Ի՞նչ ենք հասկանում արդյունավետություն ասելով։ Միգուցե զբաղված օր աշխատավայրում, հեռախոսազանգեր, հանդիպումներ, քննարկումներ, թե ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Արդյունավետությունը ստացված արդյունքի և օգտագործված ռեսուրսների հարաբերակցությունն է։ Հայաստանում արտադրողականությունն ու արդյունավետությունը նույնն են և ասոցացվում են տնտեսական աճի, եկամուտ-ծախսերի ճիշտ հաշվարկման, կրթական ծրագրերի իրականացման, և այլ բնագավառներում կայունության հաստատման հետ։
Սակայն, եթե դուք գործարար եք և ժամանակ եք գտնում զբաղվելու արվեստով, մեդիտացիայով, տնային գործերով, երաժշտությամբ ու հյուրեր ընդունելով, հնարավոր է առաջանա մեղքի զգացողություն, որ շատ ժամանակ եք ծախսում մի բանի վրա, որը կապ չունի ձեր մասնագիտության հետ։ Ըստ Բահայի գրվածքների, անհրաժեշտ է համաչափություն գտնել մեր պրակտիկ և հոգևոր կարիքների միջև։ Աբդուլ Բահան ասել է.
Օրեցօր մեծացրեք ձեր սրտի մաքրությունը, հոգու կենսուրախությունը, ընկալման լույսն ու ճշմարտության որոնումը։
Մեկ այլ տեղ նա մեզ խորհուրդ է տալիս.
Կիսեք ձեր ժամանակն Աստծո հետ: Օրվա կեսը ծախսեք ապրուստի միջոցներ ապահովելուն, ձեր նյութական կարիքներին ու արժանապատիվ տեսքին, իսկ մյուս կեսը նվիրեք բարոյական արժեքներ ձեռք բերելուն և Աստծո շեմին ծառայելուն։
Ճիշտ վարվելու համար մենք պետք է հրաժարվենք այն գաղափարից, որ անարդյունավետ ենք, երբ, օրինակ ժամանակ ենք ծախսում հարևանի հետ ընկերանալու կամ ընկերություն հաստատելու ու պահպանելու վրա։
Այժմ Աստծո սիրեցյալների համար ժամանակն է բարձրացնել միասնության դրոշները, աշխարհի ժողովներում ներդնել ընկերության ու սիրո տաղերն ու բոլորին ցուցադրել, որ Աստծո ողորմածությունը մեկն է:
Մենք պետք է ցուցաբերենք սեր, շփում, հոգատարություն, առատաձեռնություն ու բարություն յուրաքանչյուր համայնքի հանդեպ։ Մենք կարող ենք մեղավոր զգալ, երբ մեր կատարած գործողությունը չի հետապնդում ֆինանսական շահ, սակայն, Բահաուլլան ասում է.
Մարդկանցից ամենաարժանիները նրանք են, ովքեր ապրուստ են վաստակում իրենց արհեստով և ծախսում են այն իրենց ու իրենց հարազատների համար հանուն Աստծո սիրո:
Այսպիսով հարկավոր է ժամանակ գտնել նաև այնպիսի գործերի համար, որոնք ինչ որ առումով համարվում են «անարդյունավետ»։ Հասնելով ներդաշնակության մեր աշխատանքի ու անձնական կյանքի միջև, մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես է մեր աշխատանքը ծառայում այլոց և ինչ հոգևոր արժեքներ մենք կարող ենք զարգացնել։