Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպե՞ս ձեռք բերել վեհանձն բնավորություն
Հոդվածներ

Ինչպե՞ս ձեռք բերել վեհանձն բնավորություն

Վեհանձն բնավորությունը չի ձևավորվում միայն ճիշտ խոսքերից կամ անբասիր վարքից։ Այն ծնվում է ներքին ամբողջականությունից, պատասխանատվությունից և մարդու մեջ ապրող ջերմությունից՝ բարությունից, կարեկցանքից ու ներելու կարողությունից։ Այս հոդվածը փորձ է հասկանալու, թե որ հատկանիշներն են կազմում վեհանձն անհատի հիմքը և ինչու է մարդը լիարժեք դառնում միայն այն ժամանակ, երբ սառն առաքինություններին միանում են ջերմերը։

 

Ամբողջականություն: Դուք կարող եք լինել բացարձակ ճշմարտացի, անբասիր մաքուր, և այնուամենայնիվ, չտիրապետել բնավորության ամբողջականության։ Ամբողջական անհատականությունը մեր գիտակցության մեջ ասոցացվում է ինչ-որ հուսալիության հետ։ Հոգու խորքում մենք բոլորս ցանկանում ենք մեր կողքին հենց այսպիսի մարդ ունենալ։ Նրա խոսքը հուսալի է, չես վախենում նրան վստահել, քանզի նա ընդունակ չէ որևէ ստոր կամ նենգ արարքի, որքան էլ որ գայթակղությունը մեծ լինի։

 

Վստահելիություն։ Եվս մեկ մարդկային անգնահատելի որակ, որն այսօր այդքան հազվադեպ է հանդիպում աշխարհում։ Զարմանալի է, թե որքան քիչ են մարդկանց մեջ նրանք, ովքեր պահում են իրենց խոստումը և կատարում այն ամենն, ինչ պայմանավորվել են այլոց հետ, և անգամ նրանք, ովքեր ուղղակի բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները՝ լինի դա ընտանիքում, թե աշխատավայրում։ Վստահելությունը ոչ միայն ենթադրում է մարդու մեջ ներքին ուժի առկայություն, այլ նաև ծնում է այն։ Դուք ձեր էներգիան, ձեր ժամանակը, ձեր մտքերն ուղղում եք ինչ որ կոնկրետ բանի, կենտրոնանում եք ձեր առջև դրված խնդրի վրա՝ լինի դա գործնական հանդիպում, թե ինչ-որ մեկ այլ բան (օրինակ, սովորել ֆրանսերեն), և առանց շեղվելու շարժվում եք դեպի նպատակակետ այնքան ժամանակ, մինչև որ ի կատար ածեք այն։ Դա ձեզ բավարարվածություն է բերում, ծնում է ինքնավստահության զգացողություն և ինքնահարգանք։ «Ես ոչ միայն խոստացա, այլև կատարեցի խոստումս, և կատարեցի ինչպես հարկն է»։ Ձեր պարգևը ձեր սեփական ուժերի և բավարարվածության գիտակցումն է, ինչպես նաև բարձր համբավը, ընկերների հարգանքն ու հիացմունքը, մարդկանց երախտագիտությունը և դրա հետ կապված մի շարք հաճելի տպավորություններ։ Եթե մարդն իր առջև նպատակ է դրել սովորել ֆրանսերեն և սովորել է, դրանով նա ընդարձակել է իր հորիզոնը, դարձել է ավելի կիրթ ու գիտակից։ Գործին պատասխանատվությամբ մոտենալով՝ մարդը գերազանց ներդրում է կատարում, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Եթե նա, մարդկանց հետ իր փոխհարաբերություններում դրսևորում է պատասխանատվության զգացում, եթե նա վստահելի է ու հավատարիմ, ապա նրանով հպարտանում են ընկերները, ընտանիքը տեսնում է ամուր հենարան, իսկ նրա կազմակերպությունը վերաբերվում է նրան որպես լավ, արժեքավոր աշխատակցի։

 

Այս բոլոր չափազանց անհրաժեշտ հատկանիշները կազմում են մարդու բնավորության հիմքը։ Սակայն դրանք կարելի է անվանել «սառն առաքինություններ», և չնայած դրանք համարվում են առաջնային, սրանք բավարար չեն վեհանձն անհատ ձևավորելու համար։ Նրանց պետք է ավելացնել «ջերմ առաքինություններ», և դրանցից առաջինը բարությունն է։ Վերոնշյալ հատկանիշները կարելի է անվանել լույս, իսկ բարությունն անձրև է, որն, ինչպես և արևը, կյանք է նվիրում, քանզի թափվելով հողի վրա, այն մաքրում և արթնացնում է գոյություն ունեցող ամեն բան։ Պատահում է այնպես, որ ճշմարտախոս, արդար և վստահելի մարդը լինում է դաժան, սառը, այլոց տառապանքներին անտարբեր, էգոիստ, չար, բծախնդիր։ Նա նման է մարմարե արձանին՝ հիասքանչ, բայց միևնույն ժամանակ անկենդան։ Նրանում չկա բավարար չափով ջերմություն, որից մաշկը շառագունում է, զարկերն արագանում են, վերջույթները սկսում են շարժվել։ Ամբողջական կենդանի մարդ դառնալու համար մարդուն անհրաժեշտ է բարություն։ «Բարություն» բառը հենց ինքն իրենով ականջ է շոյում, այնքան շատ բան կա նրա հետևում, այն հեռացնում է ծանրությունը հոգուց, վառ ճառագայթով այն ճեղքում անցնում է կյանքի խավարի միջով։

 

Այս բառի մեջ այնքան ջերմություն ու կարեկցանք է ներփակված։ Բարությունն արտահայտվում է մե՛կ որպես խղճահարություն ու կարեկցանք, մե՛կ որպես սեր և արդարություն։ Այն հոսում է մեր հոգու բազմաթիվ աղբյուրներից։ Երբեմն մենք հատկապես բարի ենք մարդկանց հանդեպ, երբ երջանիկ ենք, իսկ երբեմն էլ, երբ մեր սիրտը կոտրված է։ Երբեմն մենք կարծում ենք, որ բարի լինելը մեր պարտականությունն է, իսկ երբեմն էլ՝ մեր մեծագույն արտոնությունը։ Կան հազարավոր միջոցներ բարությունն արտահայտելու համար։ Մի դեպքում բարի վարվել նշանակում է զերծ մնալ ինչ որ բանից.չքննադատել նրան, ում մոտ ինչ-որ բան չի ստացվում, չծաղրել վաղ դեռահասության միամտությունը, կամ էլ մանկական շաղակրատանքի լուրջ հանդիսավորությունը, չնկատել ֆիզիկական թերություններն ու շփոթվածությունը՝ նրա, ում բախտն այս կյանքում ավելի քիչ է բերել, քան ձերը։

 

Մյուս դեպքում բարի լինել նշանակում է գովաբանել, քաջալերել, սիրալիր լինել։ Բարությունը կարող է արտահայտվել ժպիտի մեջ, խոսքի, ժեստի, բայց ամենից առաջ՝ նրա մասին վկայում են մեր արարքները։ Դրա հետ մեկտեղ կարող եք վստահ լինել մի բանում՝ մեր բոլոր ողորմած գործերը, անկախ նրանից, թե որքան լավը կարող են լինել դիմացինի համար, դա առջին հերթին ընծա է ինքներս մեզ։ Կենսաբանական գործընթացի անալոգիային դիմելով կարելի է ասել, որ բարությունը մեր մեջ առաջացնում է հոգևոր ֆերմենտներ, որոնք օգնում են մարսել պինդ նյութերը, ինչպիսիք են էգոիզմը, ագահությունը, նախապաշարմունքը, ենթագիտակցական վախը։ Դրանք փափկում կամ անհետանում են այն ողորմածության բարերար ազդեցության տակ, որը մենք ցուցաբերում ենք ուրիշների հանդեպ:

 

Մարդուն հատուկ են նաև այլ ջերմ զգացմունքները՝ առատաձեռնությունը, կարեկցանքը, դիմացինին հասկանալու և ներելու կարողությունը։ Մենք հաճախ ենք ոչ ճիշտ վարվում և՛ մեծ, և՛ փոքր հարցերում, քանզի մենք կատարյալ չենք, իսկ սխալների համար վճարել է պետք։ Որպեսզի մեղմեն սխալների հետևանքները և յուրաքանչյուրի համար չվճարեն, մարդիկ պետք է սովորեն ներել միմյանց։ Պատահական չէ, որ Աստծուն ուղղված աղոթքի մեջ ասվում է «Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր թշնամիներին»: Եթե մենք ցանկանում ենք արժանանալ Աստծո՝ մեր Երկնային Հոր ներմանը, մենք ինքներս պետք է կարողանանք ներել նրանց, ովքեր մեր հանդեպ չարություն են արել, կամ ցավ են պատճառել։ Ներումը ողորմածության ակտ է։ Եվ ուրեմն եկեք ողորմած լինենք, որպեսզի Աստված ևս կարողանա հայտնել մեզ Իր ողորմածությունը, որպեսզի Նա մեծահոգաբար վարվի մեզ հետ՝ տեսնելով, որ մենք խաղաղ ենք ապրում միմյանց հետ, լի սիրով և համբերատարությամբ։ Այդժամ Նա կուրախանա և կպարգևատրի մեզ մեր համբերատարության համար՝ ներելով մեզ մեր սխալներն ու մոլորությունները։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ