Ամեն ինչում հարկավոր է հետևել չափի զգացողությանը։ Եթե ինչ որ բան չափից դուրս լինի, այն չարիքի աղբյուրի կվերածվի։
<<Խոսակցության մեջ կատակը՝ ինչպես աղը կերակուրի մեջ>>,- ասել է անցյալի հայտնի գրողներից մեկը։ Եվ ինչպես կերակուրն է անհնար ուտել, երբ նրա մեջ աղը շատ է, այնպես էլ չափազանց հեռուն գնացող կատակները հաճախ առաջացնում են անհաճո զգացողություններ, վեճեր, տարաձայնություններ, դժգոհություններ և դնում են թշնամության հիմքը՝ ընտանիքի անդամների միջև։
Որոշ մեծահասակների մոտ խոսքի հեգնական, կատակային ոճ է՝ ոչ միայն սեփական զգացմունքների արտահայտման միջոց, այլ նաև ապրելակերպ։ Ցավալի է, որ մեծահասակների ոչ միշտ տեղին կատակները ուղղվում են նաև երեխաներին։ Երեխաների հետ զրույցի ժամանակ մեծերը կարող են կոպիտ կատակել, ինչն, իհարկե, չի համապատասխանում պահվածքի և էթիկայի կանոններին, չի դաստիարակում երեխայի մեջ բարոյական դրական հատկանիշներ։ Խոսակցության նման ոճն ունի որոշակի բացասական հետևանքներ, և նրանցից որոշների վրա մենք այստեղ կանգ կառնենք․
1․ Երբ կատակները շատ հեռուն են գնում, ապա երկուսն էլ՝ և՛ կատակողը, և՛ լսողը, անցնում են քաղաքավարության և ինքնահարգանքի որոշակի սահման։ Մեծի կարևորությունը, ով զվարճանալու համար անցնում է թույլատրելիի սահմանը, երեխայի աչքերում իջնում է, և նա պարտավորություն չի զգում նրա նկատմամբ հարգալից լինելու։ Երեխան աստիճանաբար, մեծանալուն մեկտեղ դառնում է ավելի ու ավելի կոպիտ, անշնորհք, լկտի։
2․ Մեծերի նման գործողությունները կհանգեցնեն նրան, որ անմեղ երեխան կսկսի խախտել պատշաճության կանոնները, ոչ տեղին կատակել, հիմարություններ ասել, խեղկատակություններ անել։ Դա կդառնա նրա սովորությունը, իսկ նրա անպատիվ բառերի արդյունքը կդառնա վիրավորանքը։
3. Փորձն ապացուցում է, որ ծաղրական արարմունքերը այն սովորույթներից են, որոնք հանգեցնում են էքսցեսների և դրանով իսկ դրանք նման են ազարտային խաղի։ Երբ մարդը զվարճացնում է ներկաներին իր կատակներով և հավանության է արժանանում նրանց կողմից, ապա նա հաճախ չի կարողանում կանգ առնել, փորձում է էլ ավելի սուր բան ասել, ավելի զվարճալի։ Իսկ եթե որևէ կատակ կամ հումոր այնքան էլ հաջող չի ստացվել, ապա պատմողը էլ ավելի է փորձում, որ հղկի իր վրիպումը, և հաջողության հույսով նա այդ <<մարտի դաշտում>>, գնալով ու էլ ավելի խորանալով՝ կորցնում է չափի զգացողությունը։
4․ Մշտապես կատակների ու հեգնանքի օգնությամբ ուշադրություն գրավելու սովորությունը երեխաներին ու մեծերին խեղկատակություններ անելուն է սովորեցնում, հասարակության մեջ նրանք ձեռք են բերում թեթևամիտ, հարգանքի արժանի չլինող, անքաղաքավարի մարդկանց համբավ։
5․ Երբ երեխան այլ մարդկանց նկատմամբ անքաղաքավարություն է ցուցաբերում, հիմարություններ է ասում, անպատշաճ մոտիկություն է ցույց տալիս, նա, անգիտակցաբար, ցավացնում է իր նուրբ ու քնքուշ սիրտը, աստիճանաբար սովորում է կշտամբանքին ու բարկությանը, կորցնում է անհատականությունը և նրա հոգին կարծրանում է։ Մանկության տարիներին ձեռք բերած վատ վարվելաձևը, անկասկած, երեխայի հոգևոր զարգացման գործում բացասական ազդեցություն կունենան։
Անտակտ կատակները, ծաղրանքով խոսելը անհրաժեշտ է ամբողջությամբ բացառել ընտանեկան պրակտիկայից։ Մեծերին հարկավոր է մեծագույն սիրով, հարգանքով, քաղաքավարությամբ ու արժանապատվությամբ վերաբերվել երեխաներին։ Անգամ կարճ զրույցի, վայրկենական խոսակցության ընթացքում փորձել երեխային հասանելի լեզվով ընդլայնել նրանց մտահորիզոնը։ Եթե մեծերը ցանկանում են երեխաներին երջանիկ դարձնել, ապա նրանք, չափավորություն պահպանելով և նրբանկատություն ցուցաբերելով կարող են նրանց սրտերը երջանկացնել հետաքրքիր ու զվարճալի պատմություններով։ Այս ամենի հետ մեկտեղ սխալ է մտածել, որ երեխաների հետ շփման մեջ պետք է խուսափել լուրջ թեմաներից։ Դա բոլորովին այդպես չէ։ Երեխաները նույնպես կարիք ունեն լուրջ ու օգտակար ինֆորմացիայի, բայց նրանք ցանկանում են, որ մեծերը ինչ-որ բան պատմելիս օգտագործեն պարզ և իրենց հասկանալի լեզու։
Ծնողները, երեխաներին փոխարենը հիմարություններ ասելու, ծաղրելու և նրանց անիմաստ վեճերի մեջ ներքաշելու՝ կարծելով, որ երեխաներին կարելի է հետաքրքրել միայն դատարկ և մակերեսային խոսակցություններով, պետք է բացատրեն նրանց իրերի էությունը, ընդլայնեն մտահորիզոնը, զարգացնեն նրանց մեջ ձգտումը դեպի գիտելիք, գիտական փնտրտուքներ, տրամաբանական մտածողություն։
Բնության մեջ գոյություն ունի ընդհանուր բիոլոգիական սկզբունք, որին ենթարկվում է մարդը։ Եթե օրգանը մշտական ծանրաբեռնվածություն է կրում, ապա այն կգործի ավելի երկար ժամանակ։ Անգործության դեպքում նրա ֆունկցիոնալ հնարավորություններն իջնում են։ Եթե չզարգացնել մտավոր ունակությունները, չխորանալ յուրաքանչյուր առարկայի էության մեջ, միշտ և ամեն ինչում գլուխն ազատել կատակի, դատարկ դիտողությունների միջոցով, ապա մտավոր հնարավորությունների պոտենցիալը հետզհետե նվազում է։
Հիշելով այս մասին երբեք պետք չէ մոռանալ, որ անհարիր և անտեղի կատակները անհարմարություն են ստեղծում շրջապատի համար, անհնար են դարձնում նրանց ազատ և անկաշկանդ շփումը, վնասակար ազդեցություն են ունենում երեխաների վրա։
Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից