սկսել կատարել այն սուրբ առաքելությունը, որ տվել է նրան Աստված՝ նպաստել Հնդկաստանի հոգևոր զարթոնքին։
Հնդկաստանը Կրիշնայի ժամանակ
Արիացիների ցեղը, որը հաստատվել էր Հնդկաստանում, ուներ իր հիասքանչ կրոնը, որը փառաբանում էր միասնական Աստծո հավատը, Ով ուներ երեք սուրբ անուն՝ Բրահման, Վիշնու և Շիվա։ Բոլոր այս անուններն արտացոլում էին Աստծո տարբեր հատկանիշները։
Անցավ ժամանակ, և մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատը միասնական Աստծո հանդեպ։ Նրանք սկսեցին խոնարհվել բնության տարբեր ուժերին՝ նրանց աստվածներ համարելով։ Շատ հաճախ նրանք արյունոտ զոհաբերություններ էին մատուցում՝ փորձելով կանչել այս կամ այն հոգիներին։ Նրանց խոնարհումը բնության հոգիներին զուգորդվում էր բազմաթիվ ծիսակատարություններով ու արարողություններով, որոնց նշանակությունն անգամ հոգևորականներն էին մոռանում։ Սակայն մարդիկ, վախենալով աստվածների ցասումից, շարունակում էին կուրորեն կատարել այդ բոլոր արարողություններն ու ծիսակատարությունները։
Թագավորական դինաստիաները մխրճվել էին երկպառակությունների մեջ։ Թագավորությունների մեջ անվերջանալի պատերազմներ էին մղվում, որոնք խլում էին հազարավոր մարդկանց կյանքեր։ Ամենուրեք տիրում էր անարդարությունն ու կաշառակերությունը։ Կանանց ու երեխաներին ավելի վատ էին վերաբերվում, քան կենդանիներին։ Սկզբում Կրիշնան որոշել էր վերադառնալ իր հայրենի քաղաքը, որպեսզի գահընկեց անի իր մոր չար եղբորն ու իր ծնողներին ազատի կալանքից։ Կրիշնայի ծնողների բանտ նետվելուց հետո Դեվակիի եղբայրը տիրել էր գահին ու սկսել իշխել թագավորությանը։
Կրիշնան քաղաք մտավ հովվի շորերով։ Նրա հետ միասին գնում էին նրա ընկերները՝ քաղաքում ու գյուղերում ապրող այն մարդիկ, ովքեր ոգեշնչված էին պատանու ուսմունքով։ Շուտով նաև մայրաքաղաքի բնակիչները սկսեցին ողջունել Կրիշնային որպես արքայի ու նրա ճանապարհը զարդարել ծաղիկներով։ Վերջապես, Կրիշնան մոտեցավ թագավորական պալատին։ Կրիշնայի և չար արքայազնի բանակների միջև հակամարտություն սկսվեց։ Կրիշնայի կողմնակիցներն ավելի շատ էին և նրանց թիվը գնալով աճում էր։ Դրա շնորհիվ Կրիշնան շուտով հաղթանակ տարավ։ Չար արքայազնը ճակատամարտի ժամանակ սպանվեց և ազատագրված գահն անմիջապես առաջարկվեց պատանուն։ Բայց Կրիշնան չէր ցանկանում թագավոր լինել։ Նա գիտեր, որ Աստված նրան ընտրել է առավել մեծ նպատակի իրականացման համար։
Այդ ժամանակ գահ բարձրացավ ծեր թագավորը՝ Կրիշնայի պապը։ Կրիշնան արեց հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի ծեր թագավորին խաղաղություն և ներդաշնակություն հաստատել թագավորությունում։ Կրիշնան երբեք դպրոց չէր գնացել։ Հիմա, սակայն, նա որոշեց հետևել իր ծնողների խորհրդին, ովքեր փափագում էին, որ իրենց տղան կրթություն ստանա Հնդկաստանի լավագույն գիտնականների մոտ։ Կրիշնան լքեց մայրաքաղաքն ու տեղափոխվեց Բինար՝ Հնդկաստանի մտավորականության կենտրոնը։
Ավանդապատումներում ասվում է, որ Կրիշնային պետք եղավ ընդամենը քսանչորս ժամ, որպեսզի նա տիրապետի Հնդկաստանի բոլոր գիտություններին ու իմացություններին։ Կրիշնայի ուսուցիչներից մեկը նրա մասին ասել է․ «Նա նման չէ սովորական մարդու։ Նա տիրապետում է Աստծո իմաստությանն ու գիտելիքներին»։ Ծնողների մոտ վերադառնալուց հետո Կրիշնան իր ողջ ժամանակը տրամադրեց Հնդկաստանի հակամարտող թագավորությունների միջև խաղաղության հաստատմանը։
Նա իր պապի՝ թագավորի համար նոր մայրաքաղաք կառուցեց ավելի ապահով տեղում՝ լեռների ու ծովի մեջտեղում և օգնեց նրան պայքարել թագավորությունում տիրող կաշառակերության ու անմիաբանության հետ։ Բազում հնագույն աղբյուրներում պահպանվել է քաղաքացիական պատերազմի մասին հիշատակությունը, որն այն ժամանակ եղել է միևնույն թագավորական դինաստիայի տարբեր ներկայացուցիչների միջև։ Երկու հակամարտող կողմերն էլ Կրիշնային են դիմել օգնության խնդրանքով։ Այդ պատերազմն արդեն շատ ու շատ կյանքեր էր խլել և, վախենալով արյունահեղության շարունակությունից, Կրիշնան կրակոտ կոչով դիմեց երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչներին։ Նա ասաց, որ եկել է ողջ Հնդկաստանում խաղաղություն հաստատելու ժամանակը, որ միայն խաղաղությունը կարող է դառնալ այս երկրի ժողովրդի զարգացման ու ծաղկման աղբյուրը, որ Աստված նոր Ուսմունք է հայտնել, որին հետևելով մարդիկ ձեռք կբերեն բարեկեցություն ու երջանկություն։ Ոչ ոք չհետևեց Կրիշնայի կոչին և պատերազմը շարունակվեց։ Դա Հնդկաստանի ամենասարսափելի պատերազմներից մեկն է եղել։ Եղբայրը կռվում էր եղբոր դեմ, զոհվում էին մայրեր, երեխաներ, ամենուրեք արյան գետեր էին։
Անձամբ Կրիշնան հրաժարվեց մասնակցել արյունարբու պատերազմին։ Առաջնորդվելով Կրիշանյի խորհուրդներով՝ նրա ոչ հարազատ եղբայրն ու ընկերը, քաջ ռազմիկ Արջունան, կարողացավ հաղթանակ տանել։ Քաղաքացիական պատերազմից հետո գահն անցավ Յուդիստր թագավորին՝ Արջունայի եղբորը։ Այս թագավորի կառավարումը տևեց շատ երկար և տարբերվեց անասելի իմաստությամբ։ Իր կառավարման տարիներին Յուդիստր թագավորը ականջալուր էր լինում Կրիշնայի բոլոր խորհուրդներին։ Կրիշնայի ազդեցության շնորհիվ Յուդիստր թագավորն ընտրվեց ողջ Հնդկաստանի կայսր։ Եվ հենց նրան ու նրա հետնորդներին հաջողվեց միավորել Հնդկաստանի պառակտված, մասերի բաժանված թագավորությունը մեկ ընդանուր կայսրության մեջ։
Կրիշնայի Հայտնությունը
Քաղաքացիական պատերազմում շրջադարձային պահը եղավ Կուրուկշեթրի ճակատամարտը։ Բայց այս ճակատամարտը նշանակալից է ևս մեկ պատճառով։ Գիշերը՝ կռվից առաջ, Կրիշնան զրույց է ունենում Արջունա արքայազնի հետ։ Ավանդապատումներում ասվում է, որ հենց այդ գիշերն է Արջունան իմանում Նոր Աստվածային Հայտնության մասին, որն Աստված փոխանցել է Կրիշնային։ Արդյունքում, Կրիշնայի՝ Արջունային ասած խոսքերը փոխանցվել են աշակերտից աշակերտին, և հետագայում գրանցվել են գրքում, որը կոչվում է Բհագավադգիտա կամ Աստծո տաղ։ Այդ ժամանակից սկսած այդ ոգեշունչ գիրքը Հնդկաստանի ժողովուրդների ու կարգերի համար դարձավ հոգևոր առաջնորդության զարմանալի աղբյուր դարեր շարունակ։
Աստծո կողմից նրան տրված առաքելությունից հետո Կրիշնան ամուսնացավ ու սկսեց համեստ, առաքինի կյանք վարել։ Նրա բոլոր խոսքերը, մտքերն ու գործերն անհավատալի ուժով արտացոլում էին լավագույն հատկանիշներն ու առաքինությունները։ Նրա հոգին իր ողջ լիությամբ արտացոլում էր Աստծո կատարելությունները։ Կրիշնայի ամենամեծ ուրախությունը ուրիշներին ծառայելն ու օգնելն էր։ Շատ հաճախ, երբ Յուդիստր թագավորի մոտ հյուրեր էին հավաքվում, Կրիշնան լվանում էր նրանց ոտքերը։ Նա հնազանդության ու պարզության մարմնացում էր։ Երբ Կրիշնան մահացավ՝ իր վերջին հրահանգները տալով իր հետևորդներին, մարդիկ ասում էին, որ այս Լուսավորյալի հոգին գնացել է դրախտ։ Եվ նրանք վստահ էին, որ նրա հոգին հասել է Բրահմանի՝ Մեծագույն Աստծո ներկայությանը։
Կրիշնայի մահից հետո Նրա ուսմունքը տարածվեց ամբողջ Հնդկաստանով։ Եվ շատ մարդիկ երջանկություն գտան Աստծո հավատի մեջ։