Ժամանակակից քաղաքում հնարավոր է տարիներ շարունակ ապրել նույն շենքում և նույնիսկ չիմանալ հարևանի անունը։
Մենք կարող ենք հաճախել նույն դպրոցը, աշխատել նույն կազմակերպությունում կամ բնակվել նույն թաղամասում, բայց քիչ բան իմանալ միմյանց մասին։ Մարդիկ ֆիզիկապես մոտ են, սակայն նրանց կյանքերը կարող են գրեթե չհատվել։ Այս պատճառով համայնքը միայն մարդկանց աշխարհագրական մոտիկությունը չէ։
Համայնք ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդկանց միջև առաջանում են կապեր, վստահություն և ընդհանուր պատասխանատվության զգացում։ Երբ մենք սկսում ենք ճանաչել ոչ միայն մարդկանց անունները, այլ նաև նրանց մտահոգությունները, կարողությունները, փորձն ու ձգտումները, նույն տարածքը աստիճանաբար ձեռք է բերում այլ նշանակություն։
Հարևանը դադարում է լինել պարզապես այն մարդը, ով ապրում է կողքի բնակարանում։ Ծնողը, ում ամեն օր հանդիպում ենք դպրոցի դռան մոտ, այլևս անծանոթ չէ։ Երիտասարդը, որին տեսնում ենք բակում, կարող է դառնալ համայնքի նախաձեռնություններից մեկի մասնակիցը։
Այս փոքր փոփոխություններից աստիճանաբար ծնվում է պատկանելության զգացումը։ Մարդը սկսում է զգալ, որ ինքը պարզապես որևէ վայրում չի ապրում, այլ այդ վայրի կյանքի մասնակիցն է։
Հարաբերությունները չեն կառուցվում մեկ միջոցառմամբ
Երբ ցանկանում ենք ուժեղացնել որևէ համայնք, հաճախ առաջին միտքը միջոցառում կազմակերպելն է։ Տոն, հանդիպում, քննարկում, բակի կամ դպրոցի նախաձեռնություն։ Այդպիսի միջոցառումները օգտակար են, որովհետև մարդկանց հնարավորություն են տալիս հանդիպելու և ընդհանուր փորձ ունենալու։
Բայց վստահությունը հազվադեպ է ստեղծվում միայն մեկ հանդիպումով։ Այն ձևավորվում է բազմաթիվ փոքր և շարունակական շփումների միջոցով։
Հարևանի հետ զրույցը, ընտանիքին այցելելը, որևէ դժվարության ժամանակ աջակցելը, երեխաների համար միասին գործունեություն կազմակերպելը, մեկին լսելը, երբ նա ուզում է կիսվել իր մտահոգությամբ՝ այս գործողությունները կարող են սովորական թվալ, բայց հենց դրանց միջոցով մարդիկ սկսում են ճանաչել միմյանց։
Մեկ միջոցառման ժամանակ հնարավոր է ծանոթանալ տասնյակ մարդկանց հետ, բայց հարաբերությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ հանդիպումը շարունակություն է ունենում։ Այս իմաստով համայնքային կյանքը ավելի շատ նման է այգի աճեցնելուն, քան մեկ շենք կառուցելուն։ Հարաբերությունները պահանջում են ժամանակ, ուշադրություն և շարունակական խնամք։
Եթե մարդկանց հետ կապը պահպանվում է միայն այն ժամանակ, երբ նրանցից ինչ-որ մասնակցություն կամ օգնություն է անհրաժեշտ, դժվար է խոր վստահություն ստեղծել։ Իսկ երբ հետաքրքրությունը նրանց նկատմամբ շարունակական է, հարաբերություններն աստիճանաբար դառնում են ավելի բնական և անկեղծ։
Այցելելությունների ուժը
Այսօր շփման մեծ մասը տեղափոխվել է հեռախոս և սոցիալական ցանցեր։ Կարելի է ամեն օր տեսնել մարդու հրապարակումները և, այնուամենայնիվ, շատ քիչ բան իմանալ նրա իրական կյանքի մասին։ Անձնական հանդիպումն այլ որակ ունի։
Երբ մարդիկ նստում են նույն սեղանի շուրջ, զրուցում առանց շտապելու և ժամանակ են հատկացնում միմյանց լսելուն, հարաբերությունը խորանալու հնարավորություն է ստանում։
Ընտանիքներին այցելելը կամ մարդկանց սեփական տուն հրավիրելը կարող է առաջին հայացքից շատ պարզ գործողություն թվալ։ Բայց այդպիսի հանդիպումների ժամանակ հաճախ բացվում են հարցեր, որոնց մասին մեծ հավաքի ընթացքում մարդիկ չէին խոսի։
Ծնողը կարող է կիսվել երեխայի կրթության մասին մտահոգությամբ։ Երիտասարդը՝ իր ապագայի վերաբերյալ մտքերով։ Տարեց մարդը՝ իր միայնության մասին։ Իսկ երբ մարդիկ լսված են զգում, վստահության հիմք է ստեղծվում։
Այսպիսի շփումները նաև օգնում են հասկանալ, թե համայնքի իրական կարիքներն ինչպիսին են։ Մենք հաճախ կարծում ենք, որ արդեն գիտենք, թե մարդկանց ինչ է անհրաժեշտ։ Բայց երբ սկսում ենք լսել նրանց, կարող ենք տեսնել բոլորովին այլ պատկեր։
Ճանաչելուց դեպի համագործակցություն
Երբ մարդիկ ճանաչում են միմյանց, ավելի հեշտ է միասին գործել։ Եթե թաղամասում որևէ խնդիր է առաջանում, մարդիկ արդեն գիտեն՝ ում կարող են դիմել։ Եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է, ավելի մեծ հավանականություն կա, որ այն կնկատվի։ Եթե երեխաների համար որևէ նախաձեռնություն է անհրաժեշտ, արդեն կան մարդիկ, որոնք ճանաչում և վստահում են միմյանց։
Այս հարաբերությունների միջոցով ստեղծվում է սոցիալական վստահություն։
Առանց վստահության նույնիսկ լավագույն գաղափարը դժվար է իրականացնել։ Մարդիկ կարող են կասկածել միմյանց շարժառիթներին, մտածել, որ ամեն պատասխանատվություն վերջում իրենց վրա կմնա, կամ պարզապես չհավատալ, որ համագործակցությունը երկար կտևի։
Իսկ այնտեղ, որտեղ հարաբերություններ արդեն կան, համագործակցությունն ավելի բնական է դառնում։ Մարդիկ ավելի հեշտ են ասում. «Ես սա կարող եմ անել», «Ես այս մարդուն գիտեմ», «Եկեք միասին փորձենք»։ Այդ պահին համայնքը սկսում է գործել ոչ թե որպես անհատների պատահական հավաքածու, այլ որպես կապերի ցանց։
Միասին քննարկելու կարողությունը
Համայնքային հարաբերությունների կարևոր կողմերից մեկը նաև միասին մտածելու կարողությունն է։ Հաճախ հասարակական հարցերում մենք սովոր ենք երկու տարբերակի՝ կամ որևէ մեկը որոշում է բոլորի փոխարեն, կամ մարդիկ երկար վիճում են՝ պաշտպանելով սեփական կարծիքը։
Բայց համագործակցության համար անհրաժեշտ է մեկ այլ կարողություն՝ խորհրդակցել։ Խորհրդակցել նշանակում է հնարավորինս անկեղծ ներկայացնել սեփական միտքը, բայց այն չդիտել որպես սեփականություն, որը պարտադիր պետք է պաշտպանել մինչև վերջ։
Եթե մեկ ուրիշի առաջարկն ավելի օգտակար է ընդհանուր նպատակի համար, կարելի է ընդունել այն։ Այսպիսի մշակույթը հեշտ չի ձևավորվում։ Այն պահանջում է լսելու, սեփական կարծիքը հստակ արտահայտելու, չնեղանալու և ընդհանուր նպատակը անձնական հեղինակությունից բարձր դասելու կարողություններ։
Բայց երբ մարդիկ սովորում են միասին մտածել, համայնքը դառնում է ավելի ուժեղ։ Լուծումները այլևս միայն մեկ մարդու գաղափարները չեն։ Դրանք ձևավորվում են տարբեր մարդկանց փորձից և գիտելիքից։
Համայնքը չի բաժանվում «օգնողների» և «օգնություն ստացողների»
Առողջ համայնքում մարդիկ տարբեր պահերի տարբեր դերեր են ունենում։ Այսօր ես կարող եմ աջակցել մեկին, վաղը՝ ինքս նրա օգնության կարիքն ունենալ։ Մեկ մարդ ունի կազմակերպչական կարողություն, մյուսը՝ մասնագիտական գիտելիք, երրորդը՝ մարդկանց միավորելու հմտություն։ Մեկը կարող է ժամանակ տրամադրել, մյուսը՝ տարածք, երրորդը՝ փորձ։
Եթե մարդկանց մշտապես բաժանում ենք նրանց, ովքեր «օգնում են», և նրանց, ովքեր «օգնություն են ստանում», անտեսում ենք համայնքի անդամների իրական հնարավորությունները։
Նույնիսկ այն մարդը, որը որոշակի պահին աջակցության կարիք ունի, կարող է այլ ոլորտում արժեքավոր ներդրում ունենալ։ Այս տեսանկյունից համայնքի զարգացումը չի նշանակում, որ ակտիվ մարդկանց փոքր խումբը մշտապես ծրագրեր է կազմակերպում մյուսների համար։
Ավելի կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց տեսնում են որպես գործողության մասնակիցներ։ Մարդը զգում է ոչ միայն. «այստեղ ինձ օգնում են», այլ նաև. «ես էլ կարող եմ ինչ-որ բան տալ»։ Այս փոփոխությունը շատ կարևոր է, որովհետև պատկանելության զգացումը ուժեղանում է հենց ներդրում ունենալու միջոցով։
Ընդհանուր պատասխանատվության մշակույթը
Ուժեղ համայնքում մարդկանց բարեկեցությունը աստիճանաբար դադարում է ընկալվել որպես միայն անհատական հարց։
Եթե երեխայի կրթության հետ խնդիր կա, դա միայն տվյալ ընտանիքի խնդիրը չէ։ Եթե երիտասարդները չունեն օգտակար գործունեության հնարավորություն, դա կարող է մտահոգել նաև մյուսներին։ Եթե տարեց մարդը մեկուսացված է, համայնքը կարող է մտածել, թե ինչպես պահպանի նրա կապը մարդկանց հետ։
Սա չի նշանակում միջամտել ուրիշների անձնական կյանքին կամ վերցնել նրանց պատասխանատվությունը։ Այն նշանակում է չլինել անտարբեր։ Համայնքի անդամների միջև ձևավորվում է զգացում, որ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, ինչ-որ չափով վերաբերում է նաև մեզ։
Այդպիսի մշակույթում մարդիկ ավելի շուտ են նկատում խնդիրները և ավելի հեշտ են նախաձեռնում լուծումներ։ Եվ ամենակարևորը՝ նրանք չեն սպասում, որ ամեն ինչ անպայման անի որևէ կազմակերպություն, հաստատություն կամ «պատասխանատու անձ»։ Իրենք նույնպես իրենց տեսնում են որպես փոփոխություն ստեղծելու կարողություն ունեցող մարդիկ։
Հարաբերությունից հարաբերություն
Համայնքային կյանքի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա ստեղծման համար միշտ չէ, որ մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ։
Իհարկե, երբեմն անհրաժեշտ են տարածքներ, ծրագրեր կամ ֆինանսավորում։ Բայց դրանցից առաջ անհրաժեշտ է մի բան, որը հնարավոր չէ պարզապես գնել՝ մարդկանց միջև վստահություն։ Իսկ վստահությունը կառուցվում է աստիճանաբար։ Մեկ անկեղծ զրույց։ Մեկ այցելություն։ Մեկ ընդհանուր նախաձեռնություն։ Մեկ իրավիճակ, երբ մարդիկ զգում են, որ կարող են հույս դնել միմյանց վրա։ Այս փոքր փորձերը կուտակվում են և ժամանակի ընթացքում ձևավորում համայնքային մշակույթ։
Հետևաբար առաջին քայլը հաճախ շատ պարզ է՝ ճանաչել այն մարդկանց, որոնց կողքին արդեն ապրում ենք։ Հարցնել նրանց մասին։ Լսել։ Կիսվել սեփական մտքերով։ Միասին որևէ փոքր գործ սկսել։ Համայնքը չի ստեղծվում միայն ծրագրերով կամ կառույցներով։ Այն կառուցվում է հարաբերությունից հարաբերություն՝ մինչև այն պահը, երբ կողք կողքի ապրող մարդիկ սկսում են իրենց տեսնել որպես ընդհանուր կյանքի մասնակիցներ։