Մարդկության պատմության ընթացքում մարդիկ մշտապես ձգտել են բարձր արժեքների՝ արդարության, ազնվության, սիրո և ողորմածության։ Բոլոր կրոնները, փիլիսոփայական ուսմունքներն ու բարոյական համակարգերը կոչ են արել մարդուն զարգացնել իր լավագույն հատկանիշները և նպաստել հասարակության բարօրությանը։ Այդ պատճառով էլ բարձր գաղափարների մասին խոսելը միշտ էլ հեշտ և հաճելի է եղել մարդկանց համար։
Սակայն յուրաքանչյուր գաղափարի իրական արժեքը բացահայտվում է ոչ թե այն ժամանակ, երբ այն արտահայտվում է խոսքով, այլ երբ այն դառնում է կյանքի մաս։ Եթե բարությունը չի վերածվում բարի գործի, եթե արդարությունը չի արտահայտվում արդար վարքով, իսկ սերը չի դրսևորվում ծառայությամբ, ապա ամենաբարձր գաղափարներն անգամ մնում են գեղեցիկ, բայց անպտուղ խոսքեր։ Հենց գործերի միջոցով է մարդը վկայում իր հավատի, համոզմունքների և արժեքների իսկությունը։
Ամբողջ աշխարհում փառաբանվում են գեղեցիկ ճառերը և հիանում են ազնիվ ուսմունքներով: Բոլոր մարդիկ պնդում են՝ իբր սիրում են բարին և ատում այն ամենը, ինչը չար է։ Ազնվությունն արժանի է հիացմունքի, իսկ սուտն արհամարհելի է: Հավատն առաքինություն է, դավաճանությունը` անպատվություն մարդկության համար: Օրհնյալ է այն, ինչ ուրախացնում է մարդկանց սրտերը, անարժան է այն, ինչ ցավ է պատճառում: Բարի և գթասիրտ լինելը ճիշտ է, իսկ ստելը մեղք է: Արդարությունը բարձր հատկանիշ է, անարդարությունը արատ է: Յուրաքանչյուր մարդու պարտքն է կարեկցել իր մերձավորին, ոչ ոքի ցավ չպատճառել և ամբողջ ուժով ազատվել նախանձից ու չարությունից: Ոչ թե տգիտությունն ու խավարն են փառք բերում մարդուն, այլ՝ իմաստությունն ու լույսը: Հրաշալի է հայացքն ուղղել առ Աստված, անխոհեմ է չնկատել Նրան: Մեր պարտքն է բարձրացնել մարդկանց, այլ ոչ թե մոլորեցնել և նպաստել նրանց անկմանը: Նման օրինակներ դեռ շատ կան:
Սակայն այս ամենը լոկ խոսքեր են, ոչ ավելին, և մենք ծայրահեղ հազվադեպ ենք տեսնում դրանց վերածումը գործի: Ընդհակառակը, մենք նկատում ենք, որ մարդիկ կրքերով և եսասիրությամբ են համակված, յուրաքանչյուրը հոգում է լոկ սեփական շահի մասին, նույնիսկ եթե դա մերձավորի կործանման գնով է լինում: Բոլորին զբաղեցնում է հարստանալու միտքը․ մարդկանց անգամ չնչին չափով չի հուզում ուրիշների բարեկեցությունը: Նրանց միայն մտահոգում է իրենց սեփական հանգստությունը և հարմարավետությունը, մինչդեռ մերձավորների ճակատագիրը նրանց համար բացարձակ անկարևոր է:
Ցավոք, սա այն ուղին է, որով ընթանում է մարդկանց մեծամասնությունը: Սակայն չպետք է այդպիսին լինել, նմանատիպ իրավիճակներում պետք է դրսևորել բարձր արժեքներ: Մեզ համար առաջնայինը պիտի լինեն գործերը, որ թե խոսքերը: Մեր գթասրտությունը պետք է դրսևորվի ոչ միայն խոսքերով, այլև, առաջին հերթին, արարքներով: Ոչ մի բառ չպետք է հենց այնպես արտասանվի: Մենք մեր գործերով պետք է ցույց տանք, որ հավատարմորեն ենք ծառայում Աստծուն, իսկ մեր արարքները պիտի միայն ու միայն բացահայտեն աստվածային լույսը:
Եթե մենք բարի ենք, մեր գործերը կծառայեն աշխարհին և՛ քաղաքակրթություն տարածելով, և՛ գիտության ու արվեստի զարգացմանը աջակցելով: Նյութական աշխարհում առանց գործելու ոչինչ չի կատարվում, իսկ միայն խոսքերն ինքնըստինքյան չեն տանի մարդկանց դեպի Աստծո արքայությունը: Աստծո ընտրյալները դատարկախոսությամբ չէր, որ դարձան սրբեր, այլ այն կյանքի շնորհիվ, որը լի էր անսահման համբերությամբ և աննձնազոհ ծառայությամբ․ նրանք աշխարհին լույս էին բերում:
Հետևաբար, ջանացե՛ք, որպեսզի ձեր ամենօրյա աղոթքները դառնան ձեր գործերը: Ձեր հայացքն ուղղեք դեպի Աստված և ջանացեք անել միայն այն, ինչ ճիշտ է և ազնիվ: Հարստացրեք չքավորին, բարձրացրեք ընկածին, մխիթարեք սգավորին, խնամեք հիվանդին, հանգստացրեք երկչոտին, փրկեք ճնշվածին, հույս տվեք հուսալքվածին և ապաստան տվեք կարիքավորին․ ահա մեր իսկական աշխատանքը, ահա այն, ինչ սպասվում է մեզնից: