Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Լույսի երկու տարատեսակները 
Հոդվածներ

Լույսի երկու տարատեսակները 

Գերմանացի մեծ մտածող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ասել է. «Եթե աչքի մեջ արևի բնույթը չլիներ, մենք չէինք կարողանա տեսնել արևը»։ Այս խորիմաստ միտքը հիշեցնում է, որ ճշմարտությունը ճանաչելու համար միայն արտաքին լույսը բավարար չէ։ Մարդու ներսում նույնպես պետք է արթնանա հոգևոր ընկալունակությունը, որպեսզի նա կարողանա տեսնել և հասկանալ այն իրականությունը, որը թաքնված է նյութական աշխարհի սահմաններից այն կողմ։

 

Նույն գաղափարն է արտահայտել նաև Լև Տոլստոյը՝ գրելով. «Միակ ճշմարիտ լույսը, որ լուսավորում է մարդու կյանքը, այն լույսն է, որը փայլում է նրա ներսում»։ Երբ մարդը դիմում է այդ ներքին լույսին, նրա առջև բացվում են ոչ միայն գիտելիքի նոր հորիզոններ, այլև կյանքի նպատակի ավելի խոր ըմբռնումը։ Այդ լույսն է, որ օգնում է տարբերել ճշմարտությունը կեղծիքից, բարին՝ չարից, և ուղղորդում է հոգուն դեպի բարձրագույն իրականություն։

 

Աբդուլ-Բահան Իր Փարիզյան զրույցներ գրքում այդ մասին այսպես է խոսել.

 

Արևելքում մշտապես շողշողում է  արևը, աստղերը երբեք չեն քողարկվում և ամպերը շատ քիչ են։ Լույսը մշտապես Արևելքում է հայտնվում և իր ճառագայթներն Արևմուտք է ուղարկում: 

 

Կա երկու տեսակի լույս: Մեկը արևի տեսանելի լույսն է․ նրա օգնությամբ ենք մենք ընկալում շրջակա աշխարհի գեղեցկությունը: Առանց նրա մենք ոչինչ չէինք տեսնի: 

 

Այնուամենայնիիվ, չնայած այդ լույսը մեզ համար տեսանելի է դարձնում բոլոր առարկաները, սակայն այն մեզ կարողություն չի ընձեռում ճանաչելու դրանք,  կամ հասկանալու դրանց ողջ հնարավոր հմայքը, քանի որ այն չունի ո՛չ գիտակցություն, ո՛չ էլ բանականություն: Միայն գիտակցության լույսն է, որ մեզ ընկալելու և հասկանալու ունակություն է շնորհում, առանց որի անօգուտ կլինեին մեր ֆիզիկական աչքերը: 

 

Իմացության լույսը գոյություն ունեցող բարձրագույն լույսն է, քանզի ծագում է աստվածային լույսից: Իմացության լույսը մեզ հնարավորություն է տալիս երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան իմանալու և հասկանալու, սակայն լոկ աստվածային լույսն է ցրում անտեսանելի շղարշը և թույլ տալիս մեզ տեսնելու այն ճշմարտությունը, որն աշխարհին կբացահայտվի միայն հազարամյակներ հետո: 

 

Հենց աստվածային լույսն էր, որ մարգարեներին հնարավորություն տվեց գուշակելու այն, ինչ պիտի տեղի ունենար երկու հազարամյակ հետո, և մենք կանխագուշակումների իրականացման վկաներն ենք: Այսպիսով՝  հենց այս  լույսն է, որը մենք պետք է փնտրենք, քանի որ այն ավելի մեծ է, քան որևէ այլ լույս: 

 

Շնորհիվ այդ լույսի՝ Մովսեսը տեսավ և իմացավ Աստծո հայտնությունը և լսեց Իրեն ուղղված երկնային ձայնը, որը խոսեց նրա հետ այրվող մորենու միջից:  

 

Ամբողջ սրտով փնտրեք այդ երկնային լույսը, որ հասկանաք ճշմարտությունը և իմանաք Աստծո գաղտնիքները, որ թաքնված ճանապարհները պարզ դառնան ձեր աչքերի առաջ:

 

Այդ լույսը կարելի է հայելու հետ համեմատել. ինչպես հայելին է անդրադարձնում այն ամենն, ինչ իր առջևում է գտնվում, այնպես էլ այդ լույսը մեր հոգևոր հայացքի առջև բացահայտում է այն ամենը, ինչ գոյություն ունի Աստծո արքայության մեջ` իրերի իսկական բնույթը ճանաչելի դարձնելով: Այդ փայլուն  լույսի օգնությամբ է գտնվել բոլոր Սուրբ գրքերի հոգևոր մեկնումն ու բացատրությունը, բացահայտվել են աստվածային աշխարհի գաղտնիքները, և մենք կարողացել ենք հասկանալ Աստծո մտադրությունները մարդկության նկատմամբ: 

 

Ես աղոթում եմ, որ Աստված Իր ողորմածությամբ, Իր փառավոր լույսով լուսավորի ձեր սրտերն ու հոգիները: Եվ ձեզանից յուրաքանչյուրը լուսաշող աստղի նման փայլատակի աշխարհի մութ անկյուններում: 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ