Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպե՞ս մոտիվացնել երեխային՝ առանց ճնշելու 
Հոդվածներ

Ինչպե՞ս մոտիվացնել երեխային՝ առանց ճնշելու 

Ծնողներն ու ուսուցիչները հաճախ ասում են երեխային․ «Ես գիտեմ, որ դու կարող ես ավելի լավ անել, եթե մի փոքր ավելի շատ ջանք գործադրես»։ Թվում է՝ սա պետք է ոգևորի երեխային։ Բայց նա հաճախ բոլորովին այլ բան է լսում․ «Այն, ինչ դու հիմա անում ես, բավական չէ։ Ես հիասթափված եմ քեզանից»։

 

Երեխային մոտիվացնելու համար կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ կարող է նա անել, այլ նաև՝ ինչու տվյալ պահին չի անում դա։ Այստեղ երբեմն օգտակար է հասկանալ նաև ընտանիքում նրա դիրքը։

 

«Թագավոր Ջոնը», որը չէր ուզում սովորել

 

Հինգերորդ դասարանի ուսուցչուհի Ջուդի Մուրի դասարանում Ջոն անունով մի տղա կար, որը բոլորից վատ էր կարդում։ Սկզբում ուսուցչուհին նույնիսկ ենթադրեց, որ տղայի մտավոր կարողությունները կարող են ցածր լինել և խնդրեց հոգեբանական թեստավորում անցկացնել։

 

Բայց հետո պարզվեց մի հետաքրքիր հանգամանք։ Ջոնն ընտանիքի ամենակրտսեր երեխան էր։ Նա երեք ավագ քույր ուներ, իսկ ընտանիքում բոլորը նրան անվանում էին՝ «Թագավոր Ջոն»։

 

Աստիճանաբար պարզ դարձավ, որ Ջոնի խնդիրը գուցե ընդհանրապես ունակությունների պակասը չէր։ Եթե ընտանիքում բոլորը սովոր են քեզ համար ամեն ինչ անել, ինչո՞ւ հանկարծ պետք է սկսես մեծ ջանքեր գործադրել և պատասխանատվություն ստանձնել։ Հոգեբանական թեստավորման արդյունքներն էլ հաստատեցին՝ Ջոնը շատ խելացի և ընդունակ երեխա էր։ Պարզապես իր կարողությունների զգալի մասը նա սովորել էր օգտագործել ուրիշների վրա ազդելու և նրանց իր ուզածին բերելու համար։

 

Տիկին Մուրը կարող էր ասել․

 

— Ջո՛ն, ես գիտեմ, որ դու կարող ես ավելի լավ սովորել, եթե պարզապես ուզենաս։

 

Բայց չասաց։ Փոխարենը նա ասաց․

 

— Ջո՛ն, ես իմացա, որ դու շատ ընդունակ տղա ես։ Ես քեզ տեղափոխում եմ ուժեղ խումբ, որովհետև վստահ եմ քո կարողությունների վրա և գիտեմ, որ դու կհաղթահարես։

 

Եվ Ջոնը հաղթահարեց։ Մոտիվացիայի մեջ կարևոր է ոչ միայն «ինչը», այլև «ինչպեսը»: 

 

Առաջին հայացքից երկու արտահայտությունները շատ նման են՝ «դու կարող ես ավելի լավ անել» և «ես վստահ եմ քո կարողությունների վրա»։ Բայց երեխայի համար դրանց միջև մեծ տարբերություն կա։ Առաջինի հետևում նա կարող է զգալ հիասթափություն։ Երկրորդի հետևում՝ վստահություն։

 

Սա տարբեր երեխաների վրա կարող է տարբեր կերպ ազդել։ Ավագ երեխան, որն առանց այդ էլ ամբողջ ուժով փորձում է լավագույնը լինել, «Դու կարող էիր ավելի լավ անել» արտահայտությունից կարող է պարզապես ավելի մեծ ճնշում զգալ։ Միջնեկը կարող է մտածել, որ որքան էլ ջանա, միևնույն է չի հասնի ավագին։ Իսկ կրտսերը, որի փոխարեն երկար ժամանակ շատ բան են արել, կարող է պարզապես չհասկանալ, թե ինչու հանկարծ իրենից ինքնուրույն ջանք են ակնկալում։

 

Հետևաբար, երեխայի վարքը հասկանալը մեզ օգնում է ընտրել ոչ թե ավելի ուժեղ ճնշում, այլ ավելի արդյունավետ աջակցություն։ Երբեմն երեխային պետք է նաև պարտվել սովորեցնել:

 

Մարկն ընտանիքի ավագ երեխան էր։ Ութ տարեկանում նա այնքան ծանր էր տանում խաղերում պարտությունը, որ հայրը մշտապես զիջում էր նրան և նույնիսկ միտումնավոր պարտվում շախմատում՝ երեխային չվշտացնելու համար։ Բայց դրանով հայրը ակամա ամրապնդում էր Մարկի համոզմունքը, որ պարտվելն անընդունելի է։

 

Երբ նա դա հասկացավ, սկսեց ժամանակ առ ժամանակ հաղթել որդուն։ Սկզբում Մարկը շատ էր վրդովվում։ Հետո աստիճանաբար սովորեց ավելի հանգիստ ընդունել պարտությունը։ Մի օր նրանք գնդակով էին խաղում։ Հայրը չափազանց ուժեղ նետեց, և Մարկը չկարողացավ բռնել գնդակը։ Նախկինում դա կարող էր մեծ հիասթափության պատճառ դառնալ։ Այս անգամ Մարկը պարզապես կատակեց․

 

— Հրաշալի նետում էր, պա՛պ։ Իսկ իմ ձեռքերն այսօր կարծես չեն աշխատում։

 

Երեխային մոտիվացնելը միշտ չէ, որ նշանակում է նրան ստիպել ավելի շատ փորձել։ Երբեմն դա նշանակում է օգնել նրան հավատալ, որ ինքը կարող է։ Երբեմն՝ հնարավորություն տալ անել այն, ինչ մինչ այդ իր փոխարեն ուրիշներն էին անում։ Իսկ երբեմն էլ՝ թույլ տալ պարտվել, սխալվել և հասկանալ, որ դրանից իր արժեքը չի նվազում։ Երեխային հասկանալը շատ ավելի արդյունավետ է, քան նրան պարզապես ասելը․

 

«Դու կարող էիր ավելի լավ անել»։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ