Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ի՞նչ է պատասխանատվությունը և ինքնուրույնությունը. ինչպես երեխայի մեջ սերմանել այս կարևոր հատկանիշները
Հոդվածներ

Ի՞նչ է պատասխանատվությունը և ինքնուրույնությունը. ինչպես երեխայի մեջ սերմանել այս կարևոր հատկանիշները

Մենք հաճախ բախվում ենք երեխայի՝ տնային պարտականությունները կատարելու չցանկանալու հետ։ Երեխան չի ուզում լվանալ իր հետևից ամանները, մաքրել իր սենյակը, խնամել իր սեփական կենդանուն կամ բույսը։ Երբ մեծերից մեկը երեխային խնդրում է իրեն օգնել տնային գործերում, նա դժկամությամբ է արձագանքում խնդրանքին։ Երբեմն ձևանում է, թե չի լսում, կամ ջանասիրաբար զբաղված է այլ գործով։ Խոստանում է կատարել, ապա ասում է, որ մոռացել է։

 

Դուք կռահում եք, որ երեխան դա անում է դիտավորյալ, և փորձում եք ճնշում գործադրել նրա վրա, ստիպում եք գործը կատարել կամ պայմաններ եք դնում. «Եթե ամանները չլվանաս, զբոսնելու չես գնա»։ Ընդ որում, ամեն անգամ կրկնվում է նույն բանը։

 

Այս ամենը վկայում է այն մասին, որ երեխայի մոտ պատասխանատվության զգացումը վատ է զարգացած, կամ նա պատասխանատվություն չի կրում այն գործերի համար, որոնք դուք հանձնարարում եք։

 

Երբ երեխան ոչինչ չի անում առանց մեծահասակի ներկայության կամ հիշեցման, դա նույնպես վկայում է այն մասին, որ երեխան ինքնուրույն չէ իր գործողություններում։

 

Մեկ այլ տարածված իրավիճակ է, երբ երեխան դպրոցում կամ սպորտային խմբակում ցանկացած ձախողում բարդում է այլ մարդկանց կամ հանգամանքների վրա։ Սա նույնպես մատնանշում է ինքնուրույնության և իր արարքների համար պատասխանատվության բացակայությունը։

 

Խնդրի պատճառները

 

Սովորաբար պատճառը թաքնված է ծնողների կողմից երեխայի գերիշխող մոտիվացիան չհասկանալու մեջ։ Ընդհանուր առմամբ գոյություն ունի հինգ նման մոտիվացիա.

 

1. Գովասանք ստանալ

 

Եթե երեխայի մոտ գերակշռում է այս մոտիվացիան, ապա նրա համար կարևոր է միշտ ստանալ ծնողների գովասանքի և հավանության խոսքեր լսել։ Ընդ որում, մի քանի կարևոր բառերի համար երեխան պատրաստ է անել ամեն ինչ։ Եթե դուք մոռացել եք երախտագիտության խոսքեր ասել, երեխան կամ կհիշեցնի ձեզ դա, կամ ինքն իրեն կգովաբանի և կսպասի ձեր հաստատմանը։ Իհարկե, այս մոտիվացիան ամենադրական կերպով չի ազդում երեխայի և նրա՝ որպես ապագա մեծահասակի կյանքի վրա։ Այդպիսի երեխան միշտ կկողմնորոշվի այլ մարդկանց ցանկություններով և կձգտի բավարարել նրանց կարիքները՝ գովասանք ստանալու համար։ Այդպիսի երեխաները հաճախ ընկնում են ավելի հեղինակավոր հասակակիցների ազդեցության տակ, հատկապես դեռահաս տարիքում։ Ուստի կարևոր է այս մոտիվացիան հեռացնել գերիշխող դիրքից։

 

2. Կատարած գործի համար հպարտություն զգալ

 

Մոտիվացիայի այս տեսակը բարենպաստ ազդեցություն է ունենում երեխայի անհատականության և օգտակար ակտիվ գործունեությունը շարունակելու նրա ցանկության վրա։ Առաջադրանքը կատարելուց հետո այդպիսի երեխան ուրախության և ինքն իր հանդեպ հպարտության զգացում է ապրում, նրա մոտ ուժեր և հուզական վերելք է առաջանում այլ առաջադրանքներ կատարելու համար։ Այդպիսի երեխան նույնպես կարող է սպասել մեծահասակների գովասանքին և մեկնաբանություններին, բայց դա նրա համար գլխավորը չէ։

 

3. Առաջադրանքի կատարման դիմաց արտոնություններ և բոնուսներ ստանալ

 

Այս իրավիճակում ձևավորվում է «դու ինձ — ես քեզ» հարաբերությունը։ Դա որոշակիորեն ձևավորում է եսասեր անհատականություն, ով անհրաժեշտ չի համարում ինչ-որ բան անել պարզապես այնպես, առանց հատուցման։ Երեխան սկսում է մտածել, որ ոչինչ պետք չէ անել անհատույց, և նույնիսկ ծնողները պարտավոր են վարձատրել իր աշխատանքի համար, թեև ինքն իրեն ինչ-որ բանում պարտավոր չի համարում։

 

4. Օգնել ծնողներին

 

Ամենից հաճախ այս մոտիվացիան առկա է պատասխանատու երեխայի մոտ, ում ընտանիքում բոլոր ընտանիքի անդամների միջև հարաբերությունները բաց են, հարգալից և ջերմ։ Այստեղ ծնողները անհրաժեշտություն չունեն երեխային ինչ-որ բան անել ստիպելու, երեխան ինքն է հոժարակամ առաջարկում իր օգնությունը և կատարում այն ամենը, ինչի մասին համաձայնվել են։

 

5. Անել գործը՝ բացասական հետևանքներից խուսափելու համար

 

Երեխան, ում մոտ գերակշռում է այս տեսակի մոտիվացիան, մշտապես գտնվում է լարվածության մեջ, բացասական զգացումներ է ապրում։ Այդպիսի երեխան միշտ մտահոգված է և վախ է ապրում։ Այս մոտիվացիայի արդյունքում երեխան կմեծանա նևրոտիկ։ Ինչ-որ պահի նա կսկսի ըմբոստանալ, տնից փախչել կամ սկսել օգտագործել ալկոհոլ կամ նույնիսկ թմրանյութեր, քանի որ մշտապես սթրեսային վիճակում գտնվելը հուզականորեն շատ ծանր է։

 

Ինչպես արդեն հասկացաք, գոյություն ունեն ինչպես պարտականությունների կատարման դրական մոտիվացիաներ, այնպես էլ բացասական։ Մեր՝ ձեզ հետ, խնդիրն է երեխային վերակողմնորոշել դեպի դրական մոտիվացիաները և նվազագույնի հասցնել բացասականները։ Դա կօգնի երեխային ոչ միայն դառնալ պատասխանատու և ինքնուրույն, այլև ապագայում հասնել հաջողությունների։ Ի վերջո, միայն մարդը, ով պատասխանատու է իր գործունեության համար, հետագայում կկարողանա բարձր պաշտոններ զբաղեցնել, կառուցել հաջողակ կարիերա և ձևավորել ներդաշնակ հարաբերություններ իրեն շրջապատող մարդկանց հետ։

 

Երեխայի հետ փոխհարաբերությունը պետք է կառուցվի՝ հենվելով նրա գերիշխող մոտիվացիայի տեսակի վրա։

 

Խնդրի լուծման գործողությունների ալգորիթմը

 

Նախքան խնդրի լուծման նկարագրությանն անցնելը, անհրաժեշտ է հասկանալ «պատասխանատվություն» և «ինքնուրույնություն» հասկացությունները և որոշել՝ արդյոք դրանց միջև կապ կա։

 

Պատասխանատվությունը իր արարքների, գործողությունների, խոսքերի համար պատասխան տալու և հասկանալու կարողությունն է, թե ինչի են դրանք հանգեցնում կամ ինչի կարող են հանգեցնել։

 

Ինքնուրույնությունը ինչ-որ մեկի միջամտության, դրսից օգնության բացակայությամբ գործելու կարողությունն է։

 

Երեխաների դաստիարակության մեջ այս երկու հասկացությունները անքակտելիորեն կապված են։ Եթե մենք փորձենք երեխային սովորեցնել պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ միասին անենք՝ չտալով երեխային հնարավորություն սկզբից մինչև վերջ ինքնուրույն կատարել գործողությունը, ապա նա երբեք չի սովորի պատասխան տալ իր արարքների համար։ Եվ ձախողման իրավիճակում նա անպայման կբաժանի ձախողումը աշխատանքին մասնակցած մի քանի անձանց միջև։ Չէ՞ որ մենք բոլորս գիտենք, որ պատասխանատվությունը ինչ-որ մեկ ուրիշի վրա տեղափոխելը շատ ավելի հանգիստ և հաճելի է։

 

Ուստի պատասխանատվության ձևավորման ժամանակ կարևոր է երեխային հնարավորություն տալ ինքնուրույն ինչ-որ բան անել և ինքն էլ պատասխան տալ արդյունքի համար, առաջին հերթին՝ ինքն իր առջև։ 

 

Ինչպե՞ս սերմանել դրական մոտիվացիաներ

 

Սկզբում անհրաժեշտ է հավաքվել ամբողջ ընտանիքով և գրել տնային պարտականությունների մի հսկայական ցանկ (անձնական պարտականությունները, ինչպիսիք են ուսումն ու աշխատանքը, այնտեղ չեն մտնում)։

 

Հաջորդ քայլը՝ դուք միասին քննարկում եք, թե ինչ պետք է անել յուրաքանչյուր կետում և որքան ժամանակ դա կպահանջի օրվա կամ շաբաթվա ընթացքում։

 

Հետո պետք է գրել, թե ինչ կպատահի, եթե ամեն մի գործ ժամանակին չկատարվի։ Երբ ցանկը պատրաստ լինի, անհրաժեշտ է հարցնել երեխային, թե ցանկից ինչ է նա պատրաստ ստանձնել։ Եթե ձեզ թվում է, որ երեխան քիչ պարտականություններ է ստանձնել, ասացեք, որ մնացած գործերը դուք մենակ չեք հասցնի կատարել, և ընտանիքը կտուժի։ Օրինակ, եթե չկերակրել և չխնամել կրիային, նա կարող է սատկել, իսկ եթե չորս օր չթափել աղբը, բնակարանում տհաճ հոտ կհայտնվի, և այլն։ Առաջարկեք նրան էլի մտածել և ընտրություն կատարել, ապա առաջարկեք ձեր տարբերակը։

 

Եթե երեխան չափազանց շատ պարտականություններ է ընտրել, նրա ընտրությունը նույնպես անհրաժեշտ է ուղղել, որպեսզի հետագայում ինքն իր հանդեպ հիասթափություններ չլինեն։ Հակառակ դեպքում գերբեռնվածության դեպքում երեխան կարող է կորցնել իր պարտականությունների հանդեպ հետաքրքրությունը։ Բաշխումից հետո պետք է գրի առնել յուրաքանչյուրի պարտականությունները և թե որքան հաճախ դրանք պետք է կատարվեն։ Դրանից հետո այս թերթիկը կախվում է սառնարանից կամ մեկ այլ նկատելի տեղում։

 

Տնային գործերի պատասխանատվության բաշխման այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ երեխան տեսողականորեն կարող է տեսնել, թե տնային աշխատանքի ինչ ծավալի հետ են բախվում ծնողները, և հասկանում է, որ իր օգնության կարիքն ունեն։ Երեխային տրվում է նաև ընտրության հնարավորություն, և նա ինքն է ընտրում ինչ կատարել, և ժամանակացույցի շնորհիվ այս աշխատանքն այլևս չի վախեցնում իրեն իր ծավալներով ու բարդությամբ։

 

Հետագայում ընտանիքի բոլոր անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման օպտիմալ մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ խորհրդակցել և քննարկել գործերի ընթացիկ վիճակը։ Հիշեք ինքներդ և հիշեցրեք երեխային, թե ինչ կարևոր խնդիրներ է նա կատարում։

 

Հաճախ լինում են իրավիճակներ, երբ երեխան դադարում է կատարել իր պարտականությունները կամ հետաձգում է դրանք։ Այս դեպքում երբեք ՄԻ՛ ԱՐԵՔ որևէ գործ երեխայի փոխարեն, առանց նկատողության միայն մեկնաբանեք, թե ինչ եք տեսնում, և կիսվեք ձեր զգացողություններով։ Օրինակ, «Ծաղիկների հողը բոլորովին չորացել է։ Հնարավոր է, նրանք շուտով սկսեն թառամել, իսկ ես այնքան էի ուզում հիանալ դրանցով»։ Նման մեկնաբանություններից հետո երեխան, հնարավոր է, ոչ միանգամից, բայց որոշ ժամանակ անց, կատարի իր առաջադրանքը։

 

Խորհրդակցություններից մեկում պետք է քննարկել, թե ինչ կանի ընտանիքը այն իրավիճակում, երբ կարևոր պատճառներով (օրինակ՝ հիվանդացել է և ջերմությամբ պառկած է) ինչ-որ մեկը չի կարողանում կատարել իր պարտականությունները։

 

Այս բաշխման միջոցով երեխան կսովորի և՛ պատասխանատվություն, և՛ ինքնուրույնություն։

 

Ինչ վերաբերում է ուսմանը կամ այլ զարգացնող պարապմունքներին, որոնց հաճախում է երեխան, ապա անհրաժեշտ է բացատրել երեխային, որ այն ամենը, ինչ նա անում է, իր ընտրությունն է, և որ եթե իրեն դուր է գալիս տնային առաջադրանքների համար միշտ ցածր գնահատական ստանալ, ապա նա կարող է շարունակել դա անել։ Կամ, եթե, օրինակ, դուք տեսել եք, որ վոկալի պատրաստվելու փոխարեն նա շեղվում է մի այլ բանի վրա, ասացեք. «Մի՛ վշտացիր, երբ մրցույթում ցածր տեղեր զբաղեցնես, դա բնական է»։

 

Ցանկացած սովորության ձևավորման համար անհրաժեշտ է համակարգ և տրամադրվածություն ինչպես երեխայի, այնպես էլ ծնողի կողմից, ուստի կարևոր է նկատել նրբերանգները և ճիշտ արձագանքել այն հնարքներին, որոնք երեխան փորձում է կիրառել։

 

Հետգրություն. «ցանքի և հունձի» սկզբունքը

 

Շատ կարևոր է երեխային տալ կյանքի հիմնական և հիմնարար սկզբունքի ընկալումը՝ «ցանքի և հունձի» սկզբունքը։ Այն վերաբերում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Դրա իմաստը պարզ է. «Բերք ստանալու համար անհրաժեշտ է գարնանը սերմեր ցանել հողում, ամռանը խնամել և ջրել, աշնանը հավաքել բերքը»։ Այս ալգորիթմի խախտումը վերջում կհանգեցնի արդյունքի բացակայության։ Եթե գարնանը չես ցանել, ապա, որքան էլ ուշադիր ջրես ամռանը, բերք չի լինի։ Եթե ամռանը չես ջրել, ապա բերքը կմահանա, և աշնանը հավաքելու ոչինչ չի լինի։ Երեխայի մոտ պետք է ձևավորվի այս սկզբունքի ընկալումը ուղեղի ենթակեղևում, այդ դեպքում ձեզ պետք չի լինի բացատրել, թե ինչու է պետք ջանասիրաբար սովորել։

 

Ի դեպ, նույն սկզբունքը վերաբերում է նաև երեխաների դաստիարակությանը. եթե «ամռանը չես ջրում», այսինքն՝ բաց ես թողնում այն շրջանը, երբ անհրաժեշտ է զբաղվել քո երեխայի դաստիարակությամբ, այլևս երբեք չես կարողանա հասուն երեխային տալ այն, ինչ բաց ես թողել։ Այս բաց թողնված դաստիարակությունը փոխարինել հնարավոր չէ ոչ մի ուսուցչով, ոչ էլ փողով։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ